Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«ԱԴԱՄԻ ԿՐՔԵՐ»-ի «հայկական հետագիծը»

 

Համաշխարհային ճանաչում ունեցող դրամատուրգ, ազգությամբ գերմանացի Կոնրադ Կունի հետ զրուցելու ցանկությունն անչափ մեծ էր: Պատճառներն առնվազն երկուսն էին՝ Կոնրադ Կունի «հայկական հետագիծը» (Կոնրադն աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի ամուսինն է) և անցյալ տարի համաշխարհային ավանգարդ թատրոնի «խաղացանկ» մտած «Ադամի կրքերը» փերֆորմանսը, որը երկու մեծությունների՝ էստոնացի կոմպոզիտոր Արվո Պերտի և ականավոր ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնի համատեղ ստեղծագործությունն էր՝ Կոնրադ Կունի դրամատուրգիական անկրկնելի լուծումներով:

Առ այսօր ներկայացումը մնում է արվեստի աշխարհի «առաջինների» քննարկումների թեման: Ստեղծագործության համաշխարհային պրեմիերան միայն երկօրյա բաց ցուցադրությամբ կայացավ «Արտե» հեղինակավոր մշակութային հեռուստաալիքով և ոչ բոլոր երկրների համար բաց ազդանշանով: Իսկ փերֆորմանսը «խաղացվեց» էստոնական լքված մի գործարանի տարածքում՝ ձայնային և լուսային այնպիսի լուծումներով, որոնք կարող էին զարմացնել լավագույն ակուստիկ թատրոններին: «Ադամի կրքերը» համարվում է էմոցիոնալ անգերազանցելի մի հանդիսախաղ և այսօր էլ շրջում է ողջ աշխարհում:

Կոնրադ Կունը նաև Ֆրանկֆուրտի օպերային թատրոնի աշխատակից է, աշխատում է ԱՄՆ-ում, Ուիլսոնի հիմնած «Կատարողական արվեստների» լաբորատիրիայում, հրավերներ ունի Զալցբուրգի ամենամյա փառատոնից, աշխատել է նաև Փարիզի Ազգային օպերայում, Վիեննայի օպերային թատրոնում, աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում և այլն:

Կոնրադի հետ հարցազրույցը ծրագրել էինք վաղուց, բայց հասկանալի պատճառներով այն միշտ հետաձգվում էր: Իսկ բաց թողնել Կոնրադ Կունի նման բացառիկ մասնագետի հետ արվեստային գլոբալ խնդիրների մասին զրուցելու առիթը, մեզ թույլ տալ չէինք կարող: Եվ այն վերջապես կայացավ, որի համար շնորհակալ ենք:

Եվ այսպես.

-Ի՞նչ է ժամանակակից թատրոնն աշխարհում: Արդյո՞ք այն այսօր շատ է հեռացել Շեքսպիրի թատրոնից: 

-Իհարկե ընդհանուր հայացք ողջ համաշխարհային ժամանակակից թատրոնին չունեմ, չնայած ժամանակ առ ժամանակ այս կամ այն երկրում ներկա եմ լինում դրամատիկական թատրոնի տարբեր ներկայացումների: Իմ կարծիքով ժամանակակից թատրոն հասկացություն գոյություն չունի: Եթե անգամ համաշխարհային ծավալով դիտարկելու լինենք, մինչև անգամ Շեքսպիրը, որը բոլոր մշակույթների համար է առկա, կողմնորոշում չէ: Կարող ենք մտածել միայն ճապոնական, չինական, ինդոնեզական թատրոնների մասին: Այսպես կոչված «արևմտյան թատրոնը» (այստեղ պետք է ընդգրկենք ինչպես ռուսական, այնպես էլ հայկական թատրոնները), երկար ժամանակ առաջնորդվել է գրականությամբ: Փառք Աստծո, այսօր դա փոխվել է:

-Ի՞նչն է այսօրվա թատրոնում դոմինանտ. դրամատուրգիա՞ն, ոգի՞ն, շոու՞ն, լույսը՞, դիզայնը՞, ձևավորո՞ւմը, թե՝ խոսքը, կամ մեկ այլ էլեմենտ:

-Ինձ համար թատրոնի բոլոր տարրերը կարող են հավասարապես գայթակղիչ և արտահայտիչ լինել՝ տարածությունը, լույսը, երաժշտությունը, խոսքը, շարժումը, պարը, հանդերձանքը, շպարը: Վերջին տարիներին Ռոբերտ Ուիլսոնի հետ համատեղ աշխատանքը հենց նրանով է ինձ հարստացրել, որ այս բոլոր արտահայտչամիջոցների հավասարազոր խառնուրդում ոչ մի դեպքում բառի, խոսքի դերակատարումը գերադասված չէ:

-Հայտնի է տենդենցը, որ ժամանակակից մարդն ավելի հակված է դեպի շոուն, դեպի «Փոփ»-ը և դժվարությամբ է գնում դեպի դասական արվեստ: Կիսում ե՞ք այդ տեսակետը: Ի՞նչ եք նկատում այսօր աշխարհում:

-Հետաքրքրականն այն է, թե տարբեր արտահայտչամիջոցներն ինչպես են համադրվում «Ընդհանրական արվեստի ստեղծագործության թատրոնում» («Gesamtkunstwerk Theater», Richard Wagner): Եթե նրանք օգտագործվում են «տեքստը» կրկնապատկելու համար (կախված մեկնաբանությունից), ինձ այդպիսի թատրոնը չի հետաքրքրում: «Դասականի» և «Փոփ»-ի սահմանները 1960-ից սկսած շատ սահուն են: Ինձ համար այս տարանջատումը ոչ մի իմաստ չունի: Փոփի տարրերը կարող են շատ արդյունավետ լինել այն դեպքում, երբ միևնույն ժամանակ սխալ հասկացված դասական երաժշտության ավանդույթների իդեալները հնարավոր է փակուղի տանեն: Արվեստն, այնուամենայնիվ, չպետք է ժամանցի պահանջ դառնա, սա հաստատ:

-Արդյոք ժամանակակից աշխարհին հուզող խնդիրներն այսօր արտացոլված են թատերական դրամատուրգիայում, թատրոնում և դրանք դուրս են գալիս բեմ:

-Թատրոնը վաղանցիկ արվեստ է: Երբ վարագույրն իջնում է (եթե, իհարկե, վարագույր կա), այն արդեն անդառնալիորեն ավարտված է մինչև հաջորդ ներկայացման սկիզբը: Այդ պատճառով թատրոնում «այս պահը», «հիմա»-ն է շատ կարևոր: Ժամանակակից, ինձ համար չի նշանակում օրաթերթի իմաստով «արդիական»: Թատրոնը մեզ հնարավորություն է տալիս ավելի խորը մտածելու մեր խնդիրների շուրջ՝ լինեն դրանք հին, ավանդական տեքստերի վրա հիմնված, թե նոր, ուղղակի և վերացական իմաստով ստեղծված գործեր: Մարդկության խնդիրներով զբաղվելու հանձնառությունն, ամեն դեպքում, ես տեսնում եմ «այսօրվա թատրոնի» անհրաժեշտության մեջ:

-Ի՞նչ է կատարվում այսօր ժամանակակից օպերային թատրոնում: Մենք տեսնում ենք, որ օպերային դասական բեմում վաղուց արդեն հայտնվում են նոր տեխնոլոգիաներ, էրոտիկ տեսարաններ, շատ ժամանակ որպես բեմ է ընտրվում ոչ դասական բեմը և այլն…ու՞ր կարող են տանել այս երևույթները և ինչպե՞ս եք դրանք գնահատում:

-Երաժշտական թատրոնը նույնպես իր հերթին հավասարապես պարտավորություն ունի ժամանակակիցների թատրոն լինելու, ինչպես դրամատիկական թատրոնը: Մեր ընկալումներն այսօր «անցնում» են կինոյի, համակարգչի, սմարտֆոնի և այլնի միջով: Ժամանակակից գեղագիտությունը դրան պետք է արձագանքի: Ինձ համար, օրինակ «գաղտնիքը» և «կախարդանքը»  հնի՝անցյալի պարտիտուրաների և այսօրվա կենսակերպի շփման մեջ է: Այստեղ է, որ ծագում են հարցերը, թե որն է ավելի հետաքրքիր՝ հակադարձությունները, գրգիռները, թե՞ սխալ հասկացված ավանդույթի պահպանումը, որը գոյատևել և մեզ է հասել անցյալից:

-Համաձայն ե՞ք, որ թատրոնը մեռնող արվեստ է և թատրոնի արտահայտչաձևն այսօրվա մարդուն չի գրավում:

-Եթե թատրոնը մշտապես չի նորացվում, ուրեմն այն մահվան է դատապարտված: Ասում են՝ «թատրոնը մշտական ճգնաժամն է», բայց որքան էլ այն մահացող կոչվի, մինչև այժմ կենդանի է՝ ի հակառակ բոլոր ճգնաժամերի: Եվ, վստահաբար, դեռ հարյուր տարի հետո էլ այդպես կլինի: Հնարավոր է, իհարկե, ուրիշ ձևաչափով: Ինձ համար կարևորն անցյալ հարյուրամյակների թատրոնի ձևերը կենդանի պահելն է, ինչպես էլ որ մարդը դրան նորովի անդրադառնա: Նաև անհրաժեշտ են ինստիտուտներ: Գործող օպերային թատրոնը մի վայր է, որտեղ վիթխարի մտավոր իմացություն և գործնական ունակություններ, ձեռներեցություն է անհրաժեշտ, որոնք փոխանցվում են սերնդե-սերունդ: Այդ ինստիտուտները հարկավոր է պահպանել, այլապես թելերը կկտրվեն: Այս ամենը գումար արժե: Թատրոնը՝ որպես արվեստի ծանրակշիռ տեսակ, պետք է իրեն լեգիտիմացնի, բայց դրա հետ մեկտեղ, հասրակությունը պետք է նրան այդ հնարավորությունը տա: Այլապես կվերանան ինստիտուտները, եթե ոչ թատրոնն ամբողջապես:

-Ո՞վ է այսօր կառավարում թատրոնը. Դրամատո՞ւրգը, մենեջե՞րը, գլխավոր ռեժիսո՞րը, դերասա՞նը: Թատրոնի կառավարման ի՞նչ նոր ձևեր, մշակույթներ կան այսօր արևմուտքում:

-Թե ինչպիսին պետք է լինի թատրոնի կառավարման կառուցվածքը, կախված է բազմաթիվ գործոններից՝ մեծությունից, ֆինանսավորման աղբյուրներից, գեղարվեստական ինքնակառավարման ըմբռնումից, հաստատության ավանդույթներից և այլն: Օպերային թատրոնն, օրինակ մի ամբողջական օրգանիզմ է: Այսօր այն ղեկավարելու համար պահանջվում են կազմակերպչական որակներ, բայց նաև պահանջվում են գեղարվեստական երևակայությամբ օժտված մարդիկ: Այն, որ ինչ-որ մեկը նախկինում դրամատուրգ, բեմադրիչ, դիրիժոր կամ երգիչ է եղել, դա ոչ մի դեր չի խաղում: Եթե նա թատրոնն իր սեփական կայացման համար է չարաշահում, ուրեմն նա վատ ղեկավար է: Արևմուտքի մեծ օպերային թատրոնները մեր օրերում ունեն «բազմագլուխ» կառավարման համակարգեր: Թատրոնի միանձնյա ղեկավար հին իմաստով այսօր գրեթե չկա, կամ հազվադեպ է պատահում: Ես, օրինակ սերտորեն համագործակցում եմ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնի տնօրենի հետ, որն էլ իր հերթին նույն կերպ կապված է դերաբաշխումների տնօրենի հետ, կամ մշտապես կարծիքների փոխանակման մեջ է գլխավոր դիրիժորի հետ:

-Խոսենք «Ադամի կրքերի» մասին: Այն բոլորովին նոր խոսք էր: Ի՞նչը ոգևորեց Ձեզ, ինչպե՞ս ծնվեց, ինչո՞վ էին պայմանավորված լուծումները, ինչու՞ հենց այդպիսի լուծումներ ընտրվեցին, ի՞նչն եք կարևորում այդ ներկայացման մեջ, ի՞նչ շարունակություն ունի նախագիծը:

-«Ադամի կրքերն» ինձ համար ինչ որ տեղ երկու հանճարների՝ Արվո Պերտի և Ռոբերտ Ուիլսոնի «գագաթնաժողովն» է, որոնք շատ տարբեր աշխարհներից են գալիս, բայց միևնույն ժամանակ շատ ընդհանուր գծեր ունեն: Երբ 2012 թվականին Ուիլսոնն ինձ հրավիրեց այս նախագծի վրա աշխատելու, մենք ընդհանրապես գաղափար չունեինք, թե ի վերջո ուր է տանելու մեզ ճանապարհը: Դա երկարատև ընթացք էր, որն ազդված էր տարբեր երևույթներից: Ես ինձ տեսել եմ նաև այդ երկու մեծ վարպետների միջև թարգմանի, մեկնաբանի դերը ստանձնողի դերում: Ես փորձել եմ Ուիլսոնին մոտեցնել Պերտի խորը հոգեկեցվածքին և փիլիսոփայական չափերին, մյուս կողմից փորձել եմ Պերտին հասու դարձնել Ուիլսոն թատրոնի հիմնական տարրերին:

-Ի՞նչ գլխավոր ուղերձ եք փոխանցում «Ադամի կրքերով»:

-«Ադամի կրքերում» յուրաքանչյուրը կարող է իր սեփական մտքերը, ապրումներն ու զգացումները որոնել: Գոյություն ունեն հարյուր տարբեր հնարքներ՝ թե երաժշտության, թե թատերական արարման առումով, որոնք ծնվել են Պերտի երաժշտության հետ Ուիլսոնի «հանդիպումից» հետո: Զարկերակային հիմքերը, որտեղ ընկած են նաև Պերտի և Ուիլսոնի ընդհանրությունները, լռությունը կարևորելն է՝ որպես մեկնարկ և վերջակետ: Մեկ այլ հնարք է, միգուցե մեր արարումն իր ողջ գեղեցկությամբ և վտանգներով մարդկանց միջոցով ցուցադրելը:  Ադամի՝ առաջին մարդու միջոցով ճանաչելու ունակությունն է աշխարհ եկել, այն մեր թռիչքն է և օրհնությունը:

-Դուք հրաշալի ծանոթ եք Չարենցի ստեղծագործությանը, այն թարգմանել եք: Արդյոք Չարենցը կարող է՞ դրամատուրգիական առումով ոգևորել, որպեսզի ծնվի հայկական «Ադամի կրքերը»: Կամ ի՞նչը կարող է ոգևորել, արդյոք որևէ ուրիշ հայ հեղինակի ստեղծագործություն՝ երաժշտական նաև:

-Իմ սերը Չարենցի հանդեպ խորացել է Մանսուրյանի երաժշտության միջոցով, որի համար Չարենցի տեքստերն ընկած են իր՝ որպես կոմպոզիտորի կայանալու սկզբում: Ավելի ուշ, նա վերադարձել է դրանց: Օրինակ «Զուգահեռ երգեր»-ում, նա Չարենցի երկերը համադրել է այլ բանաստեղծների տեքստերին: Նմանապես Ավետ Տերտերյանի «Կրակե Օղակ» օպերան, որը ստեղծվել է Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա: Ես կարծում եմ, որ նրա բանաստեղծությունները կարող են երաժշտական նոր ստեղծագործությունների ծննդյան առիթ դառնալ, կամ նույնիսկ «Երկիր Նաիրի»վեպը: Ես ուրախ կլինեմ:

-Հնարավոր է՞ արդյոք Ձեր կողմից  որևէ նախագծի իրականացումը Հայաստանում:

-Քանի որ ես Ֆրանկֆուրտի օպերային թատրոնի մշտական աշխատակից եմ, վերջին վեց տարիների ընթացքում ամեն ամառ մշտապես անցկացնում եմ ԱՄՆ-ում, Ուիլսոնի հիմնած «Կատարողական արվեստների» լաբորատիրիայում, շատ դժվար կլինի ժամանակ գտնել Հայաստանում որևէ նախագիծ իրականացնելու, կամ դրա մասնակիցը դառնալու համար: Հրավերներն ինձ կանչում են նաև Զալցբուրգի ամենամյա փառատոն: Մոտ ապագայում, ցավոք չեմ տեսնում այդպիսի հնարավորություն:

-Դիտե՞լ եք արդյոք թատերական ներկայացումներ Հայաստանում կամ ծանո՞թ եք արդյոք հայաստանյան թատերական կյանքին: Ի՞նչ լուծումներ կարող է գտնել հայկական թատրոնը, օպերային թատրոնը զարգացման ճանապարհ դուրս գալու համար:

-Քանի որ վերջին երկու տարիներին Հայաստանում չեմ եղել, թատրոնի կյանքը գրեթե չգիտեմ, այդ պատճառով չեմ կարող  խորհրդատուի դեր ստանձնել: Այնուամենայնիվ, շատ եմ տխրում, որ Երևանում օպերան այդքան հազվադեպ է ներկայացվում: Թատրոնը պետք է ապրի, ամեն երեկո պետք է վարագույրը վեր բարձրանա, այդ ժամանակ կգա նաև հանդիսատեսը: Միշտ չէ, որ շատ մեծ միջոցներ են հարկավոր ներկայացումներ կյանքի կոչելու համար: Իսկ հետաքրքրություն կա, դրա վկայությունն է ֆիլհարմոնիկ նվագախմբի օպերային գործերի համերգային կատարումները, որոնք երաժշտական շատ բարձր մակարդակի վրա են անցնում: Թատրոնը սեփական մշակույթի և համատեղ կյանքը արվեստի  միջոցով պարզելու հնարավորությունների կորիզն է: Այս իմաստով Հայաստանին հարկավոր է թատերաբեմ, հատկապես քաղաքական իմաստով այս դժվարին ժամանակներում: Ավելացնելու ոչինչ չունեմ: 

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ