Արա Ալոյան
Արա Ալոյան

 

Բանաստեղծ եմ:

Երաժիշտ:

Մանկավարժ:

Նաև՝ հեռուստա-

լրագրող:

 

Բայց ավելի

շատ երևի

բանաստեղծ եմ:

 

Ինչո՞ւ:

Որովհետև

համարում եմ,

որ կյանքս

գրականացված

է, ավելի ճիշտ

գրականության

հետ սերտաճել է:

 

Գրականությունն

ինձ համար

աստվածա-

հաղորդության,

աստված-

առնչության

խորհուրդ ունի:

 

Գրականության

կենտրոնում

ոչ թե գրողն է,

այլ զրույցը,

գիրը,

տեքստը…

 

Խոսքը

տարբերում եմ

շաղակրա-

տությունից:

 

Իմ հերոսն էլ

Մարդն է՝

վախենալու

չափ ծանոթ,

հարազատու-

թյան չափ

շփոթեցնող

Մարդը:

 

Կարծում եմ,

որ եթե չես

կորցրել,

ուրեմն,

չես սիրել,

չես սխալվել,

չես համոզվել,

մեծ հաշվով՝

չես ապրել…

 

 

«Am-Առ. Լատինատառ Հայաստանից՝ լատինական Ամերիկա…». ԱՐԱ ԱԼՈՅԱՆ


 

Կյանքն առանց բառախաղի անհնար է պատկերացնել: Ես կասեի՝ անհնար է կյանքն ապրել առանց բառախաղի, որովհետև, մի կողմից, Բանն էր ի սկզբանե, մյուս կողմից՝ մարդկային փոխհարաբերությունները բովանդակ առումով նաև գրի ու շարադրանքի, օրենքի և իրավակարգավորման հենք ունեն: Այդուհանդերձ, ես մնում եմ այն համոզմունքին, որ ամենից կարևոր բաները չշարադրվողն են, վերձևակերպումային են, թեպետ իմ այս մտորումներն ակամից ենթարկվում են բացառության կանոնին…

Ժամանակ առ ժամանակ մեզանում մեծ (ես կասեի՝ արդարացված) աղմուկ է բարձրանում համացանցային գրագրության ու գրագիտության շրջանակում՝ լատինատառ գրողների դեմ, որի ամենից թարմ օրինակը մեր հայրենի շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչներից մեկի կողմից իր՝ վաստակավոր երգիչ կոչման առնչությամբ արված գրառումն էր… Երևույթն, իհարկե, այս պարագային վերաձնական էր, քանի որ կատարվածը մեր անկատար հասարակությունում կատարումներից մեկն է /բառախաղի մասին ներածական խոսքին համահունչ/… Այո՛, իբրև համահավաք ազգ-պետություն, մենք ենթարկվում ենք նաև որոշակի տրանսֆորմացիաների, ինտեգրվում ենք միջազգային հասարակությանը, այդ թվում՝ ֆեյսբուքային, որ այլևս հաղորդակցականից վերածվել է միջմշակութային, միջանձնանային խոշոր հարթակի…

Ի դեպ, Ֆեյսբուքում հայերեն գրելու վերաբերյալ ֆեյսբուքահայության առավել հայասեր հատվածը նույնիսկ հատուկ օր է հռչակել, ինչը միայն ուրախացնող է ու ոգևորիչ: Բայց այդ ու այլ ձեռնարկները կարող են դառնալ դրվագային նվաճումներ, եթե մենք իրապես չենք արժևորում մեր գիրն ու լեզուն, եթե չենք կարևորում մեր ազգային մտածելակերպն ու լեզվամտածողությունը,  չենք դառնում այսպես կոչված մինի-առաքյալներ, մինի-քարոզիչներ՝ Հայոց պատմության, լեզվի ու գրականության, արվեստի ու պետության: 

Առհասարակ, մեզանում արժեքների անկում կա. մենք 21-րդ դարի քաղաքացու քղամիդով անդրդվելիորեն մերժում ենք ազգային-ավանդականը և կուրորեն ընդօրինակում այլածին-օտարոտին… Լատինատառ մեր քաղաքացին, այո՛, սիրում է դեգերել աշխարհի, տեղեկատվության, մշակույթների անսահման օվկիանոսում՝ բիբլիական մեր հողակտորից մինչև հեռավոր ափեր, Անտարկտիդայից մինչև Լատինական Ամերիկա /բառախաղի ժանրը բերեց այս աշխարհահատվածին/: Եվ, այո՛, պատմաբաններն ու վիճակագիրներն, անշուշտ, կպնդեն ու կփաստարկեն, որ համանման սպառնալիքներ ու միտումներ եղել են բոլոր դարերում ու շրջափուլերում, բայց մեր համահավաք դիմադրողականությունն ու շրջահայացությունը մի կարևոր պահի տարբերակել է օրանցիկը՝ մնայունից, ժողովրդապառակտիչը՝ ազգամիավորողից:

Վստահ եմ, այս փորձությունն էլ կտանենք պատվով, եթե չենք սպառել մեր ազգային ինքնասիրության (չշփոթել սնապարծության կամ եսասիրության հետ) ու արժանապատիվ կենսակերպի վերջին նկրտումներն ու նպատակադրումները: Այլ ճանապարհ պարզապես չկա, եթե Հայհոյանքը (այդ թվում՝ լատինատառ) խորթ է Հայոց բառամթերքին և եթե ՀԱՅԵՐԸ հայեցումի ու հայեցիության (բառախաղն այս վերջինն է – Ա.Ա) նոր ու լուսավոր ուղենիշ են…
                                                                                                        

Արա Ալոյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ