«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Անկուսակցականների կուսակցությունը...». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Մեր ժամանակի լավագույն գրողներից մեկի՝ վաղամեռիկ ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ, տարիներ առաջ գրված այս խորիմաստ  ստեղծագործությունը վերջերս հրապարակվել է նրա  «Այսքան բան» հրաշալի ժողովածուի էջերում: «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը՝ գրողի ընտանիքի բացառիկ թույլտվությամբ, իր ընթերցողին է ներկայացնում այն՝ ներկա ժամանակներին ու իրողություններին համահունչ, հույս ունենալով, որ մեր ժառանգությունը մի օր ազդեցություն կունենա մեր կյանքի վրա...

«Կուսակցությունները եղել են իշխանության սաղմնավորման առաջին իսկ օրից. համախոհները միացել են գերիշխանության հասնելու համար։ Ըստ որդեգրած քաղաքականության՝ տարբեր կուսակցությունների հարող հարազատ եղբայրներն անգամ կարող են դառնալ մահացու թշնամիներ։

Սակայն անհնարին է հավատալ՝ իբր կան գաղափարներ, որ հարյուր ու ավելի տարի փոփոխության չեն ենթարկվում, և իբր կան կուսակցություններ, որ մշտապես հավատարիմ են այդ գաղափարներին։ Ինչպես ամեն կենդանի էակ ծնված օրից իր մեջ կրում է սեփական մահը, այնպես էլ ամեն կուսակցություն և գաղափարախոսություն իր մեջ կրում է սեփական վախճանը, այն տարբերությամբ, որ եթե առանձին անհատը վաղ թե ուշ հեռանում է աշխարհից, ապա մեռյալ կուսակցություններն ու գաղափարախոսությունները շարունակում են գոյատևել՝ թունավորելով ապրողների շնչելու օդը։

Եթե կան համոզված ու սկզբունքային կուսակցականներ, ապա կան նաև համոզված ու սկզբունքային անկուսակցականներ, որոնց թվաքանակն անհամեմատ մեծ է, քան բոլոր կուսակցությունները միասին վերցրած։ Ուստի, եթե անկուսակցությունը գաղափարախոսություն է, ապա դա ամենազանգվածային, ամենաժողովրդական, ամենախորն ու համամարդկային գաղափարախոսությունն է։

Ընդունված է համարել, որ անկուսակցությունը որևէ գաղափարի չի հարում, այսինքն չունի հասարակության քաղաքական կառուցվածքի, արտաքին հարաբերությունների, ապագայի և այլնի մասին իր մշակված պատկերացումներն ու տեսակետը և այդ ամենին հասնելու քաղաքական միջոցների իր ընտրությունը. նա լոկ անորոշ մարդկային զանգված է, որից կուսակցությունները կերտում են հասարակարգի իրենց մոդելները։ Ոչ ոք խորապես չի ուսումնասիրել անկուսակցականների քաղաքական գաղափարախոսությունը, մինչդեռ դա այնքա՜ն կարևոր է հասարակագիտության համար։

Հայտնի է, օրինակ, որ ոչ մի ժողովուրդ կամովին չի ընդունել սոցիալիզմը։ Դա անբնական կլիներ. ժողովուրդը չէր կարող որևէ հերյուրած, մի քանիսի գլխից դուրս եկած գաղափարախոսությունով ինքն իրեն կաշկանդել. ժողովուրդը միշտ կատարում է բնական ընտրություն։

Անկուսակցականների կուսակցությունը, որ ժողովուրդն է կամ ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը, չի կարող պասիվ լինել քաղաքականապես և սեփական գաղափարախոսությունը կամ կարծիքը չունենալ։ Այսինքն՝ անկուսակցությանն առանձնահատուկ է կուսակցությանը բնորոշ հատկանիշներ, բայց նրանք տարբերվում են նրանով, որ չեն ստեղծում իրենց դոգմաները և տասնյակ տարիներով հավատարիմ չեն մնում մեռյալ գաղափարներին, երբ քաղաքական խնդիրները հարափոփոխ են։

Ամեն կուսակցություն աշխատում է հասարակության վրա նետել իր գաղափարախոսության սարդոստայնը, որսալ, ապա բաժանել մարդկանց խորթերի ու հարազատների՝ հաճախ քաղաքական նպատակներով նրանց թշնամացնելով միմյանց հետ։ Անկուսակցությունը զերծ է դրանից, որովհետև նա խորթ ու հարազատ չի տարբերում, նրա համար բոլորն ընդհանուր են, և նրանց անունն է՝ մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նպատակ։

Անկուսակցությունն իր ոգով մոտ է քրիստոնեության հիմնադրույթ գաղափարներին՝ սիրել բոլորին անխտիր, անկախ քաղաքական դիրքորոշման, մարդկանց չտարաբաժանել ըստ դասակարգային, ազգային պատկանելության, հավատի և այլն։

Անկուսակցությունը մարդկանց միացնում է, և սա ուսմունքներից մեծագույնն է. նա առաջնորդվում է համընդհանուր շահերով, որովհետև չի կարող մարդկությունն ընդհանուր շահեր չունենալ. խաղաղություն, անարգելք առևտուր, մշակութային կապեր, հիվանդությունների ու տարերային աղետների դեմ պայքար, սահմաններ չճանաչող բարեգործություն և այլն։

Անկուսակցության քաղաքական հնարավորություններն ավելի են, քան ցանկացած կուսակցության։ Եթե ամեն կուսակցություն ճգնում է ապացուցել, որ ի՛նքը, միա՜յն ինքն է արտահայտում ազգի ու հասարակության շահերը, մինչդեռ, անշուշտ, որոշակի դասակարգի շահերն է արտահայտում, ապա անկուսակցությունը հենց ժողովուրդն ինքն է և արտահայտում է բոլորի շահերը։

Անկուսակցությանն առանձնահատուկ չէ նաև միջկուսակցական թշնամանքը։ Եթե սոցիալ-դեմոկրատները ստեղծման օրից կռվի մեջ էին՝ գերմանականը ռուսականի, լեհականը ֆիննականի, ֆիննականը շվեդականի հետ և այլն, կամ խորհրդային կոմունիստները՝ չինականի հետ, ապա անկուսակցությունը որևէ պատճառ չունի, ասենք, Հայաստանի անկուսակցությունը Ֆրանսիայի անկուսակցությանը որևէ բանում մեղադրելու, քանի որ նրանց կապում է ոչ թե ընդհանուր դոգմաների յուրովի մեկնաբանությունը, այլ համամարդկային շահը, որն, անշուշտ, ունի թե՛ հայ և թե՛ ֆրանսիական ժողովուրդը։

Անկուսակցությունը մարդկության ապագան է. դա այն է, որ քաղաքագիտության և ուտոպիստական ուսմունքի մեջ հորջորջվում է՝ «Գաղափարախոսության դարաշրջանի վերջը»։ Այստեղից էլ նրա ընդհանուր ու բնորոշ գծերի առկայությունը բոլոր ազգերի ու ժողովուրդների մեջ։

Կուսակցությունն ու ուտոպիան անբաժանելի են, իսկ հասարակությունը վտանգվում է այն ժամանակ, երբ «ուտոպիան իշխանության գլուխ է գալիս», ինչպես քսանական թվականներին անվանում էին խորհրդային պետությունը։ Ամեն մի ուտոպիայի հիմքում ընկած է տնտեսագիտական որևէ անմտություն, որը սակայն արտաքնապես շատ գրավիչ ու մարդասիրական երանգ է ունենում։ Երբ սկսում են իրականացնել, սկսվում է աբսուրդը՝ ինքնաիմաստազրկումը, և ուտոպիստները, որ հանդես են գալիս որպես փրկիչներ, վերածվում են բարոյական հրեշների։

Անկուսակցությունն այս առումով ևս անխոցելի է, որովհետև նա զերծ է որևէ ուտոպիայից և համակիրառելի գուշակումներից։ Ամեն բացվող օր իր հետ բերում է խնդիրներ։ Անկուսակցությունը չունի կեղծ մարգարեի բարդույթ և չի հավակնում հասարակական զարգացման ուղին տեսնել տասնյակ տարիներ, անգամ դարեր առաջ։

Անկուսակցությունն, ի վերջո, հասարակության միջին քաղաքական, տնտեսական, ազգային գաղափարների կրողն է. այս իմաստով նա մոտ է Արիստոտելի այն գաղափարին, որ լավագույն պետությունը ստեղծում է միջին խավը։ Այդպիսի պետություններ են արևմուտքի բարգավաճող, դեմոկրատական ժամանակակից պետությունները։

Սա, անշուշտ, նոր կուսակցության մանիֆեստ չէ. անկուսակցականների կուսակցությունը վերաստեղծելու կարիք չունի. նա կա, գոյություն ունի մարդկության ծննդյան օրից՝ մշտապես արդար, համամարդկային, ճշմարտացի. կուսակցություն, որի շարքերից են դուրս եկել մարդկության բոլոր մեծ բարերարները, և որին իր զարգացմամբ պարտական է բովանդակ քաղաքակրթությունը»։

ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

«Այսքան բան» ժողովածուից

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ