«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«...ԱՆՏԻՊՆԵՐԻ տիրույթ մուտքի և ընթերցման իրավունքը...»

 

Տասնամյակների սպասումից, փափագումից, երազանքից հետո տարեմուտին ունենալ Հրանտ Մաթևոսյան Մեծի «Անտիպներ» փառահեղ երկհատորյակը, ունենալ Վարպետի առեղծվածային «Տախը» երկհատորյակում, ունենալ անհայտից հառնած ակնարկներ, պատմվածքներ, վիպակներ, և ունենալ մաթևոսյանական նորահայտ տողերն ընթերցելու վայելքը, նույնն է, թե անձնական տիրույթում արձանագրել երջանկություն հասկացության առարկայական լինելու փաստը, իսկ անանձնականորեն՝ անցնող տարին համարել Խոսքի, Մտքի, Գաղափարի խորը արժեհամակարգային, մշակութային, իրադարձային տարի:  

Կարդալ մաթևոսյանական Գիրը, կարդալ «Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր: Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում...»  անտիպը և կարդալ «Հրատարակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով», նույնն է, թե հավատալ, որ մաթևոսյանական Մեծ գրականության և իր խորքերում ամբողջական, անթերի, անպարտելի ազգային գաղափարախոսություն անթեղած մաթևոսյանական հրապարակախոսական արձակի միջոցով նորից ենք գտնում մեր հայրենիքը և վատ սերունդներ չենք:

Երկհատոր «Անտիպներ»-ի կազմին Դավիթ Մաթևոսյանը գրում է.      

«Իր կյանքի առնվազն վերջին տասնամյակում ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ մասին կարծրացած կարծիք կար, թե չի գրում: Ինքը՝ Մաթևոսյանն էլ իր՝ դժվար եմ գրում, քիչ եմ գրում, չեմ գրում - ձևակերպումներով անընդհատ հարցասեր, իր բառին, տողին ու գրին կարոտ ընթերցողիներիցս անջրպետվել էր ու այդ կարծիքը զմռսել, թե՝ չեմ ուզում դառնալ ձեր սև օրերի մարգարեն:

Այդ տարիներին արձակի փոխարեն նա ԲԱՆԻ աշխարհ հարցազրույցներ ու հրապարակախոսություն էր իջեցնում, որ հաճախ արձակից էլ արձակ էին, որ ԲԱՆՆ ինքն էր, որ մարգարեացում ու մարգարեություն էր, բայց ո՛չ սև օրերի, այլ սև օրերը անցընելու, ետևում թողնելու՝ այս երկիրը, մեզ ու մեր իրականությունը դեպի իրեն՝ Մաթևոսյանին, դեպի ինքը՝ Բանը բերելու, ու Բանի Աստծուն՝ ում երեսն ինքը՝ Մաթևոսյանը «մի երկու անգամ տեսել» էր, մեզ առերեսելու:

Անընդհատ ծավալվող տապալումների, խիզախումների, հաղթանակների՝ մութ ու լույսի անընդհատ պտույտի ու փոխակերպման մեր իրականության հրապարակում, նա շռայլորեն շաղում էր բանաձևեր ու գաղտնագրեր, որ երեկ, այսօր, վաղն ու վաղվա վաղը իրենց եկածին պիտի արժանի դարձնեն Մարդ, Ժողովուրդ, Ազգ, Երկիր կոչվելու, Հայրենիք ունենալու...»:

«Մութ ու լույսի անընդհատ պտույտի ու փոխակերպման» իրականությունը դեռ առկա է, բայց առկա են նաև Մաթևոսյան Մեծի «բանաձևերն ու գաղտնագրերը»:

«...Հորդ տունն ու պարիսպը և անունն ու համբավը քո ձեռքով ու քեզանով եթե նորոգ չգտար, ուրեմն՝ դու չկաս: Հետո գնա, նստիր օտար երկինքների տակ ու փախստականի տանջված ոտներդ տրորելով, գանգատվիր սրտիդ ուզածի չափ, թե՝ ա՜խ, հորս բերդերն ու պարիսպները, հորս արտերն ու այգիները, հին վեհագույնների մեջ իր բարձր, նախկին շուքն ու փառքը: Իսկ քո՞նը, քո՞նը, քո անձնակա՞նը, քրտինքի քո կաթիլը՝ քո դրած տունկի, քո արյան շիթը քո սահմանների վրա: Բերանդ ծվատող քո համբույրը այն երկրի, որ գուցեև իսկապես քո նախնունն էր, բայց այսօր արդեն քոնը չէ, օտար դատավորների առջև կանգնած զրկվածինդ չէ, որովհետև երկիրդ ապավինեցիր նախնուդ պարիսպներին ու նախնուդ Աստծո զորությանը: Աստծո վատ բնույթը գիտես. Աստված միշտ արթուն ողջերի հետ է...»:

Ահա մեզ անհայտ մաթևոսյանական «գաղտնագիրը»՝ որ «Անտիպներ»-ի «Ես տեր եմ իմ ժամանակին» ակնարկում է: Ինչո՞վ անթերի ազգային գաղափարախոսություն չէ, ինչո՞վ հայրենիք, երկիր, պետություն ունենալու բանաձև չէ, ինչո՞վ ճանապարհ չէ, որով պարտավոր ենք անցնել: Անցնել անշեղ, անցնել ուղիղ գծով, անցնել շիտակ: Ինչո՞վ երկրի սահմանին կանգնած զինվորի պատվիրան չէ, իշխանավորի, մշակի պատվիրան չէ:

«...Դեռ այն օրերին նա այդպիսով շաղում էր մեր ընթացքի շավիղը դեպի իր՝ տասնամյակներով այս իբր չգրած ԱՐՁԱԿԸ, որպեսզի այսօր այստեղ, այս տողերը կարդանք ու դուռը բախենք՝ հայցելով վերածնված այս ԱՆՏԻՊՆԵՐԻ տիրույթ մուտքի և ընթերցման իրավունքը: Տիրույթ, որը միայն ինքը՝ Հրանտ Մաթևոսյանն իրավունք ունի գրած կամ չգրած, հրապարակելի կամ ոչ, հաջողած կամ ձախողած որակելու, քանի որ իր գրչից դուրս ծորած յուրաքանչյուր պուտ թանաքը, տառ ու բառ, բացատ կամ միջակետ դառնալով, Սպիտակ թղթի առջև բացառիկ պատասխանատվությամբ ձևակերպված ԲԱՆՆ է ծավալում:

Իսկ մեր՝ հրապարակողներիս իրավունքն է այդ խոսքը ընթերցողներիդ առաջարկելը, ինչն արել ենք Բանի տիրակալ Հրանտ Մաթևոսյանի հանդեպ խորին խոնարհումով ու երկյուղածությամբ». շարունակում է իր գիրը Դավիթ Մաթևոսյանը: Գիր, որ ենթադրաբար գրվել է անպատկերացնելի տառապանքի գնով:

«Անտիպներ»-ի առաջինի առաջաբանում՝ քննելով մաթևոսյանական անծայր ու ահռելի աշխարհի լույսերն ու ստվերները, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վալերի Փիլոյանը գրում է.

«Դանիո արքայազնի «Մնացորդը լռություն է» ձևակերպումը ինչ-որ տեղ հավասարության նշան է դնում լռության  և մահվան միջև. այլևս չեմ խոսելու, որովհետև հեռանում եմ: Բայց դրանք համարժեք չեն:

Գրողը կարող է լռել ու ապրել՝ ձգելով իր երկրային ուղու ծիրը: Գրողը կարող է լռել և ապրել՝ իր ասելիքը վաղվա օրվա մեջ հնչեցնելու նպատակադրմամբ:

Գրողը չի կարող լռել:

Գրողը խոսում է նաև իր մահից հետո:

...Եվ այն, ինչ մնացել է նրա գզրոցներում կամ գրասեղանին որպես անտիպ-անավարտ, մի օր անպայմանորեն աղմկոտ արձագանքելու է, եթե , իհարկե, ինքներս ու աշխարհը չենք խլացել:

Եվ ուրեմն, լռությունն ու անավարտությունը համարժեք չեն. «Անավարտ գործեր ունեմ, ուզում եմ անպայման ավարտել: Գրիչն իմ հացը, դավանանքը, ազատությունը, ընկերն է: Սպիտակ թուղթն այն միակ տեղն է, որտեղ ես երկիր կառուցող եմ»...»:

Առաջինն ամփոփվում է Վարպետի եղբոր՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Համո Մաթևոսյանի «ԱՅՍ ՀԱՏՈՐՆ ԸՆԹԵՐՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ» (Վերջաբանի փոխարեն) հրաշալի մեկնությամբ.

«...Իր երկրային ժամանակի մասին իր խոսքերն եմ ուզում հիշել նոթատետրից՝ տխուր ու հպարտ խոսքեր են, չեմ զորում՝ փոխարենը դեմս մի հրաշալի՜, ուղղակի հրաշալի լուսանկար է հառնում. դռանը՝ բակում կոճղին թևերը բացապարզ նստել է աստծո աշխարհի դեմ, լուսանկարիչը որսացել է պահը, և թիկունքից էլ զգում ես աշխարհի հավիտենականության իր մեծ հրճվանքը...»:

Երկհատորյակի երկրորդում ամբողջությամբ Մաթևոսյան Մեծի տասնամյակներով սպասված «Տախը» վեպն է: Առեղծվածային «Տախը»: «Տախը», որի հրատարակումով կտրվում է «պորտալարը արարողի ու արարվողի» միջև:

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՏԱԽԸ» ՎԵՊԻՆ ԸՆԴԱՌԱՋ (առաջաբանի փոխարեն) քննականում գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վալերի Փիլոյանն անցնում է այն ճանապարհով, որը մեզ բերում է դեպի «Տախը», իսկ Համո Մաթևոսյանն իր «ՏԱԽԸ» ԸՆԹԵՐՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ (Վերջաբանի փոխարեն) գրվածքում ասում է.       

«ՏԱԽԸ» Հրանտ Մաթևոսյանի երկու տասնամյակի տքնանքը, ասես «լրացնում» է այլ գործերում եղած «բացը» և «սնվում» է նույն այդ գործերից  («Մեսրոպ», «Անձրևած ամպեր»...) և իրենով իսկ շատ ավելի մեծ քրոնոտոպային ընդգրկում ունի՝ Ծմակուտն ավելի է ընդլայնվում, ժամանակն ավելի ծավալվում՝ փարատելով հեղինակի վաղեմի կասկածը՝ թե ինքը վարանում է իջնել ժամանակի խորքեր:

Վեպի արարմանը գրեթե կիսընթաց կար և՛ հեղինակի իր, և՛ ուրիշների կասկածը՝ ժամանակավրե՞պ չէ արդյոք. և՛ հպարտություն, և՛ տագնապ ու պատվախնդիր մղում՝ «...գործը, որ կարծում էի ժամանակի հետ խոսելու է, հիմա տեսնում եմ, որ ուզեմ թե չուզեմ արդեն վերաբերում է անցյալին, վախենամ նույնիսկ խոր անցյալին», «իմ հղացած եռագրության մեջ...իդեալական գեղեցիկ...պատվի ու բարոյականության մասին...արդեն ոչ ժամանակակից պատկերացումներ...», «արդեն անցյալի մեջ է, ցավալիորե՛ն անավարտ», «...կյանքն ինձանից առաջ ընկավ»...Եվ՝ «Այն ժամանակվա ռուս քննադատության մեջ...ասվել էր, թե արդեն ուշացած գործ է, «գնացքը արդեն մեկնել է»: Վախենամ թե իրոք այդպես էր»...

Սրանք՝ տարբեր տարիների, տարբեր առիթներով, իսկ, Տեր Աստված, անցել է մոտ քառասուն տարի, իսկ «գնացքը» մի՜շտ անցնում է՝ կյանքը մի՜շտ անցնում է, և ո՞վ է երաշխավորել թե չի անցնելու, հարց էլ չենք տալիս՝ դատա՞րկ  թե լիքը...արարումի ու ավերումի, առուփախի, ծլկող ու չքվող ակնթարթի խելահեղ այս ժամանակներում անտառապահ ու հնավանդ Ռոստոմ անուն մի ադամորթու վրա և ադամորթու համար Հրանտ Մաթևոսյանը «զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը...»...

Ոչ և հազար անգամ ոչ, պատվի ու բարոյականության ժամանակակիցն ու ժամանակավրեպը որն է, որ մենք  էլ տատամսենք ու վարանումով վեպը թերթենք...:

...Ժողովուրդն է և՛իրականի, և՛ հորինածի տերը, ու բնավ էլ պատահական չէ, որ պատումի ողջ ծանրությունը, չափը չանցնենք՝ ասես հեղինակի անելիքն էլ հետը, վստահված է ժողովրդի մարդուն՝ իր Ռոստոմին: Վիպական ողջ ծանրությունը հեղինակի «թողտվությամբ» ծայրից ծայր նրա ուսերին է. պատկառանք այդ ծանրությանը, իսկ ընթերցողի կողմնակի մեր անտեղի մտմտուքը դժվար է հանդուրժում, չի՛ հանդուրժում, «հանգը» չի՛ բռնում, ինչպես գետինը ոտքի տակ գնացող Ռոսոտոմի ծանր քայլքի դեմ՝ անճար քստքստոց...

...Թող որ կյանքը մեզնից առաջ անցնի՝ մեր ուզենալով-չուզենալով չի, գնացքն էլ անցնի՝ կամենք-չկամենք՝ վաղը թե չէ՝ վաղվա վաղը գնալու ենք այս վեպի իրականությանն ընդառաջ...»:

Գնալո՞ւ ենք «այս վեպի իրականությանն ընդառաջ»: Գնալու ենք: Գնալու ենք ուզենալո՞վ, թե՝ չուզենալով, գնալու ենք կամելո՞վ, թե՝ չկամելով, գնալու ենք վաղը՞, թե՝ վաղվա վաղը. ընթացքի ընտրությունից է լինելու կախված մեր կորստի չափը ժամանակի ու տարածության տիեզերական անծայրության մեջ, ժամանակի ու տարածության վատնումի մեր չափը, կորուսյալ սերունդների մեր զոհաբերության սահմանը:

«...Ծանր է պարտությունը, բայց ավելի ծանրը փախչելն է: Շփոթված դես ու դեն ես ընկնում, քեզ պատերով ես խփում և չես ազատվում, չես հեռանում թշնամու քամահրանքից, որովհետև դա նաև քո քամահրանքն է քեզ...:

Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր: Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան: Վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում: Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում...»:

Հ.Գ. «...Բակում կոճղին թևերը բացապարզ նստել է աստծո աշխարհի դեմ, լուսանկարիչը որսացել է պահը, և թիկունքից էլ զգում ես աշխարհի հավիտենականության իր մեծ հրճվանքը...»:

«Անտիպներ»-ի շապիկներին Վարպետն է՝ թիկունքից էլ զգացվող աշխարհի հավիտենականության իր մեծ հրճվանքով, ճերմակին՝ նրա ձեռով քաշած գիրն է՝ այլևս անշփոթելի ստորագրություն ու դիմացն այն աշխարհը, որով եկավ ՆԱ ու դեպի որը գնաց ՆԱ: Երբ մենք համարձակություն, կամք ու ջանք կունենանք ապրելու նրա աշխարհում, նա դեմքով դեպի մեզ կդառնա...:  

Հ.Գ. 1. Մաթևոսյանի «Անտիպներ»-ը հրատարակվում են կազմողներ՝ Համո Մաթևոսյանի, Վալերի Փիլոյանի, Վերժինե Մովսիսյանի, նախագծի համակարգող Դավիթ Մաթևոսյանի աշխատասիրությամբ, հրատարակվում են տեքստերում հեղինակային ուղղագրության ու կետադրության պահպանմամբ:

Վարպետի ձեռագրերի վերծանումը, մեքենագիր բնօրինակների, մամուլի հրատարակումների համադրումը և խմբագրումը Համո Մաթևոսյանինն է:

Շապիկի ձևավորումը՝ Համիկ Մայիլյանինը:    

«Անտիպներ»-ը հրատարակվում են «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի կողմից:

Հ.Գ. 2

Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ»-ին անդրադառնում ենք  «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի այն շարքում, որի նպատակն է ներկայացնել մշակույթի նախարարության կողմից պետական պատվերով հրատարակված այն բացառիկ գրքերը, որոնք, իսկապես, թե՛ որպես գրական, մշակութային ժառանգություն, եզակի արժեքավոր նմուշներ են, ծնվել են պետության պատվերով, պետության կողմից, պետության աջակցությամբ՝ պարունակելով արժեհամակարգային կարևորագույն ուղերձներ, թե որպես գրահրատարակչական բարձրարժեք աշխատանքներ արժանի են ուշադրության:

Սակայն, ցավոք, արդեն որերոդ անգամ արձանագրում ենք, որ այդպիսի հրատարակությունները տպագրվում են փոքր տպաքանակներով: Մաթևոսյանական այս ժառանգությունն, օրինակ, տպագրվել է ընդամենը 300 օրինակով:  

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ