Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

Ավանակին նստած ՄԱՐԴԸ

 

Մի անգամ, ամառվա կեսօրվա թեժ օր, կանգնել էի թթի ծառի տակ։ Հողը այնքան էր արևից պնդացել, տաքացել ու շիկացել, որ ոտաբոբիկ քայլելուց մաշկս քրքրվել ու սաստիկ մռմռում էր։ Շուրջս ոչ ոք չկար։ Ես պատկերացրեցի մեր թաղն առանց մարդկանց, առանց թռչունների ու կենդանիների, մինչև անգամ այս մի քանի մեղուների, որոնք բզզում էին հասած թթի շուրջը, և դա ինձ շատ տարօրինակ թվաց։ Ինձ թվում էր, բացի ինձնից ու մեկ էլ այս մեղուներից, ոչ մի կենդանի արարած չկա։ Ուրիշ ոչ մի շարժում։ Ոչ մի մարդ՝ ինձնից բացի։ Ես չգիտեի, թե էլ ինչի մասին մտածեմ` մինչև ոտքատակերս ցավից քիչ մեղմանան։

Մենակ ու լքված լինելու զգացողությունս ցրելու համար, մտածեցի, որ հիմի լավ կլիներ Մարիամ տատս պատուհանից դուրս նայեր, տեսներ ինձ թթի ծառի տակ հենց էնպես կանգնած, շալը գլխին բռնած, որ արևը գլխին չտար, մոտենար ու հարցներ ինձ՝ թե «մի որևէ խորհրդավոր հիվանդությամբ չե՞մ հիվանդացել արդյոք կամ խելքս չե՞մ թռցրել օրվա այս թեժ ժամին, որ դուրս եմ եկել տնից»։ Սպասեցի այդ հույսով, բայց այդպիսի բան չպատահեց, ինչպես մի անգամ, երբ չէի էլ սպասում։ Հանդամիջում ուժեղ սելավի տակ էի մնացել, և ինձ այդ խելահեղ ջուրը քշեց տարավ մի քանի տասնյակ մետր։

Ես հազիվ փրկվեցի երևի հավանական կործանումից։ Ամբողջ մարմինս քերծված էր, երբ մտա բակ։ Տատս պատուհանից դուրս էր նայում, նայում էր հենց այնպես, թե ինչպես են անձրևի կաթիլներից ջրափոսեր առաջանում բակում։ Տեսա, թե նա ինչպես պատուհանի հետևից նկատելով ինձ, քիչ հետո դուրս եկավ տնից, շալը գլխից վեր բռնեց, եկավ դեպի ինձ։ Մտածեցի, թե հիմա ինձ չոր շալով կփաթաթի, կգրկի ու տուն կտանի։ Բայց այդպես չեղավ. տատս անխոս մոտեցավ, անխոս մի լավ հասցրեց վզակոթիս, խրատական, իբր ես այս սելավին ինչ գործ ունեմ դրսում, շրջվեց, գնաց մտավ տուն։                                             

Տատս պատուհանից դուրս չնայեց, կարծես նա էլ էր չքացել մյուս բոլոր շնչավորների պես, աշխարհում ոչ ոք չկար, որ իմ կողմը նայեր, և ոչ մի հույս ու ոչ մի լավ բան՝ այդ մտքից։ Կարծես աշխարհի շունչը կտրվել էր՝ շնչահեղձ էր լինում։ Չգիտեմ, թե իմ փիլիսոփայական ուղեղն ինձ դեռ որ կողմ կտաներ։

Կռացա, հողի արևից տաքացած շերտը մի երկու ոտնաչափ հետ տարա, տեղս փոխեցի ու գլուխս շրջեցի ճանապարհի կողմը։ Մեկը, ավանակի վրա նստած, մեր ճամփով վեր է բարձրանում։ Մեղուն, մարդն ու ավանակը միակ արարածներն էին օրվա այս թեժ ժամին, որ կարող էին շարժվել։

Ավանակը հեռվից սպիտակ էր երևում, իսկ մարդը, որ ավանակի վրա նստած էր, սև հագուստով էր, երկար սև հագուստի փեշերը ծածկել էր ավանակի մարմնի կեսից ավելին։ Գլխին՝ տափակ, վերևի մասում առանց հովանի, սև գլխարկ։Դեռ մինչև ինձ հասնելը, նկատեցի երկու ինձ հասակակից հարևանի երեխաների, որ ավելի շուտ էին նկատել, իրենց բակի չափարի տակ կանգնել նայում էին վեր բարձրացող ավանակին նստած սև հագուստով մարդու հետևից։ Մի երկու ջահել կանայք, որ նկատել էին, գործը թողած, գլուխները վեր էին բարձրացրել իրենց այգու չափարի հետևից, լուռ ծիկրակում էին, նույնպես նայում էին ավանակը նստած մարդու հետևից։

Մի քանի պատահական, օրվա այդ թեժ ժամին մեր թաղով անցնող ճամփորդ թռչուններ, որոնք թառել էին չափարի ցցերի վրա, երևի շունչ առնելու, նկատելով մարդուն ու ավանակին, նույնպես լուռ նայում էին ավանակի վրա նստած սև հագուստով մարդու կողմը։ Կարծես օրվա այս  ժամին աշխարհն էր կանգնել ու նայում այդ սև հագուստով ու սև գլխարկով մարդու հետևից, որ նստել էր համարյա սպիտակ ավանակի վրա և մեր տան կողմն էր բարձրանում։ Մտածեցի, թե դա էլ մեր տուն եկող հերթական հյուրերից մեկն է։ Մարդն ու ավանակը շատ դանդաղ էին վեր բարձրանում. կամ որովհետև ավանակը շատ հոգնած էր, կամ շոգից էր նեղվում, իսկ մարդը, ենթադրեցի, որ հոգնած տեսք ունի, ոտքերն այնպես ծուլորեն էին կախված ավանակի կողքերից։

Մարդն ու ավանակը վեր բարձրացան ճանապահի եզրով, համարյա չափարներին քսվելով։ Մարդն ու ավանակը հավասարվեցին ինձ ու կանգնեցին։ Աշխարհքը շունչը պահած նայում էր մեզ։ Լռություն էր, ուրիշ ոչինչ, նրանք, որ նայում էին, նրանք էլ չկային, չէին երևում։ Մարդը կողքանց ինձ նայեց, ես՝ դիմահար դեպի իրեն՝ աչքերս կկոցած։ Նա՝ նստած ավանակին, իսկ ես՝ ոտաբոբիկ ու մի վարտիքով, թթի ծառի ու  մեղուների բզզոցի տակ, ստվերում կանգնած, իսկ նա՝ թեժ արևի տակ։ Մենք նայեցինք իրար, նա՝ վերևից, ես՝ ներքևից։

Մարդու ու ավանակի ստվերը այնքան թանձր էր գետնի վրա, որ ավանակը դիփ ճերմակ էր երևում ստվերի մեջ, թեև այդպես չէր։ Մարդը կարճ մորուք ուներ, մաշկը թխավուն, սև աչքունքով։ Դեմքը, որ արևին հակառակ էր, ավելի թուխ էր երևում։ Մարդը առանց փալանի էր նստած ավանակին, կարծես նստած չէր, վերևից ընկել էր ավանակի գամակի վրա, այդպես մնացել՝ ոտքերը ծուլորեն կախ ընկած ավանակի երկու կողմերից։ Երբ կանգնեց, նա խոտորնակի նայեց իմ կողմը, հետո երկու ձեռքի ափերով հենվեց ավանակի վզակոթին, հենվեց ձեռքերի վրա, մարմինը քիչ կտրեց ավանակի մեջքից ու նորից նստեց։

Այժմ ուղիղ նայեց իմ  կողմը, ժպտաց, երևի մերկ մարմնիս վրա միայն վարտիքով լինելուս, թե մեկ ուրիշ բանի համար։ Սպասողական քար լռություն էր։ Մարդու դեմքը քրտնապատ էր։ Նա աջ ձեռքի ցուցամատով սրբեց ճակատի քրտինքը։ Ես աչքերս կկոցած նայում էի մարդուն, իսկ նա շեղ՝ ինձ։

-Մանչս, - ասաց նա, - մի գավաթ ջուր կարո՞ղ եմ խնդրել։ Ես շատ ուրախացա, որ վերջապես քար լռությունը խախտվեց։ Մարդու խոսքը իմ մեջ ինչ-որ բան շարժման մեջ դրեց, և ես ինձ մենակության զգացողությունից դուրս զգացի։ Նա հոգնած էր ու ծարավ մարդու տեսք ուներ։ Կասկած չունեի, թե եթե մարդը ճանապարհ է կտրել հասել մեր տան մոտ, ուրեմն մեր տուն է եկել,  ինչպես շատ շատերն են գալիս, ովքեր մեր կողմերն են ընկնում ու ոչ մի ծանոթ կամ բարեկամ չեն ունենում։

Հորս հետ կամ առանց հորս, մեր տուն են գալիս, միշտ օտարներին գյուղացիները մեր տան կողմն էին ցույց տալիս։

-Մեր տունը սա է, ասացի, - ձեռքս մեկնելով մեր տան կողմը։

-Ջուր եմ ուզում, մանչս, մի գավաթ ջուր, - ասաց ու սպասողական նայեց իմ կողմը։ Ես շրջվեցի ու վազեցի դեպի տան կողմը՝ ջուր բերելու, առանց ուշադրություն դարձնելու, որ ոտնաթաթերիս տակը տաք հողից ու կոշտուկներից քրքրվել ու խիստ ցավում էին։ Երբ ջրով լի կուլան և բաժակը ձեռքիս դուրս թռա տնից, հարևան Սոնա տատը, ձեռքը հովանի արած աչքերին, նայում էր ավանակի վրա նստած օտար մարդու կողմը։

-Ղարիբ մարդ ա՞, - ասաց։

-Առաջին անգամն եմ տեսնում, - ասացի, - մեր տուն եկող հյուրերից կլինի,

բայց չի ուզում տուն գալ, ջուր է ուզում։

Կուլան ու բաժակը ձեռքիս, ինչքան ուժ ունեի վազեցի մարդու կողմը, որ ծարավ էր ու ուշքը իմ կողմն էր պահում։ Հասա, ծնկեցի, կուլան ծնկիս հենելով բաժակը լցրի ջրով և ծնկած տեղից մեկնեցի նրան։ Նա բաժակը վերցրեց ու դանդաղ տարավ դեպի շրթունքները։ Երբ երկրորդ բաժակ ջուրն էր խմում, արդեն հարևան մի քանի տարեց կանայք մոտեցել և սպասում էին, որ մարդը ջուրը խմի։ Որը հավի կուտը դեռ բռի մեջ բռնած գոգնոցի գրպանում, որը թոռան համար մածնաբրթոշը ձեռքին, դեռ մածունն ու հացը իրար չխառնած, որը նոր ծլած սոխի թևը բերանի անկյունում, մեկ ուրիշը քաղհան արած մոլախոտի փունջը ձեռքին, մեկ ուրիշը ձեռքերը կրծքին խաչած և մտքի մեջ, հենց այնպես ներկա, արթնությունը դեմքներին կանայք, որ ժամանակի մեջ սպասում էին նրա ջուր խմելուն, որ այդ պահի մեջ էին ուզում ճանաչել իրենք իրենց ու չգիտեին իրենց անելիքը։

Տարեց կանանց պահվածքից, նրանց հարցական նայվածքից և ամեն ինչից երևում էր, որ այս մարդը անհիշելի ժամանակներից ի վեր չէր երևացել մեր կողմերում, նրան երևելի մարդ էին համարում, որ պապանձված սպասում էին, իրենք սկզբից խոսե՞ն, թե՞ սպասեն մարդը ինքը առաջինը խոսի։ Կարծես իրենք անեզր, ահռելի մի օվկիանոսի դեմ էին կանգնած։ Ոչ ոք չգիտեր օտարականի ով լինելը։ Առօրեական ճղճիմ ճշմարտություն չէր, որ մոտենային հարցնեին օտարականին.

-Բերածդ ինչի՞ հետ կփոխես։

-Ցորենի, - կասեր մարդը ու ցույց կտար իր բերած միրգը կամ ուրիշ մի բան, որ մեր կողմերը չի լինում։ Իսկ այս մարդը ոչինչ չուներ իր հետ և ոչինչ էլ չէր բերել։ Ինքը՝ մի անպիտակ հիշողություն։ Կանայք հիշողության կորստի առաջ կանգնած՝ շրջապատել էին մարդուն և սպասում էին նրա խոսելուն։ Իսկ ես համոզված էի, որ ավանակի վրա նստած այս մարդը մեր տան հյուրն է։  Բայց սա մյուսների նման չի,  ձիով չի, մեքենայի ղեկին նստածը չի, կամ վարորդի կողքին նստածը չի, կամ հորս հետ մի անգամ մեր տուն եկածը չի։ Սա ավանակի վրա նստած է եկել ու մեր տուն չի ուզում գալ։ Առաջինը էլի ես խոսեցի։

-Սա է մեր տունը, - նորից ասացի ես՝ ձեռքս մեկնելով մեր տան կողմը։

-Ես, - ասաց նա, ժպտալով, - Հոռեկա վանք պիտի գնամ, մանչս, ինձ այս ճանապարհը ցույց տվին, ուզում եմ համոզված լինել, որ ճիշտ եմ գնում։  

-Հա՛, հա՜ ճիշտ եք գնում, - ասացին հավաքված կանայք, համարյա ամենքը միասին, - էս ճանապարհով էլ կարող ես գնալ, բայց երկար ճանապարհ ես կտրել եղբայր, - ասացին, - սոված կլինես, ե՛կ, մի աման մածուն կուտես, մի բաժակ թան կխմես, շունչդ տեղը կբերես, նոր էլի՝  կգնաս, - ասացին կանայք այս ու այն կողմից։

-Ուխտ ունեմ կատարելու, - ասաց մարդը, - շնորհակալ եմ,- ասաց, և շարժվելու նշան արեց։Կանանցից մեկը սկսեց նկարագրել, ցուց տալ ճանապարհի ուղղությունները, որտեղ աջ թեքվի, որտեղ՝ ձախ, կամ որտեղ ուղիղ գնա, բաժանվող ճանապարհից որը ընտրի, որ աղբյուրի հանդիպի մինչև վանք հասնելը և այլ բացատրություններ։

-Գնացե՛ք հետը, - ասաց կանանցից՝ Աստղիկ անունով կինը, առաջ հրելով իր, իմ հասակակից տղային, ինձ էլ գլխով նշան անելով, - հետ գաք, մեր տուն եկեք, սա ձեր տան հյուրերից  չի, - ասաց նա՝ դառնալով ինձ։ Ես վազեցի տուն, հագա իմ սանդալները, վազելով հետ վերադարձա։ Մարդը ոտքերի կրունկներով թեթևակի խփեց ավանակի կողերին, և ավանակը տեղից շարժվեց։ Նա առջևից էր գնում, մենք՝ նրա հետևից, և լուռ, ամենքս մեր՝ նա իր, մենք մեր երեխայական մտքերի հետ։ Մտածում էի, թե մեր այս սպիտակ ավանակի վրա նստածի հետևից գնալը զվարճալի կամ ծիծաղելի չէ՞ արդյոք։ Մի քանի գործից հետ ընկած հատուկենտ մարդիկ  հանդիպեցին ճանապարհին, օրվա էդ թեժ ժամին։

Հանդիպող մարդիկ բարևում էին անծանոթին, անցնում, ապա հետ շրջվում, նայում մեր հետևից։ Երբ թաղի վերջին տունն անցանք, մի քիչ էլ գնացինք, որտեղ թփուտներ են, և դեռ կիսաչոր առատ խոտ կար, նա ցած իջավ ավանակի վրայից, ձեռքը սահեցրեց ավանակի խուզած բաշի վրայով, ապա ձեռքի ափի հակառակ կողմով թեթևակի խփեց ավանակի այտին, գլուխը շրջեց մի կողմ, այսինքն՝ դու ազատ ես այլևս։

-Գնացի՞նք, - ասաց նա։ Մենք գլխով արեցինք։ Մենք շարժվեցինք առաջ, ինքը առջևից, մենք նրա հետևից։ Նրա ուսին մի կաշեպատ, տռուզ փոքրիկ պայուսակ կար, որ ավանակից իջնելուց հետո նկատեցինք։ Այսպես մենք երեքով շարունակեցինք մեր ճանապարհը, նա առջևից, մենք` լուռ նրա հետևից։ Ճանապարհին հանդիպեցինք գյուղի ծերերից մեկին՝ Շիրինին, որ հանդամիջի այդ մասում իր մի քանի ուլ ու գառների հետ էր։ Ծերունին, ձեռնափայտը կզակին հենած, մեզ նկատելով, գլուխը թեքեց և ուսի վրայով  ծուլորեն այնպես նայեց մեր կողմը, այնպես, կարծես մենք իր հիշողության մեջ արդեն մեռած հիշողությունն ենք, որ հիմա գնում ենք հանդամիջով, իսկ ինքը իրականության ու պատրանքի մեջ՝ մեզ է նայում։ Մարդը գլխի շարժումով և լսելի ձայնով բարևեց ծերունուն։ Ծերունին նույնպես գլխի շարժումով, խոր հարգանքով ողջունեց մարդուն և կարծես վախեցած, թե գուցե նախկինում գիտեր այդ մարդու ն, իսկ հիմա, ահա մոռացել է։

Հալիվորը հանկարծ երկու ձեռքերը վեր բարձրացրեց ու՝ 

-Պռե հո՜, - քնից արթնացածի պես բղավեց հալիվորը, ոչ էնա մեզ, ոչ էնա՝ ուլ ու գառին։ Երևաց, որ ծերունու միտքը կորած հիշողությունից ծուլ ելավ, բարձացավ հիշողության մտքից վեր, ապա կարծես բախվեց իրականության հետ, մնաց վերևում ինչ-որ տեղ։ Ձեռքերն էլ մի պահ այդպես վեր բարձրացրած մնացին օդում կախված, ինքը՝ վիզը ծուռ, խեղճացած, ուսի վրայով նայում էր մեր կողմը, այնպես, կարծես ինքն էլ, մենք էլ, մեռած լինեինք։

Ո՞վ գիտի, գուցե ծերունին մտքով մի ոստյունով տարբեր իրադարձություններով լի մի քանի տասնյակ տարիներ հե՞տ գնաց, հիշողության մեջ գտավ մարդուն այդ պահին, և դրանից էր, որ մնաց անշարժ, խեղճացած, վիզը ծուռ մեր կողմը թեքած՝  հարցական ու մեղավոր։ Տեղ-տեղ, հանդամիջում, երեխա, աղջիկ ու կին, մեջքները ծռած, հնձած չորացած խոտն էին եղանների բերանը տված հավաքում, իսկ ջահել տղաներն ու տղամարդիկ մեկ ուրիշ տեղ, շարքով, իրարից մի երկու քայլ ետ, խոտ էին հնձում՝ գերանդիները համերաշխ տանում ետ, ապա համերաշխ վրա բերում, խշշոցով աղեղնաձև կտրում խոտը, փռում գետնին, ապա մի քայլ առաջ գնում, ապա նորից գերանդիները համերաշխ հետ տանում, վրա բերում, խշշոցով աղեղնաձև հնձում խոտը, փռում  գետին, մի քայլ առաջ գնում, ու նորից կրկնում։

Մեզ տեսնելով, բոլորը մի պահ կանգ առան, խոտ հավաքողները մեջքները ուղղեցին, իսկ հնձվորները գերանդիները վեր բարձրացրին։ Հեսանները ձեռքներն առան ու մի այլ խըշխշոցով սկսեցին գերանդիները սրել՝ ուշքները մեր կողմը։ Նրանք մեզնից շատ հեռու չէին։ Մարդը աջ ձեռքը վեր բարձրացրեց՝ որպես ողջույնի և բարևի նշան։ Հնձվորները նույն բանն արեցին, սրելը թողեցին, հեսանները ձեռքներին բռնած վեր բարձրացրեցին։ Մենք առանց կանգ առնելու, լուռ ու մունջ շարունակեցինք մեր ճանապարհը՝ հնձվորների ու խոտ հավաքողների հայացքների ուղեկցությամբ։

Ամբողջ ճանապարհին նա ինքն իր հետ էր, մենք՝ մեր երեխայական, զանազան մտքերի հետ, անխոս գնում էինք վանքի կողմը։ Մենք առանց մի խոսք փոխանակելու հասանք անտառի եզրին գտնվող աղբյուրին, որտեղից քիչ հեռու վանքն է։ Մենք ծարավ էինք։ Ըստ կարգի, ջուրը՝ փոքրին, թեքվեցինք աղբրի գուռին, մատաղ խոյերի պես, կուշտ ջուր խմեցինք, հետ քաշվեցինք մի կողմ, ձեռքով սրբելով բերաններս։ Ապա, ինքը գլխարկը վերցրեց, մի ձեռքի մեջ պահած՝ թեքվեց աղբրին։ Նրա թեքվելուց, հագուստի արանքից, որ մինչ այդ չէր երևացել, վզից կախված խաչը շրըմփոցով կախվեց ջրի մեջ։  Նա ջուր խմեց, առանց դրա վրա ուշադրություն դարձնելու, գլուխը հետ քաշեց, մեզ պես բերանը ձեռքով սրբեց, նայեց մեր կողմը, ժպտաց, մենք էլ իրեն ժպտացինք։

Հետո մենք անտառամիջի կածանով սկսեցինք վեր բարձրանալ դեպի վանքի կողմը։ Այժմ՝ մենք առջևից, նա՝ մեր հետևից։ Հասանք վանքի կիսավեր շինություններին։ Վանքը և կից եկեղեցին ինձ համար ինչ-որ բանով նշանավոր չէի համարում առանձնապես, ոչ աստվածահաճո սրբերի մասունքներ կային այնտեղ, ոչ հրաշագործ սրբապատկերներ, ինչպես հորս ու մորս հետ այցելած Էջմիածնի վանքերում, ո՛չ էլ ինձ հայտնի մեր գյուղի պատմության հետ առնչվող փառապանծ ավանդույթների մասին բան գիտեի։ Մտածեցի, որ մեր Հոռեկա վանքի համար ամենանշանավոր և կարևորը հենց այս էշի վրա նստած, մեզ մոտ եկած մարդու ներկայությունն է։ Վանքի կիսավեր շինությունների մեջ շրջելուց հետո մոտեցանք եկեղեցուն։ Մուտքի մոտ նա երեք անգամ խոնարհեց գլուխը, ամեն անգամ խաչակնքելով։ Ներս մտավ, մենք՝ իր հետևից։ Ներսում կիսամութ էր։ Մի պահ կանգ առանք ներսում թաղված սրբացածների տապանաքարերի վրա, կիսախավարին ընտենալու համար։

Մարդը ուշադիր տնտղեց տապանաքարերի վրա գրված գրությունները, ապա նեղ դռնով ներս անցանք խորան։ Նա պայուսակից երկու մոմ դուրս հանեց, լուցկու հատիկը կրակին տվեց, վառեց հերթով, ամրացրեց բեմի եզրաքարին, և լույս եղավ։ Խորանի փոքր բեմի վրա քարե խաչն էր, որի վրայից նա ձեռքի ափով փոշին հետ տարավ խնամքով։

-Խաչակնքել գիտե՞ք, - հարցրեց նա մեզ, կիսամութի մեջ ժպտալով։ Մենք, գլուխներս տարուբերեցինք։

-Բութ մատն ու մատնեամատը այսպես կպցնում եք իրար, - ասաց նա, ու ցույց տվեց ինչպես կպցնել ու խաչակնքել։ Մենք մեր բութ մատն ու մատնեամատը կպցրեցինք իրար, ինչպես մեզ ցույց տվեց, և մի քանի անգամ, վարժվելու համար խաչակնքեցինք։ -Ես աղոթք կկարդամ, իսկ դուք հետևեք ինձ, երբ ես կխաչակնքեմ, դուք էլ նույնը կանեք, - ասաց նա ու պայուսակից փոքր չափի մի գիրք դուրս բերեց ու շրջվեց խորանի քարե խաչի կողմը։

Ու սկսեց ինչ-որ բան արտասանել առանց գրքին նայելու, որ հայր մերով էր սկսվում։ Իսկ հետո սկսեց գրքից կարդալ։ Նա կարդում էր երգեցիկ ձայնով։ Մի այնպիսի երգեցիկ ձայնով, որ ասես ձայնը ոչ այնքան իրենից էր գալիս՝ որքան հին մի հուշերից ժառանգած աշխարհից։ Իսկ մենք՝ հավատի առաջ բացարձակ անտեղյակներս, հոգու փրկության խնդիրներից իսպառ անտեղյակ, ցաքուցրիվ խառնաշփոթ մտքերը գլխներիս մեջ մի մատ երեխա, կանգնած լսում էինք այս երգեցիկ ձայնով ասվող բառերով աղոթքը։Խաչակնքում էինք, երբ ինքն էր խաչակնքում, և ոչինչ չհասկանալով, թե ինչ էր ասվում այդ բառերով, լսում էինք, երբ սկսում էր իր երգեցիկ աղոթքը։ 

Երբ նա վերջացրեց իր աղոթքը, խորանում խաղաղ լռություն տիրեց, միայն երբեմն-երբեմն վառվող մոմի երգեցիկ չըռթճռթոցն էր լսվում։ Այդպես մի քանի րոպե մնացինք անշարժ կանգնած մոմից լուսավորված կիսամութի մեջ։ Երբ դուրս եկանք եկեղեցուց, հիշողությանս մեջ ամենը, ինչ մնաց,  երկու հատիկ բառը, որ կար՝ Հայր մերն էր։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ