«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«...Բայց մենք մեր երկրինն ե՞նք...». ՀՐԱՉՕ

 

«Էս երկիրը մերն է, բայց մենք մեր երկրինն ե՞նք ... Վարքը մարդու դեմքն է: Ինչո՞ւ միայն մարդու: Նաև երկրի վարքը: Մարդու և իր երկրի վարքը: Եթե մարդն ու իր երկիրը վարք են ունենում, ապա վարքախոսությունն ու վարքագրությունը հեռու են փախչում: Երկրից առած վարք ունես, երկիրդ էլ քո վարքն է առել՝ ապրում եք: Եվ վարքով ժողովուրդ ես դառնում, և վարքով՝ տուն ու տեղ, և՝ տոհմ ու ցեղ: Եվ հեռվից եկողն է քո երկրից ու ժողովրդից բան հասկանում, և դու ես մտածում, որ ժամանակի մեջ չկորցնես քո վարքը: Չասեն՝ ուներ, հիմա չունի: Եթե հիմա չունես, պիտի ասեն՝ չի էլ ունեցել ...

Մտածենք, որ էս երկիրը մերն է: Վերջին հողակտորը, մնացած երկիրը մերն է: Եվ ինչպե՞ս անենք, որ մենք էլ լինենք երկրինը: Մե՛ր երկրինը: Կյանքո՛վ լինենք երկրինը: Աճյունի համար միշտ էլ տեղ ճարվում է»:

Հրաչօն է՝ Հրաչյա Մաթևոսյանը:

Եվ ահա այս օրերին, երբ վարք է փոխվում, փոխվում է երկրի վարքը, ժողովրդի վարքը, մարդու վարքը, երբ փորձում ենք վարքով ժողովուրդ դառնալ, վարքով տուն ու տեղ դնել, գալիս է Հրաչօն, գալիս է իր գրով ու կանգնում իր ժողովրդի կողքին: Կանգնում է այնտեղ, ուր միշտ է եղել, բայց միշտ էլ եղել է Հրաչօյաբար՝ համեստ, մի անկյունում, մի շվաքում, անհավակնոտ, չպարտադրող, խոցելի, բայց հատու. «... Եվ ինչպե՞ս անենք, որ մենք էլ լինենք երկրինը: Մե՛ր երկրինը: Կյանքո՛վ լինենք երկրինը: Աճյունի համար միշտ էլ տեղ ճարվում է...»:

Ասում է ու զատում երկրինը լինողներին աճյունի համար հող փնտրողներից:

«Մեր Հրաչօն. Հրաչյա Մաթևոսյան» գիրքը, որ լույս է տեսել որպես Մաթևոսյան ընտանիքի ու Հրաչօյի մտերիմների, ընկերների խոնարհումի խոսք, մեզ տանում է դեպի մի այլ մաթևոսյանական աշխարհ, որ հար և նման է նրա ավագի՝ Հրանտ Մաթևոսյան Մեծի աշխարհին, որովհետև նույնն է ակունքը, նույնն է ծնունդը, նույնն է Ծմակուտ աշխարհը, նույն Թումանյանն է հեռուներում, նույն աշնան արևն է ու թեք լանջի անտառը, բայց և տարբեր է, շատ տարբեր. թափանցիկ է, ինչպես օրը, թափանցիկ՝ ինչպես լույսը, թափանցիկ՝ ինչպես սպիտակը ու թափանցիկ, ինչպես իր՝ Հրաչօյի ներաշխարհը:  

«... Գոհ եմ իմ բախտից, իմ մահն իմ արթուն աչքով եմ տեսնում: Պարտք եմ միայն ինձ: Հաշտ եմ մահվան հետ: Աշխարհը ասես շուռ եմ տվել ես, երկինք եմ քամել իր անձրևներով ու բյուր գույներով մեր երկրի վրա ու հոգնած-դադրած եկել-պառկել եմ աշնան անտառում, իմ գունե՜ղ-ձայնեղ խաշամների մեջ:

Ուզվոր աշխարհից ոչինչ չեմ ուզում: Եվ գոհ եմ կյանքից: Է՜հ, ո՞վ իմացավ, որ դու ապրում ես, որ մահդ հուզի որևէ մեկին: Ես էլ չիմացա իմաստը կյանքի: Կյանքն է խճճվել իր գույների մեջ, իր ձայների մեջ: Ապրելը ո՞րն է, ո՞րն է սիրելը: Ամեն ինչ կյանքում հար սպասում է ...»:

Հիմա, երբ Հրաչօյին նվիրված գրքում նրա գրից բացի նաև մտերիմների խոհերն են, հուշերը, հիշողությունները, ակամա գնահատականները, փարատվում են Հրաչօյի «կասկածները», թե՝ «...Է՜հ, ո՞վ իմացավ, որ դու ապրում ես, որ մահդ հուզի որևէ մեկին: Ես էլ չիմացա իմաստը կյանքի ...», ու կյանքի իմաստը նյութականանում է դառնում տեսանելի, շոշափելի:

Ինչպես գրքի «Առաջաբանի փոխարեն»-ում գրում է գրականագետ, բանասիրության դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը. «Երվանդ Քոչար 27, բն. 42 հասցեում այսօր էլ ապրում է Հրաչօ-Հայկանուշ ամոլը, նկարներում նրանց ժպիտներն են, ճաշասենյակից խոհանոց տանող մի քանի քայլն անցնում ես այն հաստատ համոզումով, որ նրանք հենց նոր են անցել այս տարածքով, ու տան ինչ-որ անկյունից լսելու ես նրանց կանչը ... Արևիկի, Մանեի, Սոնայի հետ զրույցի մեջ անցյալն ու ներկան անբաժան են, ավելին՝ անցյալն էլ է ներկա, ու լուսանկարը, գիրքը, հիշողության պատառիկը կենդանանում են, դառնում զրույցի մասնակից, իսկ տղամարդիկ՝ Վահագն ու Արտակը, խորհրդավոր ժպտում են, հսկում, որ ոչ մի փաստ, ոչ մի մանրուք չխեղաթյուրվի, որ պատերի նկարներից, պատվավոր տեղում դասավորված գրքերի կազմերից, լուսանկարներից տունը ժպիտով լցնող հայացքները հանկարծ չդառնան նախատող ...»:

Հրաչօյի մասին ու Հրաչօյի գրով գիրքը շատ է յուրահատուկ, որովհետև շատ սեր կա գրքում, սեր կա գրքի կազմին, որովհետև կազմը Հրաչօյի թոռնուհունն է՝ Սոնայինը, Սոնա Մաթևոսյանինը ու Հրաչօն էլ այնպիսին է, ինչպիսին եղել է Սոնայի մտապատկերում ու Սոնայի մտապատկերը ճշգրտորեն արտացոլում է Հրաչօյի լույսի պես թափանցիկ պրոֆիլը:

Պատվավոր շատ մարդիկ են իրենց Հրաչօյին «պեղել» իրենց ներաշխարհներից ու տվել հանրությանը, այդ թվում և Մաթևոսյան տոհմից, բայց հրապարակում ենք Հասմիկ Պապյան աշխարհահռչակ երգչուհու շատ հուզիչ «պեղումը», ու եթե հարցնեք, թե ինչո՞ւ, որովհետևը Հասմիկ Պապյանի սիրելի հորաքրոջ՝ Հայկանուշի, Հրաչօյի կյանքի կեսը լինելու հանգամանքով պիտի մեկնվի: Եվ ոչ միայն, որովհետև հենց այն է ճշմարիտ ու հուզիչ այն պատմությունը, որում իր ողջ հասակով կանգնած է Հրաչօն՝ Հրաչյա Մաթևոսյանը:  

«Սիրելի, անմոռանալի Հրաչիկ «дядя», որը շատ արագ պարտադրվեց և փոխարինվեց վեց տարեկան աղջնակիս համար դժվար ըմբռնելի՝ ՀՈՐՔՈՒՐԱՅՐՈՎ...

Երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր գրիչ կվերցնեմ գրելու քո մասին...

Գրողն էլ դու էիր, խոսք ու խրատ տվողն էլ, բոլորիս թև ու թիկունքն էլ...

Ես քեզ ճանաչեցի վեց տարեկանում, երբ մեր տուն եկար, դարձար իմ պաշտելի հորաքրոջ  կողակիցը: Ձեր հարսանիքի օրը ինձ, ինչպես միշտ, պապիկս հորդորեց՝ երգել, իսկ պապիս խոսքը օրենք էր, խնդրանքը կատարելը՝ պատիվ: Ես սկսեցի երգել գուսան Շահենի «Որտեղի՞ց եկար դու, անծանոթ սեր» երգը: Հազիվ էի սկսել, արցունքներս խեղդեցին, չկարողացա շարունակել և վազելով փախա, ապաստան գտնելով մահճակալի տակ, որտեղ էլ քնեցի մինչև լույս:

Ինչո՞ւ լաց եղա, չեմ կարող ասել: Թերևս մանկական բնազդով զգում էի, որ հորաքրոջս տանելու ես ինձնից, որ չորս եղբոր մեկ հատիկ քույրը այլևս միայն մեր պաշտամունքը չի լինելու, սերը կիսելու ենք...

Քո մեր տուն գալով ես առաջին անգամ տատիկիս ձեռքը համբուրող, նրան ջերմորեն մայրիկ կանչող, ծաղիկներ նվիրող և մինչև երկինք հասնող կնամեծարության ականատեսը եղա: Դու առաջինն էիր, ով ինձ գիրք նվիրեց, ոչ միայն պարզապես գիրք, այլև  ոչ ավելի և ոչ պակաս՝ Բարսեղ Կանաչյանի «Երգերի ժողովածուն»՝ հետևյալ մակագրությամբ. «Սքանչելի Հասմիկին՝ նրա ապագայի նկատմամբ պայծառ հավատով…»: Ես այդ ժամանակ ընդամենը յոթ տարեկան էի և չէի կարող գիտենալ, որ երգչուհի եմ դառնալու, երգելու եմ Բարսեղ Կանաչյանի բոլոր երգերը, հատկապես «Օրորը», որ մի օր Բեյրութում հանդիպելու եմ Կանաչյանի դստերը, որն էլ հետո ինձ նվիրելու է երգահանի երկերի ժողովածուի բնօրինակը, հետևյալ մակագրությամբ. «Օրորի» լավագույն կատարողին»: Այդ նվիրական գիրքը արդեն մոտ հիսուն տարի ինձ հետ է, ուղեկցում և օրհնում է...

Ուրեմն հուսախաբ չարեցի առաջին հերթին քեզ, որն  ինձ հավատաց, սատարեց, գոտեպնդեց, երկրպագեց մինչև վերջ...

Հետագայում ինձ անթիվ անհամար գրքեր ես նվիրել, տարբեր մակագրություններով, Կոմիտասի վեցհատորյակը. «Պաշտամունքիս՝ Հասմիկին, նրա նկատմամբ վերընձյուղված հավատով…» մակագրությամբ: Դու 50 տարի ներկա ես եղել մեր՝ բոլոր Պապյան երեխաների կյանքում, իսկ նրանք շա՜տ էին: Բոլորին հասել ես, առանց վարանելու, վազել ես առանց երկմտելու, հասել ես, օգնել բոլոր հարցերում՝ խոսքով, խրատով, գործով: Ու մենք մի տեսակ վարժվել էինք, որ դու մշտապես կաս, մեր կողքին ես, լինելու ես...

Մենք քո անփոխարինելի տեսակն էինք ճանաչում՝ ազնիվ, արդար, ճշմարտախոս, չկոտրվող, պայքարող, մաքառող... Ո՞ր մեկն ասեմ... և ուրիշ ոչինչ և ոչ ոքի չէինք էլ կարող քո կողքին պատկերացնել: Մենք քո դավանած արժեքներով մեծացանք, հասունացանք, ապրեցինք, փորձեցինք քեզ նմանվել: Քեզ նման երկրորդը գտնել գրեթե անհնար դարձավ:

Ես կարոտում եմ քեզ շա՜տ, երբ բեմ եմ մտնում, փնտրում եմ քո բարձր հասակը, որը դեռ երգել չսկսած ոտքի էր կանգնում: Ես առաջ շատ էի սրտնեղում դրանից, բայց հիմա հասկանում եմ, որ ոտքի էիր կանգնում քո փոքրիկ Հասմիկին իր «տեղը» հասցրած լինելու մեջ քո ավանդը ունեցածի իրավունքով, իր ուժերին հավատալու մեջ երբեք միայնակ չթողած, մինչև վերջ իր ճակատագրին հլու-հնազանդ և անդավաճան մնալու պատգամը փոխանցած լինելու պատճառով: Ոտքի էիր կանգնում, ոչ թե միայն որպես հորքուրայր, այլ նախ և առաջ արվեստը սիրող, ամենից առավել հայ արվեստը սիրող և գնահատող Մեծ հայ:

Երբ ամուսնանում էի և իմացար, որ ընտրյալս ազգությամբ գերմանացի է, առաջին արձագանքը եղավ անբռնազբոս և բնական. Մանֆրե՞դ, Հա՞նս... կուզենայի, որ Վարուժան, Գարեգին կանչեիր... որտեղի՞ց կարող էի գիտենալ, որ  քո ներքին, բնական «տագնապը» 24 տարի հետո, ցավոք, ինձ ճանաչելի և հասկանալի պետք է դառնա...

Ես չգրեցի քո՝ գրողի մասին, թող ուրիշները, ընթերցողներդ գրեն:

Կարծում էի, որ հիսուն տարի, գրեթե մի ողջ կյանք քեզ ճանաչելը, քո կողքին լինելը բավարար են սրտի խոսք ասելու համար, բայց հիմա եմ անդրադառնում, որ կիսատ մնաց, ասելիքն էլ, անելիքն էլ, կարծում էի միշտ, շարունակաբար և անվերջանալի է լինելու քո երկնային ներկայությունը մեր կողքին: Ավա՜ղ, ստիպված ենք հաշտվել դառը իրողության հետ: Դու մնացիր և կմնաս կենդանի մեր սրտերում, մեր հուշերում, մեր առօրյայում, պարզապես մեր կողքին միշտ՝ քո սիրած և նախընտրած բառով՝ ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ...

Խոսքս ավարտեմ վերադարձնելով քեզ Կոմիտասի քառատողը, որն ինձ էիր ընծայագրել մի առիթով.

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝

Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,

Զարթի՜ր, զարթի՜ր, ո՜վ իմ գիտակ հուսածին՝

Մտքի, հոգու, սիրո քնար լարելով...

Հ. Գ.

Հրաչօն իր «Կայծահեղ Հրանտ» գրքի «Կաղնիներ» գրվածքում, որը Հրանտ Մաթևոսյան Մեծին է նվիրել «Լորենու թախիծով, բուրմունքով, փխրունությամբ՝ Քեզ արմատակալ Կաղնի Հրանտ Մաթևոսյան՝ ակնածանքով» նախագրությամբ, ասում է.

«Մարդ ես, աշխարհ ես եկել, պիտի զորավոր լինե, քո մեջ պիտի ուժ ունենաս, ամեն մի հուսահատ քո մեջ պիտի կաղնու ուժ տեսնի: Հենց կաղնի: Թեկուզ կաղնու հառաչ: Թեկուզ կաղնու ստվեր: ...Մարդ ես, աշխարհ ես եկել: Քո մեջ պիտի կաղնու ազնիվ շառաչ ունենաս, կաղնու համբերություն, կաղնու ըմբոստություն, կաղնու հասակ, կաղնու նման պիտի զոհվել իմանաս: Կաղնու ուժ պիտի ունենաս: Դու պիտի գաղտնիք պահել իմանաս: Ու թե մեկը կայծակ ունի պահելու, քեզ է վստահելու:

Կաղնի՜... էնպես եմ ուզում, գոնե մեկ օր, Աստծո տված գեթ մեկ օր, քո մեջ մարդ չտեսնել: Չեմ կարողանում: Տեսնել քեզ էնպես, ինչպես ծնվել ես, հասակ ես նետել ...»:

Հիմա, երբ կարդում ես Հրաչօյին նվիրված այս ակնածանքով արված գիրքը, ուզում ես ասել. «...էնպես եմ ուզում, գոնե մեկ օր, Աստծո տված գեթ մեկ օր, քո մեջ մարդ չտեսնել: Չեմ կարողանում...»:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ