«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

ԴԱՐԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ԳԱՂՏՆԻՔԸ կամ անճարտարապետ հուշարձանը...

 

Եվ ուրեմն այսպես.

Դեռևս օգոստոսին պաշտոնապես դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝  «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, Տեղեկատվության ազատության իրականացումը (1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը), խնդրելով՝ օրենքով սահմանված ժամկետում «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

Ա. Ո՞վ է Արամ Մանուկյանի հուշարձանի ճարտարապետը:

Բ. Ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսել Երևանի քաղաքապետարանը Արամ Մանուկյանի հուշարձանի վրա, ի՞նչ միջոցներից, հատկապես ի՞նչ աշխատանքների համար է ծախսվել գումարը և կոնկրետ ո՞ր աշխատանքի համար որքան գումար է վճարվել: 

Իհարկե, Երևանի քաղաքապետարանը չպահպանեց «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքով սահմանված ժամկետը («գրենք» հին քաղաքապետարանի վրա), այնուամենայնիվ, սեպտեմբերի 4-ին ստացանք քաղաքապետարանի բաղձալի պաշտոնական պատասխանը:

Եվ ի՞նչ… Եվ պարզվեց զավեշտալի այս իրողությունը.

«Ի պատասխան Ձեր հարցադրումների, կապված Արամ Մանուկյանի հուշարձանի հետ, հայտնում ենք, որ հուշարձանի ճարտարապետի վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, քանի որ համապատասխան ծածկագրով ներկայացված մրցութային նախագծին կից փակ ծրարի մեջ (ուր նշվում է հեղինակը / հեղինակային կազմը / մասնակցության տոկոսը), Դավիթ Մինասյանից բացի այլ անձ նշված չի եղել: Տեղեկացնում ենք նաև, որ հուշարձանի հետ կապված Երևանի քաղաքապետարանի բյուջեից գումարներ չեն ծախսվել»:

Այս փաստաթուղթը հարգանքով ստորագրել է Երևանի արդեն նախկին (փառք, Աստծո) գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Մենք այն չհրապարակեցինք ստանալուն պես, քանզի քաղաքական գործընթացներ կային այդ պահին Հայաստանում, իսկ դաշնակցականները, չգիտես ինչու, հուշարձանի հետ կապված ցանկացած խնդիր անտրամաբանորեն և անթույլատրելիությամբ դիտարկում են մեծանուն ազգային գործիչ Արամ Մանուկյանի անձի և գործի տեսանկյունից: Խնդիրը, ինչպես ընդունված է ասել, չքաղաքականացնելը գերադասեցինք, քանի որ, իսկապես, խնդիրն այլ հարթությունում է:

Ուրեմն ի՞նչ… Ցանկացած մեկը, որը կարող է ֆինանսավորել ինչ-որ հուշարձան, կարող է այն անարգել բերել և տեղադրել Երևանի կենտրոնո՞ւմ: Գուցե այդկերպ ե՞ն տեղադրված վերջին շրջանի սարսափազդու արձաններն ու հուշարձանները Երևանում. (մարշալ Բաբաջանյանի, հայկական գամփռի և այլն), և գուցե դրանցից նույնպես տեղյակ չեն եղել Երևանի քաղաքապետարանն ու նախկին գլխավոր ճարտարապետը:

Ի դեպ, ԱԱԾ-ն հավանաբար ուսումնասիրությունների կարիք կունենա՝ նախ բացահայտելու դարի գաղտնիքը, ապա, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը պայքարել արձանների ու հուշարձանների տեղադրման համար, երբ քաղաքապետարանի բյուջեից դրա համար միջոցներ չեն ծախսվել ու քաղաքի գլխավոր ճարտարապետը դրանցից տեղեկություն չի ունեցել: Իսկ գուցե հանրահայտ հիմնադրամից ե՞ն ծախսվել: Ինչևէ:

Եվ քանի որ նոր անդրադարձ ենք անում, ամեն դեպքում հիշեցնենք, որ հուշարձանի ոդիսականում կան նաև այսպիսի դրվագներ.

Նոր Հայաստանի մշակույթի նախարարությունը ժամանակին հիշեցրել է, որ.

«… համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև «Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի» դրույթները,

համարելով, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է,

կիսելով հանրության ու մասնագետների՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը աղճատելու վերաբերյալ մտահոգությունը,

միանում է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում՝ նրա վերգետնյա աստիճանաձև հարթակին Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքների կասեցման նախաձեռնությանը:

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանը խորհրդահայ ճարտարապետության և XX դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույց է. ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել և ստանձնել է կայարանին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:

Անընդունելի է առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման՝ արձանի տեղադրման թույլատրումը, հատկապես հաշվի առնելով Արամ Մանուկյանի, հայոց պետականության կերտման գործում նրա գործունեության բացառիկ նշանակությունը և նրա արձանի ստեղծման, մայրաքաղաքում տեղադրման օրակարգային առաջնահերթությունը»:

Նոր Հայաստանի մշակույթի նախարարությունը նաև նախազգուշացրել է, որ.

«…Երևան քաղաքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում և պահպանական գոտիների համակարգում որևէ քաղաքաշինական գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս, անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության կողմից լիազորված մարմնի հետ, դիմելով նաև Երևանի քաղաքապետարան:

Նախարարությունը, հիշեցնելով, որ ոլորտը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ, հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի և որոշման սահմանած կարգի խստագույնս պահպանմանը՝ նույնը պահանջելով պատկան մարմիններից, կազմակերպություններից և անհատներից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»:

Նոր Հայաստանի մշակույթի նախարարությունը նաև անընդունելի է համարել Արամ Մանուկյանի արձանի տեղադրումն առանց նախարարության հետ քննարկման:

Պատկերացնում ե՞ք.

«…Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում…»:

Ի դեպ, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը
մշակույթի նախարարությունը օրերի ընթացքում ընդգրկեց Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ դրանից բխող բոլոր հետրանքներով, իսկ մշակույթի նախարարը դուխով հայտարարեց, որ առաջարկելու են քաղաքապետարանին՝ տեղափոխել արձանն այլ վայր, նշելով, որ մշակում են տեղի հետ կապված առաջարկներ: Հայտարարեց անբեկանելի տոնով:

Ասենք, որ նոր Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն ևս անմասն չի մնացել դուխով հայտարարություններից…

Ահա այսպիսի բաներ հին ու նոր Հայաստաններում…

Իսկ Արամ Մանուկյանի հուշարձանը շարունակում է միջավայրին անհաղորդ, օտարի դրոշ հիշեցնող գունաքարերով օծված նայել իր քանդվող տան ուղղությամբ, երբեմն-երբեմն արդեն փոշուց ու կեղտից սևացող անհայտ ճարտարապետական գլուխգործոց պատվանդանի վրա ընդունելով այս կամ այն միջոցառումից եկող ծաղկեպսակներ, որոնց չորացած մնացորդները երևանյան քամին շաղ է տալիս շրջակայքում:  

Հ.Գ. Մենք կիսում ենք այն տեսակետը, որ Երևանին հարկավոր չէ գլխավոր ճարտարապետ, մանավանդ, երբ ով որտեղ ինչ ուզում տեղադրում է...

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ