Անժելա Սահակյան
Անժելա Սահակյան

 

Անժելա

Սահակյանը

Փարիզում

ապրում է

ավելի քան

15 տարի:

 

Այդպես է

ստացվել:

 

Ծնվել է

Ղարաբաղում: 

Աշխատել է

հայկական

հեռուստատեսությունում,

գրքեր է

գրել,

ֆիլմեր

նկարահանել:

 

Այսօր

Փարիզի

հայկական

ռադիոյի

(AYP FM)

մեկնաբանն է,

«Արցախապատում»,

«Հայ մամուլի

տեսություն»

և «Բաց նամակ

ճշմարտության

պարտադրանքով»

հաղորդաշարերի

հեղինակը

և վարողը:

 

«Գործուղումս»

Ֆրանսիա

մի օր

կավարտվի

ու կվերադառնամ

տուն:

Հաստատ:

 

««Դեպորտի» սպասելիս…». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրարահաջորդ բացահայտումներից հոգիս տակնուվրա է լինում։ Անշուշտ, զարմանալի չէր, սակայն ահռելի չափերի, գրոտեսկի հասնող ագահությունն ինձ հանգիստ չի տալիս...

Աչքիս առաջ են Հայաստանից արտագաղթած հազարավոր մարդիկ, որոնք ապրելով ծայրահեղ աղքատ վիճակում, տուն ու տեղ չնչին գումարներով վաճառել ու հասել են Ֆրանսիա:

Ի սկզբանե նրանցից ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչպիսի դժվարությունների միջով պետք է անցնի ...

Շատ տխուր պատմություններ եմ լսել, շատ տխուր պատմությունների եմ ականատես եղել, սակայն մի դեպք դարձել է կոկորդիս կանգնած դառը կորիզը:

Իմ ընտանիքը նոր էր տեղափոխվել Փարիզ: Ամեն օր ծրագրում էինք, թե որ հետաքրքիր վայրն այցելենք։ «Աշխարհում Պեր Լաշեզ կա» մի առիթով գրել էր Սիլվա Կապուտիկյանը։ Եվ ես օր առաջ ուզում էի տեսնել այն գերեզմանը, որտեղ հուղարկավորվել էր Զորավար Անդրանիկը:

Մետրոյի Պեր Լաշեզ կանգառից դուրս եկա ու գերեզմանոցի պատի երկայնքով նկատելով մարդկանց կանոնավոր հերթը, մտազբաղ քայլում էի դեպի մուտքը․ «s’il vous plaît» հանկարծ ամբոխի մեջ լսեցի հայերեն շեշտադրությամբ «խնդրում եմ» ֆրանսերեն արտահայտությունը: Հայացքս սևեռեցի՝ տարեց ամուսիններ էին: Ուզում էի մոտենալ, բայց թույլ չտվեցին հերթը խախտել և ես հեռվից համակ ուշադրությամբ լսեցի նրանց խոսակցությունը:

Չէի սխալվել, իրոք հայեր էին: Ամուսինը կնոջը հորդորում էր, որ անպայման խոսի, հասկացնի դիմացինին իրենց պահանջները: Կինը պատասխանում էր՝ բացատրեցի, ու նորից կրկնում «s’il vous plaît»։ Կինը, S.V.P.-ից հետո հայերենով բացատրում էր, որ իրենք այդտեղից ուզում են մթերք ստանալ՝ օգնություն: Ֆրանսիացին հասկացել էր և համբերությամբ ու հարգանքով բացատրում էր, որ ուրիշ հասցեով պետք է դիմեն: Կինն առանց հասկանալու կրկին ջանքեր էր թափում իր իմացած ողջ ֆրանսերենով՝ «s’il vous plaît», որ արձագանքեն իր խնդրանքին, սակայն ապարդյուն:

Հուսահատ ու գլխիկոր հերթից դուրս եկան։ Ամուսինը նորից սկսեց ջղային տոնով. մեղադրում էր կնոջը, որ չկարողացավ ֆրանսիացուն հասկացնել իրենց պահանջը:

Կինն ասաց.

- Դու՛ խոսեիր:

- Ես ֆրանսերեն չգիտեմ, ո՞նց բացատրեմ:

- Ես էլ ինչքան բացատրեցի, ինքն ասում էր «non»:

- Մենք չենք կարող այստեղ ապրել:

- Ա՛յ մարդ, բա որտե՞ղ պետք է ապրենք: Տուն ու տեղ ծախել, եկել ենք: Քեզ ասում էի, որ դժվար կլինի, դու ասում էիր՝ ոչինչ, կմեռնեմ, բայց կուշտ կմեռնեմ: Հիմա ասում եմ գնա, ֆրանսերեն սովորիր, ասում ես՝ 70-ն անց մարդ եմ: Ես էլ համարյա քո տարիքին եմ, բա ո՞նց եմ սովորում: Ասում են «Bonjour», ասում եմ՝ «Bonjour»: Տասը ամիս է այստեղ ես, մի բառ չգիտես, դա նրանից է, որ գյուղատնտեսականն ես ավարտել: Ես էլ տնտեսագիտականն ավարտեցի: Որ իմանայի մի օր պիտի հայտնվեմ Ֆրանսիայում, օտար լեզուների բաժին կընդունվեի: Հիմա պետք է Ֆրանսիայում գնամ ֆրանսերեն դասերի ու քո փոխարեն էլ սովորեմ:

- Հա, դե տնից մեկը սովորի, էլի բան ա:

- Հիշո՞ւմ ես՝ կուշտ մեռնելը, լավ չէ՞ր սև հաց ուտեինք, մեր բանջարը քաղեինք, մեր այգին մշակեինք, ապրեինք, ի՞նչ ենք կորցրել այս օտար հողում:

- Ա՛յ կնիկ, ո՞վ էր իմանում, որ այսպես կլինի, ասում էին Ֆրանսիան լավ երկիր է, մենք էլ եկանք: Վարդանենք գնացել են Գերմանիա, այնտեղից քշել են, հիմա եկել են այստեղ, նրանք մեծ ընտանիքով են, կացարան են տվել:

- Բա դու իմացե՞լ ես, լսեցի, որ մի քանի ընտանիքների նստեցրել են ինքնաթիռ, ուղարկել Հայաստան: Ասել են՝ գնացեք ձեր երկիրը, այստեղ անելիք չունեք:

- Երանի չէ՞ր, մեզ էլ ուղարկեին:

- Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ասում, գյուղով մեկ հո խայտառակ չենք լինելու, տուն, այգի ծախել, եկել ենք։

- Բա այստեղ խայտառակ չենք լինո՞ւմ, ամեն օր փողոցներում ենք սնվում…

…Ես խորասուզվել էի մտքերի մեջ, ձայները քանի գնում, խլանում էին ու հանկարծ հոծ բազմության մեջ նրանք անհայտացան:

Ի՞նչ եղավ ամուսինների ճակատագիրը, որտե՞ղ են նրանք, ինչպե՞ս են ապրում․․․

Այդ դեպքից հետո, անընդհատ հիշում եմ Ավետիս Ահարոնյանի իմաստուն միտքը. «Հեղափոխություններից սրբազնագույնը ժողովրդի ցավերի բոցերից բռնկվող հրդեհն է»:

Այդ հրդեհը պատկերավոր իմաստով, անմար կրակի նման վառում է ներսս, երբ Փարիզում հանդիպում եմ փողոցում մոլորված հայի, երբ լսում եմ հայի հետ կապված որևէ արտառոց դեպք, երբ եկեղեցում հանդիպում եմ անչափահաս երեխաներով միայնակ մայրերի, երբ տեսնում եմ արտագաղթածների նոր դեմքեր…

Տարատեսակ շատ պատմություններ եմ լսել, թե ինչու են երկիրը լքել։ Անցել են այն տարիները, որ կոչվում էր տնտեսական ճգնաժամ։ Վերջին 18 տարիների ընթացքում մարդիկ լքել են իրենց հայրենիքը տեղի ունեցող ամենաթողության ու անպաժելիության պատճառով:

Անարդարության զոհերից է նաև իմ ընտանիքը: Մենք մեր երկրից հեռացանք վիրավորած, որովհետև իմ կյանքն սկսվեց վտանգվել այն պահից, երբ 1991թ․օգոստոսի 29-ին, Հայաստանի հեռուստատեսությամբ ցուցադրվեց իմ «Երկու կրակոց» տեսաֆիլմը՝ նվիրված ՀՀ ԳԽ պատգամավոր Վիտյա Այվազյանի և նորաստեղծ բանակի կամավորական ջոկատների հրամանատարներից՝ Գեղազնիկ Միքայելյանի (Չաուշ) սպանության տարելիցին, երբ 1992թ․մայիսի 9-ին Հայաստանի հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական ծառայությամբ ոգևորված ներկայացրի Շուշիի փառահեղ հաղթանակը, երբ, հանրությանը ներկայացրի հացի կտրոններով հերթերը, գործարաններում կուտակված հացի կույտերը, որ իբրև թե բենզին չունենալու պատճառով չեն կարողանում առաքել խանութներ: Ավելին՝ 700 գրամամոց հացը 1 կգ-ի գնով էր վաճառվում…

Դարեր շարունակ վարժվել ենք, ասելով՝օտար ազգերը մեզ հալածել են, դրանից էլ՝ դարձել ենք տարագիր։ Իսկ ինչպե՞ս որակել իր երկրում, սեփական հողի վրա  հայի կողմից հայի հալածված լինելը, հայի կողմից հայի սպանվելը… Ինչպե՞ս հասկանալ երկրում գիտնականի տիտղոսն արհամարհելը, մտավորականին, աշխատավորին տարիներով աշխատավարձ չտալը, հողի մշակին սեփական հողից զրկելը։

Մարդիկ, որոնք տարիներ շարունակ բախվելով արգելքների, անարդար երևույթների, բարձր դասելով իրենց արժանապատվությունը դուրս են եկել երկրից,  պատրաստ են վերադառնալ, այն համոզմամբ, որ երկրում, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, իրավիճակ է փոխվել։

Այն ամենը, ինչ բացահայտվում է այսօր, մեզ համար ամոթալի է, բայց նաև հաղթանակ է, որ Հայաստանում այլևս անցյալ է «մեր դեմ խաղ չկա» քրեածին տարրերի ինքնավստահ պահվածքը …

 

Անժելա Սահակյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ