Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Ֆիզիկոս եմ:

 

Սովորել եմ

Երևանի

պետական

համալսարանում:

 

Քանի որ

ֆիզիկներից

ամեն ինչ

սպասելի է, 

մասնագիտացա

նաև

զբոսաշրջության

ոլորտում:

 

«Լևոն Թրավըլ»

ընկերության

զբոսաշրջային

բաժնի

ղեկավարն եմ՝

ինչպես

ընկերներս են

ասում, 

«անհիշելի»

ժամանակներից:

 

Նաև գրում եմ:

Արձակ:

 

Մի օր, երբ

սկսում ես

ստեղծագործել,

ժամանակի 

ընթացքում

դրանք

դառնում են

տպագրված

ու չտպագրված

գրքեր:

 

Տպագրված

գրքեր ունեմ:

Նաև՝

չտպագրվածներ:

 

Ես հավատում եմ

այն մեծ

մտածողին,

որն ասում էր, 

երբ քամի է

փչում, ոչ թե

պատ, այլ

հողմաղաց

կառուցիր:

 

Դրա համար էլ «ԷԴ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ Ա...»

 

Երբեմն նախանձում եմ տաք երկրներում ապրող մարդկանց` ոչ տուն տաքացնելու խնդիր ունեն, ոչ ձմեռային անվադողերի, ոչ հաստ ու տաք ձմեռային հագուստ-կոշիկի…

Բայց այս զգացողությունը միայն մի ակնթարթ է տևում: Նրանք չունեն այն, ինչ ունենք մենք մեր դրախտավայր Հայաստանում` ծաղկող, ճերմակ գարուն, տոթակեզ, ծույլ ամառ, երփներանգ, զով աշուն ու ձյունառատ, շենշող ձմեռ: Նման ամբողջություն ու ներդաշնակություն միայն շատ մեծ երկրներն ունեն`ցրված արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ…

Իսկ մեր փոքր Հայաստանում ամեն ինչ կողք-կողքի է՝ տարվա բոլոր եղանակները կարող ես վայելել իրենց ողջ հմայքի մեջ: Եթե շատ ես տառապում Երևանի շոգից, քառասուն րոպե ճամփա գնա, բարձրացիր Արագածի լանջերն ու ըմբոշխնիր վայրի ծաղիկների հետ պարող մեղմ հովիկը… Եվ սա միայն հոգևոր հարստություն չէ: Սա նաև զբոսաշրջային մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մի քանի օրով Հայաստան ժամանող հյուրերը կարող են այդ ընթացքում վայելել բոլոր այս բնակլիմայական հաճույքները:

Բայց այսօր խոսքս զբոսաշրջության մասին չէ սովորական իմաստով: Հարցս այլ է` ինչու՞ ենք մենք` հայերս մեր հողի վրա զբոսաշրջիկի պես ապրում` «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» բարբարոսական սկզբունքով:

Գնանք բնության գիրկը, խորոված «չալաղաջն» ուտենք ու մեզնից հետո՝ բառիս բուն իմաստով թողնենք մի կեղտոտ խոզանոց… Էլ չեմ խոսում համատարած էկոլոգիական աղետի մասին… Հիմա՛, արա՛գ ու անխնա լցնենք մեր ծակ գրպանները Հայաստանի ընդերքի վաճառքի փողով և թքած, թե ինչ պայմաններում և ինչով պիտի ապրի արդեն հաջորդ սերունդն այս կեղեքվող հողի վրա… Մենք հո կվայելենք մեր օրերը Շվեյցարիայի հազարավոր մաքուր լճերից մեկի ափին… Թող ուրիշի որդին ծառայի հայոց բանակում ու թող ուրիշի որդու սիրտը ցավա Հայաստան կոչվող երկրի համար… Մենք մի կերպ մերինին կպրծացնենք…

Հիշում եմ` իտալացի մի զբոսաշրջիկ տեսնելով Սևանի ափով մեկ և անգամ ափամերձ ջրերում տիրող համատարած կենցաղային ու շինարարական աղբը, սպառնում էր դատական գործ հարուցել Հայաստանի կառավարության դեմ` բնության մեր հրաշքն այդ վիճակում պահելու և բառիս բուն իմաստով փչացնելու համար: «Դուք պետք է հասկանաք»,- բորբոքված ասում էր նա,- «որ Սևանա լիճը միայն ձեր` հայերիդ հարստությունը չէ: Սա համայն մարդկության հարստությունն է…

Ասաց ու գնաց: Ջղայնացած ու հիասթափված…Իսկ մենք մնացինք մեր աղտոտված Սևանի ու սեփական հողի վրա հյուրի ու զբոսաշրջիկի հոգեբանությամբ ապրելով:

Դաժան է այս տարվա ձմեռը: Երկար, ձյունառատ ու ցուրտ: Եվ նույնքան էլ երկար է մեր «մուննաթն ու զուննաթը»՝ այնքա՜ն մեզ հատուկ. «ինչու՞ քաղաքապետարանն ու «Սանիտեքը» չեն մաքրում փողոցներն ու բակերը, ու՞ր է նայում թաղապետարանը, ու՞ր է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեռ ինչքա՞ն պիտի սահենք ու ընկնենք այս սառույցների վրա, բա որ այս սառույցները պոկվեն-ընկնեն մեկի գլխին` ո՞վ է պատասխան տալու…Չէ, էս երկիրը երկիր չի դառնա, ախպեր…»:

Այո, չի դառնա: Եթե չենք ասում ՀԱՅԱՍՏԱՆ, այլ ասում ենք «էս երկիրը», ապա հաստատ ԵՐԿԻՐ չի դառնա: Քանի դեռ նայում ենք, թե ինչպես են մեր ծեր մայրերը մի կերպ քայլում ու հաճախ էլ ընկնում սառույցների վրա ու սահմանափակվում ենք միայն նայելով, մուննաթով, ապա հաստատ « էս քաղաքը քաղաք չի դառնա,  ու  էս երկիրը երկիր չի դառնա»: Մինչդեռ մի քիչ սեր է պետք ունենալ մերձավորի ու քաղաքի հանդեպ, դուրս գալ է պետք բակ ու մի կողմ տալ է պետք փափուկ ձյունը: Մյուս օրն արևը կանի իր գործը, ճամփան արդեն բաց ու չոր կլինի անվտանգ քայլելու համար: Բայց երևի ավելի հեշտ է նստել «տելեվիզորի» առաջ կամ ֆեյսբուքի, ամենազոր ֆեյսբուքի ու մուննաթ գալ … Չէ՞ որ բոլորը պարտական են մեզ` հայերիս…

Անցյալ մարտին Բեռլինում էի: Շաբաթ լույս կիրակի ձյուն եկավ` գրեթե հազվագյուտ մի բան Բեռլինի համար, որի տարածքն, ի դեպ, Փարիզի տարածքից ինն անգամ մեծ է: Երևանի հետ անգամ չեմ ուզում համեմատել: Բնակչությունն էլ մոտ 3.5 միլիոն է: Կիրակի օրերին բոլոր եվրոպական քաղաքները մեռած են` մարդիկ կամ տանն են կամ էլ լավ եղանակին գնում են քաղաքից դուրս: Եվ ես հրաշքի ականատես եղա: Կիրակի առավոտյան բեռլինցիները դուրս եկան իրենց տաքուկ տներից ու սկսեցին բահերով ու թիակներով մաքրել իրենց բակերն ու փողոցները, մայթերն ու տանիքները… Ու աշխատում էին լուռ ու լուրջ: Ոչ մուննաթ լսեցի, ոչ էլ որևէ դժգոհություն իրենց «Սանիտեքից» ու քաղաքապետարան-թաղապետարանից: Գերմանացին գիտի, որ միայն ինքը պիտի մաքրի, կառուցի ու շենացնի իր երկիրը:

Իմ կոտրտված գերմաներենով հարցրեցի տարեց մի մարդու.

-Ներեցեք, պարոն, ինչու՞ եք դուք մաքրում մայթը:

-Իսկ ո՞վ պիտի մաքրի,- անկեղծորեն զարմացավ մարդը:

-Դե քաղաքապետարանը, հատուկ ծառայությունները,-ասացի ես:

- Բայց չէ՞ որ սա իմ քաղաքն է, իմ տունը, իմ բակը: Ես ինչու՞ պիտի սպասեմ, որ իմ փոխարեն մեկ ուրիշը մաքրի: Ես չեմ ուզում, որ իմ կինը կամ հարևանը կամ էլ դուք, որ հյուր եք մեր քաղաքում, սահեք ու ընկնեք ձյան վրա: Իսկ եթե հիմա չմաքրեմ, ապա հաստատ կհալվի ու գիշերը սառույց կդառնա,- պատասխանեց գերմանացին ու առանց շտապելու շարունակեց իր աշխատանքը:

Մաքրելու ընթացքում մի բան փայլփլեց ձների մեջ: Զրուցակիցս կռացավ ու բարձրացրեց: Մետաղական պնդօղակ էր: Գրպանից լաթի մի կտոր հանեց, չորացրեց, փայլացրեց ու դրեց պատի ելուստի վրա. մեկին պետք կգա,- կիսաձայն ասաց ու կրկին ձեռքն առավ թիակը:

Այդ պահին ես շատ բան հասկացա: Հասկացա, թե ինչու է Գերմանիան Գերմանիա դարձել, քարը քարի վրա բարձրացել ու հառնել երկրորդ աշխարհամարտից հետո: Եվ միայն ու միայն շնորհիվ երկրի հանդեպ իրենց սիրո և անդուլ աշխատանքի: Դրա համար էլ «էդ երկիրը երկիր ա դառել», ուր երազում ենք փախչել ու հանձնվել Հայաստանն աղտոտող, Երևանի փողոցներում թքող ու մեքենայի պատուհանից աղբ նետող ու, ընդհանրապես, մեր երկրից զզված Հայաստանը շատ «սիրող» ու հետո՝ «կարոտող» հայերովս:

Հ.Գ. Չասեք, թե Բեռլինում քաղաքային իշխանությունները մաքրում են քաղաքը: Իհարկե մաքրում են: Երևանում էլ են մաքրում՝ յուրաքանչյուրն իր կարեցածի ու իմացածի չափով, ես ուրիշ երևույթի մասին եմ խոսում: Մեկը մյուսի հետ կապ չունի:

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ