#ԷԿՈՀԱՅԱՍՏԱՆ. Արևի երկրի «Ագրոլոգ»-ը

Ադրինե Աճեմյան
Ադրինե Աճեմյան

«ՀԱՅԵՐ»-ի

լրագրող

 

Ադրինեն

լրագրող

դառնալ 

երազել է 

դեռ դպրոցում:

 

Այս պահին

դեռևս

ուսանում է:

 

Մասնագիտությունը՝

հեռուստալրագրող:

 

Համոզված է,

որ լրագրողը

պետք է լինի

անկողմնակալ:

 

Անարդարությունը,

սուտը, իսկ

լրագրողի

դեպքում՝ 

կողմնակալությունը,

ոչ մի կերպ

չի հանդուրժում:

 

Ռեալիստ է:

Համոզված է,

որ գիտելիքից,

պաշտոններից

և ամեն ինչից

կարևորը 

մշտապես

Մարդ լինելն է:   

 

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակն իր ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԾԵՐ շարքում սկսում է #ԷԿՈՀԱՅԱՍՏԱՆ նախագիծը:

Մենք պարբերաբար անդրադառնալու ենք #ԷԿՈՀԱՅԱՍՏԱՆ-ի խնդիրներին, կորուստներին, ձեռքբերումներին: Ներկայացնելու ենք այն հիմնահարցերը, որոնք խանգարում են #ԷԿՈՀԱՅԱՍՏԱՆ-ի զարգացմանը, այն մարդկանց, նախագծերն ու ձեռնարկումները, որոնք նպաստում են #ԷԿՈՀԱՅԱՍՏԱՆ-ի կայացմանը: Մենք գնալու ենք օրգանական  սննդի արտադրության, հայաստանցի ֆերմերների, արտադրողների, էկո գյուղատնտեսության, էկոզբոսաշրջության հետքերով:

Ուրեմն՝ դեպի #ԷԿՈՀԱՅԱՍՏԱՆ  

Արևային օրվա առավոտը տանում է դեպի արևային Աշտարակ: Հին ջրաղացի ճանապարհին չհասած փոքրիկ ցուցանակը հուշում է, որ «Ագրոլոգ»-ը մոտերքում է: Հուշում է նաև մոտից լսվող հայ երգ ու պարի սքանչելի մեղեդին, դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենաների բազմաթիվությունն ու մարդկանց մեծ հոսքը: Կիզիչ արևն անգամ, փաստորեն, չի խանգարում, որ մարդիկ գնան դեպի արևի երկրի բերքն ու բարիքը:

Հանդիսավորությամբ բացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրական զարգացման գործակալության կողմից  համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության Դրամաշնորհային խոշոր ծրագրերից մեկի՝ «Ագրոլոգ»-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնը:

Ցուցանակը հուշում էր, որ էկոտուրիզմը, օրգանիկ գյուղմթերքը, սառնարանները, խանութը մեկ վայրում են: Պարզվեց՝ ոչ միայն այդքանը: Սառնարանային կենտրոնից ու խանութից բացի, «Ագրոլոգ»-ն ունի նաև օրգանական սննդամթերքի վերամշակման և լվացման արտադրամաս, նորարարական ջերմոց, փոքրիկ այգի, սրճարան:

Մինչ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր  Սվիտալսկին, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը և բազմաթիվ հյուրեր ծանոթանում են «Ագրոլոգ»-ին, էկոտուրիզմի սիրահարներն ու օրգանական սննդի գնահատողները, որոնք, պարզվում է մեծ թիվ են կազմում Հայաստանում, շրջում են կանաչ միջավայրում՝ մի քիչ արևհարվելով աշտարակյան արևից, մի քիչ պատսպարվելով ընկուզենու, ծիրանենու ծառերի ստվերում:

Ծիրանն Աշտարակում դեռ շատ լավ չի հասել, ընկույզը՝ առավել ևս, բայց «Ագրոլոգի» տարածքում  ծիրանի, ընկույզի, թզի, հաղարջի ընտիր մուրաբաներ են, ծիրանի ու Հայաստանի այլ արևահամ մրգերի բազմաթիվ սքանչելի օղիներ, գինով ու կոնյակով պատրաստված պանիրների տեսակներ, հայկական գաթա, լավաշ, ուրցի, դաղձի, ալոճենու ու մասրենու ծաղիկների, Հայաստան աշխարհի անթիվ ու անհամար բույսերի թեյեր, մրգերի ու հատապտուղների հյութեր, անարատ մեղրի անպատկերացնելի բույրեր, բրոկոլի ու ծնեբեկ, հնդկաձավար ու պահածոյացված բանջարեղեն և այս բոլորը՝ օրգանական գյուղատնտեսությունից:

Նույնիսկ «Արփի Սոլար»-ն էր շատ ներդաշնակորեն տեղավորված «Ագրոլոգ»-ի տարածքում ու ցուցադրում էր արևային Հայաստանի նոր ձեռքբերումը՝ կանաչ աշխարհին ու օգանական սննդին շատ համահունչ:

Համի, բույրի, արևի այս էկոՀայաստանը հատկապես օտարերկրացիների համար հրաշք է, երկիրը զգալու, երկրի արևի ու հողի համը զգալու մի յուրահատուկ մարտահրավեր ու նրանք անցնում են մի ֆերմերից մյուսին, համտեսում են, հարցուփորձ անում, գնում: Մանավանդ, որ արտադրանքը հիմնականում ճաշակով փաթեթավորված է:     

Գինով և կոնյակով պատրաստված պանիրների մեծ, կլոր գլուխները՝ էկոլոգիապես մաքուր թղթով փաթեթավորված, շատերին են զարմացնում:

Տարիներ առաջ Երևանից Գավառ տեղափոխված Միքայելյանների ընտանեկան ֆիրմայի համահիմնադիր տնօրեն Արման Միքայելյանն ասում է, որ պանիրներն իրենց ֆիրմայի արտադրանքն են՝ նոր տեխնոլոգիայով ստեղծված: Դրանք երեք տեսակի են՝ հասունացված գինու մեջ և կոնյակով պատրաստված:

Գինով պատրաստված պանիրների դեպքում օգտագործում են Արենի գյուղի «Արենի» չոր  գինին, կոնյակով պանրի պարագայում՝ հինգ տարի հնեցում ունեցող «Արարատ» կոնյակը: Հումքը բացառապես Միքայելյանների սեփական անասնապահական ֆերմայի արտադրանքն է:

«Անվտանգության բոլոր պահանջներին բավարարում է: Հայաստանում սպառումը դեռևս բավականին սահմանափակ է, սակայն պայմանագիր ունենք մասնավորապես գինով պանիրները Մոսկավա արտահանելու»,- ասում է Արման Միքայելյանը:

«Sose tea» ընկերության գործադիր տնօրեն Անահիտ Աֆիցերյանը սիրով պատասխանում է բոլորին, հաճույքով ներկայացնում է իրենց ընկերության թեյերի բազմազան տեսականին՝ կանաչ արտադրանքի հետ հաճելիորեն համադրվող փաթեթավորմամբ:

«Մենք արտադրում ենք  ուրցի, դաղձի, մասուրի, ալոճենու, լորենու ծաղիկների և այլ թեյեր: Վայրի դաղձն, օրինակ, հանգստացնող թեյ է, իր մեջ մեծ քանակությամբ մենթոլ է պարունակում: Ուրցի թեյը շատ հաճախ օգտագործում են որպես դեղամիջոց, իսկ ալոճի ծաղիկների թեյը հիմնականում սրտանոթային հիվանդություն ունեցող մարդկանց է ցուցված: Այս պահին լորենու ծաղկի թեյ չուևնենք, քանի որ սեզոնը նոր է սկսվել, դեռ վերամշակված չէ»,- ասում է Անահիտը:  

Հետաքրքրական էր նաև նրանց «Մարցի ավելուկ»-ը՝ այնքան ճաշակով ձևավորված, որ միանգամից դառնում ես ավելուկի սիրահար: Անահիտ Աֆիցերյանն ուրախությամբ ասում է, որ շուտով իրենց արտադրանքը կունենա օրգանական գյուղատնտեսական արտադրանքի լիցենզիա:  

«ՕքսԵՋեն» գյուղատնտեսական ձեռնարկությունների զարգացման ծրագրի ղեկավար Արթուր Գոմկցյանը ներկայացնում է «ՕՔՍՖԱՄ» միջազգային բարեգործական կազմակերպության և «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինասավորմամբ՝ որպես գյուղական համայնքներում սոցիալական ձեռնարկատիրության և արդյունավետ բիզնեսի օրինակելի մոդել ընկերության՝ «Բնության բարիքներ»-ի արտադրանքը: Այն մրգերի և հատապտուղների վերամշակմամբ զբաղվող բացառիկ ձեռնարկություն է:

«Մենք աջակցում ենք Տավուշի մարզի փոքր ֆերմերներին, կառուցում ենք ջերմոցներ: Մեր միջոցով նրանք ձեռք են բերում նոր գիտելիքներ և փորձառություն, որպեսզի հետագայում կարողանան ինքնուրույն վարել սեփական տնտեսությունը: Յոթ գյուղերում նախատեսում ենք պատրաստել չորանոցներ»,- ասում է Արթուր Գոմկցյանը:

«Բնության բարիքներ» ընկերության կոմպոտները, մուրաբաներն ու ջեմերը պատրաստվում են բացառապես բնական մրգերից ու հատապտուղներից և ունեն տնական որակ, համ և օգտակար հատկություններ: Արտադրության տեխնոլոգիական գործընթացի ընթացքում որևէ քիմիական կոնսերվանտ կամ այլ հավելում չի օգտագործվում: Իջևանի Սևքար գյուղի և հարևան հինգ համայնքների 1000-ից ավելի բնակիչներ կարողանում են վաճառել իրենց միրգն ու հատապտուղները:

Արդեն  բավական ճանաճում ունեցող «Փամփ» մեղրի՝ «Pamp Honey»-ի ներկայացուցիչ Քնարիկ Առաքելյանը նույնպես հաճույքով ու ոգևորվածությամբ է ներկայացնում Հայաստանում արտադրվող օրգանական մեղրը:

«Մեր Մեղրի օրգանական տեսակն արտադրվում է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում, իսկ դասական տեսակը՝ Քարվաճառում: Այսօր մեր նորույթն է կրեմ-մեղրը, որը ծեփվում է տարբեր ջերմաստիճանների տակ, հարվում  և լցվում տարաների մեջ: Ամենակարևորը՝ այն չի բյուրեղանում՝ չի «ծաղկում»: Ուսումնասիրման համար մեղրն ուղարկվում է Գերմանական  QSI (Quality Services International GmbH) կազմակերպություն: Փաթեթավորումը կատարվում է Եվրոպայում: Ապրանքի մեծ մասն արտահանում ենք»,- ասում է Քնարիկը:

Բոլոր ֆերմերները, արտադրողները շատ հետաքրքիր պատմություններ կարող են պատմել իրենց արտադրանքի, օրգանական գյուղատնտեսության մասին: Կարող են նաև ժամերով խոսել օրգանական սննդի առավելությունների մասին:

«Մենք օգնելու ենք, որպեսզի Հայասատնում զարգանա օրգանական գյուղատնտեսությունը և կիսելու ենք մեր փորձառությունը Հայաստանի տարբեր համայնքների սկսնակ ֆերմերների, արտադրողների հետ: Մեր գործուներությունն ընդգրկում է ամբողջ արժեշղթան՝ հողի մշակումից մինչև վերջնական արտադրանք և ելք դեպի սպառողը: Սրանով մենք կկարողանանք խթանել հայկական բնական օրգանական մթերքի տարածմանը, որը մեծ սպառում ունի հատկապես Եվրոպական, ամերիկյան շուկաներում և մարդկանց եկամտի աճին: Օրգանական սննդամթերքի արտադրությունը շատ յուրահատկություններ ունի՝ հիմնումից մինչև սերտիֆիկացման բարդ գործընթացը, և եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել Հայաստանի հողի ու արևի համադրությունը և օրգանական գյուղատնտեսության առանձնահատկությունները, կկարողանանք Հայաստանն այս ուղղությամբ ևս ճանաչելի դարձնել աշխարհին: Մենք նպաստելու ենք նաև էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում: Հայաստանի հյուրերը կարող են լինել մեր գործընկերների օրգանիկ այգիներում, սեփական ձեռքերով քաղել Հայաստանի օրգանիկ միրգը, ճաշակել բանջարեղենը և այլն»,-ասում է «Ագրոլոգ» ընկերության հիմնադիրներից Արա Մարությանը:

Այն ընկերությունները, որոնք կունենան օրգանիկ սնունդ արտադրելու լիցենզիա, այն ընդգրկված կլինի նրանց արտադրանքի փաթեթավորման մեջ, որը կօգնի սպառողին: «Ագրոլոգ»-ն իր աջակցությունը ֆերմերներին, արտադրողներին պատրաստ է ընդլայնել մինչև սերտիֆիկացման գործընթաց, որը մեծապես կհեշտացնի արտադրողների խնդիրները: Նորաստեղծ ընկերությունը նաև մարքետինգային աջակցության ձեռք կմեկնի:

«Ես ուրախ եմ, որ այստեղ տեսնում ենք, թե ով՝ ով է օրգանական արտադրությունում: Սա այն կենտրոններից մեկն է, որը ստեղծվել է մեր ֆինանսական աջակցությամբ: Մեր նախագծում ընդգրկված են 18 այսպիսի կենտրոններ և 28 փոքր նախագծեր ֆերմերների մասնակցությամբ: Այս կենտրոնը չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև այն հնարավորություն է տալիս բոլոր ֆերմերներին, որոնք արտադրում են օրգանական սննդամթերք, այն կարողանան վաճառել նաև ներքին շուկայում: «Ագրոլոգը» նաև շարժական շուկա ունի, որը ստեղծվել է բեռնատար մեքենայի հիմքի վրա և նրանք կարող են նույն առաքելությունն իրականացնել և Երևանում և այլ մարզերում: Այս ընկերությունը համագործակցում է նաև տուրօպերատորների հետ, որոնք կարող են զբոսաշրջիկներին գրավել նաև այս արտադրանքով, օրգանական արտադրանքի այգիներով և այլն՝ ցույց տալու համար հայկական սննդի առավելությունները»,-ասում է Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրային թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

Չնայած շոգին, հյուրերը ճաշակում են հայկական հաճարով փլավի, ավելուկով աղցանի, գինու, պանրի համը և չեն շտապում հեռանալ:

Հայաստանն արդեն շռայլորեն հյուրասիրում է նաև օրգանական սննդով:

 

Ադրինե Աճեմյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ