Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Ֆիզիկոս եմ:

 

Սովորել եմ

Երևանի

պետական

համալսարանում:

 

Քանի որ

ֆիզիկներից

ամեն ինչ

սպասելի է, 

մասնագիտացա

նաև

զբոսաշրջության

ոլորտում:

 

«Լևոն Թրավըլ»

ընկերության

զբոսաշրջային

բաժնի

ղեկավարն եմ՝

ինչպես

ընկերներս են

ասում, 

«անհիշելի»

ժամանակներից:

 

Նաև գրում եմ:

Արձակ:

 

Մի օր, երբ

սկսում ես

ստեղծագործել,

ժամանակի 

ընթացքում

դրանք

դառնում են

տպագրված

ու չտպագրված

գրքեր:

 

Տպագրված

գրքեր ունեմ:

Նաև՝

չտպագրվածներ:

 

Ես հավատում եմ

այն մեծ

մտածողին,

որն ասում էր, 

երբ քամի է

փչում, ոչ թե

պատ, այլ

հողմաղաց

կառուցիր:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Լ, թե՝ մրցակցել

ԿԱՄ «ՅՈԹ ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱԼԻՔԻ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԻՆ»

Թվում է` Հայաստանի զբոսաշրջության, դրա խնդիրների և զարգացման հեռանկարների մասին միայն ամենածույլը դեռ չի խոսել: Ամեն դեպքում` որքան մեծ լինի պրոֆեսիոնալ կարծիքների և տեսակետների բազմազանությունը, այնքան ավելի հեշտ կլինի գրագետ հետևությունների հանգելը և գործնական եզրակացություններ անելը:

Այս առումով հետաքրքիր է Հայաստանի և հարևան Վրաստանի զբոսաշրջության ոլորտների համեմատական վերլուծությունը: Հաճախ պատկերը կողքից ավելի հստակ է երևում, քան դիմահար նայելիս:

Ամեն դեպքում` միշտ ավելի ձեռնտու է համագործակցելը, քան մրցակցելը: Դրա համար իմաստ ունի առավել հանգամանորեն խոսել մի քանի կոնկրետ հարցերի մասին և փորձել պատասխաններ տալ:

ԱՌԱՋԻՆ

Գոյություն ունի մի համատարած մտայնություն, ըստ որի Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, երբեք չի կարող դառնալ զանգվածային զբոսաշրջության կենտրոն, քանի որ չունի ելք դեպի ծով և ծովափնյա հանգստի հնարավորություն: Այս կարծիքը որևէ քննադատության չի դիմանում: Բավական է միայն դիտարկել Ֆրանսիայի, Չեխիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Իսրայելի և նմանատիպ մի շարք այլ երկրների օրինակը դրանում համոզվելու համար: Եթե անգամ Ֆրանսիան, Իտալիան և Իսրայելն ունեն ծովափնյա հանգստի բավականաչափ զարգացած ենթակառուցվածքներ, ապա դրանք հիմնականում օգտագործվում են ներքին զբոսաշրջության համար և միայն փոքր մասով` արտերկրից ժամանողների համար:

Դիտարկելով Վրաստանի զբոսաշրջային ներուժը և դրանք արտահայտող թվերը, պարզ է դառնում, որ մեր հարևան երկրում էլ հիմնական շեշտը դրված է ոչ թե ծովափնյա հանգստի, այլ Թիֆլիսի և այլ քաղաքների զբոսաշրջային գրավչության վրա: Իհարկե, մեծ դեր է խաղում նաև ծովի առկայությունը, սակայն զուտ որպես օժանդակ ներուժ: Հիմնական զբոսաշրջային հոսքերը չեն կենտրոնանում Սև ծովի վրացական ափի վրա թեկուզ այն պատճառով, որ սեզոնը բավականաչափ կարճ է և անկանխատեսելի եղանակային առումով: Բացի այդ, Սև ծովի այդ հատվածն աչքի չի ընկնում էկոլոգիական գրավչությամբ: Բավական է միայն հիշել ջրերի աղտոտվածության աստիճանը: Որոշ փորձագետների կարծիքով այդ ջրերում լողալը պարզապես պետք է արգելվի:

Հայաստանն, իհարկե, չունի ծովափնյա հանգստի հնարավորություն (Սևանա լիճը չի կարող համեմատվել ծովի հետ): Սակայն պետք չէ այս փաստը «մատի փաթաթան»  դարձնել և հուսահատության մատնվել: Անհրաժեշտ է համակերպվել այդ մտքի հետ և փորձել իրավիճակի բարելավման այլ ճանապարհներ փնտրել: Նույն Սևանը, հանգստի ճիշտ կազմակերպման դեպքում, կարող է Սև ծով ուղևորվող հոսքերի գոնե մի մասը պահել Հայաստանում:

ԵՐԿՐՈՐԴ

Վրաստանի զբոսաշրջային գրավչությունն առավել բազմազանեցված է (դիվերսիֆիկացված): Բացի մայրաքաղաք Թիֆլիսից, առկա են նաև մի քանի այլ կենտրոններ (Բաթում, Քութաիս, Սղնախ, Գուդաուրի, Ախալցխա, և այլն), մինչդեռ Հայաստանում գրեթե ամբողջ գրավչային ներուժը կենտրոնացած է Երևանում: Ծաղկաձորի, Ջերմուկի, Դիլիջանի և այլ կենտրոնների գրավչությունը միջազգային զբոսաշրջության տեսակետից շատ հեռու է բավարար լինելուց: Ստեփանակերտը և Շուշին այս առումով քաղաքական խոչընդոտների են հանդիպում (շատ երկրների կառավարություններ իրենց քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ Արցախ այցելելուց): Անհրաժեժտ է ըմդռնել մի պարզ փաստ, որը հնուց ի վեր չի փոխվել` մարդիկ ուզում են «հաց և զվարճանք»: Սա լավ են հասկացել վրացիները, որոնք հենց դա են մատուցում զբոսաշրջիկներին` մի փոքր էքսկուրսիա, ապա խնջույք գինով, երգ ու պարով: Զանգվածային զբոսաշրջության սուբյեկտ հանդիսացող անհատին հենց սա է գրավում: Հայաստանյան զբոսաշրջային փաթեթներն առավել «ծանր» են այս առումով: Պատճառը, մեր կարծիքով, շուկայի խեղվածությունն է: Եթե նման մոտեցումը Վրաստանում պետական քաղաքականության և կազմակերպված մոտեցման արդյունք է, ապա Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է խիստ տարերայնորեն, և յուրաքանչյուր ոք, ով անգամ մասնագիտական պատրաստվածություն չունի, զբաղվում է զբոսաշրջիկներ ընդունելով: Վաղուց ժամանակն է, որ ոլորտի գործունեությունը խստորեն կանոնակարգվի պետական մեխանիզմների ներդրմամբ: Զբոսաշրջիկներին սպասարկող իրավաբանական և ֆիզիկական անձը տվյալ երկրի դեսպանն է, իսկ դեսպանը նախ և առաջ պետք է կարողանա ներկայացնել իր երկիրը ամենագրավիչ և գեղեցիկ կողմերից:

Խոսելով զբոսաշրջային գրավչության մասին, չենք կարող չանդրադառնալ քաղաքաշինության խնդրին: Այս առումով կշեռքի նժարը միանշանակորեն թեքվում Վրաստանի կողմը: Ի տարբերություն Երևանի` Թիֆլիսում պահպանվեց և վերակառուցվեց հին քաղաքը ներկայացնող հատվածը և ենթակառուցվածքները: Երևանը դրանից զրկված է և, ավաղ, արդեն անվերադարձ: Նորակառույց ճարտարապետությունը այնքան չի հրապուրում արտասահամանցի այցելողին, որքան հնությունը և էթնիկ կոլորիտը:

ԵՐՐՈՐԴ

Մատուցման արվեստ և առաջխաղացում: Թերևս, պետք է ընդունենք, որ վրացական կողմն առավել լավ է մատուցում իր ունեցածը, քան մենք մերը: Սա, սակայն, զուտ ներանձնական հատկանիշ չէ: Խնդիրն այստեղ հանգում է պետական միջամտությանը: Խոսենք թվերի լեզվով: Վրաստանի կառավարությունը տարեկան ծախսում է մի քանի միլիոն դոլար Վրաստանը արտաքին շուկաներում գովազդելու և առաջխաղացնելու համար, մինչդեռ Հայաստանի բյուջեի նույնանուն հոդվածն ընդամենը մոտ 400.000 դոլարի ծախս է ենթադրում, որը պարզապես փոշիանում է և միայն մակերեսային լուծումներ կարող է ապահովել: Լուրջ և նպատակաուղղված ֆինանսավորման դեպքում Հայաստանը ևս կարող է լուրջ առաջընթաց գրանցել մի քանի տարվա ընթացքում:

Ստացվում է ցավալի մի բան. վրաստանյան տուրօպերատորները մասնակցում են միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին և տոնավաճառներին (ընդ որում` շատ ավելի հաճախ և ավելի ակտիվ) և հենց իրենք են առաջարկում նաև Հայաստան այցելել, քանի որ զբոսաշրջիկներն ավելի հակված են միաժամանակ մեկից ավել երկրներ այցելել: Փաստորեն, հայաստանյան տուր-փաթեթները վաճառվում են վրացական ընկերությունների կողմից` դրանից բխող հետևանքներով:

Չմոռանանք նաև, որ Հայաստանի ՀՆԱ-ի մեջ զբոսաշրջությունն առաջին տեղն է գրավում` առաջ անցնելով անգամ հանքարդյունաբերությունից: Այս փաստը հաշվի առնելով` կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի զբոսաշրջությանը: Որևէ գործ չի կարող կայանալ և զարգանալ առանց ներդրումների և ծրագրային մոտեցման: Զբոսաշրջությունը բացառություն չէ: Բազմաթիվ երկրների, այդ թվում` Վրաստանի, փորձը հաստատում է այս դրույթը: Ընդ որում, զարգացման համար անհրաժեշտ է ունենալ հստակ և տրամաբանված հայեցակարգ կամ ծրագիր: 2025 թ. Վրաստանը նախատեսում է դառնալ ոչ միայն ռեգիոնալ, այլև համաշխարհային առումով զբոսաշրջային առաջատար կենտրոն, և դրա նախադրյալներն առկա են (2015 թ. Վրաստանն ընդունել է ավելի քան 5 միլիոն զբոսաշրջիկ, մինչդեռ Հայաստանն տարիներ ի վեր դոփում է 1 միլիոնի մատույցներում, որի մեծ մասը բաժին է ընկնում մեր սփյուռքին): Մինչդեռ Հայաստանը չունի զարգացման որևէ ծրագիր: Զբոսաշրջությունը զարգանում է տարերայնորեն` շուկայի ամենակարողությանն ապավինած: Շրջահայած քաղաքականության դեպքում արդյունքներն իրենց սպասել չեն տա:

Չինացի փիլիսոփայի բառերով ասած` եթե քամի է փչում, ոչ թե պատ կառուցիր, այլ հողմաղաց: Ժամանակակից աշխարհը շատ արագ թվայնանում է: Տեղեկատվական հսկա ներուժ ունեցող Հայաստանն անգամ իր զբոսաշրջային պորտալը չունի, մինչդեռ Վրաստանի գովազդներն ամենուր են համացանցում և հեռուստատեսությունում: Ընդ որում, այդ գովազդը ևս բազմազանեցված է` հնամենի երկիր, ծովափնյա հանգիստ, խոհանոց և գինի, ձմեռային և լեռնային փաթեթներ, և այլն: Հայաստանն առ այսօր աշխարհին շարունակում է ներկայանալ թերևս միայն ցեղասպանությամբ և Ազնավուրով: Անկեղծ լինենք, այս ամենը չի կարող ժամանակակից կենսուրախ մարդուն գայթակղել և ստիպել դրամ ծախսել Հայաստան այցելելով: Ժամանակակից կյանքից հոգնած զբոսաշրջիկը ցանկանում է լիցքաթափվել և մաքսիմալ հաճույք ստանալ: Սա հենց այն է, ինչ առաջարկում է Վրաստանը: Ցավով նաև նկատենք, որ, օրինակ, Ռուսաստանում և Ուկրաինայում Վրաստանն այսօր առավել պահանջված զբոսաշրջային ուղղություն է, քան Հայաստանը: Անգամ հայկական կոնյակը զիջել է իր դիրքերը: Առաջին տեղում վրացական գինին ու անգամ կոնյակն են:

ՉՈՐՐՈՐԴ

Հասանելիություն: Թե Հայաստանը, թե Վրաստանը հիմնական զբոսաշրջային հոսքերն ընդունում են օդային ճանապարհով: Հայաստանում մեծ ուշացումով կիրարկված բաց երկնքի քաղաքականությունը, ավաղ, չտվեց որևէ դրական արդյունք: Երկու երկրների համար էլ սպառման հիմնական վճարունակ շուկան առաջին հերթին Եվրոպան է, և այս առումով Վրաստանը միանշանակորեն առաջ է Հայաստանից: Գործում են Եվրոպական երկրներին կապող բազմաթիվ թռիչքներ՝ ցածր սակագներով, որոնք միանշանակորեն ներգրավում են զբոսաշրջիկներին: Հայաստանի կապը Եվրոպայի հետ հիմնականում Ավստրիական և Ֆրանսիական ավիաուղիների միջոցով է, որոնք գերծանրաբեռնված են և գնային առումով դուրս որևէ մրցակցությունից: Հայաստանն անգամ ուղիղ կապ չունի Գերմանիայի հետ, որը, թերևս, հիմնական շուկան է:

Արդեն 2017 թ. կսկսի գործել Բաքու-Թիֆլիս-Կարս-Ստամբուլ երկաթգիծը, որը լրացուցիչ հնարավորություններ կբացի Վրաստանի համար, մինչդեռ Հայաստանը դեռևս խարխափում է միակ Երևան-Թիֆլիս փակուղային և ժամանակից դուրս մնացած երկաթուղային փոսում:

ՀԻՆԳԵՐՈՐԴ

 Տարածաշրջանային մրցակցության առումով Հայաստանն օր-օրի վերածվում է Վրաստանի «կցորդի»: Եթե նախկինում Հայաստանն էր իր առավել զարգացած ենթակառուցվածքներով գրավում զբոսաշրջիկներին, ապա այսօր պատկերը փոխվել է: Հիմնական հոսքերը ժամանաում են Վրաստան, որտեղից արդեն 3-4 օրով գալիս են Հայստան: Փաստորեն ծախսվող միջոցների հիմնական մասը մնում է Վրաստանում:

Այս առումով մտահոգիչ է նաև հետևյալը. վրացական զբոսաշրջային օպերատորները վաճառում են հայաստանյան հատվածը ուղիղ` շրջանցելով հայկական ընկերություններին: Արդյունքում` հայաստանյան օպերատորները, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունները, զբոսավարները, և այլն մնում են «խաղից դուրս»:  Ընդ որում, վճարումները հիմնականում կատարվում են կանխիկ, որը շրջանցում է պետական բյուջեն: Արդյունքում` կա Վրաստանից ժամանող զբոսաշրջային հոսք, որից, սակայն, Հայաստանի պետական բյուջեն որևէ եկամուտ գրեթե չի ստանում: Այս հարցը բարձրացվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում, սակայն լուծում այս պահի դրությամբ դեռևս տրված չէ:

Շատ կարևոր է նաև այս հարցի դիտարկումը ազգային անվտանգության տեսակետից: Վրաստանից ժամանող խմբերին  որպես օրենք ուղեկցում են հենց վրացի զբոսավարները, և դժվար չէ կռահել, թե ինչպես և ինչ տեղեկություններ են ստանում արտասահմանցի զբոսաշրջիկները Հայաստանի և նրա տեսարժան վայրերի մասին: Գաղտնիք չէ, որ վրացական կողմը հավակնություններ ունի Լոռու մարզում գտնվող վրացագիր եկեղեցիների նկատմամբ, ուստի կարելի է միայն տխուր ենթադրություններ անել, թե ինչ կարծիք են ստանալու մասնավորապես եվրոպացի զբոսաշրջիկները Հայաստանի մասին` վրացի զբոսավարի մատուցմամբ: Ի դեպ, նշենք, որ հակադարձ տարբերակը գրեթե չի գործում, քանի որ վրացական իշխանությունները զանազան պատրվակներով խոչնդոտում են հայկական մեծ տրանսպորտային միջոցների մուտքը Վրաստան: Այս առումով ավելի քան զարմանալի է հայկական իշխանությունների կողմից գանձվող անհասկանալի տուրքը սահամանը հատող հայկական ավտոբուսներից:

ՎԵՑԵՐՈՐԴ

Թյուր կարծիք կա, թե Հայաստանի զբոսաշրջային ներուժը խիստ սահմանափակ է` հիմնականում եկեղեցիներ: Սա, իհարկե, մասնագիտական մոտեցումից շատ հեռու գտնվող գնահատական է: Բացարձակապես չնսեմացնելով եկեղեցիների՝ որպես բարձրագույն հոգևոր և ճարտարապետական կերտվածքների դերը, կարող ենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այստեղ խնդիրը հանգում է մատուցման ձևին և արհեստավարժությանը: Մի բան է ունենալը, և լրիվ այլ բան է այն ճիշտ ձևով ներկայացնելը: Ի՞նչն են առաջին հերթին ցույց տալիս Բարսելոնա այցելող զբոսաշրջիկին: Այո, Գաուդիի տաճարը: Իսկ Քյոլն կամ Ռեյմս այցելողների՞ն: Պատասխանը նույնն է` երկու քաղաքներն էլ հայտնի են իրենց տաճարներով: Պարզապես, ինչպես խոհանոցում ճաշ պատրաստելիս, այնպես էլ զբոսաշրջային փաթեթներ հրամցնելիս, շատ կարևոր է պահպանել բաղադրիչների համամասնությունը: Պետք չէ աղը անհամացնել: Հայաստան այցելողներին էլ անհրաժեշտ է այցելության տանել մեր եկեղեցիներն ու տաճարները, սակայն, բացառության առանձնահատուկ խիստ մասնագիտական ուղղվածություն ունեցող ծրագրերի, անհրաժեշտ է գրագետ համադրություն ապահովել` նման այցելությունները զուգկցելով բնության, բնական հուշարձանների, այլ բնույթի տեսարժան վայրերի դիտումով: Այս առումով Հայաստանն ավելի, քան բազմազան է:

ՅՈԹԵՐՈՐԴ

Հայաստանի առավելությունների մասին խոսելիս կցանկանայինք կանգ առնել մի քանի ենթակետերի վրա:

Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, և այս փաստը հանրահայտ է: Անգամ Հռոմի Պապի վերջին այցելությունը Հայստան հենց այս խորագրի ներքո էր կայանում: Միայն այս հանգամանքն արդեն իսկ պիտի բավական լիներ, որ մեծաթիվ կրոնական խմբեր և ուխտավորներ այցելեին Հայաստան: Օրինակի համար նշենք, որ միայն ԱՄՆ-ում գրանցված են ավելի քան 3.000 կրոնական և եկեղեցական կազմակերպություններ, որոնք տիրապետում են լուրջ ֆինանսական միջոցների և տարեկան երկու-երեք անգամ ճամփորդություններ են կազմակերպում դեպի քրիստոնեական տարբեր կենտրոններ, որոնք սահմանափակվում են հիմնականում Իսրայելով և Իտալիայով ու Վատիկանով: Ըստ էության, այս ընկերությունները երբևէ տեղեկություն չունեն Հայաստանի և նրա զբոսաշրջային հնարավորությունների մասին: Այս բացը լրացնել կարելի է միայն պետության լուրջ աջակցության շնորհիվ:

Հաջորդ առավելությունը հայկական սփյուռքն է: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ տվյալ ազգության սփյուռքը հիմք է դրել զբոսաշրջության զարգացմանը: Հայաստանի սահմաններից դուրս ապրող ութ միլիոն հայը կարող է մեծ ներդրում ունենալ Հայստանի զբոսաշրջության մեջ, մինչդեռ այդ ներուժն էլ խիստ սահմանափակ է օգտագործվում:

Հայաստանը յուրօրինակ է իր բնակլիմայական, պատմական և արվեստային ներուժով: Մեր երկիր այցելողը կարող է մի քանի օրվա ընթացքում հիանալ Արագածի ձյուներով, խաղող ու գինի ճաշակել Արարատյան դաշտավայրում կամ Վայքում, և անգամ էկզոտիկ մրգատեսկներ համտեսել Մեղրիում կամ Արցախում: Պատմական և մշակութային ժառանգությունն անսպառ է: Մարդկանց հյուրասիրությունը լեգենդի է վերածվել: Շատ քիչ երկրներում կարելի է տեսնել տարվա չորս եղանակներն` արտահայտված իրենց ողջ հմայքով ու շքեղությամբ: Առանց չափազանցության կարող ենք ասել, որ եթե Հայաստանն ունենար միայն Սևանա լիճն ու Մեծամորի հնաբանական կենտրոնը, ապա դրանք բավական կլինեին միջազգային զբոսաշրջային շուկայում լուրջ հայտ ներկայացնելու համար: Իսկ եթե սա բազմապատկենք հազարով, ապա արդյունքը շլացուցիչ կլինի:

Մեր տեսակետից վերջին, բայց թերևս ամենակարևոր, գործոնը բուն հայ մարդու անձնական հատկանիշներն են` աշխատասիրություն, ձեռներեցություն և հյուրասիրություն: Պետական լուրջ աջակցության պարագայում հայ զբոսաշրջային գործարարները կարող են աննախադեպ արդյունքեր գրանցել:

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ