«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ. Քարափներից՝ երկինք

 

«Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար՝ օրհներգ, և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ։ Եվ որովհետև հաճախ թափոր ենք առանց դրոշի և ավելի հաճախ առաջնորդվում ենք ուրիշների սրբապատկերներով, Սահյանի գործը էականորեն կարևոր է»։

Հրանտ Մաթևոսյան. «Համո Ոսկեբերան Սահյան»

Ինչպե՞ս ապրել 20-րդ դարի մշակութային խոշոր տեղաշարժերի, քաղաքական վայրիվերումների, hրապարակախոսական-քարոզչական, մտածական բանաստեղծության ժամանակաշրջանում, գրականության զարգացման բազմաբարդ ուղղությունների շուրջ բանավեճերի մեջ ու մնալ ինքն իր էության հետ և եթե նույնիսկ շեղվել, ապա վերադառնալ ու հավատարիմ լինել մեկ անգամ ընտրած ուղղուն:

Սա Սահյան-բանաստեղծի գլխավոր առեղծվածն է, որի բացահայտման ձգտումը քննադատությանը մերթ ուղղորդում է դեպի բանաստեղծի՝ որպես երևույթի, ինքնահատուկ տեսակի արժևորմանը, մերթ այդ ինքնօրինակության ու թվացյալ միօրինակության մեջ բազմաթիվ շերտերի, երանգների ու ներհակությունների անտրոհելի ամբողջության քննությանը. «Նա գյուղացի էր, բնապաշտ, պահպանողական, արևելքցի, աշուղ. նա քմայքոտ մտավորական էր, արևմուտքցի, հույժ արդիական։ Բայց ո՛չ հույժ արդիական էր, ո՛չ արևմուտքցի, ո՛չ մտավորական, ո՛չ աշուղ, ո՛չ արևելքցի, ո՛չ էլ գյուղացի։ Բնությունից գիր, գրից բնություն, այլասիրությունից ազգայնականություն և ազգայնականությունից այլասիրություն, այսօրից անցյալ և անցյալից այսօր, բանաստեղծից գյուղացի և գյուղացուց բանաստեղծ երթուդարձն էր Սահյանը, հարատև, անվերջ երթուդարձը։ Կառանումը որպես թե վերջապես գտնված որևէ հանգրվանի մահ է, բանաստեղծի մահն է»,- ամփոփում է Հրանտ Մաթևոսյանը:

Բանաստեղծի այդ երթուդարձը սկսվել է 1940-ական թվականներին նրան մեծ հռչակ բերած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ և ձգվում է մինչև վերջին՝ «Ինձ բացակա չդնեք» (1998 թ., հետմահու) գիրքը, ապա՝ մինչ օրս: Թերևս կձգվի երկար, քանի ապրում է այն ընթերցողը, ով բանաստեղծության մեջ ամբողջական ու տիեզերքի հետ ներդաշնակ մարդու պատկերն է փնտրում, փնտրում է ոչ թե մարդուն կազմաքանդող, այլ բնությունից սնվող, հայրենիքով հզոր, հիշողությամբ ամուր, անընդհատ լրացվող ու կատարելության ձգտող, իր ժամանակի մեջ, սակայն, այդ ժամանակը հանուն հավերժի մերժող մարդուն:

Բացասումներով հաստատման առաջին հանգրվանը 1946 թվականին լույս ընծայված «Որոտանի եզերքին» բանաստեղծական ժողովածուն էր: Գիրքը թեև բաղադրված էր ռազմաճակատում գրված գործերով, սակայն պատերազմի հերքումն էր՝ խաղաղ իրականության պատկերներով: Հայ բանաստեղծության համար ավանդական հայրենիքի կարոտի թեման իրացվում էր ժողովրդական բանաստեղծությունից սնվող խորհրդանշային նոր համակարգով, որը լրացվելով ու զարգանալով հանդերձ՝ հիմնական նշաններով շարունակվում է նաև հետագա ժողովածուներում:

Որոտանը, Գյազբել սարը, քնարական հերոսները՝ քույրը, մայրը, սիրած աղջիկը, հովիվ հայրը, այգեպանը, մեղվաբույծը, Համո Սահյանի բանաստեղծական առաջին ժողովածուի մեջ ներքին բազմազան հարաբերություններով վերստեղծում են ռազմաճակատում գտնվող պատանու մինչպատերազմյան աշխարհը, ապա և քնարական հերոսի` այդ աշխարհից բացակայության ու սպասման իրավիճակը: Ընդ որում, Որոտանը նախ հայտնվում է դեռևս մինչպատերազմյան շրջանում՝ մանկության խորհրդով, ապա պատերազմից հետո իմաստաբանորեն հարստանում «փոքր հայրենիքի», ապա` հավերժական հայրենիքի խորհրդաբանությամբ:

Հարազատ գետի պատկերը իմաստային նոր երանգներով մեծ հաճախականությամբ իրացվում է նաև բանաստեղծի հետագա շրջանի ստեղծագործության մեջ, ինչի շնորհիվ ընթերցողական շրջանակներում Համո Սահյանը ստանում է «Որոտանի երգիչ» անունը:

Հաջորդող «Առագաստ» (1947 թ.), «Սլացքի մեջ» (1950 թ.) և «Ծիածանը տափաստանում» (1953 թ.) գրքերը թեև արտաքուստ ընդլայնում էին սահյանական բանաստեղծական աշխարհը, սակայն արժեքավոր նորություններ չէին բերում, գեղագիտորեն չէին հիմնավորվում, չէին մատնանշում զարգացման նոր հեռանկարներ:

Հարազատ գեղարվեստական տարածություններին նախնական վերադարձը նշանավորվում է 1958-ին լույս տեսած «Նաիրյան դալար բարդի» ժողովածուով, իսկ վերջնականը, որից բանաստեղծի խոստովանությամբ հիմնականում սկսվում է իր բանաստեղծական կենսագրությունը, «Մայրամուտից առաջ» ժողովածուն էր (1964 թ.): Հ. Սահյանի համար հաջողակ «Նաիրյան բարդու» փոխաբերությունը նշան էր՝ ուղղված ընթերցողներին ու քննադատներին, և յուրահատուկ հավատարմության խոստում հարազատ գեղարվեստական աշխարհին:

Իր ստեղծագործական զարգացման ընթացքի համաշարում վերադառնալով բնությանը՝ Սահյանը վերադառնում էր իրեն, միաժամանակ կրկին գտնում էր բանաստեղծության քնարական հերոսին` բնական մարդուն: Արարչագործ բնության պատկերման ու անմիջապես ծնվող հակադրության միջոցով բանաստեղծը հասնում էր այդ բնությունից կտրված, տիեզերական հավասարակշռությունը խախտած մարդու մոտիվին:

Մարդկային, բնական աշխարհի քարտեզի նշանները, որ հայտնի էին դեռևս առաջին բանաստեղծություններից, համալրվում են ժողովածուից ժողովածու և հատկապես 1960-70-ականների գրքերում՝ «Քարափների երգը» (1968 թ.), «Տարիներս» (1970 թ.), «Սեզամ, բացվիր» (1972 թ.), «Իրիկնահաց» (1977 թ.), «Ժայռից մասուր է կաթում» (1979 թ.), «Կանաչ–կարմիր աշուն» (1980 թ.), և հիմնավորվում են` վերջնականապես դառնալով ինքնահատուկ գեղագիտություն, որը թեև մոտ է բնապաշտությանը, սակայն բնապաշտություն չէ, գյուղի մասին է, բայց գյուղագրություն չէ, ազգագրական-բանահյուսական հղումներ ունի, սակայն նմանակում չէ բնավ.

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը.

Հավիտյան նորոգ իր հնությունը,

Իր ջրվեժների անքնությունը

Եվ հոգնահոլով իր կրկնությունը…

Իր քարափների համբերությունը,

Իր խղճի առաջ իր գերությունը,

Իր անդունդների տարողությունը,

Սեփական վերքերն ապաքինելու

Կարողությունը…:

Իրական տարածությունները` սարերն ու քարափները, ծառերն ու անտառը, ժայռերը, քերծերը, հովիտները, աղբյուրներն ու գետերը, գեղարվեստական աշխարհի մաս դառնալով, հայտնվելով բանաստեղծության ժամանակի մեջ, սկսում են ապրել ինքնուրույն խորհրդանշական կյանքով, իրացվում նոր իմաստներով: Ավանդական ու երբեմն էլ կրկնվող պատկերներն ու փոխաբերությունները ամեն անգամ նորովի են ներկայանում շնորհիվ ոճական հետաքրքիր լուծումների, իրադրության փոփոխության:

Բանաստեղծը փնտրում է ու ստեղծում բնության աննշան թվացող տարրերի կենսագրությունը, նշանները դնում շարժման ու դրամատիկ հարաբերությունների մեջ: Անձնավորումների ու շնչավորման միջոցով հասնում է պատկերաստեղծման առասպելական սկզբունքներին: Բառերի նոր ու յուրահատուկ ստուգաբանությունների միջոցով մոտենում է ժողովրդական ավանդական մտածողությանն ու առասպելաստեղծ աշխարհայացքին:

Այստեղ էլ թերևս թաքնված է Համո Սահյանի բանաստեղծության չխամրող հմայքի գաղտնիքը: Նախաստեղծ բառուբանի միջոցները` լեզվամտածողության ու պատկերաստեղծման յուրահատկությունները, բանահյուսական տարրերը, ժողովրդական իմաստության խտացումները բանաստեղծական խոսքը դարձնում են դիպուկ ու ապաժամանակային:

Մի հայրեն ասեմ ես էլ,

Իմ ապրած օրերին ասեմ.

Օրհնանքս՝ անցավորաց,

Մաղթանքս նորերին ասեմ.

Շահածս տամ հովերին,

Կորածս ծովերին ասեմ.

Թագավորն ապրած կենա,

Աստվածս ցորենին ասեմ:

Անանց իրողություններ ներկայացնող բանաստեղծական պատկերներն իրացվում են հինավուրց ու հավերժական բանաստեղծության միջոցներով, երբեմն ծիսական բանահյուսության տարրերով ու արտահայտչամիջոցներով:

Սահյանի բանաստեղծություններում բազմաթիվ են ուղղակի հղումները Ժողովրդական երգերին (հայրեն, անտունի, «Կռունկ», «Քելե, քելե», «Հորովել») ու հեքիաթներին, առածներին ու ասացվածքներին, «Սասնա ծռեր» վիպերգին ու ավանդություններին:

Ընդհանրապես, սահյանական պատկերաստեղծման հիմնական առանձնահատկությունները պայմանավորված են բառային ու ոճական կառույցների ինքնահատուկ, երբեմն արտասովոր համադրումներով, այստեղից էլ՝ հնչերանգային յուրահատկությունն ու պատկերի հոգեբանական խորությունը: Բանաստեղծական ավանդական արտահայտչական հնարքները՝ հնչյունական ու բառային կրկնությունները, առձայնույթն ու բաղաձայնույթը, հանգը, Սահյանի նախասիրած պատկերի գունային ու բույրային ձևավորման հետ միասին ապահովում են նրա ստեղծագործության անկրկնելի հմայքն ու ազդեցությունը: Մեծ նշանակություն ունեն նաև բանաստեղծի կողմից հաճախ կիրառվող անկեղծ զրույցի, խոստովանության, պատգամի տարրերը, որոնք խոսքը դարձնում են անմիջական ու նպատակային:

Բնության խորն ու բազմակողմանի ընթերցումը մի կողմից՝ տանում է դեպի կեցության ընկալման փիլիսոփայական խնդրառություն, մյուս կողմից՝ առնչվում գոյության ազգային հիմքերի, հայրենիքի թեմայի հետ: Իրական ու շնչավորված բնության ու հայրենիքի բանաստեղծական մոտիվները կապվում են հայրենի հողի ընդգրկուն թեմայով: Հողն էլ իր իմաստային դաշտի մեջ ընդգրկում է այլ միավորներ՝ գյուղական-հողագործական աշխատանք, ընտանի կենդանիներ («Եթե բախտը կար, եզը միջուկն էր, // Օջախի ծուխն էր, նախիրի շուքն էր…»), աշխատանքն ուղեկցող ժողովրդական երգեր («Վանքդ գլխիվայր թաղեցին հողում, // Բայց հորովելդ հողոտ, մղեղոտ // Եվ այնպես շողոտ, այնպես խնկահոտ // Տաղիկդ խլել չկարողացան։») և իհարկե աշխատավոր, հողածին, հողագործ ու հող դարձող մարդ («Իմ պապը տնկել է // Մեր գյուղի շիվերը…):

Հողագործ մարդու` պապի կերպարը աղերսվում է հայրենի հողի խորհրդին, ապա նոր իմաստաբանական ծանրաբեռնվածություն ստանալով` աճում է մինչև մեծ ու հավերժական հայրենիքի՝ Հայաստանի խորհուրդը: Սահյանական Հայաստանն ուղղակի և անուղղակի արտահայտությամբ ամբողջանում, վերակերտվում է այն բոլոր խորհրդանիշերով ու տարրերով, որոնք բանաստեղծի ստեղծագործության հիմքն են կազմում` նաիրյան դալար բարդուց մինչև քարափ ու մասրենի, «Հորովելից» մինչ «Սասնա ծռեր».

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,

Ախր ուրիշ տեղ հորովել չկա…

Սահյանական հայրենիք Հայաստանը վերացական գաղափար չէ, ոչ էլ զգացմունքային անմիջական թրթիռ ու ապրում, այլ բանաստեղծի կողմից արդեն իսկ գտնված, մշակման երկարատև ընթացք անցած, բյուրեղացած գաղափարների ու դրանց բանաստեղծական նշանների ամբողջություն: «Հայաստանը երգերի մեջ», «Անունդ տալիս», «Հայաստան ասելիս», «Գարունդ հայերեն է գալիս» և հայրենիքին նվիրված բազմաթիվ այլ ստեղծագործություններում հառնում է հին պատմություն, մեծ մշակույթ ունեցող, որքան անցյալում, նույնքան էլ ներկայում ու ապագայում հինավուրց հողի վրա ամուր կանգնած, այդ հողով սնվող երկրի քնարական պատկերը:

Եթե հայրենիքի թեմայի իրացումներում սահյանական պատկերաշարը առավել մոտ է քնարական-երգային բանահյուսությանը, ապա սիրային մոտիվներում հայրենախաղիկային բանարվեստի կողքին հայտնվում են քաղաքային կյանքի պատկերներն ու արտահայտչամիջոցները:

Բանաստեղծությունների քնարական հերոսուհին ավելի հաճախ քաղաքաբնակ կինն է, ում հետ հարաբերությունները մի տեսակ թատերայնացված-վերացական բնույթ ունեն: Այս բանաստեղծությունները հասկացության ամբողջական իմաստով թերևս դժվար է նույնիսկ սիրերգություն անվանել, քանզի քնարական անմիջական ապրումը իր տեղը զիջել է ընդհանրապես մարդկային հարաբերությունների ու կապերի պատկերմանը, սիրո մասին հասուն խոհին.

Ես չիմացա, թե ինչո՞ւ,

Դու չիմացար, թե ինչպե՞ս

Պատահեցին մեկմեկու

Մեր երազներն առանց մեզ։

Պատահեցին մեկմեկու

Ու կանչեցին ինձ ու քեզ,

Ես չիմացա, թե ինչպե՞ս,

Դու չիմացար, թե ինչո՞ւ:

«Հազար տարվա մեջ քնարերգությունը հազարով գլուխգործոցներ ունի: Հայրեն ու անտունի, շարական ու տաղիկ, գազել ու բալլադ, սոնետ ու եղերերգ… ամեն մեկը՝ մի գլուխգործոց: Եվ այդ գլուխգործոցների գլուխգործոցներն ինձ համար եղել և մնում են՝ «Տրտունջք», «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին», «Աշխարհս մե փանջարա է», «Ռավեննայում», «Պատրանք», «Հրաժեշտի գազել», «Անքնություն»: Ամբողջ կյանքում երազել եմ գրել դրանց հավասար մի բանաստեղծություն: Ամեն անգամ, երբ կայծակել է առաջին տողը, և սկսվել է անհնարինը գտնելու կռիվը, թվացել է, թե գրվում է հենց այդ բանաստեղծությունը: Բայց երազանքը մնացել է երազանք: Մնացել է հորիզոնի աղեղին թառած աստղի պես. որքան մոտեցել եմ, այնքան հեռացել է»,- նշում է Սահյանը՝ խոսելով իր բանաստեղծական հավատամքի մասին:

Բանաստեղծության ծագումնաբանության գաղտնիքների ու չիրացված ստեղծագործական հնարավորությունների մոտիվները հետանկախության շրջանում խառնվում են տիրող հասարակական-քաղաքական իրականությունից ծնվող հուսահատության թեմային: Սպասված անկախությունը եկավ, սակայն չբերեց ո՛չ պետականության զգացողություն, ո՛չ ներշնչում և ո՛չ էլ ապագայի հեռանկարներ («Անցյալը թողել ենք անցյալում, // Եվ փակ են գալիքի դռները»):

«Անհաղորդ չլինելով ժամանակի քաղաքական իրադարձություններին և ազգային զարթոնքի ալեբախություններին, ազգին պարտադրված պատերազմին՝ նա մեծ արվեստագետներին հատուկ զգացողությամբ իր բանաստեղծական աշխարհը բերելով այդ առօրեական թեմաները՝ ստեղծեց քնարական հրաշալի գլուխգործոցներ: Ու թեև ոգևորված լինելով ղարաբաղյան հաղթանակներով՝ շատ չանցած ապրեց հիասթափությունների մի տառապալից շրջան՝ համոզվելով Հայաստանի նորընծա տերերի ապաշնորհության ու անազնվության մեջ»,- գրում է բանաստեղծի վերջին՝ հետմահու լույս տեսած «Ինձ բացակա չդնեք» գրքի կազմող ու խմբագիր Շչորս Դավթյանը:

Նախորդ ժողովածուներում հորդացող հայրենիքի ու բնության նկատմամբ անկեղծ հիացմունքին ու ջերմ զգացումներին փոխարինելու են գալիս երկրի մայրամուտին զուգահեռված սեփական կյանքի մայրամուտը խորհրդանշող մահաբեր դեղին աշնան մոտիվներն ու ողբասացական հնչերանգը.

Թափուր մի բո՛ւյն բերեք… չված հավքի

Խառն, անընթեռնելի կտցագրով…

Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի

Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշո՛ւն բերեք Մթնաձորից,

Ամպի կծի՛կ բերեք, անձրևի թե՛լ:

Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել:

«Ինձ բացակա չդնե՛ք» գրքում ակնառու ճանապարհ է բացվում դեպի Սահյանի բանաստեղծական աշխարհի ակունքը: Ժամանակների ու մտահոգությունների ընդհանրության հետևանքով, թերևս, բանաստեղծը շատ է մոտենում իր դավանած բանաստեղծ վարպետներին՝ Հովհաննես Թումանյանին ու Վահան Տերյանին:

Հոգեհարազատ բանաստեղծության արձագանքը վերածվում է հոգևոր ազգակցության: «Ու եղավ սրտի հրավառություն», «Օրերը մռայլ են, ահարկու», «Մերոնք նստել են իրիկնահացի», «Աղոթեմ», «Ի՞նչ պատահեց», «Թախիծ» բանաստեղծություններում կյանքի աշունն ապրող բանաստեղծը ողբում է իր երկրի մշուշոտ ապագան, «նաիրյան թախիծով ու մորմոքով», սակայն, հավատում լուսավոր վերածնունդին.

Առաքելու է, ինչ էլ որ լինի,

Իր ծուխն առ երկինք երդը նաիրյան,

Եվ ոչ մի օրով աշխարհի երթից

Հետ չի մնալու երթը նաիրյան:

Ի՜նչ հողմ ու հրդեհ, հրթիռ ու հյուլե,

Ամուր է հոգու բերդը նաիրյան:

Խախուտ ու անհաստատ իրականության մեջ հետևելով իր մեծ նախորդներին` Սահյանն ապավինում է «նաիրյան հոգևոր ամուր բերդին»՝ հոգևոր Հայաստանին: Բանաստեղծական խորհրդանշային շղթան փակվում ու ամբողջանում է «նաիրյան դալար բարդուց» մինչև «նաիրյան հոգու բերդ»: Իսկ ժողովածուն փակող «Իմ քարափներն ու ես» բանաստեղծություն–հորդորն ուղղված է արդեն ոչ թե ընթերցողին, այլ հարազատ բանաստեղծական աշխարհի մշտական խորհրդանշաններին՝ քարափներին.

Ես եմ քարե պատարագ՝

Ձեզնից սերված, ընդունե՛ք,

Դուք ձեր կամքին հակառակ

Ինձ բացակա չդնե՛ք:

Ո՛չ խոստումներ, ո՛չ երդում

Չսպասե՛ք ու չքննե՛ք…

Անվերջ, անշարժ ձեր երթում

Ինձ բացակա չդնե՛ք:

Բանաստեղծը հեռանում է, սակայն ոչ թե խառնվում է մայր հողին, ինչպես պապը, այլ դառնում մշտապես կանգուն ու մշտապես երթի մեջ գտնվող քարափների մասը: Վերածվում է յուրօրինակ քարե պատարագի, որի քրիստոնեական խորհուրդը հաղորդության միջոցով արարչի հետ հաղորդակցումն է:

Ստեղծելով քարե պատարագի փոխաբերությունը և խորհրդանշորեն ամբողջացնելով իր ստեղծագործությունը՝ բանաստեղծը պարգևում է ընթերցողին բնության, արարչագործության հետ հաղորդվելու, Աստծուն մոտենալու, մարդկային նախաստեղծ պատկերը վերագտնելու յուրօրինակ ուղի, որն անցնում է նրա մշտապես արդիական ու սքանչելի բանաստեղծության միջով:

Հայկ Համբարձումյան

Հ.Գ.

«ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ. Քարափներից՝ երկինք» տեքստը «Զանգակ» հրատարակչության կողմից նոր հրատարակած «Համո Սահյան ԸՆՏՐԱՆԻ» ժողովածուի առաջաբանն է, որ գրվել է գրականագետ Հայկ Համբարձումյանի կողմից և որը հեղինակի հատուկ թույլտվությամբ հրապարակվում է «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում: 

Ի դեպ «Զանգակ» հրատարակչությունը Հայկ Համբարձումյանի առաջաբանով և խմբագրությամբ վերահրատարակել է նաև Համո Սահյանի վերջին՝ «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն:

Երկու անգնահատելի նվեր Համո Սահյան հանճարեղ բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ