Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

Հասմիկ Պապյանի ՍԵՐԵՐԸ

 

 

Վայրկյաններ առաջ Երևանի օպերային թատրոնի վեհասքանչ դահլիճում հնչել էին հանճարեղ իտալացու՝ Ջակոմո Պուչինիի մեծ օպերաներից մեկի՝ աշխարհի համբավավոր օպերային թատրոնների դիմագծերից՝ «Տոսկա»-ի վերջին ելևեջները, և օպերային թատրոնի լեփլեցուն դահլիճը երկար, շատ երկար հոտնկայս ծափահարում էր ի նշան երախտագիտության ու հարգանքի Հայաստանի ամենադասական բեմում ծնկած երգչուհուն՝ աշխարհը Հայաստանով արած Հասմիկ Պապյանին:

Այդպես էր նաև երեսուն տարի առաջ, տարբերությամբ, որ Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում «Սևիլյան սափրիչի» Ռոզինայի անկրկնելի դերերգով հանդիսատեսին ներկայացած լեգենդար Տաթևիկ Սազանդարյանի ուսանողուհին՝ Հասմիկ Պապյան սոպրանոն, նոր էր անցնելու աշխարհը Հայաստանով անելու իր առաքելությանը՝ համաշխարհային բեմեր տանելով իր արմատները, տաղանդը, ձայնը և անմնացորդ նվիրումը արվեստին:

Դրսում վաղուց սպառված էին երկար սպասված «Տոսկա»-ի բոլոր տոմսերն ու սակավաթիվ հրավիրատոմսերը, մուտքի մոտ Հասմիկ Պապյան երգչուհու մեծ թվով երկրպագուներ բաղձալի տոմսի հնարավորություն էին որոնում, ճեմասրահներում գինու ու կոնյակի գավաթներով բազմաթիվ օտարերկրացիներ, նաև՝ իտալացիներ, վայելում էին օպերային հայ աստղի հետ մոտալուտ հանդիպման իրենց սպասումը՝ զմայլվելով թատրոնի ճարտարապետության դասականությամբ, հայ հանդիսատեսը ծանոթ հայացքներ էր փնտրում՝ զրույցի բռնվելու, կիսվելու օրվա խորհրդով:

Բայց երրորդ զանգն, այնուամենայնիվ հնչում է և դահլիճն անհամբեր սպասում է վարագույրին ու սիրելի երգչուհու տարիներ սպասված մուտքին: Հասմիկ Պապյանի մեծ բեմելի երեսնամյա հոբելյանին էր նվիրված նրա մասնակցությամբ «Տոսկա»-ն:

Առաջին ծափերը նվագախմբինն են՝ Ջանլուկա Մարչանոի դիրիժորությամբ և բացվում է վարագույրն ու առաջին հնչյունները հանդիսատեսին տանում են 1800 թվական, Հռոմ:

«Աստվածայաին Սառայի»՝ Սառա Բեռնար մեծ արտիստուհու համար գրված ֆրանսիացի Սարդուի «Ֆլորիա Տոսկա»-ն, որը Պուչինիին գրավում է Միլանի թատրոնում այն դիտելուց հետո, օպերային ներկայացմամբ առաջին անգամ բեմ է բարձրանում 117 տարի առաջ՝ 1900-ի հունվարի 14-ին, Հռոմում, հիմք դնելով օպերային այդ գոհարի համաշխարհային հաղթարշավին:   

Օպերային վերլուծաբանները «Տոսկա»-ն համարում են բեմադրիչների համար դժվար մի ներկայացում, քանզի ռեժիսուրայի տեսակետից Պուչինին այն «բեմադրել է» շատ մանրամասնորեն: Բեմադրել է իր երևակայության ու մտահղացումների շատ համգամանալից երաժշտականացմամբ: Շատերը նույնիսկ՝ պայմանավորված Պուչինիի կերպարով, «Տոսկա»-ն համարում են իլյուստրացված, վիզուալիզացված երաժշտություն:

Երևանի օպերային թատրոնի «Տոսկա»-ն՝ Նաիրե Ստեփանյանի բեմադրությամբ, դասական օպերային մոտեցումների և քսանմեկերորդ դարի օպերայի ժամանակակից ռեժիսորական լուծումների համադրություն է, որտեղ չկան բեմադրական ակնհայտ սադրանքներ, խաղային մշակույթի ոչ սովորական, էքստրավագանտ դրդումներ և ամեն ինչ՝ ձևավորումից մինչև դերակատարներ, մինիմալիստական մոտեցումներով ներդաշնակորեն տարալուծված են ստեղծված բեմական միջավայրերում:

Գունային լուծումները և հատկապես կարմիրի վառ արտահայտումները՝ լուսային նկարչությունից մինչև բեմանկարչություն և բեմական հագուստ, ընդգծում են միջավայրերի ու իրադարձային դրսևորումների համադրությունները՝ պահպանելով ժամանակի զգացողությունը, բովանդակային ասելիքին հաղորդելով ավելի որոշակի ընդգծումներ:

Մարիո Կավարադոսսին և Բարոն Սկարպիան՝ Սարգիս Աղամալյանի (տենոր) և Դավիթ Բաբայանցի (բարիտոն) ճշմարտացի կերպավորմամբ, Հրանտ Պապյանի (բաս) Չեզարե Անջելոտտին, Հայկ Տիգրանյանի (բաս) Սագրեստանոն, Ալեքսեյ Ավետիսյանի (տենոր) Սպոլետտան և ողջ թատերախումբը, ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական երգչախումբը ներդաշնակորեն են մեկտեղված Հասմիկ Պապյան Ֆլորիա Տոսկայի խաղային, արտիստական, վոկալ սահմանումներին:

Մեծանուն երգչուհին, որի «Տոսկա»-ն գրավել է աշխարհի շատ բեմեր, հիացրել օպերային արվեստի երևելիների, իսկ դա բացառիկ ձեռքբերում է, քանզի Տոսկայի իրենց մեկնություններով աշխարհին ներկայացել են Մարիա Կալասը, Մարիա Կանիլիան, Րենետա Տեբալդին, Գալինա Վիշնևսկայան, Միրելլա Ֆրենին և համաշխարհային այլ անուններ, երևանյան բեմում առավել զգացական է թվում, առավել նուրբ, սիրո, հավատարմության, նվիրումի, անդավաճանության, պատվախնդրության ու արժանապատվության առավել ընդգրկուն ու ուրվագծված սահմաններով: Սահմաններ, որոնք կարգում են ապրելու օրենքները: Եվ մասնավորապես Հասմիկ Պապյան արվեստագետի ապրելու օրենքները, որովհետև բեմում նրա կերտած աննկարագրելի կերպարն ապրում է նաև կյանքում:

«Ես այս հանդիպմանը սպասել եմ մեծ անհամբերությամբ: Վստահ եմ, որ մեծ խորհուրդ կա յուրաքանչյուր այսպիսի հանդիպման մեջ: Ես անչափ երախտապարտ եմ այն մեծ սիրո համար, որ մեր հանդիսատեսը տածում է իմ արվեստի նկատմամբ և հավատացնում եմ, որ այդ սերը փոխադարձ է: Ինձ համար անգնահատելի է՝ տեսնել այսպիսի հանդիսատես Հայաստանում: Այն երկրում, որն ինձ համար աննկարագրելի լիցքերի աղբյուր է: Անսպառ աղբյուր: Երբեք չեմ կասկածել, որ մեր ժողովուրդը շատ լավ գիտի ճշմարիտ արվեստի գինը: Գիտի բարձրարվեստ երաժշտության գինը և պատրաստ է ամեն տեսակ զոհողության, որպեսզի պահպանի այն: Այն ինչ կատարվեց այսօր, ինձ համար դրա լավագույն դրսևորումն է և ես անչափ շնորհակալ եմ: Պիտի կարողանանք արժանի լինել մեր ժողովրդին: Մենք անչափ շատ բան ունենք անելու՝ վերադարձնելու համար մեր ժողովրդին այն, ինչ նա մեզ տվել է ու տալիս է: Կամք պիտի ունենանք դրա համար»,-հատուկ «ՀԱՅԵՐ»-ի համար ասում է մեծանուն երգչուհին:

Ու թեև Հասմիկ Պապյանը խնդրել էր առանց ծաղիկների գալ դահլիճ՝ այնտեղից տանելու համար այն խորհուրդը, որ երաժշտության մեջ է միայն, ծաղիկներ այնուամենայնիվ եղան. ծաղկեփնջեր Հայաստանի նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի կողմից՝ հոբելյանական բեմելի առիթով:

Եվ Հասմիկ Պապյանի սերերը՝ բեմը, արվեստը, օպերային կախարդանքն ու անմնացորդ նվիրումը հանդիսատեսին, բեմին, արվեստին Երևան վերադարձրեցին օպերային մշակույթը:     

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ