Սառա Սրբուհի Ավետիսյան
Սառա Սրբուհի Ավետիսյան

«ՀԱՅԵՐ»

լրագրող

 

Սրբուհին

լեզվաբան է:

նաև՝

մշակութաբան:

 

Կարևորում է

արդյունավետ

շփումը

մարդկանց հետ։

 

Լրագրությունը

համարում է

շփման

յուրահատուկ

արվեստ։

 

Սովորել, 

աշխատել է

նաև ԱՄՆ-ում:

 

Հասկացել է, 

որ մարդկանց

հետ գրագետ

գործելը

հաջողության

հասնելու

կեսն է։

 

Համոզված է,

որ մարդիկ

միշտ

կարիք ունեն

այլ մարդկանց

հետաքրքիր 

պատմությունների:

«ՀԱՎԱՏԱ, լեռներն էլ դիզայն ունեն…»

 

Ամայի, անանցանելի ճանապարհներով գյուղից անջատված փոքրիկ մի տնակում է ապրում Շավարշ Գրիգորյանը:

Ապրում է կնոջ ու երկու դպրոցահասակ աղջիկների հետ: Արփի գյուղի Շավարշը Վայոց Ձորի ամենահայտնի ու միակ փայտագործն է:

Շավարշը հին ավանդական հայկական տարազների, վայոցձորյան խորհրդանիշ դարձած խաղողի նախշերի յուրօրինակ համադրությամբ փայտե կահույք, տարատեսակ գործիքներ է պատրաստում ու այնքան նրբորեն, որ մարդ նայելուց ընկնում է ուրիշ մի աշխարհ: Աշխատանքներին նայելով չես էլ կռահի, որ Շավարշն ինքնուսույց է:

Վայոց Ձորում չկա մի տեղ, ուր Շավարշի պատրաստած գեղեցիկ, հին փայտե կահույքի մի փոքրիկ կտոր չլինի:

Իր տանը նույնպես փայտն է իշխում: Տնակի մուտքի դռան դիմաց իր ձեռքերով պատրաստած փայտե ճոճաթոռ է ու մի փայտե սեղան՝ հին, ավանդական հայկական կահույքի տեսքով: Շավարշի և իր ընտանիքի ամենասիրելի վայրն է. նստում են երկար, վայելում թեթև քամին, նայում դաշտերին ու բոլոր կողմերից գլանի տեսքով շրջապատած լեռներին: Տան դռնից մտնելուն պես արդեն կռահում ես տանտիրոջ նախասիրությունները: Միջանցքի փոխարեն արհեստանոցն է, որտեղ ամենուր՝ պատերին, հատակին անփութորեն լցրած են հին կահույքի մասեր, առաստաղից կախված են հին հայկական սպասքի պարագաներ՝ գրտնակներ, գդալներ, բաժակներ, ամաններ… Մի քանի աստիճան բարձրանալով մտնում ես ճաշասենյակ, որը նորից աչքի է ընկնում իր հետաքրքիր ոճով՝ համեստ, ավանդական: Միանգամից աչքիդ առաջ են գալիս Թումանյանի գյուղի պատկերները:

Թերևս միակ ժամանակակից տարրը, որը շեղում է՝ փափուկ բազմոցն է:

Այս ընտանիքը, կարծես բնության մի գողտրիկ անկյունում առանձնացել ու ապրում է իր կյանքով, որտեղ տիրում է սեր և համերաշխություն: Տանտկինը՝ Արփինեն զբաղվում է շուղագործությամբ:

Շավարշի հետ զրույցն այնքան էլ դյուրին չէր: Մարդ, որ միանգամից զբաղվում է մի քանի գործով՝ փայտագործություն, նկարչություն, ձկնորսություն:

-Ամեն ինչ սկսվեց նկարչությունի՞ց,-հարցնում եմ, ու Շավարշի հետ զրույցը ծավալվում է:

-Դեռ  դպրոցական  հասակից  ինձ հետաքրքրում էին պատկերները, տետրերիս վրայի նկարները, բնության հրաշքը, մարդկանց դիմագծերը: Ուղղակի վերցնում էի մատիտս ու սկսում թղթին հանձնել տեսածս ու պատկերացրածս: Շատ հաճախ եմ պատժվել և′ ուսուցիչներիս, և′ ծնողներիս կողմից: Նրանք լրիվ ուրիշ պատկերացումներ ունեին իմ ապագայի վերաբերյալ: Մայրս խոհարար էր, հայրս՝ մեխանիկ: Ինձ էլ նմանատիպ մասնագիտությամբ էին պատկերացնում:

-Ասում եք հաճախ պատժվել եք: Դեպքեր կհիշե՞ք:

-Ճիշտն  ասած,  սովորություն  ունեի թաքուն գեղեցիկ աղջիկների դիմանկարներ անել: Իմանում էին ու գալիս կռվի: Կամ էլ ծնողներս բողոքում էին, որ ամբողջ տունն իմ նկարներն են: Հիշում եմ, մի անգամ քրոջս ամուսինը համոզել էր, որ պատերից բոլոր նկարներս հավաքեն: Երբ եկա ու տեսա սենյակս էդպես դատարկ, ոնց որ աշխարս փուլ եկած լիներ, շատ ծանր տարա: Նկարներիս տեղերը հատ-հատ հիշում էի, նորից ետ տեղավորեցի, իսկ գիշերը փախա գետի բերան ու նորից սկսեցի նկարել: Մեր բնությունը ինձ հանգիստ չէր թողնում, որպեսզի քնեի: Անընդհատ ուշք ու միտքս դրսում նկարելն էր:

-Նկարների ու  հոգեվիճակի մեջ կապ կա՞, թե նկարում եք այդ պահին մտքով անցածը:

-Իհարկե′ կա:  Ես սիրում եմ իմ ծննդավայրը, շունչս կտրվում ա, երբ գյուղիցս դուրս եմ գնում, թեկուզ Եղեգնաձոր կամ մեկ այլ մոտիկ քաղաք: Կարծես նկարում եմ, որ իմը լինի, միշտ ինձ հետ մնա, իսկ հոգեվիճակս հիմնականում արտահայտում եմ կանանց դիմանկարների միջոցով:

-Ինչո՞ւ հենց կանայք:

-Չգիտեմ: Երևի իրանք ավելի զգացմունքային են:

-Ի՞նչն էր պատճառը, որ ուսումը քաղաքում չշարունակեցիք:

-90-ական թվականներն էր: Սովետը նոր էր փլուզվում: Իմ քույրն ու եղբայրն արդեն ուսանող էին: Ընտանիքներին անասուններ ու հողատարածք էին բաժանում: Ծնողներիս օգնող ուժ էր պետք: Սկզբում շատ էի հիասթափվել, բայց հիմա հասկանում եմ, որ գյուղից գնալով կտրվելու էի իմ ներաշխարհից, որն էլ ստեղծագործելուս գլխավոր ‹‹պատճառն›› էր:

-Քաղաքում հնարավոր չէ՞ր նկարել:

-Չէ′: Գիտե՞ս (ժպտում է) էդտեղ ամեն ինչ ինձ խանգարում է: Ժխորը, շատ մեքենաները, նենգությունն ու մարդկանց խորամանկությունը: Ես իմ գյուղն եմ սիրում:

-Գիտեմ, որ խորհրդային բանակում եք ծառայել և նկարելու նկատմամբ սերն ավելի է շատացել հենց բանակային տարիներին: Կպատմե՞ք Ձեր կյանքի այդ փուլի մասին:

-Հետաքրքիր ժամանակ էր: Հույզերս խառնվել էին իրար. կարոտ, փոփոխություններ: Ինձ օդ ու ջրի պես նկարել էր պետք: Միշտ մատիտը ձեռքիս էր: Դրա պատճառով նույնիսկ երկու ամիս պատժախցում եմ անցկացրել: Գնդապետը տեսավ նկարելուց, միանգամից պատժեց, հետո, որ արդեն դուրս էի եկել, կանչեց  իր մոտ նկար պատվիրեց: Ընտանիք կազմելուց հետո այլևս ժամանակ չկար նկարելու համար: Պետք էր գումար վաստակել:

-Ինչպես հասկացա, փայտագործությամբ սկսել եք զբաղվել նկարչությունը թողնելուց հետո: Ի՞նչն էր պատճառը ու կարծում եք ճի՞շտ որոշում եք կայացրել:

-Բանակից գալուց հետո ես գիտակցում էի, որ ինձ աշխատանք է պետք, գումար պետք է աշխատեի, ուստի միանգամից  փակվեցի իմ աշխարհում ու սկսեցի նկարել, բայց նկարներս վաճառելը շատ ծանր էի տանում, չէի պատկերացնում, որ հնարավոր է նման բան: Միայն նվիրում էի ուրիշներին կամ ինձ պահում: Հայրս էդ ժամանակ մեղուներ էր պահում: Գնում էի նրան օգնելու ու մի անգամ մտքովս անցավ գողանալ մեղվի փայտե տնակների որոշ մասեր ու դրանցով աշխատել: Ուզում էի ինքս ինձ փորձել, բայց գաղտնի: Հորս դա հեչ դուր չէր գա: Օրերով աշխատում էի էդ անմշակ փայտի կտորների վրա՝ առանց գործիքների, մատներս վնասելով, բայց կարողացա պատրաստել իմ առաջին գրտնակը: Հետո հայրս էլ համոզվեց, որ եկամտաբեր գործ ա: Գյուղում մի փայտագործ ունեինք սկզբից նրա հետ էի աշխատում հետո առանձնացա: Հիմա միակ մարդն եմ մեր մարզում, որ փայտից ամեն ինչ սարքում ա:

-Կա՞ն նախշեր, որ Ձեր գործերից բոլորի մեջ սիրում եք օգտագործել և որտեղի՞ց եք նախշերի գաղափարներ գտնում:

-Կհավատաս, թե չէ, բայց ինձ օգնում են մեր լեռները: Ժամերով նստում եմ լեռների գրկում, նայում գույներին, լեռների ձևերին: Հավատա, լեռներն էլ դիզայն ունեն, բայց բնությունից տրված, ու գաղափարներն իրենք իրենց ծնվում են:

-Ունե՞ք իրեր, որ ի սկզբանե պատրաստել եք վաճառելու համար, բայց չեք կարողացել բաժանվել դրանցից:

-Բա ոնց: Իմ բոլոր գործերն էլ էդպես են լինում: Օրինակ, հենց մեր դիմացը դրած էս սեղանը: Չկարողացա վաճառել, կինս էլ չէր ուզում, տենց պահեցինք:

‹‹Ես իրա բոլոր ապրումները հավասար կիսում եմ, մտածում, տանջվում››,-կողքից ժպտալով ավելացնում է կինը:

-Բոլորի համար անթերի գեղեցիկ իրեր եք պատրաստում, բայց Ձեր տանը դեռ հերթ չի հասել: Ո՞րն է պատճառը:

-Դե արհեստավորին հարմար պայմաններ են պետք աշխատելու համար, բայց մենք ամեն ինչ զրոյից ենք սկսել ու քիչ-քիչ առաջ ենք գնում: Տես, դեռ դոմիկի մեջ ենք, բայց կողքից տունս եմ շարում, ուղղակի գումարի հարց ա:

-Պահանջված փայտագործ եք, աշխատասեր մարդ, ի՞նչն է պատճառը, որ ֆինանսները դեռ չեն հերիքում:

-Մարզում բարդ ա: Մեր գյյուղում բոլորն էլ միջին ապրող, հողագործ մարդիկ են: Արենին հարևան գյուղ ա, բայց մենք իրանց նման կազմակեպված, աշխատասեր չենք: Նրանք ամբողջ գյուղով իրար օգնում են, միասին խաղողի այգիներ, ծառեր, մարգեր մշակում: Էստեղ ամեն մեկն իր համար ա: Մարզում էլ մարդ չկա, բոլորն արտագնա աշխատանքի են, պատվերները քիչ են, վարձատրությունը քաղաքի նման չի, սրանք բոլորը կապ ունեն: Հայրս Արենիում է աշխատել, Արփիում շատ քչերի հետ է շփփվել: Դուրս եմ գալիս Արփիի գյուղամեջ, քչերն են հարցնում, թե բա Շավո ջան հայրդ ո՞նց ա, իսկ Արենիում՝ տետրիս մեջ մարդկանց արագ նկարագրում եմ, որ չմոռանամ հորս ասեմ պա′պ, մի հատ մեծ քթով, ջանով մարդ քեզնով էր հետաքրքրվում: Բայց ես իմ գյուղը սիրում եմ: Կարող եմ տեղափոխվել, բայց մեկ ա ես կապված եմ իմ գյուղի օդ ու ջրի, մարդկանց հետ ու ընտանիքս էլ ինձ պես:

-Շավա′րշ, Ձեր ընտանիքի հետ շրջեցի տան դիմացի այգով ու նրանք ցույց տվեցին Ձեր մշակած արևածաղկի դաշտերը, պտղատու ծառերը, պղպեղի, լոլիկի, սմբուկի մարգերը:Ինչպե՞ս եք ժամանակ գտնում:

-Բա մարդ ապրի գյուղում ու չօգտվի՞ էդ հնարավորությունից: Գիտես, էդ իմ ու կնոջս հանգիստն ա: Միասին ենք մշակում, մեր ձեռքով աճեցրած մրգի ու բանջարեղենի մի մասը մենք ենք ուտում, մնացածն էլ վաճառում: Չեմ կարող գալ մտնել տուն ու տեսնել, որ իմ այգին ամայի ա: Բա ամոթ չի՞:

-Գիտեմ, որ հիանալի ձկնորս էլ եք:

-Հա~, Արփա գետը հենց մեր գյուղի տակովն ա անցնում: Միշտ գնում եմ ձկնորսության: Ինձ մոտ շատ լավ ա ստացվում: Մանավանդ ջահել ժամանակ: Տաս րոպեում քառասունից հիսուն ձուկ էի բռնում: Մարդիկ չէին հավատում, որ նաև ձեռքով եմ բռնում: Ասեցի եկեք, ձեր աչքով տեսեք, որ անթույլատրելի ոչ մի բան չեմ օգտագործում:

-Երևի նորից մի մասը վաճառում էիք, հա՞:

-Բա դե էդքանը մենք չէինք կարող օգտագործել: Գյուղացիներին էլ էի հյուրասիրում, իսկ մնացածը վաճառում գյուղի ճանապարհով անցնող-գնացող մեքենաների վրա կամ էլ Եղեգնաձորցիներին:

-Բոլոր հմուտ ու փորձված ձկնորսներն էլ հետաքրքիր պատմություններով են կիսվում: Մեկը կհիշե՞ք:

-Իննսունականներին արգելում էին շատ ձուկ բռնել, համ էլ մի տեսակ խիղճս չէր տանում միանգամից էդքան ձուկ բռնել: Դրա համար տան դիմաց մի լողավազանի նման բան էի սարքել. քիչ-քիչ ձուկ էի բռնում ու լցնում լողավազանի մեջ: Հետո ինչքան պետք էր հանում օգտագործում էինք կամ հարևաններին հյուրասիրում: Չնայած զգում էի, որ վտանգավոր ա, որ ոնց էլ լինի մեկը չուզողություն կանի: Դրա համար լողավազանից երկու մետր խորությամբ առվակ փորեցի մինչև գետի ափը ու էնպես էի սարքել, որ ձուկը բռնում էի, գցում առվի մեջ ու առվով ընկնում էին լողավազանիս մեջ: Էլ կարիք չկար ամեն անգամ բոլորի մոտ լողավազանի վրայի ծածկը բացել-փակելու: Ու~ֆ, էս ինչքան խոսացինք

-Հոգնեցի՞ք:

-Չէ, ուղղակի ոնց որ ամբողք կյանքս վերապրեի էլի էս քանի ժամում: (Ժպտում է)

Շավարշին ու իր ընտանիքին հաջողություն մաղթելուց առաջ, խոստացա, որ նորից կայցելեմ և այս անգամ ուզում եմ տնակի փոխարեն քարե, ամուր տուն տեսնել՝ լայն, ընդարձակ արհեստանոցով: Շավարշի կինը համեստորեն ժպաց ու պատասխանեց: ‹‹Երբ ընտանիքում կա սեր, համերաշխություն և ուժեղ հավատ, այդ  ընտանիքը կծաղկի››:

 

Սառա Սրբուհի Ավետիսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ