ՀԱՎԵՍԻՆ սենյակ

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակն իր ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԾԵՐ-ի շարքին հավելում է նոր՝ «ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ» հատուկ նախագիծը:

Սա մի պատմություն է, որն ունի սկիզբ... Ունի սկիզբ, բայց չունի ավարտ, քանզի այս պատմությունը սկսվեց լուսավոր մի մարդու ճանապարհով, որը սերում էր միջնադարի նշանավոր բանաստեղծ, նկարիչ Նաղաշ Հովնաթանի տոհմից ու անդավաճան էր իր տոհմի հունդերին:

Այս պատմությունը չունի ավարտ, քանզի նա ավարտեց իր կյանքը երկրի վրա, բայց երկնային արքայությունում թևածում է նրա հոգին՝ պայծառ, մաքրամաքուր, անաղարտ...

Եվ այս պատմությունը չունի ավարտ, քանզի նա ունի հետնորդներ, հետևորդներ, նվիրյալ անձինք, որոնք շարունակում են նրա գործը ու նրա գործը շարունակելու առաքելություն ունեն...

ՍԵՎԱՆ ՆԱԳԱՇ... արվեստագետ, որ ունենալով տոհմական հարուստ պատմություն, թողեց ծննդավայր Բեյրութն ու իր առաքելությամբ եկավ Հայաստան, որևէ անգամ խուսափելով բարձրաձայնել իր գործի առաքելություն լինելու հանգամանքը:

«...Մենք ծնվում ենք այնպիսին, ինչպիսին որ կանք: Իհարկե ընտանիքը, միջավայրը, ընկերները, բոլորն էլ իրենց ազդեցություններն ունեն, բայց էն, ինչ քո մեջ կա՝ կա, էն, ինչ չկա՝ չկա: Բաներ կան, որ մեր հասկացությունից դուրս են, տիեզերային են, մենք էլ էդ ամեն ինչի մի մասն ենք: Եվ միայն տիեզերքը չէ, որ մեր մեջ հետքեր ունի թողած: Էս աշխարհը, կենդանիները,  անձրևի կաթիլը, արևի շողը, ծառի տերևը, որ հետո փշրվում է, նույնիսկ՝ փոշին… ամեն-ամեն ինչ...». իր հարցազրույցներից մեկում ասում է Սևանը...»: 

Եվ ահա 2014 թ. ապրիլին նկարիչ Սևան Նագգաշյանի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայարտօնլայն» պատկերասրահում տեղի է ունենում «Արվեստը սահմանին» ցուցահանդես-վաճառքը, որը սահմանամերձ Վազաշեն գյուղին աջակցելու նպատակով ստեղծված անկեղծ մի նախաձեռնություն էր:

Սևանի ու նախաձեռնության շուրջ համախմբել էին 15 արվեստագետներ՝ Շոթա Ոսկանյանը, Զավեն Խաչիկյանը, Արամ Հունանյանը, Տիգրան Ասատրյանը, Նանա Մինասյանը, Նելլի Շիշմանյանը, Հովնան Սարգսյանը, Արեգ Պետրոսյանը, Արմեն Խոջոյանը և ուրիշներ: 

«...Նկարչություն, քանդակագործություն, կերամիկական արվեստ, լուսանկարչություն. արվեստի տարբեր ճյուղերի՝ միմյանցից շատ տարբեր այս ներկայացուցիչները համախմբվել էին՝ իրենց ներդրումն ունենալու Ադրբեջանից քայլեր բաժանող սահմանին կանգնած գյուղի խնդիրների լուծմանը: Սևանը ոչ միայն նրանց այդ գաղափարի հետ միացնողն էր, այլև անմիջական կազմակերպիչը, ցուցահանդեսի համադրողն ու հավատը: Հավատ առ այն, որ բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր երկրում, ամենաթույլ և միաժամանակ ամենաուժեղ տարածքը սահմանը պահող գյուղն է ու գյուղացին, ում օգնել է պետք և ում օգնել պարտավոր է մեզանից յուրաքանչյուրը...»: Ահա, այսպես...

Ցուցահանդեսից հետո «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի հետ որոշեցին միասին արտակարգ, խոսուն մի բան անել` հասարակության ուշադրությունը սահմանամերձ գյուղերի ծանրացող խնդիրների վրա սևեռելու համար: Վազաշենում ինչն էր շատ` ռմբակոծված տունն ու պատը: Ինստալացիան հարմար ժանր էր թշնամու պարբերական գնդակոծության տակ թուզ աճեցնող համայնքի կյանքը ներկայացնելու համար: Եւ «Հայ Ձմեռ պապը» ծրագիրը ներկայացրեց ամենախելագար գաղափարները ֆինանսավորող «Awesome» հիմնադրամին: Հայտը մերժվեց: Հավանաբար ժամանակը դեռ չէր հասունացել:

«Երբ տրտմած`զանգեցի Սևանին ու ասացի`չստացվեց, առույգ պատասխանեց.

- Ի՞նչը չստացվեց, է՜… Հացուպանիր կվերցնենք, մեր մեքենաներով կգնանք, հավեսով մեր գործը կանենք: Հա, մեկ էլ` կարմիր գինի, - ավելացրեց», - հիշում է «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի ղեկավարը՝ Արմինե Պետրոսյանը:

Որոշեցին  խմբով գնալ, մի ավերակ որմ գտնել ու խաղաղության գունեղ մի ուղերձ նկարել: Հենց ադրբեջանցիների աչքի առաջ, նրանց նշանառու սարքերի հեռահարության ներքո, վազաշենցիների հետ միասին:

«...Մենք մեր քաղաքում, տանը, արվեստանոցներում մտնում ենք մեր շրջանակի մեջ և հաճախ մոռանում, որ կյանքը, մեր անելիքները միայն մայրաքաղաքով չեն սահմանափակվում:- ասում էր Սևանը,- պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմանից ու գնանք դեպի իրական սահման՝ դեպի գյուղ, դեպի մարդիկ: Հայրենիքը սկսվում և ավարտվում է ա՛յս սահմանով»»: 

Ու թեև Սևանի ջանքն ու նվիրումը անմնացորդ էին, սակայն առաջին ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ Վազաշենում բացվեց առանց Սևանի...

…Նրա հեռանալուց հետո «Հայ Ձմեռ պապը» մեկ այլ ծրագիր ներկայացրեց «Awesome»-ին:

«Հավեսով մեր գործը կանենք». Սևանի բառերն ուղենիշ էին:

Եվ առաջին ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ Վազաշենում բացվեց առանց Սևանի... Ու անվանվեց նրա պատվին:

«...Մոռանալ հնարավոր չէ, ներկայությունդ մեզ հետ ամենուր է, գաղափարներդ` իրականացման ճանապարհին, սենյակդ` Վազաշենում: Նույնիսկ ամառային արձակուրդին դատարկ չի մնում...». մեծ հուզմունքով արձանագրել էր «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ոգին՝ Արմինե Պետրոսյանը և «Արեգնազան» կրթահամալիրի լուսավոր երեխաների հետ Վազաշենում, վազաշենցի պայծառ երեխաների հետ մտել Սևանի սենյակ...

Արմինե Պետրոսյանի ջանքերն ու համառությունը, նվիրումը գաղափարին, ընկերներին, ապագային, լույսին ու լուսավորին, համախմբելու, մեկտեղելու, ուղղորդելու Արմինեի կարողությունը ծնունդ է տալիս արդեն երրորդ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻՆ ու սահմանամերձ մեր հայրենիքում նոր գույներ են ավելանում մեր երկրի գույնին, որը նվիրյալ մարդկանց զոհողությունների, մասհանումի, բարի գործին տրված լինելու արդյունք է...

ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ հերթական կանգառը սեպտեմբերի 27-ին էր, Արմավիրի թիվ 10 դպրոցում...

Բաց դաս ու ծառատունկ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՑԱՆՑ ծրագրով,  դպրոցի, համայնքի, ուսուցչական կազմի, աշակերտների անթերի պատրաստվածությամբ, համագործակցությամբ, ստեղծարարությամբ:

Սևան Նագգաշյանի անունը կրող այս սենյակի սաները ներդաշնակ զարգացման հնարավորություն են ստանալու, հանդիպելու են ստեղծարար մարդկանց, Երևանի և այլ քաղաքների ու գյուղերի իրենց հասակակիցներին, սովորելու են և՝ սովորեցնելու:

Հենց այդ օրվա բաց դասին մասնակցում էին սենյակի կահավորանքն ապահոված` ամերիկյան FCN բարեգործական կազմակերպության անդամները, Սևանի ընկերները`«Արվեստը` սահմանին» նախաձեռնության նկարիչները և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները՝ իրենց տեխնոլոգների հետ:

Այս սենյակում նաև հուսալի հենարան կա՝ Teach for Armenia կազմակերպության ծրագրով դպրոց եկած կերպարվեստի ուսուցչուհի Արմինե Թումանյանը:

Առաջին երկու սենյակների պատմությունն այնքան լուսավոր ու վարակիչ է, որ «Հայ Ձմեռ պապ»-ի` ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՑԱՆՑ ստեղծելու գաղափարն արդեն իրականանալու ճանապարհին է:

«Սևանի հետ երազում էինք մի պատի մասին: Պատը դարձավ մի սենյակ: Մի սենյակը դարձավ երեք: Երեքն էլ, հուսով եմ, կբազմապատկվի, և Հայաստանի տարբեր մարզերում կբացվեն արժանավոր մարդկանց անունները հավերժացնող ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐ», - ասում է Արմինե Պետրոսյանը, - «Ի դեպ, այս բոլոր հավեսին տարածքներում մենք մեր երազանքի պատը գունազարդում ենք, ինչպես որ Սևանի հետ էինք որոշել»:  

3-րդ` Արարատի մարզի Մոնթե Մելքոնյանի անվան ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ-ը կրում է ֆլամենկո պարուհի Անահիտ Ավետյանի անունը:

Զարգացումներն ու մտահղացումները թույլ են տալու, որ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ-ների աշակերտների կապը մեր հայրենիքի տարբեր մասերում իրենց հավեսին հասակակիցների, Երևանի ու աշխարհի այլ քաղաքների երեխաների հետ ամուր ու անխախտ լինի:

Արմավիրի ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ պատուհանների առաջ տնկվեցին Armania Tree Project-ի նվիրած ծառերը: Սևանի անունը կրող այս պուրակը կհավերժացնի կյանքից վաղ հեռացած նկարչուհու հիշատակը և կամրապնդի հավատը, որ դեռ շատ նոր ծառեր են արմատներ տալու նոր ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ-ների շուրջը, որովհետև Սևանն ասում էր.

«...Աշխարհը մեկ է շատ առումներով՝ իր հոգսերով, խնդիրներով: Այդ առումով մեր երկիրն էլ բացառություն չի: Բայց ինձ էստեղ ուրիշ, առավել կարևոր բան կա պահող: Ես ինձ էստեղի մի մասն եմ զգում, սա՛ է իմը: Այո՛, գալիս է մի պահ, երբ մտածում ես՝ «Չէ, ես էս աշխարհում տեղ չունեմ, նույնիսկ՝ էստեղ»: Լինում են նման վիճակներ: Բայց, միևնույն է, ես իմ խառնվածքով էստեղին եմ շատ մոտ, սա ի՛մ բնությունն է: Եթե կա մի վայր, որի հետ ես կապ ունեմ, դա էստեղ է՝ Հայաստանը: Ես էստեղից եմ: Կարևոր չի, թե դու որտեղ ես ծնվել, կարևոր է, թե ինչ է ապրում քո մեջ, ինչ կա քո ներսում: Սա իմ բնությունն է: Իմ մեջ է՛ս կա...»:

ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ-ները մերն են դարձնում Հայաստանը...

Հ.Գ.

Առաջիկայում մենք հանգամանորեն կխոսենք ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ-ների մասին, կգնանք բոլոր այն արահետներով, որոնք բացել են այդ սենյակների դռները, կգնանք այն մարդկանց հետքերով, որոնց գործը տարել է դեպի ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ-ների այս հրաշք աշխարհը, վստահ, որ այդ մարդկանց թիվը տասնապատկվելու է, հարյուրապատկվելու է, որովհետ մենք չենք կարող ունենալ դատարկվող գյուղ, ամայացող սահման, տխուր աչքերով երեխաներ, անելանելիության մեջ ապրող մարդիկ, որովհետև սա...ՀԱՅԱՍՏԱՆ Է...

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ