ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՅՍԵՐԸ. Արևշատ Մելիքսեթյան

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

Արևշատ Մելիքսեթյանը դպրոցն ավարտել է 15 տարեկանում, գերազանցությամբ: «Էքստեռն» է ավարտել: Այդ ընթացքում հասցրել է փոխել երեք դպրոց և  չորս դասարան: Հանգամանքների բերումով մեկ տարի սովորել է նաև Ղազախստանում՝ մաթեմատիկական ուղղվածությամբ «շկոլա-լիցեյ»-ում: Երբ ընդունվում էր ինստիտուտ, նույնիսկ անձնագիր չուներ: Ծննդյան վկայականով է ընդունվել: Ծննդյան վկայականի հետ, սակայն, բազմաթիվ մեդալներ ու միջդպրոցական օլիմպիադաների հավաստագրեր է ներկայացրել մաթեմատիկայից ու ռուսաց լեզվից:

Արևշատն ընդամենը 34 տարեկան է, բայց սովորել է երեք համալսարաններում, պաշտպանել է ատենախոսություն, այսօր ղեկավարում է Հայաստանի խոշոր ապահովագրական ընկերություններից մեկը՝ «Ինգո Արմենիա»-ն:

«Հաջողության գաղտնիքը միայն աշխատասիրությունն է»,- ասում է Արևշատ Մելիքսեթյանը: «Երբ ընդունվեցի Երևանի տնտեսագիտական համալսարանի ապահովագրական գործ բաժինը, 15 տարեկան էի, բայց երկրորդ կուրսից, փաստորեն 16 տարեկանից, զուգահեռ սկսեցի աշխատել «Ինգո Արմենիա»-ում»: Սկսել կարող էի, բնականաբար, գործակալի աշխատանքից: Չխորշեցի: Վաճառում էի գույքի և բեռների ապահովագրության պրոդուկտներ:

«Ժող»-ն առաջին ինստիտուտս էր: Ավարտցի, դիմեցի ասպիրանտուրա, որպես հայցորդ: Կրկին աշխատում էի և առկա չէի կարող սովորել: Քսանչորս տարեկանում արդեն պաշտպանել էի ատենախոսությունս «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ներդրումը Հայաստանում» թեմայով: Ոլորտը նոր-նոր էր զարգանում Հայաստանում: Հասկացա, որ կարող եմ լուրջ գիտելիքներ ձեռք բերել և լուրջ ներդրում ունենալ:

Ընդամենը երկու տարի եմ հանգստացել սովորելուց, եթե կարելի է այդպես ասել և ընդունվել եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման մագիստրատուրա (Master of Business Administration): Երկու տարի ամեն օր երեկոյան ժամերին, աշխատանքից հետո չորսից-հինգ ժամ սովորում էի:

Ամերիկյան համալսարանը, արևմտյան կրթական համակարգը փոխեց աշխարհայացքս: Ամբողջ աշխարհից դասախոսներ էին գալիս, որոնք նաև իրենց մշակույթներն էին փոխանցում: Այդ տարիները շատ հետաքրքիր էին: Մինչ այդ իմ ամբողջ կրթությունը խորհրդային-հետխորհրդային կրթական համակարգի մաս էր կազմում»:

Արևշատ Մելիքսեթյանի ծնողները ինժեներներ էին, ավարտել էին պոլիտեխնիկական ինստիտուտը և մաթեմատիկան նրանց տանը միշտ առաջնահերթություն է եղել: Գուցեև ծնողների մասնագիտությունը դեր խաղացել է Արևշատի նախասիրությունների հարցում, բայց պնդում է, որ ընտրությունն իրենն է եղել: Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Քեմբրիջի համալսարան, երկու տարի սովորել Գործադիր բիզնես կառավարում (Executive MBA):

«Քեմբրիջն ինձ համար մարտահրավեր էր: Ուզում էի հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է Հայաստանում ստացած գիտելիքներով սովորել նման հեղինակավոր համալսարանում: Գիտեք, Գործադիր բիզնես կառավարումը նախատեսված է կառավարիչների, ղեկավար անձանց համար, որոնք ունեն նվազագույնը տասը տարվա ղեկավարման փորձ, որոնց նվազագույն տարիքը երեսունն է: Այսինքն կյանքի ինչ-որ փուլ անցնելով, ինչ-որ փորձ ձեռք բերելով դու սկսում ես նոր շնչառություն տալ գիտեցածիդ, անցածդ ճանապարհին:

Շատ հետաքրքիր կյանքի փորձ էր՝ թե միջավայրի, թե գիտելիքների առումով: Մեր խմբում 64 մարդ էր սովորում 29 երկրից: 64-ից 35-ը Անգլիայի տարբեր քաղաքներից էին, մնացածը՝ ամբողջ աշխարհից: Հետխորհրդային տարածքից միայն ես էի: Ամեն ամիս 4-5 օր մեկնում էի դասերի: Այդպես է, որ մարդիկ չկտրվեն առօրյա գործերից, շարունակեն միաժամանակ աշխատել և սովորել: Շատ մեծ ծանրաբեռնվածություն էր՝ աշխատանք, դասեր, անընդհատ թռիչքներ: Բայց մեզ հրաշալի հնարավորություն տրվեց հասկանալու, թե ինչպես է աշխատում գլոբալ էկոնոմիկան աշխարհում:

Եղանք Հարավային Ամերիկայում՝ Արգենտինայում և Չիլիում, ուսումնասիրեցինք միջազգային խոշոր  կորպորացիաների, միջազգային հզոր ընկերությունների աշխատանքը տարբեր մայրցամաքների հետ: Լուրջ ինքնավստահություն է հաղորդում այն, երբ տեսնում ես, որ մարդիկ, որոնք քեզ հետ սովորում են, որոնք մեծ կորպորացիաների ղեկավարներ են, կառավարում են հազարավոր մարդկանց, ոչ մի բանով քեզնից չեն տարբերվում, նույն արյունից ու մսից են, նույն ուտելիքն են ուտում, նույն գիտելիքներն են ստանում, ինչ՝ դու, նույն խնդիրներն են լուծում, ուղղակի մասշտաբների տարբերությունն է: Իրենք այնտեղ են ծնվել, մենք՝ այստեղ ու տարբեր են ընդամենը մասշտաբները:

Եթե չլիներ «Լույս» հիմնադրամը, գուցեև Քեմբրիջում սովորելու առիթը չունենայի: Գիտեք, որ շատ բարձր է այդպիսի համալսարաններում սովորելու ուսման վարձը և մոտիվացիան, որ կարող ես հավակնել այդ փոխհատուցումը ստանալուն, շատ մեծ դեր է խաղում»:

«Երբևէ չե՞ք որոշել մնալ արտերկրում: Գայթակղությունն այդ ժամանակ միշտ շատ մեծ է լինում»,- հարցնում ենք Արևշատ Մելիքսեթյանին:

«Գուցեև այդ երկընտրանքը ցանկացած մարդու մոտ առաջանում է և դա, գուցե նաև բնական է»,-ասում է Արևշատը և շարունակում,-«գնալու և չվերադառնալու հնարավորություններ այսօր շատ կան: Նույնիսկ իմ ուսանողական տարիներին արդեն կային: Շատերը նաև գնացին և չվերադարձան: Ես երբեք չեմ օգտվել այդ հնարավորություններից: Հնարավոր է մի քիչ հայրենասիրական է հնչում, բայց կարծում եմ, որ բոլորն իրենց ունակությունները պետք է օգտագործեն մեր երկրի, Հայաստանի համար: Ես սիրում եմ Հայաստանում ապրել, Հայաստանում անցկացնել իմ ժամանակը: Ես իմ դաստիարակությունն այստեղ եմ ստացել և ուզում եմ, որ իմ երեխաներն էլ այն այստեղ ստանան:

Գնալու գաղափարի դեմ ես իմ մեջ այսպիսի ֆորմուլա եմ կառուցել. պետք է ապրել Հայաստանում, աշխատել Հայաստանում, ստեղծել, վաստակել Հայաստանում և ունենալ հնարավորություն՝ գնալու ու տեսնելու, բացահայտելու աշխարհը և՝ վերադառնալու:

Վերջին երկու տարիներին անընդհատ Անգլիայում գտնվելով շատ հայերի եմ հանդիպել: Նաև այնպիսի հայերի, որոնք արդեն քսան-երեսուն տարի այնտեղ են ապրում, քաղաքացիություն ունեն, բրիտանական անձնագիր ունեն, բայց, հավատացեք, որ դրանք ընդամենը փաստաթղթեր են: Նրանք իրենց այնտեղի հասարակության լիարժեք անդամ չեն զգում: Ես միշտ փորձել եմ նրանց բացահայտել, ու հասկացել եմ, որ նրանք կարոտում են Հայաստանը, զգում են Հայաստանի կարիքը: Միշտ ինձ խնդրում են, որ մի քանի օր ավելի մնամ իրենց հետ, իսկ իմ ուղեբեռի կեսը միշտ մեր լավաշն ու կոնյակն է լինում:

Կենցաղային խնդիրներն այնտեղ, իհարկե, միգուցե մի քիչ ավելի հեշտ են լուծվում, ենթակառուցավծքները, ինստիտուտները՝ դպրոցից մինչև խանութ, բավական շատ են և դարերով եկել են, ավանդույթներ ունեն: Յուրաքանչյուր գրպանի, հասարակության յուրաքանչյուր շերտի համար կա համապատասխան առաջարկ, ոչ մեկն իրեն մյուսից վատ չի զգում հասարակությունում: Տարբեր շերտերի համար թե ռեստորաններ կան, թե խանութներ և այլն, բայց, միևնույն է՝ դու օտար ես, մենթալիտետային խնդիրները ճնշում են, մոտեցումները տարբեր են:

Դպրոցում երրորդ-չորրորդ դասարանում երեխաներին, օրինակ արդեն սովորեցնում են, որ այսօր կան տղամարդ և տաղամարդ, կին և կին սեռական հարաբերություններ և որ դա նորմալ է, գովազդում են պահպանակները և այլն: Գնահատական չեմ տալիս, ուղղակի ասում եմ, որ սա կա և շատ հայեր դրանից անհանգստացած են, շատերին գիտեմ, որ վերադարձել են»:

«Գուցե Ձեզ հաջողվել է՞ դրսևորվել Հայաստանում և այդ է պատճառը, որ չեք ցանկանում ապրել հայաստանից դուրս»,-հարցնում ենք:

«Հաջողվելու խնդիր չկա»,- ասում է Արևշատը: «Արդեն ասացի, աշխատասիրության խնդիր է, ձգտելու խնդիր է, նպատակ ունենալու և դրան հասնելու խնդիր է: Այդ թեմաներով ես շատ եմ վիճում գործընկերներիս, ընկերներիս հետ: Օրինակ, ես բոլոր շաբաթ օրերին աշխատում եմ: Միշտ աշխատել եմ: Ինձ համար եմ աշխատում: Մի բան ավելին սովորելու համար եմ աշխատում:

Ես, օրինակ, շատ շուտ եմ գալիս աշխատանքի: Ավելի շուտ, քան իմ աշխատակիցները: Իսկ ինչո՞ւ ես կարող եմ քիչ քնել, որպեսզի չուշանամ աշխատանքից, երբ ես այդ կառույցի ղեկավարն եմ, իսկ մեկ ուրիշը պետք է հանգիստ քնի և ուշանա: Ինչո՞ւ ես կարող եմ, ասենք նախորդ օրը չխմել, եթե նույնիսկ նշանավոր օր է ինձ համար, քանի որ առավոտյան աշխատանքի եմ, իսկ մեկ ուրիշը պետք է աշխատանքի գա հոգնած ու կոտրված, որովհետև նախորդ օրը լավ քեֆ է արել: Պետք է զրկանքներ էլ կրել ինչ-որ բանի հասնելու համար: Մենք կարծես սովոր չենք զրկանքների:

Գուցե զարմանալի բան ասեմ, չընդունված տեսակետ, բայց 17 տարվա իմ աշխատանքային փորձով կարող եմ վկայել, որ մեր հասարակության հազիվ տասը տոկոսն է, որ աշխատասեր է: Մյուսները, կներեք, բայց՝ ծույլ են, ծուլացել են: Ուզում են, որ իրենց մոտ ամեն ինչ միանգամից ստացվի, ուզում են նստել, ոչինչ չանել, չսովորել և արդյունքի հասնել: Ուզում են միանգամից պետ նշանակվել, ղեկավար դառնալ: Աշախտելու փոխարեն նախանձում են՝ ինչո՞ւ քեզ մոտ ստացվեց, ինձ մոտ՝ ոչ:

Աշխատասիրությունը պետք է մշակույթ լինի: Մենք մշակույթը փոխելու խնդիր ունենք: Աշխատասիրությունը չի կարող արդյունք չտալ: Չեմ ճանաչում արդյունքի հասած որևէ մարդու, որն աշխատասեր չէ: Ես սիրում եմ հայտնի մարդկանց կենսագրականներ կարդալ և, ասեմ, որ հարյուր տարի առաջ, թե այսօր՝ կապ չունի, խնդիրը նույնն է:

Բայց այսօր երիտասարդներից շատերի մոտ արդեն կա այն գիտակցությունը, որ աշխատանքով է հնարավոր ինչ-որ տեղ հասնել: Իմ շրջապատի երիտասարդ ղեկավարները ծանոթ-բարեկամով չեն ընդունվել աշխատանքի: Ես հասկանում եմ, որ մենք Հայաստանում ենք ապրում, փոքր երկիր ենք, բոլորս ունենք ընկերներ, բարեկամներ, որ կարող են իրենց ծանոթ-բարեկամների համար խնդրել, և մեր ընդառաջելն այդ հարցում այն է լինում, որ նրանց նույնպես հնարավորություն ենք տալիս դրսևորվելու՝ այսինքն լուծելու այս կամ թեստը, որ նախատեսված է, հանձնելու այս կամ այն քննությունը և՝ միայն այդքանը: Մնացածն արդեն իրենց խնդիրն է, եթե կարող են, թող մրցակցեն:

Իհարկե, մեր ընդհանուր կրթական համակարգում խնդիր կա: Իհարկե, մարդիկ կան, որ հասնում են հինգերոդ կուրս, բայց ոչինչ չգիտեն: Նրան բերել, հասցրել են ավարտական փուլին, որովհետև, ասենք, մարզպետի բարեկամ է, կամ վճարել է և այլն: Իհարկե, արևմտայան կրթական համակարգում այդպիսի բան  հնարավոր չէ: Ո՜վ ուզում ես եղիր, ո՜ւմ բարեկամն ուզում ես եղեիր, որքա՜ն գումար ուզում ես ունեցիր քո հաշվին: Միևնույն է: Մենք Ամերիկյան համալսարան ընդունվեցինք 70 հոգով, մի քանի օր հետո 10 մարդու հեռացրեցին, քանի որ ուշանում էին դասերից. ասացին, ուրեմն դու չես ուզում այստեղ սովորել, գիտելիք ստանալ:

Ես շատերին եմ ճանաչում, որ սովորել են արտերկրի լավագույն համալսարաններում, այդ թվում և «Լույս»-ի աջակցությամբ, վերադարձել են, աշխատում են, և յուրաքանչյուրը նրանցից  փորձում է իր միջավայրում մի բան փոխել, մի լավ բան ներդնել»:

Արևշատ Մելիքսեթյանը պնդում է, որ իր ղեկավարած կառույցում աշխատակիցների միջին տարիքը 24-25 տարեկանն է: Նրանց մեծ մասը եկել է տնտեսագիտական համալսարանից, սովորել է ապահովագրական գործը: Մարդիկ են, ում ինքը փորձել է բացահայտել իր դասախոսական աշխատանքի ընթացքում: Նրանք նույնիսկ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում: Ավելի շուտ՝ հիմնականում նրանք են ղեկավար պաշտոններ զբաղեցնում:

«Երբևէ չե՞ք մտածել աշխատել պետական կառավարման համակարգում: Չէ՞ որ այն գիտելիքները, որ ստացել եք առավելապես պետական կառավարման համակարգում են անհրաժեշտ», շարունակում ենք մեր զրույցը Արևշատ Մելիքսեթյանի հետ:

«Ես չեմ մտածել, բայց ինձ հետ սովորած մարդկանցից շատերը կան, որ աշխատում են հենց պետական կառավարման համակարգում և կարողանում են իրենց սովորածը ինչ-որ տրանսֆորմացիա անել»,-ասում է Արևշատը: «Բայց մասնավորն էլ պետք է որակյալ կադրեր ունենա և ճիշտ ուղղությամբ զարգանա: Եթե մասնավորը չլինի, պետությունն ի՞նչը պետք է կառավարի: Պետությունը նաև մասնավոր հատվածի մասին պետք է մտածի, որպեսզի տնտեսության ճյուղերը ճիշտ զարգանան:

Իմ կարծիքով, տարբերությունը՝ պետական կառավարման հատվածու՞մ, թե՝ մասնավոր՝ ազատության մեջ է: Ազատություն ոչ թե գրաֆիկի առումով, որովհետև մասնավորում ավելի շատ ես աշխատում, այլ՝ որոշումներ կայացնելու: Մասնավորում դու կարող ես մենեջերական ռիսկի գնալ, արդյունքը տեսնել և ուրախանալ: Երբեմն կարող ես և պարտվել: Տասից՝ տասը չես հաղթի: Կարող ես հինգը հաղթել, կամ յոթը հաղթել, մնացածը պարտվել:

Երբ ես ընդունվել եմ աշխատանքի, հինգ մարդ ենք եղել ընկերությունում, ներառյալ՝ հավաքարարը: Այսօր 285 մարդ է աշխատում և դեռ առաջ ենք գնում, քանի որ ապահովագրական շուկան դեռ հագեցած չէ Հայաստանում, դեռ զարգանալու ճանապարհին է: Ես, իհարկե, ինձ բավարարված եմ զգում, որովհետև մասնակցել եմ, օրինակ ԱՊՊԱ-ի ստեղծման ամեն ինչին՝ կաննոներ գրելուց մինչև կտրոնի դիզայն և այլն, և ես այդտեղ ներդրում ունեմ, բայց այս ընթացքում հազարավոր ռիսկային որոշումներ են ընդունվել:

Պետական կառավարման համակարգում դա շատ դժվար է: Միջին մենեջմենթը չի կարող որոշումներ ընդունել: Շատ քիչ մարդիկ կարող են որոշում ընդունել: Մասնավորում դու ավելի շատ ես կարողանում ստեղծագործել, ավելի շատ գաղափարներ ներդնել: Պետական կառավարում հասկացությունն ինքնին ավելի սահմանափակ երևույթ է»:

Զրույցի վերջում մեկ հարց էր մնում միայն տալու Արևշատ Մելիքսեթյանին. «Դուք երջանի՞կ եք», և Արևշատը ժպտում է շատ վստահ, առանց վարանելու և առանց մտածելու պատասխանում է. «Այո, իհարկե, փառք Աստծո, ունեմ կին, երեք տղա, ապրում եմ Հայաստանում և ուզում եմ, որ տղաներս էլ ապրեն Հայաստանում»:

Ահա ևս մեկը «Հայաստանի լույսեր»-ից:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ