«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

Ի՞նչ է հուշում «Գալուայի վերջին գիշերը»...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

Երբ  Դավիթ Խաչիյանն  «անհետացավ», հասկացանք, որ հայտնությունն անակնկալներով է լինելու: Մտածում էինք, որ հերթական սքանչելի նոթը կծնվի «ՀԱՅԵՐ»-ի համար: Դավիթի դիտողունակությունն ուղղակի ապշեցնող է և նա կարող է հրաշալի մի նոթ գրել շենքի ճակատից պոկված սալիկի, ճամփեզրին ընկած ծխախոտի տուփի, օտար քաղաքի սալահատակ փողոցի և այլնի մասին՝ համեմված հումորով, մտահոգությամբ, փրկության դուռը ցույց տալու ճանապարհով:

Դավիթը նաև խորը վերլուծություններ կարող է անել՝ հատկապես զբոսաշրջության խնդիրների հետ կապված: Այնքան խորությամբ գիտի ամեն ինչ, որ երբեմն չենք համարձակվում այնտեղ սուզվելու խնդրանքով դիմել: Այստեղ էլ «անհետանալու» վտանգը մեծ է:

Գիտեինք, որ կարող է նաև հերթական գիրքը նվիրել ընթերցողին, որովհետև Դավիթը նաև գրող է: Լավ գրող, որն անընդհատ ապացուցում է ժամանակակից գրականության մահվան մասին գուշակությունների չափազանցված լինելու հանգամանքը, որովհետև ինքը նաև հենց այդ գրականության ստեղծողներից է և հավատում է մեծ մտածողին, որն ասում էր «երբ քամի է փչում, ոչ թե պատ, այլ հողմաղաց կառուցիր»:

Բայց, որ Դավիթի հերթական գիրքը կլիներ դետեկտիվ ժանրում, որքան էլ, որ, ինչպես ինքն է գրում իր կենսագրականում՝ «ֆիզիկներից ամեն ինչ սպասելի է», այնուամենայնիվ, չէինք սպասում:

«Դավիթ Խաչիյանի «Գալուայի վերջին գիշերը» վիպակների ժողովածուն նոր հայկական դետեկտիվի յուրահատկություններն արտացոլող բացառիկ ստեղծագործական իրացում է: Ավանդական կրիմինալի, սպանությունների ու բացահայտումների, պարզունակ առեղծվածների փոխարեն՝ Խաչիյանն առաջարկում է հոգեբանական բարդ ու ինտելեկտուալ լուծումներ, որոնց պարագայում յուրաքանչյուր բացահայտում վերաճում է իմացաբանական վայելքի»:

Այս դիպուկ բնութագիրը քմահաճ գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանինն է, որը նաև գրքի խմբագիրն է, և որը տառացիորեն արձանագրում է Դավիթի ստեղծած դետեկտիվի բովանդակային եզրերը: Իսկապես, անարյուն դետեկտիվ, որը կինոյի լեզվամտածողության նմանությամբ դրվագ առ դրվագ տանում է դեպի հանգուցալուծում՝ լարվածության մեջ պահելով ողջ ընթացքում:

Ի դեպ, Դավիթի հինգ գործերն էլ կինոդրամատուրգիական լավ հիմք են.սքանչելի տեսարաններ կինոլուծումների համար, պատկերներ՝ ծանոթ կամ անծանոթ, բայց մտերմության նման հարազատ, լավ երկխոսություններ՝ թեթևություն ու խոսքի մշակույթ բերող, կերպարներ, որոնց և ճանաչում ենք և՝ ոչ, քանզի տարբեր են մեր ճանաչածի ու Դավիթի ստեղծածի բովանդակային հիմքերը:

Եվ ամենակարևորը. Դավիթ Խաչիյանի դետեկտիվը կոտրում է այն կարծրատիպերը, որ գրականության այդ տեսակը «քնելուց առաջ ընթերցելու», «նյարդային բեռնաթափումներ իրականացնելու» համար է, որովհետև Դավիթն անում է բացահայտումներ, որոնք ոչ այնքան քրեական են, որքան, իրապես, իմացաբանական: Որովհետև, գիտակության մի բացառիկ աստիճանով Դավիթ Խաչիյանը տանում է տարբեր ոլորտներ, խորասուզում հետաքրքիր մանրամասների մեջ և ստիպում ճանապարհներ, որոնումներ պրպտել մտային տիրույթներում՝ ստեղծելով ինտելեկտուալ դետեկտիվի առաջարկը:

Այսքանից հետո օգտվեք այն բացառիկ հնարավորությունից, որ Դավիթ Խաչիյանն ընձեռել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին՝  «ԳԱԼՈՒԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ» նոր գրքի գործերից յուրաքանչյուրից ընտրելով որոշակի հատվածներ «ՀԱՅԵՐ»-ի ընթերցողի համար:  

 

ԳԱԼՈՒԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ

- Դուք ինձ հաստատ խելապակաս կամ հոգեկան հիվանդ եք համարում… Թեև այլ բան չէի էլ սպասում ձեզնից: Սա պարզից էլ պարզ է: Մի րոպե, խնդրում եմ, իմ մտքերն  ու խոսքերը պետք չէ համեմատել տարրական մաթեմատիկայի հետ: Դրանից դուք շա՜տ հեռու եք: «Մեկին գումարած մեկ հավասար է երկուսի» սերտելով՝ մաթեմատիկա չեն սովորում: Ասենք, մաթեմատիկա ընդհանրապես չեն սովորում: Դա սովորելու բան չէ, եթե քո գեների մեջ ինչ-որ հրաշքով գրված չէ, ու մի օր, արյունների խառնվելու անսահման ու անմեկնելի զուգորդումների միջոցով (լեզուս չի պտտվում ասելու՝ շնորհիվ), անալիտիկ մտածողության այդ յուրօրինակ դրսևորումը ի հայտ չգա…

Դե լա՜վ, արդեն տաղտկալի եք դառնում: Գոնե հավուր քաղաքավարության լռեք կամ լուրջ դեմք ընդունեք: (Աստված իմ, ո՜նց եմ ձանձրացել տափակ բառերից ու կարկամ հայացքներից…): Խնդրում եմ՝ լռե՛ք… ձայն մի՛ հանեք: Այս լռությունը հազար ոսկի արժե…

* * *

Անհնար է նկարագրել հոգեկան այն խռովքն ու միաժամանակ հրճվանքը, երբ մտածում եմ, թե ինչեր են պահվում այս գաղտնի սենյակում:

Մի քանիսը միայն թվարկեմ՝ բոլոր բնագիր պարականոն ավետարանները, Կաբալայի մասին բոլոր գրքերը, շումերներից հասած բոլոր գրավոր արձանագրությունները աշխարհի արարման ու մարդկության ծագման մասին, Եգիպտոսի և մյուս բուրգերի կառուցման մանրամասն աղբյուրները, Նասկայի հովտի հսկայական գեոգլիֆների նշանակությունն ու իմաստը, Ատլանտիդայի պատմությունը, լիակատար տեղեկություններ մարդկության ու ռասաների ծագման մասին, տիեզերքի արարման պատմությունը և քարտեզագրքերը (իսկ դուք գիտե՞ք, որ մեր տիեզերքը վերջավոր է), երաժշտական տեմպերացիայի բացատրությունը, ըստ որի՝ օկտավայում ոչ թե յոթ, այլ տասներկու տոն է և յոթ կիսատոն: Այդ սկզբունքով կատարված երաժշտական գործերը լրիվ այլ հնչողություն ունեն՝ երկնամերձ ու տիեզերական բոլոր հուներն ընդգրկող ու բացատրող…

Ձեռքս է ընկնում նաև մաթեմատիկայի մի դասագիրք, որի հիմքում շումերական վաթսունական հաշվարկման համակարգն է, և բացակայում են իռացիոնալ և տրանսցենդենտ թվերը: Ըստ այդ համակարգի, մասնավորապես, շրջանագծի երկարության և նրա տրամագծի հարաբերությունը ռացիոնալ թիվ է… գրքերից մեկում Ֆիբոնաչիի ամբողջական տեսությունն է ու դրա մեկնաբանությունը: Մի առանձին դասագիրք նախալեզվի ծագումնաբանության մասին է ու նրանից սերող մյուս բոլոր լեզուների: Ժողովածուներից մեկը ներկայացնում է մարդկության իրական պատմությունը՝ առաջին օրերից մինչև վերջին օրերը… Եվ այդ ամենը՝ հստակ ու պարզ, առանց որևէ անհարկի շաղակրատանքի: Մեկ այլ տեղեկագիրք ներկայացնում է Տիբեթյան Ակաշի քրոնիկոնները, որոնցում ժամանակը պայմանական չափում է… «Տեր իմ Աստված », – հազիվ շշնջում եմ: Ես Նոր ժամանակների առաջին մարդն եմ, որն իրավունք է ստացել մտնելու այս կնքված դռնով ու տեսնելու այս ամենը:

Ձեռքս մեկնում եմ ու վերցնում ինձ մոտիկ դրված կաշվեպատ գրքերից մեկը: Ֆերմայի ինքնագիրն է՝ իր անունով հայտնի թեորեմի մանրամասն և ապշելու աստիճանի պարզ ապացույցով՝ ընդամենը երկու էջի վրա… Փորձում եմ սերտել ու հիշել, քանի որ գիտեմ՝ այս գրադարանից որևէ բան հանելն անհնար է…

Երազումս մի ձայն (երևի հրեշտակներից մեկն է) ինձ ասում է, որ այս գրադարանի վերջին պահակը կամ գրադարանավարը Էվարիստ Գալուան է եղել, և հենց դրա համար են նրա գլուխը կերել քսանմեկ տարեկանում…

* * *

Քննիչ Թեոֆիլյանն անջատեց համակարգիչը, առանց շորերը հանելու պառկեց մահճակալին, ձեռքն առավ Évariste Galois (préf. Émile Picard), OEuvres mathématiques d’Évariste Galois: publiées sous les auspices de la Société mathématique de France գիրքն ու, անմեկնելի ժպիտը երեսին, թաղվեց ընթերցանության մեջ...

 

8-Ի ԵՎ ԿԱՊՈՒՅՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ

«…Այս քաղաքում ինձ միշտ երկու բան է զարմացնում ու մտորելու առիթ տալիս՝ կարմիր արեգակի ներքո ծաղկող բալենիներն ու թափառական շները: Երկուսին էլ միշտ հիացմունքով ու ակնածանքով եմ նայում: Երկուսն էլ ինձ հիշեցնում ու կապում են մայր բնության հետ, այլապես հիրավի խելագարվել կարելի էր այս քարե ջունգլիների ու աղմուկի տարտարոսում: Երբ երեխա էի, ինձ թվում էր, որ ձյան առաջին փաթիլը հենց ի՛մ ձեռքին է իջնում: Հիմա քիչ բան է փոխվել: Ես դեռ վստահ եմ, որ Ձմեռ պապիկն իրոք գոյություն ունի: Որ ձյան առաջին փաթիլն իրոք իմն է, և որ բալենու առաջին բացվող ծաղիկը հենց ես եմ տեսնում: Եվ ո՞վ կարող է ինձ արգելել նման հեքիաթներով ապրել: Չէ՞ որ այս ամենը լցնում է մեր կյանքը, դարձնում հեքիաթի պես գեղեցիկ ու անրջական, ինչպես Բախի Es-moll պրելյուդը…

Իսկ դուք երբևէ նայե՞լ եք թափառական շների աչքերին: Նկատե՞լ եք՝ ինչքան սպասում ու կարոտ կա դրանց մեջ: Ինչքա՜ն հույս ու հավատ… Տանն ապրող ու տեր ունեցող շներն այլ հայացք ունեն: Դրանցում հույս ու սպասում չկա: Իսկ անօթևան շները սպասում են հույսով ու հավատով… Եվ բալենիները… Նրբագույն թերթիկներով այդ հրեշտակները, որոնք ինչ- որ հրաշքով հայտնվել են քաղաքում, որ փափկացնեն մեր քարե հոգիները: Եվ ո՞վ պիտի պաշտպանի նրանց, եթե ոչ ես… Թող Աստծո պատժին արժանանան իմ հին քաղաքը քանդողները, բալենիները կտրողներն ու թափառական շներին գնդակահարողները… »:

* * *

Do (Dominus) = Աստված = Կարմիր

Re (Rerum) = Նյութ = Նարնջագույն

Mi (Miraculum) = Հրաշք = Դեղին

Fa (Familias Planetarium) = Մոլորակների ընտանիք = Կանաչ

Sol (Solis) = Արեգակ = Երկնագույն

La (Lactea via) = Հարդագողի ճանապարհ = Կապույտ

Si (Siderae) = Երկինք = Մանուշակագույն

* * *

Դաշնակահարը բացեց բերանը, սակայն ոչինչ չկարողացավ արտաբերել: Փորձեց կանգնել, բայց ոտքերը ծալվեցին, ու ծանրորեն նստեց տեղը: Քննիչը մի կում էլ արեց իր գինուց ու կիսաձայն ասաց. – Այո, սիրելիդ իմ մաեստրո: Մի-բեմոլ, ֆա, սոլ-բեմոլ, լա-բեմոլ, սի բեմոլ, դո, ռե-բեմոլ և կրկին մի բեմոլ: Օղակը փակվեց ութի և կապույտի արանքում: Շատ փոքրիկ շեղումով: Վերագրենք դա մարդկային էության անկատարությանը:

 

ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ

Պրոֆեսորը չնկատեց, թե ինչպես ծխախոտի գլանակը մարեց իր մատների մեջ: Նա մնացորդը նետեց ձյան վրա ու սկսեց զննել, թե ինչպես են սպիտակ խոշոր փաթիլները կամաց- կամաց ծածկում այն: Ա՜խ, երանի կյանքի օրերն էլ այս ձյան պես անհետ թաքցնեին անցյալի սրտամորմոք պատկերները: Երանի այդքան հեշտ լիներ թերթել կյանքի անուրախ էջերը: Երանի ինքը վատ հիշողություն ունենար ու պարզապես մոռանար իրեն ցավ պատճառող այդ անցքերը: Երանի՜… Բայց ինչո՞ւ են փիլիսոփաները պնդում, թե անցյալը մոռանալու համար լավ հիշողություն է պետք: Միգուցե ինքն իզո՞ւր է տրվել այս մտատանջությանը: Ո՞վ գիտե: Միգուցե կյանքում հասունացե՞լ էր ընտրություն անելու պահը, ու ինքը գնաց իր ճակատագրի կողմից նախանշած ճանապարհով: Չէ՞ որ միայն արածն է արդարացվում կամ պախարակվում: Ո՞վ է դատվում չարածների համար:

Ո՞րն է այն ուժը, որին իրավունք է վերապահված դատապարտել իրեն չարածների համար: Եվ ինչո՞ւ այդ նույն ուժը չի արդարացնում իր ընտրությունը: Որտե՞ղ է միջինը: Դրա ո՞ր կողմում է բարոյականն ու արդարը, իսկ ո՞ր կողմում՝ քստմնելին ու դժխեմը: Ո՞ր նժարի վրա է դրված միջին վիճակը: Կյանքի՞: Եթե այդպես է, ուրեմն հենց ինքը կարող է որոշել, թե որ կողմ պիտի թեքվի Ֆեմիդայի կշեռքը: Ինքը կլինի իր դատավորը, մեղադրյալն ու դատապաշտպանը: Եվ ինքն իրեն կարդարացնի երդվյալ ատենակալների աչքին, քանի որ դրանց դերում էլ հենց ինքն է հիմա: Եվ սին է մեղքի այս համախտանիշը:

 

ՇԱԽՄԱՏ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ

Արտաքուստ հանգիստ ու մոլորակների պես անշտապ՝ շախմատային պարտիան անցել էր միջնախաղի: Հենց միջնախաղում է դրսևորվում խաղի բուն բնույթը, երբ երևան են գալիս խաղացողների իսկական դեմքն ու բնավորության նուրբ գծերը: Վստահ չեմ, որ Հերակլիտը շախմատ է խաղացել, բայց նա ասում էր, որ մարդու ճակատագիրն ամփոփված է նրա բնավորության մեջ: Ընդսմին, ճիշտ է նաև հակառակ պնդումը՝ մարդու բնավորությունը նրա ճակատագրի դրոշմն է: Ուստի ժամանակի ամեն մի պահը մարդու կյանքում նրա ամբողջ անցյալն է, ամբողջ ներկան ու ամբողջ ապագան: Եթե զուգահեռ անցկացնենք, ապա կարելի է ասել, որ շախմատի յուրաքանչյուր քայլ միաժամանակ պատմում է թե՛ սկզբնախաղի, թե՛ միջնախաղի և թե՛ վերջնախաղի մասին:

* * *

Ամեն մարդ մի տիեզերք է, իսկ տիեզերքի ամենաէական բնութագիրը բարդությունն ու բազմաձևությունն է: Թերևս հենց դրանով է ամեն մարդ անհատական ու հետաքրքիր: Ինչպես և շախմատային ցանկացած պարտիա, որը մյուսներից տարբերվում է լոկ մի քայլով, դրանով իսկ անկրկնելի է ու յուրահատուկ: Եթե չլիներ այդ անվերջ բազմազանությունը, հնամենի այս խաղը վաղուց կորցրած կլիներ իր համընդհանուր հետաքրքրությունը՝ ինչպես մեռած լեզուներն ու քաղաքակրթությունները, որոնցով միայն սահմանափակ քանակով խենթեր են զբաղվում: Ես վստահ եմ, որ աքքադերենն ու մայաների քաղաքակրթության ճիշտ ու հետևողական ուսումնասիրողները նույնիսկ զարգացման ամենաբարձր կետում կարող են կարդալ դրանց կործանման ուղերձը:

Այստեղ մի շատ նուրբ պահ կա. կատարված փաստից ելնելով միշտ ավելի հեշտ է կարդալ պակասող կամ փնտրվող տողերը: Եթե գիտես, թե ինչ ես փնտրում, ապա այնքան էլ դժվար չէ գնալ Միջագետք ու պեղել- գտնել Գիլգամեշի դյուցազներգության պակասող կավե սալիկները: Մի քիչ կամք ու վճռականություն է պետք բանացնել: Սակայն հմուտ և խորագիտակ ուսումնասիրողը, ով ի վիճակի է կենտրոնանալ, կարող է սկզբնակետն ու միջնակետն ուսումնասիրելով՝ կռահել և ապա գիտականորեն հիմնավորել ապագան: Մենք դրանց մարգարե ենք անվանում, բայց, ավա՜ղ, լուրջ չենք ընդունում:

* * *

Լուսաբացը մոտենում էր ու ահագնանում: Ես մի կերպ ինձ պոկեցի բազկաթոռից, դուրս եկա տնից ու քայլեցի դեպի գետը: Աննկարագրելի պահանջ էի զգում տեսնել շարժվող սառույցները: Հիմա, անցյալում կամ էլ ապագայում…

 

ԲԱՐՈՆ ՔԵՅՆՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«Եվ երբ դու երկար անդունդի մեջ ես նայում, ապա անդունդը ևս քո մեջ է նայում»:

Ֆրիդրիխ Նիցշե, «Բարուց և չարից անդին»,

աֆորիզմ 146 (գերմ., թարգմանությունը՝ Հակոբ Մովսեսի):

* * *

ՈԳԵՀՄԱՅՈՒԹՅԱՆ ՍԵԱՆՍ #1

Մասնակիցների քանակը՝ 1

Ժամը՝ 01:25

Պիտույքներ՝ Ուիջի տախտակ, կերամիկական տառացույց, մոմեր

Կանչվող՝ Ուիլյամ Շեքսպիրի հոգին

Հենց սկզբից ինձ տարօրինակ զգացում համակեց: Այնպիսի տպավորություն ունեի, թե գաղտնի սողոսկել եմ մեծն անգլիացու ննջարանը, ուր նա անվրդով քնած է, ու մոմի լույսով գաղտագողի հետևում եմ նրան ու նրա համաչափ շնչառությանը: Ենթագիտակցորեն գլխի ընկա, որ ոգին արդեն ներկա է: Շուտով հավաքեցի ինքս ինձ ու տվեցի առաջին հարցս.

– Ուիլյամ Շեքսպիր, դուք որտե՞ղ եք:

Հարցս կրկնեցի մի քանի անգամ՝ որոշակի դադարներով: Ուիջի տախտակի տառացույցի մտքով անգամ չէր անցնում փոխել իր դիրքը: Ի վերջո այն սկսեց շարժվել ու տառերի օգնությամբ նկարել պատասխանը.

– Ստրեդֆորդ […] hիմա ամեն տեղ […] միշտ մենակ […]:

– «Համլետի » հեղինակը դո՞ւք եք:

– Այո […]:

– Միա՞կ հեղինակը:

– […] հիմար հարց […] պատասխանել […] իմ որդի Համնետ […]:

– Ի՞նչ եք ցանկանում ինձ ասել հիմա: – Որքան բաներ կան, Հոր […] երկնքում և երկրի վրա որ երբևիցե փիլիսոփայությունդ […] երազել։

– Ես այլ հարցեր չունեմ: Գնացե՛ք: Բարի գիշեր:

– […] միայն գիշեր […] երբեք հանգիստ գտնել […] պատիժ:

* * *

Քեյնս, Լիզա, Նիցշե, Շեքսպիր, գլխավոր հաշվապահ, Ջոն Քեյնս, Պոլ Դիրակ, Լիզա, Ջոն Մեյնարդ Քեյնս…

* * *

Նիցշեն մի առիթով նկատել է, որ մաթեմատիկոսները հաստատ գոյություն չէին ունենա, եթե ի սկզբանե իմանային, որ բնության մեջ ո՛չ կատարյալ ուղիղ գիծ կա, ո՛չ իրական շրջան և ոչ էլ բացարձակ արժեք: Մենք միայն կարող ենք ձգտել դրանց: Կատարելության հասնել հնարավոր չէ:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ