«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Ի՞նչ էր թաքցնում հին սունդուկից գտնված թղթապանակը...». ԿՈՐԻՆ ԶԱՐԶԱՎԱՋՅԱՆ

 

Ֆրանսիայում բնակվող հայուհի, դերասանուհի Կորինի՝ Հերմինե  Զարզավաջյանի, հետ Երևանում հանդիպելու պատեհություն չունեցանք: Երբ մենք «հայտնաբերեցինք» Կորինին, նա արդեն մեկնել էր:

Մենք պատեհություն չունեցանք նաև թերթելու այն հին նարնջագույն թղթապանակը, որ պատահաբար լույս աշխարհ եկավ անհայտությունից ու փոխեց Զարզավաջյանների կյանքի ընթացքը:

Մենք դեռևս չենք թերթել նաև խնամքով ու սիրով ստեղծված այն բարձրարժեք գիրքը՝ Արևմտյան Հայաստանի ու հայկական խոհանոցի մասին ֆրանսերենով պատմող «Հայկական խոհանոցը», որն արդեն ամիսներ շարունակ ֆրանսիական հեղինակավոր հեռուստաընկերությունների եթերից, մամուլի էջերից անլռել պատմում է մի հայ ընտանիքի պատմություն:

Ի՞նչ կապ կար Հայոց ցեղասպանության հետևանքում Ֆրանսիայում հայտնված հայ ընտանիքի, տասնյակ տարիներ հին սունդուկում սրբորեն պահպանված ու հայկական խոհանոցի գաղտնիքներն անթեղած հին թղթապանակի ու «Հայկական խոհանոց» սքանչելի մի գրքի միջև, որը փորձում է ներխուժել նրբահամ խոհանոցով մարդկությանը զարմացրած ֆրանսիական աշխարհ:

Նույնիսկ Շարլ Ազնավուրին է հասցրել հիացնել:

Ո՞վ է Կորին-Հերմինե  Զարզավաջյանը, ի՞նչ ընտանիքից է, ինչպե՞ս գտնվեց տասնամյակներով պահպանված հայկական խոհանոցի մասին պատմող ձեռագիրը...

Մենք չէինք կարող չփնտրել ու չգտնել Կորինին, որովհետև «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի  առաքելություններից է մեկ մեդիատարածքում «հավաքել» Հայաստանում, աշխարհում ապրող պրոֆեսիոնալ հայ մասնագետի՝ ժուռնալիստի, գիտնականի, ճարտարագետի, բժշկի, դերասանի, նկարչի, երաժշտի, ճարտարապետի, գրողի, կոմպոզիտորի, կինոգործչի, մենեջերի, քաղաքագետի, բիզնես մարդու, վերլուծաբանի, մանկավարժի, դիզայների, խոհարարի, մարքետոլոգի, IT հայի… և այլոց, ասել է թե՝ աշխարհի հայի պրոֆեսիոնալ, ստեղծական միտքը:

Եվ ահա, մենք փնտրում ենք Կորինին համացանցի աներևակայելի աշխարհում, և Կորինը սիրով համաձայնում է պատասխանել մեր հարցերին.

- Նախ կպատմե՞ք Ձեր ընտանիքի, Ձեր արմատների, Ձեր ծնողների մասին: Ինչպե՞ս նրանք հայտնվեցին Ֆրանսիայում:

- Իմ ընտանիքը Ֆրանսիա է հասել Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից, Դիարբեքիրից, ինչպես ասում են թուրքերը: Իմ թե՛ հայրական, թե՛ մայրական կողմի մեծ ծնողներն ապրել են Տիգրանակերտում: Մենք մեծ ու համերաշխ ընտանիք ենք ունեցել: 1915-ի Ցեղասպանության օրերին նրանք մի օրում կորցրել են ամեն ինչ՝ ծնողներին, հարազատներին, ընկերներին, տունն ու ունեցվածքը և մի կերպ կարողացել են հասնել Մարսել՝ անցնելով երկար և աներևակայելի տառապանքների միջով:

Մեծ հայրս Մարսելում անմիջապես աշխատանքի է անցել քաղաքին մոտ ածխահանքերից մեկում, որպեսզի կարողանա պահել ընտանիքը: Հետո նա լուցկիներ է վաճառել Մարսելի շուկաներում, իսկ մեծ մայրս, որ լավ դերձակ էր, հագուստներ է պատրաստել և օգնել է պապիկիս դրանք վաճառել: Նրանք կարողացել են տեղափոխվել Փարիզ, իրենց աշխատասիրության ու նպատակասլացության արդյունքում հաջողել են փոքրիկ մի տարածք գնել Փարիզի Le sentier տեքստիլագործների թաղամասի մեծածախ վաճառականների մոտ, մինչև, որ կարողացել են ներդրում անել այդ թաղամասի տրիկոտաժի ատելիեյում: Եվ նրանք դարձել են առաջին հայ ձեռնարկատերն այդ թաղամասում:

- Հիշո՞ւմ եք Ձեր մեծ մայրիկին, մեծ հայրիկին:    

Մենք նույն տանն ենք ապրում և մեր տունը միշտ լեցուն է հյուրերով, բարեկամներով, ընտանիքի անդամներով: Արդեն երեք սերունդ է լինում մեր տան սեղանի շուրջը: Նրանք մեզ միշտ պատմում էին, թե ինչպես են բոլորով միասին ու սիրով ապրել Տիգրանակերտում, ինչպես են սրբորեն պահպանել հայ ընտանիքի ավանդույթները, սովորույթները, ընտանեկան կարգերը: Պատմում էին, թե ինչպես են թուրքերը, որոնք նաև իրենց ընկերներն ու հարևաններն են եղել, սպանդի ենթարկել իրենց ծնողներին, մտերիմներին: Դրանք սարասփելի պատմություններ են, որոնց ականատես են եղել մեր մեծ ծնողները: Այնպե՜ս ցավալի էր նրանց համար այդ ամենը պատմելը: Մենք երբեք այդպիսի վայրագությունների մասին չէինք լսել:

- Պատմո՞ւմ էին Ձեր ընտանեկան ավանդույթների, սովորույթների մասին:

- Այո: Մեր ընտանիքը միշտ սրբորեն հետևել է հայկական ավանդույթներին, միշտ նշել է հայկական տոները, զատկական օրերին միշտ հատուկ պատրաստություններ է տեսել: Իմ տատիկն ու պապիկը շատ կապված էին նաև հայ եկեղեցու հետ: Պապիկս միշտ երազում էր եկեղեցի կառուցել ի հիշատակ իր հարազատների և կառուցեց Լիոնի Սուրբ Հակոբ եկեղեցին: Մեր ընտանիքն, իհարկե, միշտ փորձել է ֆրանսիական հասարակության մաս կազմել, բայց միշտ էլ զուգահեռաբար պահպանել է մեր ինքնությունը, մեր լեզուն և մեր ավանդույթները:

- Խոսե՞նք հայկական խոհանոցի հետ Ձեր կապվածությունից:

- Այո: Գիտե՞ք, երբ մենք փոքր էինք, շատ ժամանակ էինք անցկացնում խոհանոցում: Իմ տատիկն ու մայրիկը ավանդական հայկական ուտելիքներ էին պատրաստում: Ես փոքր աղջիկ էի ու հաճախ էի լոբի մաքրում, բանջարեղեն մաքրում, սուրճ պատրաստում: Իմ տատիկն ինձ սովորեցրեց վերարտադրել այն, ինչը չորս հազար տարվա պատմություն ունի: Տատիկս ու մայրիկս հրաշալի խոհարարներ էին: Այդքան հեշտ չէ լավ բան պատրաստելը: Նրանք միշտ ինձ խրախուսում էին, լավ խորհուրդներ էին տալիս ու սովորեցնում էին պատրաստել այնպես, որ ոչինչ դեն չնետեմ: Սա էլ մի յուրահատուկ համակարգ էր:

- Կպատմե՞ք, թե ինչպես գտաք այն ամենը, ինչը զետեղված է գրքում:

- Անշուշտ: Շատ պատահական: Ավելի քան մեկ տարի առաջ մենք փորձում էինք կարգի բերել մեր մեծ մայրիկից մնացած հիշատակները և եղբորս հետ պահարանի ներքևի մասում, խորքում պատահականորեն գտանք մի հին ճամփորդական սունդուկ: Այդ սունդուկի հետևի մասում մի մաշված դպրոցական թղթապանակ կար, նարնջագույն մի թղթապանակ, որում մայրս ավելի քան տասը տարի իր գեղեցիկ ձեռագրով խնամքով գրել էր մեր մանկության օրերի հայկական ուտելիքների բաղադրատոմսերը: Ամեն ինչ մանրամասն գրված էր և ոչ միայն բաղադրատոմսերը, այլև, թե մանկության օրերին ո՞րն էր մեզնից յուրաքանչյուրի սիրելի ուտելիքը և այլն:

Դա մի իսկական ու վառ սիրո վկայություն էր դեպի մեր արժեքները, մեր մանկությունը, մեր ինքնությունը: Դա մի ոչ սովորական ժառանգություն էր:

Մենք մտածեցինք, որ նարնջագույն այդ թղթապանակն անպայման պետք է գիրք դառնա, որովհետև այնտեղ ոչ միայն բաղադրատոմսեր էին, այլ նաև ճաշերի ու ուտելիքների հետ կապված պատմություններ, որոնք, կարծես, ավանդապատումներ լինեին, մեր ազգային սովորույթները բացահայտող հեքիաթներ: Մենք այդ թղթապանակից իմացանք, օրինակ, որ եթե Տիգրանակերտում աղջիկը սուրճ էր մատուցում իրեն կնության տանելու եկած տղային, ու եթե սուրճը քաղցր էր անում, ուրեմն պատրաստ էր այդ տղայի կինը դառնալ: Սա ավելին է, քան հայկական սուրճի բաղադրատոմսը:

Այնուհետև հանդիպեցինք հեղինակավոր հրատարակչի՝ «Solar Editions»-ի հետ, որին շատ հետաքրքրեց մեր գտածոն և այն գրքի վերածելու մեր գաղափարը՝ նուրբ, զգայացունց և հրաշալի, որովհետև հայկական խոհանոցը շատ քչերին է հայտնի: Գրքում  իննսուն բաղադրատոմս է՝ որոնք բոլորն ինքս պատրաստել եմ, լուսանկարել:

Հայերիս համար խոհանոցը շատ կարևոր է, քանի որ այն միացնում է մեզ: Այս գրքում ընտանեկան խոհանոց է, մեր ընտանիքի սիրով լի խոհանոցը, որը մենք բաժանում ու կիսում ենք մեր ընկերների, մտերիմների, հարևանների հետ: Մենք շատ հաճախ ենք եղբորս՝ Ռիչարդի հետ մրցում «Բյորեկ» պատրաստելու մեջ, իսկ մեր մյուս եղբայրը՝ Րաֆֆին, գնահատում է մեր խոհարարական արվեստը: Հայկական խոհանոցի ուտելիքներ պատրաստելը մեզ տանում է դեպի մեր մանկությունը, մեր մանկության հիշողությունները: Երբ ես «Բյորեկ» էի պատրաստում պասի օրերին, տատիկս միշտ ասում էր. «չմոռանաս խմորի վրա խաչ անել, որ այն լավ բարձրանա»: Ես այսօր էլ նույնն անում եմ, ինչ այն ժամանակ և միշտ այն տպավորությունն եմ ունենում, թե նրանք ինձ հետ են, իմ կողքին, խոսում են ինձ հետ և միշտ ասում են, որ սիրով պետք է պատրաստեմ:

Այսօր մենք բոլորին հնարավորություն ենք տվել բացահայտել հայկական խոհանոցը, նրա առատաձեռնությունն ու հյուրասիրությունը, և մեր խոհանոցը դրել ենք ուշադրության կենտրոնում:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ