Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

«Ինչո՞ւ էր ծանակվում հոգեբուժությունը...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

Անցյալ շաբաթ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում ներկայացրել էինք ԱՄՆ-ում բնակվող հայտնի բժիշկ-հոգեբույժ Վարդգես Դավթյանի «Տոտալիտար մտածողության, հոգեկան ավտոմատիզմի և ազատախոհության արանքում (հոգեբուժական մի էքսպերիմենտի մասին) բացառիկ հետաքրքիր և յուրօրինակ շարքի առաջին նյութը՝  «Անժառանգ առաքյալը» և խոստացել էինք շարունակել հոգեբուժական էսսեները:

Այսօր ներկայացվող նյութը հերթական շատ հետաքրքիր դիտարկումներն են, որոնք ստիպում են նոր հայացքով նայել անցյալին և եզրահանգումներ անել հանուն ապագայի:

 

«Մարտի են գնում միայն ծերունիները» սրտառուչ ֆիլմի բեմադրիչ, սիրված դերասան Լեոնիդ Բիկովը 60-ականների սկզբին նկարահանել էր «Զայչիկ» կինոկատակերգությունը , որտեղ ռոմանտիկ, արդարամիտ, մի քիչ էլ տարօրինակ բնության տեր հերոսը մի երկու անգամ հայտնվում է հոգեբույժների ուշադրության կենտրոնում:

Պարզվում է, որ նրանք դոգմատիկ ուղեղի տեր, խենթավուն մարդիկ են և որ առողջին էլ կարող են խելագարեցնել: Նման «թեթևսոլիկ», «ծալը պակաս» հոգեբույժների հանդիպում ենք նաև Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմում: Նույն բթամիտ տիպաժները. նայում են, բայց չեն տեսնում, լսում են, բայց չեն հասկանում, խոստանում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը:

Երկար ժամանակ մտածում էի. ի՞նչն էր պատճառը, որ արևմտյան ֆիլմերում հոգեբանի կամ հոգեբույժի կերպարները, հիվանդի ապրումները և ընդհանրապես հոգեբուժական թեմաները ներկայացվում են պատշաճ խորությամբ, չափի և էթիկայի պահպանումով, գեղագիտական-հոգեբանական նրբությամբ, մինչդեռ սոցիալիստական ռեալիզմի մշակույթում՝ ծաղրուծանակով, երբեմն էլ՝ ցինիզմի հասցրած: Արևմտյան արվեստում՝ հիմնականում դրամատիկական, երբեմն էլ ողբերգության ժանրի մեջ, իսկ մեզանում՝ երգիծանքի և կատակերգության միջոցներով: Երջանիկ բացառություններով, որոնցից մեկն էլ վարպետ Գառնիկին պատուհասած հոգեխանգարմունքի տեսարանն է Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահում» կինոնկարում:

Կարելի էր կարծել, թե խորհրդային հասարակությունը չուներ հոգեբանական կուլտուրա, խուսափում (ավելի շուտ՝ սարսափում էր) հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանցից, իսկ հոգեբանին, առավել ևս հոգեբույժին, վերաբերվում էր իբրև խեղկատակի: Նման պատկերացումների փայլուն օրինակը մարմնավորել է մեծատաղանդ Ռոլան Բիկովը  «Ընտանեկան հանգամանքներով» կինոնկարում: Հիշո՞ւմ եք, երբ երիտասարդ ծնողները տուն էին հրավիրել այն գրոտեսկային դեֆեկտոլոգին, որ երեխայի լեզվական արատը շտկի, մինչդեռ ինքն էր տառապում լեզվական արատով: Ինչո՞ւ էր այդպես. ինչո՞ւ էին Խորհրդային Միությունում մարդիկ արհամարհում հոգեբուժության աշխարհը:

Շատ ավելի ուշ հասկացա, որ խնդիրը մասամբ է վերաբերում հանրության ունեցած ցածր հոգեբանական կուլտուրային, և ոչ էլ այն բանին, թե իբր արևմտյան հոգեբույժներն ավելի խելացի ու նրբանկատ են, քան մեր մասնագետները : Գաղտնիքը թաքնված էր մարդկային համակեցության բնութագրի, իսկ ավելի կոնկրետ՝ տոտալիտար-գաղափարախոսականացված հասարակության բուն էության մեջ: Նման հասարակություններում անձ (անհատականություն) կատեգորիա, որպես այդպիսին, գոյություն չունի: Անհատի գոյությունը ընդունվում (արդարացվում) է այնքանով, որքանով նա մաս է կազմում խմբի, դասակարգի, համայնքի կամ «օբշակի»: Ուրեմն անձն ամենուրեք հանդես է գալիս ընդհանուրի մեջ տարալուծված վիճակում: Անհատն ընդամենը ընդհանուրի մի բեկորն է, իսկ իդեոլոգիզացված ընդհանուրի մասնիկը չպետք է լինի թուլամիտ, խեղված, խենթ կամ խելագար: Ահա սա է: Այստեղից էլ՝ արհամարհանքը, ծաղրը կամ ատելությունը հոգեկան հիվանդների և այդ ոլորտի մասնագետների հանդեպ:

Գիտական հոգեբուժության հայրենիք համարվող Գերմանիայում 1933-45 թվականներին նացիզմի գաղափարախոսները ֆիզիկապես ոչնչացրին կամ ստերջացրեցին (ստերիլիզացրեցին) հարյուր հազարավոր հոգեկան հիվանդների: Եվ ոչ միայն Գերմանիայում: Խորհրդային Միությունում նպատակասլաց չոչնչացրին, սակայն թելադրող մտայնությունն այն էր, թե իբր կոմունիզմ կառուցող հասարակության մեջ պետք է գնալով քչանան նևրո-հոգեկան խանգարումներով տառապող մարդիկ:

Կարճ ասած, հոգեկան հիվանդների և հոգեբուժության նկատմամբ ադեկվատ վերաբերմունք կարող է լինել այն հասարակություններում, որտեղ անձը, անհատականությունը համարվում են բացարձակ արժեք: 80-ականների սերունդը, զարմանալիորեն, ամեն ինչ հասցնում էր. սովորել, վազել գրադարաններ, ծանր քննություններ հանձնել, սրճարաններ այցելել, դիսկուսիաներ վարել, կինո ու թատրոն գնալ, սիրահարվել և այս ամենի հետ՝ նաև աշխատել:

Երրորդ կուրսի ուսանող էի (հոգեբուժություն առարկան դեռ չէինք անցել), որոշեցի աշխատանքի անցնել Նորքի կլինիկայում, որպես բուժակ: Ինչո՞ւ հատկապես այնտեղ, որովհետև ինձ ասել էին, որ շաբաթ-կիրակի օրերի հերթապահությունները կրկնակի են վճարվում: Հոգեբուժական հիվանդանոցը ես պատկերացնում էի ճիշտ այն ձևով, ինչպես նկարագրված է Բելյաևի «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» գիտա-ֆանտաստիկ վեպում՝ մռայլ, տխուր ծառուղիներ, գերեզմանների նման հարդարված ծաղկաթմբեր (ծաղիկների մեջ գերակշռում են մանուշակն ու անմոռուկը), անհույս խելագարներ և գլխավոր բժիշկը՝ կլոր ակնոցով, չարագույժ դեմքով դոկտոր Ռավինոն. կիսասադիստ-ճիզվիտական կերպար, որը հատուկ մշակել էր «հոգեկան թունավորման» իր սիստեմը ...

( Շարունակելի )

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ