«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Ինձ առանց լվանալու կթաղեք...». ԳՅՈՒԼՉԻՉԵՔ ԳՅՈՒՆԵԼ ԹԵՔԻՆ

 

Մենք, սովորաբար, չենք սիրում առերեսվել մեր պատմության հետ: Ոչ մոտ անցյալի պատմության, ոչ՝ հեռու: Պատմության հետ մեր յուրաքանչյուր առերեսում հասարակական ցնցումներ է առաջացնում: Բացառիկ անհատներ են միայն կարողացել ուղիղ նայել պատմության աչքերին, սակայն նրանց ձայնը միշտ լռեցվել է համընդհանուր աղմուկի մեջ:

Բայց մենք սիրում ենք այլ ժողովուրդներից պահանջել՝ առերեսվել իրենց անցյալի հետ, մանավանդ, երբ այդ ժողովուրդների անցյալը շաղկապվում է մեր անցյալի հետ: Այն անցյալի հետ, որը մեզ ցավ է պատճառում:

Չորս տարի առաջ Թուրքիայում հրատարակվել է բացառիկ մի գիրք, որի միջոցով իրենց անցյալի հետ առանց երեսպաշտության առերեսվել են բազմաթիվ քրդեր, բարեպաշտ մահմեդականներ, հայկական ծագմամբ, արմատներով մարդիկ: Իսկ այդ առերեսումներն ուղղակիորեն առնչվում են Հայոց ցեղասպանության հետ:

«Ինձ առանց լվանալու կթաղեք» ու «Սև պատանք» վերնագրված առանձին գրքերով ազգությամբ քուրդ հայտնի պատմաբան, հրապարակախոս Գյուլչիչեք Գյունել Թեքինը, որը մշտապես փորձում է առաջ շարժվել տաբուների հաղթահարման ճանապարհով, բանավոր պատումներից գրի է առել մարդկային ամենատարբեր պատմություններ, որոնք վկայում են ինչպես այն մասին, թե ինչպես են քրդերը զանգվածային մասնակցություն ունեցել հայերի ցեղասպանությանը, և այն մասին, թե ինչպես են քրդերը մահից փրկել հարյուրավոր հայերի՝ հայ երեխաների, կանաց ու տղամարդկանց:

Եվ ահա մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի աշխատասենյակում հայտնաբերում ենք Թեքինի գրքերի հայերեն հրատարակությունը՝ «Ինձ առանց լվանալու կթաղեք. Քրդերը Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ մեկ գրքում զետեղված, Արտակ Շաքարյանի թարգմանությամբ, որը «Վերնատուն» հրատարակչատունը հրատարակել է պետական պատվերով, որը բարձրորակ ու բարձրարժեք հրատարակություն է, և ծնվում է «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի նոր շարքի գաղափարը՝ անդրադառնալ պետական պատվերով հրատարակված այն բացառիկ գրքերին, որոնք, իսկապես, թե՛ որպես գրահրատարակչական բարձրարժեք նմուշներ, թե՛ որպես գրական ժառանգության արժեքավոր նմուշներ ծնվել են պետության պատվերով, պետության կողմից, պետության աջակցությամբ՝ պարունակելով ճշմարիտ ուղերձներ:

Թեքինի պատմությունները սահմռկեցուցիչ են ու խորը դրամատիզմով լեցուն միաժամանակ: Այդ պատմությունները մարդկային յուրօրինակ ճակատագրերի բացառիկ վավերագրություններ են, որոնք անցնում են ատելության ու սիրո, քստմնելիության ու հերոսությունների, մարդուն ազնվացնող ու թևաթափ անող զգացումների միջով:

Մայրության զգացողության բացառիկ վավերագրություններ կան, մեծ սիրո զգայացունց դրվագներ, տղամարդկային առնականության ու ոչնչության, կնոջ տիեզերականության ու վեհության իրական պատումներ, որոնք վավերագրված են յուրահատուկ խնամքով: Գյուլչիչեք Գյունել Թեքինը եզակի զգուշավորությամբ է մոտեցել յուրաքանչյուր մարդու, որն իր հիշողությունների ծալքերից երևակել է անցյալը, պատմությունը: Նկարագրել է յուրաքանչյուր մանրամասն այն ճանապարհից, որն իրեն մոտեցրել է այդ մարդկանց: Մարդիկ, որոնք հիշում են իրենց կյանքի դաժան պատմությունը, կամ վերապատմում են իրենց հայրերից ու մայրերից, պապերից ու տատերից, ազգականներից, մտերիմներից լսած պատմությունները, որոնք անթեղել էին տարիների հեռվում:

«Երբ Վանում ուսումնասիրություններ էի անում, ինձ օգնում էր Վանի ուսուցիչների արհմիության նախագահ Լեզգին Բոթանը:... Երբ ընկեր Լեզգինի հետ զբոսնում էինք փառատոնի ժամանակ, հանդիպեցինք ընկեր Սելիմին և նրա կնոջը՝ Սյուզանին:...Հյուրընկալվեցի ընկեր Սելիմի տանը: Ընկեր Սելիմն ու Սյուզանը անչափ հաճելի զավակներ ունեին: Սատանայի խելք ունեցող աղջիկը՝ Բերիվանը, ինը տարեկան էր, իսկ դեռ նոր-նոր քայլել սովորող որդին՝ Ջիվանը՝ մեկ: Հաջորդ օրը՝ նախաճաշից հետո պատշգամբում Սյուզանի հետ զրույցի բռնվեցինք: Սյուզանը շատ անկեղծ էր ու քաղցրալեզու: Այստեղից-այնտեղից խոսելուց հետո խոսքը հասավ հայերի ջարդերին, ու Սյուզանն ասաց, որ իր տատը հայ է:...

Երբ գնացինք Իդիլ, առաջին մարդը, որի հետ ծանոթացանք, Մեհմեդ Սալթն էր: Մեհմեդ Սալթը մեզ օգնող մի ընկերոջ աներն էր, և հայկական կոտորածների մասին պատմությունները նրա հոգու վրա մեծ հետք էին թողել: Այնպես էր նրա վրա ազդել հայկական ջարդերի ողջ սարսափը, որ դրա մասին պատմելիս չէր կարողանում զսպել արցունքները: Ահա, թե ինչ պատմեց մեզ 1952 թ. Իդիլում ծնված Մեհմեդ Սալթը:

«Ձեզ կպատմեմ մի պատմություն, որն իմ խիղճը չի ընդունում...»...

Ահա այսպիսի նախապատմություններով է Թեքինը ներկայացնում այն մարդկանց պատմությունները, որոնցից շատերը նոր կյանք են սկսել՝ մշտապես հիշելով իրենց նախկին ընտանիքները, ոմանք կորցրել են հիշողությունների որոշ թելեր՝ խճճված իրենց նախնիների խառնամուսնություններում, ոմանք սրբորեն պահպանել են իրենց վարք ու բարքի կանոնները, ոմանք նոր վարք ու բարք են որդեգրել՝ իրենց հոգու գաղտնարաններում մշտապես դեմ-հանդիման ելնելով իրենց սրբազան գաղտնիքներին:

Եվ, այնուամենայնիվ, նրանք ապրել են լռության մեջ, մինչև այն պահը, երբ Գյուլչիչեք Գյունել Թեքինը մեծ հմտությամբ ու տիտանական ջանքով կարողացել է խախտել նրանց լռությունը, վերադարձնել անցյալ՝ առերեսվելու անցյալի հետ:   

 ՍԵՅԻԹՀԱՆ ԷՐԴԵՄ

Բաթմանի նահանգի Սասունի գավառի Գյունդենու (Թեքէվելեր գյուղ)

Սեյիթհան Էրդեմ Օղրեթմենը մեր ընտանիքի փեսան է: Նա հորեղբորս կնոջ՝ Նազիմե Նգեմի զարմուհու՝ Սաադեթ Օղրեթմենի ամուսինն է: Ծնվել է 1956 թվականին:

«1915 թվականի կոտորածից առաջ մեր գյուղի մի կեսը հայ էր, մյուս կեսը՝ քուրդ: Ասում են, թե քրդերի ու հայերի հարաբերությունները միշտ լավ են եղել: Հայրս՝ Աբդուլ Ազիզը, կոտորածի ժամանակ 8-9 տարեկան էր: Ես հորս հաճախ եմ հարցրել, թե արդյոք հայերի ու քրդերի մեջ խնդիրներ եղե՞լ են: Նա պատասխանել էր, որ բացի աղջիկ փախցնելու դեպքերից այլ խնդիրներ չեն եղել»

«Հայրս պատմում էր, որ կոտորածների, ջարդերի հարցում պետությանն աջակցած քրդերը դառնում էին կամավոր զինյալներ: Նրանք առաջինն էին իմանում, որ ժանդարմներ են գալու գյուղ՝ գյուղը հայերից մաքրելու համար: Այս զինյալները մեր հարևան գյուղի հայերին հավաքել են ու ասել, թե նրանց կպաշտպանեն օսմանցիներից: Քանի որ հայերի ու քրդերի հարաբերությունները շատ լավ են եղել, նրանց մտքով էլ չի անցել, թե կարող են իրենց սպանել: Նույնիսկ պատմում են, թե հայերից մեկը խնդրել էր իրեն ժամանակ տալ, որ արևի տակ կապված-մնացած էշին գոմն անի ու գա, բայց զինյալներից մեկը նրան ասել էր, թե շուտով հետ են գալու: Ապա նրանց խաբելով տարել են մեր գյուղի հետևում գտնվող գտնվող անդունդի մոտ ու ժայռից ցած նետել»: 

ՄԵՀՄԵԴ ՔԻԼԻՍ

Սիիրթի նահանգի Էրուհ քաղաք

...Էրուհում գիշերեցի քաղաքապետ Մելիհան Օքթայի տանը: Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին քաղաքապետի ու նրա տիկնոջ պարզությունն ու անկեղծությունը: Նրանք երեկոյան հյուրեր ունեցան, որոնց հետ ես էլ ծանոթացա: Քաղաքապետ Մելիհանը ինձ ծանոթացրեց Մեհմեդ Քիլիսի հետ, որը եկել էր տիկնոջ և զավակի հետ՝ ասելով. «Ահա քո փնտրած մարդը...նրա հայրն է հայ»: Երբ Մեհմեդ Քիլիսին ասասի, որ ցանկանում եմ նրա հետ զրուցել հայերի մասին, նրա կինը դեմ եղավ դրան, սակայն Մեհմեդ Քիլիսն ընդունեց իմ առաջարկը: Ես իսկույն նրա հետ առանձնացա կողքի սենյակում ու մենք զրուցեցինք:

Ահա 1968 թ. Սիիրթի Էրուհ քաղաքում ծնված Մեհմեդ Քիլիսի պատմածը:

«Պապիս անունը Աբդո էր, նա Բիթլիսի նահանգի Մուտքի գավառից էր: Պապիս հայրը Մուտքի գավառում գյուղապետ էր: Պատմում են՝ դա մի գյուղ էր, որ հարուստ էր անուշահամ ջրով ու ընկուզենիներով: Աբդո պապս մահացել է 1984 թ.:

Աբդո պապս հայերի կոտորած ժամանակ 9 տարեկան է եղել, իսկ նրա քույրը՝ 7: Պապիս քրոջ անունը Ջեմիլե էր: Պապս պատմում էր, որ կոտորածից առաջ շատ հարուստ են եղել, որ նրա հայրը նույնիսկ ոսկե թագ ու ոսկե գդալներ է ունեցել: ...Պապաս այդ օրերի մասին հետևյալն էր պատմում. «Կոտորածի ժամանակ մենք քեռուս տուն էինք գնացել, ճաշում էինք, ոսպ էինք ուտում: Դեռ ճաշը չէր ավարտվել, երբ ամեն կողմից ճիչեր լսվեցին՝ փախե՜ք, փախե՜ք: Երբ մենք այդ ձայների վրա դուրս եկանք տնից, հայրս դեպի մեզ վազեց ու բղավեց՝ արագ փախե՜ք, փախե՜ք: Այնպիսի խառնաշփոթ էր, այնքան մարդ կար, որ դես ու դեն էին վազում մոլորված, որ մենք հորս կորցրինք տեսադաշտից: Մենք էլ փախչողների հետևից սկսեցինք վազել:...

ՖԻՔՐԻԵ ՄՈՐԱՔՈՒՅՐ

Բաթմանի նահանգի Քուրթալանի գավառ

Բաթմանում հետազոտություն անցկացնելիս իմացա, որ Քուրթալանում և նրա գյուղերում հայերի դեմ իրականացված մեծ կոտորածի մասին: Ընկերներիցս մեկի միջոցով իմացա նաև, որ որ նրա մորաքրոջ ընտանիքը հայկական ծագում ունի: Անմիջապես մեկնեցի Քուրթալան: Ծանոթ մեկի միջոցով գտա Ֆիքրիե մորաքրոջը, ես նրան չէի ճանաչում: Սկզբում նա հարցրեց, թե ումից եմ իմացել իր ընտանիքի մասին, ապա հայտնեց, որ չի ցանկանում խոսել այդ մասին՝ պնդելով, թե ոչինչ չի հիշում, ամենը մոռացել է: Սակայն քիչ հետո, տեղի տալով թոռների հորդորներին պատմեց իր իմացածը:

«Մորս անունը Շիքրիե էր, նրա հոր անունը՝ Ալի: Հորս թե մայրը, թե հայրը հայեր էին: Հայրական տատիս անունը Նարգիզ էր: Հորս ընտանիքը Զոքե գյուղից էր: Զոքեն Գարզանի գյուղերից էր, դա Բաթմանի շրջանում է: Մերոնք Բաթմանի զոքեցի հայեր էին, իսկ հորս մորական կողմն էլ Քուրթալանի Այնդարե գյուղից էր:

...1915 թ., երբ հայերին կոտորելու հրաման եղավ, Զոքե գյուղի բոլոր հայերին սպանեցին: Կոտորածի ժամանակ զինվորները մտնում էին գյուղ, հավաքում էին բոլոր հայերին մի տեղում և սպանում: Տատս՝ Նարգիզը պատմում էր.«կոտորածի ժամանակ ես ամուսնացած էի և երկու զավակ ունեի՝ երկու որդի: Երբ զինվորները հարձակվեցին մեր գյուղի վրա, ամուսինս՝ Վարդանը, ցուցամատը բարձրացրեց և ասաց, որ մահմեդական է, իրեն չսպանեն, սակայն մինևնույնն է, զինվորները աչքիս առաջ նրան էլ սպանեցին: Ջեմիլ բեգը (Զոքեյի բեգը) ինձ ու իմ երկու երեխաներինփրկեց մահից և, իր տուն տանելով թաքցրեց:...

...Հետո Ջեմիլ բեգն ամուսնացել է իմ տատ Նարգիզի հետ, հորս և հորեղբորս որդեգրել ու մեծացրել: Նարգիզ տատս այլևս երեխա չի ունեցել: Իսկ Ջեմիլ բեգն այլ կին ուներ, ու նրանից երեխաներ կային, ես նրանց ճանաչում եմ»:

ՍԵՎ ՊԱՏԱՆՔ

«Վա՜յ, վա՜յ...Մենք նրան ամենևին չկարողացանք հասկանալ, չկարողացանք նրա ցավը մեղմել: Մայրս միշտ իրեն միայնակ էր զգում ու տանջվում էր դրանից: Ոչ ոք երբևէ նրա վշտի պատճառը չհարցրեց: Նրա կյանքը սև էր, պատանքն էլ կյանքի նման սև եղավ»:

Շիրին Թանը իր մոր մասին ինձ պատմելիս լաց էր լինում՝ վերոհիշյալ նախադասություններն անընդհատ կրկնելով: Այնպես վշտալի ու սրտի խորքից էր ասում այդ «վայ»-ը, որ անհնար էր՝ մարդ չհուզվի ու չտխրի:

...Երբ մոր կյանքի պատմությունն էր ներկայացնում, անմիջապես տխրում էր, և ժպիտով լի դեմքը վշտով էր պատվում: Երբ ինձ պատմեց մոր կյանքի պատմությունը, նկատելի էր, որ ներսը ճզմվում է ցավի ծանրությունից»: ...Պատմությունն ինձ վրա այնպես էր ազդել, որ Շիրին քույրիկի մահացած մորը, որին երբեք չեմ ճանաչել, և որը ուղիղ 25 տարի առաջ էր մահացել, երազումս տեսա: Երազումս մայրը Շիրին քույրիկի հետ հայերեն էր խոսում: հաջորդ օրն իսկույն զանգահարեցի Շիրին քույրիկին ու պատմեցի երազս: Նա հառաչելով ինձ պատասխանեց՝ ա՜խ, որտեղի՞ց...:    

Եվ Թեքինը վավերագրում է Շիրինի մոր՝ Վարթեր Թումաջյանի և քուրդ Ջաֆերի պատմությունը: Վարթերի եղբայրը հրաժարվում է զորակոչվել և ծառայել իրենց կոտորող իշխանություններին: Ընտանիքում չեն հավատում, ասելով. «Պետությունն ինչո՞ւ պետք է մեզ սպանի»: Նա փախչում է լեռները, հետո հասնում Ռուսաստան...: Վարթերը քուրդ տղայի հետ ամուսնանում է գաղթից առաջ՝ 15-16 տարեկանում:

«Ընդհանրապես բռնագաղթի ժամանակ մահմեդական տղամարդիկ տեղահանության ենթարկվող ընտանիքների աղջիկների հետ կարողացել են ամուսնանալ, ամեն ոք կարողանում էր իր ուզած հայ աղջկան իրենով անել»:

Վարթերի ընտանիքն ամբողջությամբ ոչնչացվում է, դիակներն էլ նետվում Հիզոլ գետը: Վարթերը որոշ ժամանակ անց, երբ թույլատրվում է, վերադանում է գյուղ, ընտանք հիմնում, աշխատում: 1955-ին ստանում է լեռները փախած եղբոր նամակը... ԱՄՆ-ից:

Մենք, բնականաբար, ամբողջությամբ չենք ներկայացնում մարդկային պատմությունները, որոնք վավերագրել է Թեքինը, իսկ նրանք, գրեթե առանց բացառության, հուզականության անչափելի մեծ պաշար ունեն և կենսագրություններ են, որոնք ունեն անսպասելի ու ճակատագրական, դաժան ու երջանիկ ավարտներ: Պատմություններ են, որոնց մեջ ցեղասպանությամբ անցած մարդկանց միանման, բայց և չկրկնվող ճակատագրերն են:

Ինչպես «Խմբագրի կողմից»-ում գրում է գրքի խմբագիրը՝ բ.գ.թ., ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը.

«...Գիրքը մի յուրօրինակ արժեքավոր վավերագրություն է հենց այդ դաժան ժամանակների, որի միջոցով, ըստ էության, ուղղակի ականատեսի վկայություն է տալիս հենց քուրդ ժողովուրդը՝ ի դեմս հայերին սպանողների կամ նրանց փրկողների զավակների և թոռների, ժողովուրդ, որը հայերիս հետ զուգահեռ թերևս ամենատեղեկացվածն է Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այդ զարհուրելի իրողությունը շատ վայրերում տեղի է ունեցել հենց նրանց աչքերի առջև, որոշ դեպքերում նրա ներկայացուցիչների անգետ կամ գիտակցված մասնակցությամբ, դեպքեր, որոնք լի են թե՛ մարդկային ամոթալի արարքներով և թե՛ նույն մարդկային նվիրումով, խիզախությամբ ու վեհությամբ:

Այս ամենի համատեքստում հայերիս հայերիս պատմական հիշողությունը քուրդ ժողովրդի հանդեպ թեպետ հակասական է, սակայն այն պետք է ակնհայտորեն զանազանի ջարդարարի հային նաև սեփական կյանքը վտանգելով փրկող քրդից, հայկական հուշարձանը պղծողին այն վերջնական ավերումից պաշտպանող քրդից՝ հնարավորինս խուսափելով ամբողջ քուրդ ժողովրդին վերաբերող ընդհանրացումներից, չարդարացնելով ջարդարարին, չդատապարտելով մասնակցություն չունեցածին, երախտիքի տուրք մատուցելով փրկարարին և ներելով ապաշխարհողին...»:

Վավերագրությունները հավաքելու համար Գյուլչիչեք Գյունել Թեքինն աշխատել է Ամեդի, Ուրֆայի, Սասունի, Բոթանի ու Սրհատի տարածաշրջանների տարբեր բնակավայրերում, ներկայացնելով նաև շատ հետաքրքրական տեղեկություններ այդ տարածաշրջանների այսօրվա մասին:

«Երբ ծերացել էր, հաճախ էր կրկնում.«Ես լուսավոր օր չեմ տեսել: Օրերս միշտ սև էին, միշտ վշտի մեջ եմ ապրել: Կյանքս սև եղավ: Երբ մեռնեմ, պատնքս թող սև լինի»: Ապա ձեռքը հպում էր գետնին, հարթեցնում էր հողը և ասում. «Գերեզման էլ չպատրաստեք, թող հարթ լինի»...

Սա թեև պատմում է Թեքինի հերոսներից մեկը, բայց կարծում ենք, որ շատ հայ ընտանիքներում է եղել այս «երկխոսությունը»...

Հ.Գ. Թեքինի գիրքը ոչ միայն պարտադիր ընթերցանության գիրք է, այլև անսպառ նյութ կինոգործիչների, հեռուստատեսային արտադրողների համար: Իրապատում գրական հենք և ոչ մի հորինվածք, սցենարական կուռ կառուցվածքով շարադրանք՝ նույնիսկ համաշխարհային կինոյի համար: Այս հենքերի չիմացությունն է նաև պատճառը, որ կինոն ու հեռուստատեությունը լցված են հորինված, կեղծ պատմություններով, սերիլային մակարդակի պատումներով...

Այնպես որ, իմացեք:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ