Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

Իրականության ու երազանքի «ՓԱԿՈՒՂԻՆ»

 

Ակնոցի տակից նայող մարդու հայացքը ոչինչ, գրեթե ոչինչ չի ասում, կամ գուցե ասում է ամեն ինչ միաժամանակ: Ո՞ւր է նայում մարդը. անցյալի՞ն, որը մնացել է իր տարիների հեռվում, երազ է ու ոչ մի կապ չունի իր իրականության հետ, թե՞ իրականությանը, որը ոչ մի կերպ չի աղերսվում իր երազանքների հետ: Կյանքը մնացել է իրականության ու երազանքի փակուղում:

Գրողն ասում էր. «Կյանքը մեր ուզածով չեղավ…»:

Փակուղում մնացած մարդը՝ ժամանակից առաջ ճերմակած, անգուշակելի տարիքի, դեմքին բեռ, հոգս, մտահոգություն, վախ, անորոշություն՝ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի հերոսն է:

Հարություն Խաչատրյանի կինոն, որ հասունության ահռելի շրջան է անցել տասնամյակների մեջ, մնացել է մարդու մասին: Մարդկային պատմությունը կինոռեժիսորի կրեդոն է, հավատամքը: Կինոռեժիսորը մարդուն փնտրել է իր առաջին ֆիլմերից:

Փնտրել է «Կոնդի» փողոցներում, գետնամերձ տների պատուհաններից ներս, կյանքի, մահվան ու ծնունդի առեղծվածներում, սիրո գրկախառնություններում, փնտրել է «Սպիտակ քաղաքի» սև հորիզոններում, «Վավերագրողի» տառապանքի ու կռվի պայքարներում, մուրացիկների անորոշ հայացքներում, չվերադարձող պոետի վերադարձի ելակետերում ու անվերջ վերադարձող մարդու հավերժական փախուստներում:

«Փակուղին» ռեժիսորի՝ մարդու փնտրտուքի նոր շարունակությունն է:

Ժամանակակից կինոն կարծես հակված է ջնջելու բոլոր տեսակի ժանրերի սահմանները: Ժամանակակից կինոլեզուն կարծես կինոլեզվական սահմանափակումներ թույլ տալու «շռայլությամբ» կաշկանդված չէ, բայց Հարություն Խաչատրյանի կինոն տուրք չի տալիս կինոյի հետ անողոքաբար վարվելու այսօրվա հակումներին: Նրա կինոն տրենդային ձգտումներ չունի: Գուցե այն գիտակցմամբ, որ արվեստը, այդ թվում և կինոն, վերադառնում են ու վերադառնալու են մարդկային պատմությանը և սա անընդհատ վերադարձ է: Վերադարձ, որ ժամանակային վաղեմություններ չունի:

Անցողիկ են կինոլեզվային ձեռնածությունները, տեխնոլոգիական ու մտասևեռային շահարկումները: Մարդը սահման է, իսկ Հարություն Խաչատրյանը քայլում է մարդու սահմանով: Եվ հենց այն սահմանով, որն իր համար գծել է ինքը: Այդ սահմանում այնքան ներդաշնակորեն են միահյուսված տարբեր կինոժանրերի եզրերը, որ սահմանը տարալուծվում է, և ամբողջի մեջ կորում է ժանրերի սահմանային փշալարը, ու մարդը մնում է սահմանին մերկ:

Բարձրաձայն մտածող կինո է Խաչատրյանի կինոն: Ռեժիսորը չի մատուցում եզրահանգումներ, չի տալիս բանաձևեր, չի ձուլում կաղապարներ: Նույնիսկ չի ցույց տալիս իր մտահոգությունները, չի կիսում իր ապրումները: Նա չի պարտադրում հույզ կամ զգացմունք, չի կորզում կարեկցանք կամ խղճահարություն: Չի ուղղորդում  միտքդ և ուղղակի բարձրաձայն մտածում է: Դու ազատ ես քո ընկալումներում:

Արդյոք արտագաղթի մասի՞ն է Հարություն Խաչատրյանի «Փակուղին»:

Այո: Բայց և՝ ոչ:

Այո, արտագաղթի մասին է, որովհետև ֆիլմի հերոսը թողել է հայրենիքը, գնացել է ամերիկյան երազանքի հետևից, և խորտակել է կյանքն այդ երազանքի փնտրտուքներում: Բայց նույնիսկ այստեղ ռեժիսորը չի պարտադրում: Չի կաղապարում ասելիքը: Չի դատապարտում, չի գովաբանում, չի պարսավում ու չի խրախուսում:

Նաև արտագաղթի մասին չէ ֆիլմը, որովհետև մարդկային հարաբերությունները կարող էին այլ ընթացք ունենալ, կյանքն ու ժամանակը այլ տեղ կարող էին տանել մարդուն, թող որ արտագաղթած մարդուն, դիպվածը, ժառանգությունը, մտածողությունը, ապրելու մշակույթը կարող էին այլ հորիզոններ բացել:

Կինոմենախոսությունների վարպետությունը կատարելության է հասնում ֆիլմում: Սա նաև Խաչատրյանի կինոյի առանձնահատկություններից է: Նրա բոլոր կինոմենախոսությունները մի ընդհանուր գաղտնակապով միահյուսված են միմյանց:

Միմյանց հետ խոսում են նրա բոլոր կինոհերոսները՝ «Կոնդից» մինչև «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Քամին ունայնությունից» մինչև «Փակուղի»:

Կինոմենախոսություններն ուղղակիորեն դրված են ֆիլմի հիմքում: Դրված են մեծ արվեստով: Դրանք րոպե առ րոպե ավելացնում են ֆիլմի գույները ողջ ընթացքում, անընդհատ հյուլեացնում են ռեժիսորի ձեռագիրը, ամրացնում են դրամատիկական ողնաշարը: 

Ավտոմեքենաների ամերիկյան աղբանոցը, որը ֆիլմի առաջին կադրերից ուղեկցում է հանդիսատեսին, նախապես ոչինչ չի հուշում, չի բացում խաղաքարտերը, բայց պարզվում է հենց այդ աղբանոցում է բանալին, որը բացում է «Փակուղու» փիլիսոփայությունը: Իսկ այդ փիլիսոփայությունը ֆիլմի հերոսի կյանքն է, որը խորտակվել է նրա խորհրդային անցյալի, անկախ Հայաստանի առաջին տարիների և ամերիկյան երազանքի իրականություններին բախվելով:

Այդ բախումը վերածվել է կենսափիլիսոփայության, գաղափարախոսության, որն էլ կինոմենախոսությունների տեսքով մեծ հմտությամբ դրված է  ֆիլմի հիմքում:

«Հայաստանի անկախությունից հետո շատ ոգևորվեցինք ամբողջ ընտանիքով: Ծնողներս, մայրս: Ուրախացել էր խեղճ կնիկը: Աման տղաս, ինչ լավ կլինի հեսա, կամաց-կամաց: Լավ կլինի, շատ լավ կլինի: Ոչինչ, որ մի քիչ ցուրտ ա, մութ ա: Լավ կլինի, անկախ ենք արդեն: Անցան տարիներ.երեք տարի, չորս տարի, հինգ տարի: Հայաստանի վիճակը գնալով վատացավ, փոխանակ լավանա: Չկա վերաբերմունք մարդու նկատմամբ, չկա վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, չկա վերաբերմունք հայրենակցի նկատմամբ: Քեզ մարդու տեղ դնող չկա, օրենք չկա: Ոչ մի բնագավառ չդզվեց Հայաստանում…»:

«…Զգացմունքների, սիրո, վերաբերմունքի մասին մտածելու ժամանակ չկա…: …Պիտի շատ պայծառ լինես, որ շատ փող աշխատես, կամ պիտի շատ ավազակ լինես: Ոչ էն էս, ոչ էն էս, սովորական մարդ ես: Վերջացած մարդ ես: Քո նման լիքն է էստեղ…:…Սա թակարդ ա: Անտեսանելի թակարդ: Միկրո թակարդներից մինչև մակրո թակարդներ կան: Սաղ փակված ա սիրուն, սիրուն բաներով: Բայց թակարդ ա: Սաղ կյանքդ թակարդի մեջ ես: Էս թակարդից պրծնում ես, մյուս թակարդի մեջ ես…: …Մարդը բիզնես ա…: …Ընդեղ քանդում ես քո տունը, ստեղ չես կարում սարքես…: …Դու զգում ես, որ դարձել ես տարվող անիվ, ոչ թե տանող անիվ…:…Եկել ենք ազատ երկիր, բայց ազատություն չունենք: Շաբաթը վեց օր տասներկու ժամ պիտի գնաս աշխատես: Ի՞նչ ազատության մասին ա խոսքը…: …Էս երկիրը հաջողված մարդկանց համար ա, բայց հաջողված մարդիկ կյանքում տաս տոկոս կամ քսան տոկոս են…: …Հայ ազգը, հայ ժողովուրդն իրա սաղ դաստիարակությունը ստանում ա սեղանի շուրջը: Սեղանի շուրջը նստում ես, լսում ես մեծերին, ստեղ չկա էդ սեղանը…»:

Ու այսպես շարունակ: Ամբողջությամբ մեջբերելու գայթակղությունը մեծ է:

Ահա այս ու այսպիսի կինոմենախոսություններ, որ ֆիլմի սցենարային հիմքում կատարում են շաղախի դերը: Խորքային լուծումներ կան ֆիլմում, որ վարար վտակների նման միանում են գետին ու հեղեղում՝ անսասան պահելով սակայն սցենարային հիմքը:

Գերեզմանոցի տեսարանը, որտեղ մահը միայնակ մարդու միայնակ ավարտն է կարծես, չնչին մի բան այդ մեծ խառնարանում, ու մահը կարծես թաքցված լինի աշխարհից, ինչպես երևի թաքցված է մարդը:

Ծերանոցի տեսարանն ու հայ մարդկանց հուզական երգը, ասմունքը: Գիտակցված կամ՝ ոչ, որը կարծես կյանքի փիլիսոփայության ապակոդավորումն է:

Հանցանք գործածների վերադարձը դեպի կյանք: Մեղքից ձերբազատումն ու վերադարձը դեպի կյանք կարծես հենց տեսախցիկի առաջ է կայանում, ու հենց տեսախցիկի առաջ երևակվում է նյութականի ու աննյութի, անձնականի ու անանձնականի զուգահեռը, որոնք չեն հատվում երբևէ:

Տեսարանները Հարություն Խաչատրյանի կինոյում կարծես նկարահանված չեն: Ռեժիսորը չկա կադրի այն կողմում, նրա ներկայությունը, ձայնը, հայացքը չեն ճնշում որևէ մեկին: Կինոյի ու հանդիսատեսի հանդիպումը Խաչատրյանի պարագայում կարծես ավարտվում է նրա ֆիլմերի առաջին կադրերով:

Ինձ, համենայնդեպս, միշտ թվացել է, թե առաջին իսկ կադրերից դառնում եմ կինոհերոս: Ռիթմը, կադրի տևողությունը, դիտակետը, երաժշտությունը քեզ տեղափոխվում են ռեժիսորի կինոտարածք:

Ֆիլմի ավարտին, երբ ավտոմեքենաների աղբանոցում աշխատող կռունկները մանրամասնորեն, մեկ առ մեկ վերցնում են ավտոմեքենաների կմախքները, անխնա առանձնացնում մասերը, ճզմում անճանաչելիության աստիճանի, անզգամ այդ մետաղաաղբը կոկետորեն շարում գլուխ-գլխի ու մի վերջին անգամ վերջնականապես ճզմում, ոչ միայն տեսանելիորեն ուրվագծվում են մարդու և տիեզերքի, սահմանի ու անսահմանությունների, անհատի ու հանրությունների, անձի ու հասարակությունների հակասությունները, կյանքի, մարդկային փոխհարաբերությունների, ծնունդի ու մահվան, ապրածի ու չապրածի իմաստներն ու անիմաստությունները, այլև աներևակայելիորեն ուժեղացնում են Խաչատրյանի ասելիքային հիմքերը, որոնք գնում են դեպի աշխարհաքաղաքական, քաղաքակրթական, գաղափարախոսական, մշակութաբանական, գոյաբանական խորքեր:

Թեկուզ և ռեժիսորը չունենա այդպիսի նկատառումներ, ձգտումներ, հավակնություններ:

Ֆիլմի ավարտի այս տեսարանով «Փակուղին» դադարում է մի մարդու կյանքի պատմություն լինելուց, արտագաղթի պատմություն լինելուց, անձնային հարաբերությունների պատմություն լինելուց, նույնիսկ մի մարդու կամ նման մարդկանց խմբերի ողբերգություն լինելուց, և մտնում է այսօրվա փոփոխվող աշխարհի իրողությունների տիրույթը:

Իսկ գուցե իրո՞ք փակուղի է, որի մասին նրբորեն հուշում է ռեժիսորը: Գուցե իրո՞ք դեպի փակուղի է գնում աշխարհը, և գուցե իրո՞ք փակուղուն չտրվելու համար պետք է իմաստավորենք հայրենիք, պետություն, ընտանիք, ընկերություն, մարդ հասկացությունները:

Պատասխանները յուրաքանչյուրս իր համար է որոնելու, որովհետև այդպիսին է Հարություն Խաչատրյանի կինոն:


Հ.Գ. Հոդվածն առաջին անգամ տպագրվել է «Առավոտ» օրաթերթում

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ