Ադրինե Աճեմյան
Ադրինե Աճեմյան

 

Ադրինեն

լրագրող

դառնալ 

երազել է 

դեռ դպրոցում:

 

Մասնագիտությունը՝

հեռուստալրագրող:

 

Համոզված է,

որ լրագրողը

պետք է լինի

անկողմնակալ:

 

Անարդարությունը,

սուտը, իսկ

լրագրողի

դեպքում՝ 

կողմնակալությունը,

ոչ մի կերպ

չի հանդուրժում:

 

Ռեալիստ է:

Համոզված է,

որ գիտելիքից,

պաշտոններից

և ամեն ինչից

կարևորը 

մշտապես

Մարդ լինելն է:   

«...Իրենք ունեն իրենց ճշմարտությունը». ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

«Մենք ունենք պահանջատեր երեխա: Ես չեմ հիշում, որ իմ սերնդից, կամ նույնիսկ ավելի ուշ ծնված սերնդից որևէ մեկին, որը կգնար ու դասախոսին կամ ռեկտորին կասեր՝ տուր ինձ իմ հասանելիք գիտելիքը, իսկ այսօրվա սերունդը, ի ուրախություն մեզ, դա անում է: Ունենք բացարձակ ազատ մտածողությամբ երեխա, այն աստիճան, երբ դու զգուշորեն ես բանավիճում, որովհետև իր ճշմարտությունը կարծես թե ավելի շատ է տեղավորվում այս ժամանակաշրջանի մեջ, քան՝ քոնը: Դու կարող ես արտահայտել կարծիք, ասել, որ սա իմ ճշմարտությունն է, բայց իրենք ունեն իրենց ճշմարտությունը»:

Այսպիսի հետաքրքիր թեմայի շուրջ էինք զրուցում Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի հետ, երբ արդեն դիտել էինք առաջին կուրսեցի թերլեմեզյանցիների մի քանի տասնյակ աշխատանքներ:

Մենք քոլեջ այցելեցինք Ամանորից գրեթե ժամեր առաջ ու ականատես եղանք մի շատ հետաքրքիր իրավիճակի: Քոլեջի տարբեր լսարաններում առաջին կուրսի ուսանողների աշխատանքներ էին՝ գծանկարներ, քանդակներ, խեցիներ, գունանկարներ: Դասախոսները խմբերով շրջում էին լսարաններում, դիտում աշխատանքները, քննարկում, բանավիճում և՝ գնահատում: Ուսանողները միջանցքներում էին ու, հավանաբար, սպասում էին գնահատականներին:  

Մենք խնդրել էինք Աննա Մնացականյանին՝ թույլատրել «ՀԱՅԵՐԻՆ» դասախոսների հետ շրջել լսարաններում, ծանոթանալ այն ընթացքին, որ կոչվում է տարեվերջյան քննություն:

«Քննությունների այս պրոցեսը մի անհավատալի հետաքրքիր գործընթաց է: Տարեկան երկու անգամ մասնագիտական առարկաների քննություններ են, և սա այն պահն է, երբ դու մատդ պահում ես զարկերակի վրա: Ընդունելության քննությունների ժամանակ մենք գործ ենք ունենում այն երեխայի հետ, որը կարճ ժամանակահատվածում ինչ-որ խնդիր լուծելով կարողացել է մուտք գործել այն աշխարհը, որն ինքը պատկերացրել է: Դրանից հետո արդեն դու գործ ես ունենում իրականության հետ, ունենում ես ժամանակ՝ բացահայտելու այդ իրականությունը, ժամանակ՝ արժեհամակարգ սահմանելու, որովհետև կա մի դասական ֆորմատ, որը համամարդկային, ազգային ոսկե կանոն է բոլորի համար»,-ասում է Աննա Մնացականյանը:

«Դու ունենում ես կուրս, որտեղ հավաքվում են տարբեր անհատականություններ: Յուրաքանչյուր կուրս ունենում է իր ձեռագիրը, իր պատկերը: Դու նաև լոկալ արժեհամակարգ ես սահմանում տվյալ կուրսի համար: Իհարկե, առաջին հերթին արտացոլվում է կուրսի ղեկավարի ձեռագիրը: Օրինակ Շարաֆյան Արթուրը, որը մեր լավագույն դասախոսներից է: Նրա ուսանողներին հումորով ասում ենք «Շարաֆյանի վկաները», որովհետև, երբ քո մաեստրոն վարակում է քեզ, դա անջնջելի է»,-թեև հոգնած, բայց շատ ոգևորված պատմում է քոլեջի տնօրենուհին: Հոգնությունը հասկանալի է. ժամեր են մնացել տարվա ավարտին, իսկ նրանք դեռ տնտղում են առաջին կուրսեցիներին, շաբաթներ շարունակ տնտղել են այլ կուրսեցիների, դիտել են հարյուրավոր աշխատանքներ, քննարկել են, բանավիճել:

Մեր այցելության պահին «թիրախում» «Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ / գեղարվեստական խեցեգործություն բաժնի առաջին կուրսի ուսանողներն էին: Մենք, բնականաբար, լուռ հետևում էինք աշխատանքների քննարկմանը, գնահատումների հիմնավորումներին, դասախոսների հընթացս արվեստաբանական, մշակութաբանական վերլուծություններին: Իհարկե կային շատ ինքնատիպ լուծումներով արված գունանկարներ, շատ հասուն գծանկարներ, դիզայնի առումով՝ ուղղակի գտնված մոտեցումներ, զարդարվեստի նմուշներ, որոնք կարող էին որպես յուրահատուկ ոճային աշխատանքներ՝ ավարտուն և ամբողջական, ներկայացված լինել անգամ հեղինակավոր վարպետների կողքին: Ազգային զարդարվեստի, նախշարվեստի կիրառումը բավական յուրօրինակ էր, գունային լուծումները՝ շատ դեպքերում դեպի հայկական մանրանկարչություն տանող: Նույնիսկ որդան կարմիրի օգտագործումներ կային: Ժամանակակից ընկալումները ևս արտահայտված էին: Խեցեգործությունը ընդգծված առաջատար էր թե պատկերայնության, թե գունային համադրությունների առումով, բայց լսարանում մենք ընդամենը լուռ դիտորդի դերում էինք: Մեզ ավելի հետաքրքիր էին դասախոսների «բախումները»:

Դուրս ենք գալիս միջանցք ու ուսանողուհիներից մեկին՝ Զարուհի Թովմասյանինհարցնում եմ, թե ինչու է ընտրել հենց այս բաժինը:

«Այս բաժինն ընտրեցի, որովհետև այստեղ սովորում եմ ոչ միայն դիզայն, այլ նաև՝ դիզայն ծավալի վրա: Կարողանում ենք պատրաստել այնպիսի իրեր, որոնք հետագայում դառնում են կիրառելի: Ես ձգտում եմ սկզբում զբաղվել դիզայնով, հետո նոր ծավալի վրա արտահայտել այն, քանի որ, եթե դիզայնը, հաստատված էսքիզները չլինեն, հնարավոր չի լինի կավով ինչ-որ բաներ պատրաստել: Իրականում շատ մեծ երևակայություն է պետք ունենալ կավով աշխատելու համար: Խեցեգործությունն այն բաժինն է, որտեղ ամեն ինչ կիրառում ենք՝ թե քանդակ, թե դիզայն, թե գեղանկարչություն: Այստեղ բոլորն իրար լրացնում են: Մենք մի կետի մեջ տեսնում ենք գույներ, որ նրանք, ովքեր նկարիչ չեն, այդ գույները տեսնել չեն կարող: Պետք է հասկանաս խեցիի նպատակը կյանքում և ձեռք բերես ինքդ քո տեխնիկան»,-ասում է Զարուհին:

Առաջին կուրսեցիներից Միլենա Սարգսյանն ասում է, որ ինքը նպատակ ունի դառնալ հագուստի մոդելավորող, սակայն ընտրել է այս բաժինը, որովհետև իր կարծիքով «միայն հագուստի մոդելավորումը շատ քիչ է ճաշակ և որակ զարգացնելու համար»:

Վստահ ե՞ս, որ քեզ համապատասխան մասնագիտություն ես ընտրել,-հարցնում եմ մեկ այլ ուսանողուհու՝ Մարիաննա Քոչարյանին:

«Այո»-, ասում է Մարիաննան: «Բնավորությանս գծերն ամբողջովին համապատասխանում են ընտրածս մասնագիտությանը, քանի որ իմ բնավորության մեջ չկան սահմաններ, չափեր: Խեցին հենց ինքնին չափ ու սահման չի ճանաչում, բայց, օրինակ քանդակը, հիմնված է հստակ չափումների վրա: Նպատակս՝ դառնալ հագուստի մոդելավորող և ինտերիերի ձևավորող»,-ասում է Մարիաննան:

«Իմ կյանքի իմաստն ինչ-որ բան ստեղծելն է: Ինչ-որ բան պատրաստելիս նախապես պետք է հասկանաս, թե ինչ ես ուզում, ինչպես սկսես և ինչ է լինելու վերջում: Ես դեռ փնտրտուքների մեջ եմ, իսկ  այստեղ բոլոր հնարավորությունները կան ստեղծագործելու: Ժամանակակից արվեստը մեծ ֆանտազիա է պահանջում և ես մի բան անելուց անում եմ շատ ֆանտազիայով, որն էլ գործին ավելի մեծ հետաքրքրություն է հաղորդում»,-ասում է նույնպես առաջին կուրսեցի Սաբի Քամայանը:

Աղջիկների դատողությունները շատ համարձակ էին, ազատ, անկաշկանդ: Նաև՝ իսկապես կողմնորոշված էին, տեսնում էին իրենց անելիքները, անցնելիք ճանապարհը, հստակ գիտեին, թե ինչ են ուզում: Նույնիսկ բիզնես մտածողությունն էր տեսանելի: Աննա Մնացականյանը չէր սխալվում՝ նրանք պահանջատեր են, ազատ, մտածող: Նույնիսկ՝ ինքնավստահ, որ արվեստի պարագայում, հավանաբար գնահատելի է:

Մեր զրույցը շարունակում ենք տնօրենուհու աշխատասենյակում:

-Վախ չունե՞ք, որ ուսանողները կարող են կրկնօրինակել դասախոսին, մնալ նրանց ազդեցության տակ, որ դասախոսները կարող են իրենց մոտեցումներով ճնշել:

-Մեր դասախոսներն անհավատալի ազնիվ են: Մեզ մոտ ինկուբատոր լինել չի կարող: Դասախոսն իր ձեռագրով, այո, կարող է վարակել, բայց մեզ մոտ անհատականությունը երբեք չի ոչնչացվում: Ընդհակառակը, երեխայի միջից դասախոսները «փորում», հայտնաբերում են այն ջիղը, որը թաքնված է, և նույնիսկ երեխան շատ ժամանակ չի գիտակցում, որ ինքն այդ ջիղն ունի: Եվ այսպես թաթիկ-թաթիկ տված միասին անցնում են ճանապարհը: Հաջորդ, ամենահետաքրքիր փուլը երեխայի կյանքում դիպլոմային աշխատանքի պաշտպանությունն է, երբ չորս կամ հինգ տարի՝ գեղանկարի և քանդակի պարագայում՝ հինգ, դիզայինի, զարդային կիրառական արվեստի և ժողովրդական արհեստի պարագայում՝ չորս տարի, սովորելուց հետո, արդեն յուրացրած այբուբենը, «շարադրություն գրելու» ունակությունը և Աստծո տվածը միախառնված դու տալիս ես արդյունք: Մեկ տարի դիպլոմային աշխատանքի վրա աշխատելիս երեխան, ըստ իս, գրում է մասնագիտական դաշտում իր կենսագրության առաջին ամենակարևոր տողը: Պահը, երբ նա կայանում է, կամ՝ ոչ:

-Կա՞ն արդյոք բացառիկ ընդգծվածներ, որոնց ճանապարհն արդեն երևում է և երեխաներ, որոնք սխալվել են, այնուամենայնիվ:

-Ունենք ինչ որ մի տոկոս, և ինձ համար շատ նորմալ է, երեխաներ, որոնք, միգուցե պատահաբար են այստեղ հայտնվել, բայց միևնույնն է՝ Թերլեմեզյանից դուրս է գալիս ուրիշ երեխա՝ նվազագույնը գեղագիտական ճաշակ ունեցող, գրագետ ցուցահանդես նայող: Ունենք երեխաներ, որոնք լավ արվեստաբան են դառնում: Ունենք, այո, մոտ քսան տոկոս նաև բացառիկներ, որոնց հետ դու կարող ես որևէ դուռ բաց անել աշխարհում՝ եվրոպաներում, ռուսաստաններում, որտեղ որ չափաձող կա, և իրենք բացարձակ ազատ այդ դռները բացում են: Ինձ համար սա շատ առողջ և լուրջ տոկոս է: Սովորաբար, նորման հինգից քսան է: Մեր շրջանավարտները դրսևորվում են, որովհետև պարբերաբար շատ ներկայանալի վայրերում կամ շատ հնչեղ անունների կողքին մերոնց անունները շատ արագ սկսում են հնչել: Շատ լուրջ տոկոս մեր երեխաներից աշխատանք է գտնում մասնագիտական դաշտում: Այսինքն, երբ դու տալիս ես այն նախնական գիտելիքը, որը հետագայում գործատուին կամ բարձրագույն ուսումնական հաստատությանն օգնում է՝ երեխային մինչև վերջ «մշակելու», ես համարում եմ մեր առաքելությունը կատարած: Ինչ վերաբերում է բացառիկներին, կան, որոնք շարունակում են կրթությունը, օրինակ Սանկտ Պետերբուրգում, Եվրոպական տարբեր հաստատություններում: Կարող եմ ասել, որ ամեն պարագայում չի կորսվում այդ քսան տոկոսը:

-Հետաքրքիր է, որ աղջիկներն ավելի շատ են, հիմնականում աղջիկներ են: Նաև՝ կողմնորոշված են, ավելի բիզնես մտածողություն ունեն, ապագա կառուցելուն են միտված:

-Անհավատալի հետաքրքիր է ինձ համար այն փաստը, որ քոլեջում աղջիկներն ավելի շատ են: Հետաքրքիր է, որ, օրինակ 1926-1927 թվականների առաջին շրջանավարտների մեջ միայն երեք տոկոսն է աղջիկ: Ավագ սերունդների հետ զրույցներից ես հասկացա նաև, որ այդ աղջիկներն էլ հանդուրժելի կարգավիճակով են եղել, այսինքն՝ իրենք պարզապես ներկա են եղել, բացառիկներ լինում էին տաս-քսան տարին մեկ, իսկ հիմա մենք ունենք վաթսուներեք տոկոս աղջիկ: Շատ ուժեղ աղջիկներ: Այսինքն՝ տղաներն այստեղ լուրջ խնդիր ունեն: Այո, ես կարծում եմ, որ դա կենցաղից է, քանի որ կինն ակտիվացել է, շեշտադրումները դրվել են: Ես կառաջարկեի գենդերային հավասարակշռության մեջ ուրիշ խնդիր բարձրացնել, որովհետև արդեն այդ խնդիրը կա: Ինձ համար մշակութաբանության մոտեցումները, որ կա՝ արական մշակույթ, իգական մշակույթ, կան մասնագիտություններ, որտեղ միայն տղաներն են հաջողում՝ այդտեղ էլ է հավասարակշռությունը խախտվել: Ինչպես արդեն ասացի, մենք ունենք պահանջատեր երեխա: Մեզ մոտ հաճախ է լինում բանավեճ, ու երբ կուրսի մեծամասնությունը բարձրացնում է մի խնդիր, ասենք դասախոսի հետ կապված, ես միշտ փորձում եմ այդ խնդիրն ի շահ երեխայի օգտագործել: Իսկապես, երբ երեխան պահանջում է, իրավունք չունես չտալու:

-Իսկ կա՞ արդյոք այն գիտակցումը, որ մասնագիտական կրթությունն առավել կարևորվի:

-Քոլեջները կրթական դաշտում, ցավոք, լուսանցքում մնացին՝ ի տարբերություն բուհերի և հանրակրթական դպրոցի, որոնք միշտ ուշադրության կենտրոնում էին:  Հիմա, կարծես պահն է գալիս, որ մեզ արժևորեն: Թերլեմեզյանը 95 տարեկան կրթական հաստատություն է, մշակութային օջախ, բնականաբար, այստեղ ավանդույթները շատ լուրջ, առանցքային դեր են խաղում: Այդ ավանդույթները 95 տարի իրենց արդարացրել են: Չնայած ժամանակի փոփոխություններին՝ այբուբենը մնում է այբուբեն: Թերլեմեզյանն այբուբեն է: Մենք, անշուշտ, պարտավոր ենք ժամանակի հետ քայլել, բայց մենք այդ խնդիրը «շրջանցում» ենք, որովհետև մենք այն փուլում ենք, որը մշտապես կայուն է: Մենք հաջողում ենք հենց նրա հաշվին, որ մենք տալիս ենք շատ գրագետ, տառաճանաչ երեխա, որը հետո գնում ու ժամանակի հոսանքների մեջ ինքը կայանում է: Ֆիասկոներ չի ապրում մեր օրերում: Մեզ շատ են առաջարկել դառնալ բուհ, որովհետև մեր տված գիտելիքն իրականության մեջ քոլեջից մի քիչ ավելին է: Սակայն ես կատեգորիկ դեմ եմ, որովհետև Թերլեմեզյանի ողջ հմայքը երեխայի տարիքի մեջ է, երբ ընդունում ես երեխային տասնչորս տարեկանում և ստեղծում ես նրան: Տասնութում դժվար է դա անել, որովհետև արդեն դու գործ ունես կարծրացած մարդու հետ, իսկ այստեղ դու բացարձակ ազատ ես: Մենք մեր կարգավիճակով բոլոր ուժեղ ցունամիներից զերծ ենք մնում և տալիս ենք այն  արդյունքը, որը 95 տարի շարունակ տվել ենք:

Այս զրույցը կարող էր շատ երկար շարունակվել, մանավանդ, որ Աննա Մնացականյանը շատ հետաքրքիր զրուցակից էր: Որոշել էինք նաև դասախոսների հետ զրուցել, նրանց էլ հասկանալ, բայց լսարաններն ու աշխատանքները սպասում էին գնահատանքին, ուսանողները՝ արդյունքներին:

Հետաքրքիր օր անցկացրեցինք Թերլեմեզյանում՝ զգացողություններով լիքը, բայց ամենացնցող զգացողությունները դեռ սպասում են: Թերլեմեզյանցիները պատրաստվում են 95-ամյակի հանդիսություններին ու բացառիկ յուրահատուկ պահեր են խոստանում: Մի մասին տեղեկացանք, բայց խոստացանք չբացահայտել: Սպասենք:    

 

Ադրինե Աճեմյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ