Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 

 

Վեց թե յոթ

տարեկանից,

ինձ հետ

մեծացած

եղնիկի հետ

մեր անտառների

փեշերին

զբոսնելիս,

երջանիկ

ավարտներով

հեքիաթներ

էի հորինում։

 

Տասը

տարեկանում

թատրոնով

հրապուրվեցի

և ռեժիսոր

էի ուզում

դառնալ՝

առանց

իմանալու

ոչ Բրեխտին

և ոչ էլ

Ստանիս-

լավսկուն։

 

Տասներկու

տարեկանում,

առաջին

անգամ մեծ

թատրոնում

ներկայացման

վարագույրը

բացվելուն

պես,

ճանաչեցի

և Բրեխտին,

և  Ստանիս-

լավսկուն ու

լաց եղա։

Երբ մեծ

եղբայրս

ինձ

դահլիճից

դուրս  բերեց,

արդեն

ռեժիսոր

դառնալու

մտքից

հրաժարվել էի։

 

Դպրոցն

ավարտելուց

հետո

մերոնց

կամքով

պետք էր

տնտեսագետ

դառնայի։

Լավ էր, որ

համալսարանից

ինձ դուրս

արեցին։

 

Զինվորական

ծառայու-

թյունից

հետո

որոշեցի

նկարիչ

դառնալ։

Ավարտեցի

Երևանի

գեղարվեստա-

թատերական

ինստիտուտը։

Ավարտելուց

հետո

մտածում

էի՝ նկարեմ

թե՞ գրեմ։

Մտքիս մեջ

գրում էի

վերջացնում,

մտքիս

մեջ էլ

պահում,

թղթին

չէի հանձնում,

իսկ կտավի

վրա

նկարում էի։

 

Առաջինի

դեպքում

դադարեցի

երջանիկ

ավարտով

հեքիաթներ

հորինելը,

երբ մեր

եղնիկը

14 տարի

մեզ հետ

ապրելուց

հետո մի

առավոտ

սովորականի

պես գնաց

անտառ ու

այլևս

չվերադարձավ։

Գյուղի

որսորդների

բաժին

դարձավ։

Մեծ ողբերգու-

թյուն ինձ

համար։

 

Ճանաչելով

Բրեխտին

ու Ստանիս-

լավսկուն՝

հասկացա,

ընդունեցի

իմ անգրա-

գիտությունը

և հետ

կանգնեցի

ռեժիսոր

դառնալու

մտքից։

Թեպետ

հաշիվներս

դեռ չեմ

մաքրել

թատրոնի

հետ։

 

Այժմ

փորձում եմ

ժամանակին

մտքիս մեջ

գրածները

թղթին

հանձնել։

 

«Իսկ ինչպես մահացա՞վ, - հանկարծ հարցրի ես...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Առաջին կուրսի ուսանող էի։ Երկրորդ կիսամյակում օտար լեզվի՝ անգլերենի մեր դասախոսը Հրաչյա Ներսիսյանի դուստրն էր՝ Դիաննա Ներսիսյանը։ Տարիքն առած, մի շատ համեստ, բարեհամբույր կին էր։ Մեր գյուղական միջնակարգ դպրոցում ոչ մի օտար լեզու չէին ուսուցանել, ուստի և, բնականաբար, ոչ մի տառ անգլերեն ո՛չ գիտեի և ո՛չ էլ թե՝ ինչպես է այն հնչում։ Խեղճ կինը մնացել էր երկմտանքի մեջ ու չգիտեր, թե ինչպես վարվի ինձ հետ։ Մի օր էլ թե՝ քո ստուգման գրքույկը մյուս դասին կբերես։ Բերեցի։ Բացեց նայեց ու թե.

- Ես կարող եմ աչքերս փակել ու մի երեք դնել, տղա ջան, բայց մյուս գնահատականներին եմ նայում, ամաչում եմ սրանց կողքին երեք դնել։

- Ուրիշ ճար չկա, - մի անգամ էլ դասավերջում ասաց նա, - եկ հենց այսօրվանից սկսենք։ Կգնանք մեր տուն, քեզ հետ կպարապեմ, գոնե մինչև կիսամյակի վերջ մի բան կսովորես, որ խիղճս հանգիստ կարողանամ քեզ գնահատել։

Դասավերջից հետո գնացինք իրենց տուն։ Տանը միայն փոքր մի տղա երեխա կար, հինգ կամ վեց տարեկան, թոռն էր երևի, չհարցրի։ Ծանոթացրեց մեզ իրար հետ և ասաց, որ մենք գնաք հյուրասենյակ, մինչև ինքը սուրճ կեփի։

Թոռը մի շատ ճարաճճի երեխայի մեկը դուրս եկավ, ինձ նման ու իմ խելքին։ Երբ ինքը եփած սուրճը ձեռքին մտավ հյուրասենյակ, մենք արդեն հյուրասենյակը տակնուվրա էինք արել։ Մի պահ, սուրճի բաժակները ձեռքին, շվարած մնաց դռների մեջ կանգնած։ Նայում էր, թե ինչպես ենք մենք թավալգլոր գալիս հատակին ու մեր ձեռքը ընկած բանը իրար ուղղությամբ նետում։ Մի քիչ մնալուց հետո դուռը վրա բերեց ու մեզ մենակ թողեց։ Երևի էլի մի կես ժամի չափ մենք Ստալինգրադի համար ճակատամարտը շարունակեցինք։ Այս անգամ ներս մտավ ու շատ մեղմ, կարծես ոչինչ էլ չէր եղել, ասաց.

- Համարենք, որ առաջին պարապմունքը լավ անցավ, ես գոհ եմ։ Եկեք ավարտած համարենք, երեխաներ։ Հաջորդ պարապմունքի օրեր որոշեցինք, որին թոռը համաձայն չէր, պահաջում էր ինձնից՝ ամեն օր գալ։ Եվ հաջորդ և դրան հաջորդող մեր մյուս բոլոր պարապմունքների օրերին թոռան հետ մեր երևակայության տարերքի մեջ էինք։ Վերջապես պատահեց այնպես, որ մի նշանակված պարապմուքի օր թոռը տանը չէր։ Սուրճ պատրաստեց, և մենք նստեցինք սրճելու։

Ինքը սկսեց ինձ հարցուփորձել, թե ով եմ, որ տեղից, ով ունեմ, մեր ընտանիքում քանի երեխա ենք և այլն։ Շատ մտերմիկ զրույց ստացվեց։ Ինձ էլ միշտ հետաքրքրել է, թե դերասանները, որ այս կամ այն դերի մեջ ուրիշին են ներկայացնում, դերից դուրս, իրական կյանքում իրենց երեխաների և առհասարակ հարազատների հետ ինչպիսին են լինում, ասենք, խոսելուց, ծիծաղելուց կամ ներկայացումից հետո ինչպիսի վարք են դրսևորում յուրայինների հետ շփվելիս։ Հարցրի։ Շատ բան վերհիշեց ու պատմեց, մի տեղ ժպտալով, մի այլ վերհուշին՝ ծիծաղելով, մի այլ դրվագում՝ լրջանալով, հայացքը մի կետի սևեռելով։

- Իսկ ինչպես մահացա՞վ, - հանկարծ հարցրի ես, ու անմիջապես զղջացի հարցիս համար, բայց արդեն ուշ էր։

- Բոլորը քնած էին, - ասաց, - ես իր մահճակալի մոտ նստած հերթապահում էի։ Հանկարծ աչքերը բացեց, նայեց իմ կողմը ու աղերսագին խնդրեց. – Աղջիկս, քանի բոլորը քնած են, մի սիգարետ տուր ծխեմ, ոչ ոք չի իմանա։ Բժիշկը արգելել էր և խիստ զգուշացրել էր հայրիկիս՝ ոչ մի ծխախոտ։ Իսկ ինքը՝ մոլի ծխող։ Բոլորս գիտեինք իր անհույս վիճակի մասին, և մեզ մնում էր համակերպվել կորստի մտքի հետ։ Չտվեցի, փորձեցի մխիթարել և համբերել մինչև առողջանալը։ Մահացավ, ու ես մինչև հիմա ինձ չեմ կարողանում ներել, որ ես իր վերջին խնդրանքը չկատարեցի…։

Նա այնպիսի ապրումներով պատմեց, որ կարծես հենց այդ պահին նստած էր հոր մահճակալի մոտ։ Վերջում հուզվեց շատ, աչքերը արցունքոտվեցին, ես էլ իմը չկարողացա թաքցնել։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ