Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 

 

Վեց թե յոթ

տարեկանից,

ինձ հետ

մեծացած

եղնիկի հետ

մեր անտառների

փեշերին

զբոսնելիս,

երջանիկ

ավարտներով

հեքիաթներ

էի հորինում։

 

Տասը

տարեկանում

թատրոնով

հրապուրվեցի

և ռեժիսոր

էի ուզում

դառնալ՝

առանց

իմանալու

ոչ Բրեխտին

և ոչ էլ

Ստանիս-

լավսկուն։

 

Տասներկու

տարեկանում,

առաջին

անգամ մեծ

թատրոնում

ներկայացման

վարագույրը

բացվելուն

պես,

ճանաչեցի

և Բրեխտին,

և  Ստանիս-

լավսկուն ու

լաց եղա։

Երբ մեծ

եղբայրս

ինձ

դահլիճից

դուրս  բերեց,

արդեն

ռեժիսոր

դառնալու

մտքից

հրաժարվել էի։

 

Դպրոցն

ավարտելուց

հետո

մերոնց

կամքով

պետք էր

տնտեսագետ

դառնայի։

Լավ էր, որ

համալսարանից

ինձ դուրս

արեցին։

 

Զինվորական

ծառայու-

թյունից

հետո

որոշեցի

նկարիչ

դառնալ։

Ավարտեցի

Երևանի

գեղարվեստա-

թատերական

ինստիտուտը։

Ավարտելուց

հետո

մտածում

էի՝ նկարեմ

թե՞ գրեմ։

Մտքիս մեջ

գրում էի

վերջացնում,

մտքիս

մեջ էլ

պահում,

թղթին

չէի հանձնում,

իսկ կտավի

վրա

նկարում էի։

 

Առաջինի

դեպքում

դադարեցի

երջանիկ

ավարտով

հեքիաթներ

հորինելը,

երբ մեր

եղնիկը

14 տարի

մեզ հետ

ապրելուց

հետո մի

առավոտ

սովորականի

պես գնաց

անտառ ու

այլևս

չվերադարձավ։

Գյուղի

որսորդների

բաժին

դարձավ։

Մեծ ողբերգու-

թյուն ինձ

համար։

 

Ճանաչելով

Բրեխտին

ու Ստանիս-

լավսկուն՝

հասկացա,

ընդունեցի

իմ անգրա-

գիտությունը

և հետ

կանգնեցի

ռեժիսոր

դառնալու

մտքից։

Թեպետ

հաշիվներս

դեռ չեմ

մաքրել

թատրոնի

հետ։

 

Այժմ

փորձում եմ

ժամանակին

մտքիս մեջ

գրածները

թղթին

հանձնել։

 

«Իզաբե՜լ, Իզաբե՜լ, իմ սե՜ր…». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Գյուղում (Արցախ, գյուղ Թալիշ) համարյա բոլոր թաղերում մի-մի բարձրախոս կար էլեկտրական սյուներից կախած, որ օրնիբուն ազերբայջանական լուրեր և ամենաշատը երգ ու երաժշտություն էր հնչեցնում։

Խլանալ կարելի էր՝ այնքան բարձր էր ձայնը, մոտ լինելու պարագայում ես ականջներս ձեռքերով փակում էի։ Քուն ու դադար չունեինք։ Մայրս անընդհատ հորս նախատում էր։ Ասում էր.

- Այ մարդ, դու էլ ղեկավար մարդկանցից մեկն ես, ինչո՞ւ չես ռայոնում էդ հարցը դնում՝ բարձրախոսները էս ստոլբաների վրայից հանեն՝ ռադ անեն։

Ճիշտ է, ոչ միանգամից, բայց վերջապես սկսեցին թաղերից մեկիկ-մեկիկ վերացնել։ Թողեցին միայն գյուղի տրանսպորտային հանգույցի խաչմերուկում գտնվողը։ Միառժամանակ անց՝ դա էլ հանեցին, և գյուղացիները հայտնվեցին դրախտային լռության մեջ։

Շատ հատուկենտ դեպքերում գյուղի ակումբում հայ երգի ու պարի խմբեր էին գալիս Ստեփանակերտից կամ Գորիսից։ Իմ հիշողության մեջ մնացել են գուսաններ Շահենի ու Բագրատի համերգները։ Իսկ ռադիոընդունիչի Երևանի ձայնը խլացվում էր ազերիների կողմից։

Անցավ մի քանի տարի, ես դպրոցն ավարտելուց հետո եկել էի ուսումս շարունակելու։ Այն ժամանակներում հայկական հեռուստահաղորդումները սկսվում էին երեկոյան ժամը հինգին, իսկ մինչ սկսելը, մի քանի րոպե առաջ, մի երկու երգ էին հնչեցնում։ Սկզբի երգը փոփոխվում էր համարյա մեկ-երկու օրը մեկ. սովորական հնչեցվող երգերից էին՝ գուսանական կամ կոմպոզիտորների հորինած, բայց վերջինը՝ ոչ, անընդհատ կրկնվում էր։ 

Ճիշտը որ ասեմ, ինձ դուր չէր գալիս այդ երգը, մինչև  անգամ երգի ամենասրտառուչ մասում էլ, որտեղ մի քանի անգամ մեկի անունն էր կրկնվում՝ քմծիծաղում էի քթիս տակ։ Դե, գյուղի սահմանափակ մշակութային միջավայրում մեծացած պատանի, ի՞նչը պիտի ինձ ստիպեր գնահատել երգը, այն էլ երբ օտար լեզվով էր երգվում, և ես բառ անգամ չէի հասկանում։

Այն ժամանակներում էլ դեռ Երևանում գերիշխում էր ազերբայջանական երաժշտությունն ու երգի կլկլոցները, իսկ իմ ականջներում դեռ լիովին չէին մարել գյուղի բարձրախոսներից հնչեցված դրանց երգերի ծլնգոցը։

Եղբայրս, որ իր սենյակում փակված էր լինում իր ստեղծագործության հետ, տասնհիգ րոպե պակաս միշտ հեռուստացույցը միացնում էր, իր սենյակի դուռը բաց թողնում ու մտնում իր սենյակը՝ գրելու։ Երգն իր ստեղծագործելուն չէր խանգարում։ Այդպես, օր-օրի ես ակամա լսում էի այդ երգը։ Զգում էի, որ մի մոգական բան ինձ գնալով ձգում է տուն՝ այդ ժամերին այդ երգը լսելու։

Անցան ամիսներ, և այդ երգը գնալով իմ լսողական օրգաններից իսպառ ջնջեց ու դատարկեց դեռ նախկինում նստվածք տված  օտարահունչ երաժշտության տիղմը։

Պետական համալսարանում իմ սովորելու ցանկությունը տապալելուց հետո, անցա գործարանում աշխատելու։ Ստաժ էի հավաքում՝ մյուս տարի մի որևէ բարձրագույնում ընդունելության քննություններին մասնակցելու իրավունք վաստակելու համար։ Անցել էր վեց թե յոթ ամիս, և մի օր էլ գործարանի կոմսոմոլի քարտուղարն ինձ իր մոտ կանչեց ու խիստ տոնով կարգադրեց օրվա վերջում մնալ բջջի նիստին։

Անբասիր աշխատանքի համար պետք է ինձ և ևս մի երկու հոգու ներկայացնեին գործարանի ղեկավարությանը՝ պարգևատրման։ Մեր ներկայությունը այդ նիստին պարտադիր էր։ Ես գլխով արեցի ու դուրս եկա։

Դե, ինչպես միշտ, ես ժամանակից մեկ ժամ շուտ էի ծլկում աշխատանքից, որ տուն հասնեմ, լսեմ արդեն ինձ մագնիսի նման ձգող և ինձ նվաճած երգչի երգը։ Այդ օրն էլ եկավ իմ աշխատանքից ծլկելու ժամանակը, և ես ծլկեցի՝ գնացի իմ երգի հետևից։

Հաջորդ օրն առավոտյան այդ բջջի քարտուղարն ինձ իր մոտ կանչեց և շատ խիստ տոնով ու պաշտոնական հայտարարեց, որ խորհրդի նիստին չներկայանալու համար պարգևատրությանը ներկայացվելիք ցուցակից իմ անուն-ազգանունը հանվել է։ Ես լսեցի՝ առանց աչքս իսկ ճպելու ու դուրս եկա իր սենյակից։

Այդ նեղճակատ քարտուղարին, որի գլխի մազերը իր հոնքերից ընդամենը  երկու սանտիմետր վերևից էին սկսվում, չէի կարող բացատրել, որ գործել եմ իմ վարքագծի արդեն ձևավորվող սկզբունքով՝ հետևողական իմ պատկերացումներին։

Այսպես, Շառլ Ազնավուրը, ինձ նվաճելուց զատ, ինձ զրկեց նաև իմ աշխատավարձի եռապատիկը գերազանցող պարգևավճարից։

«...Իզաբե՜լ, Իզաբե՜լ, Իզաբե՜լ,

Իզաբե՜լ, Իզաբե՜լ, իմ սե՜ր…»:

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ