Այդին Մորիկյան
Այդին Մորիկյան

 

Էս ա մեր

հայրենիքը:

 

Ու եթե

շարունակենք

հարմարվել

ու ոչինչ

չձեռնարկենք,

էս էլ կմնա:

 

Էնպես որ՝

հայի բախտից

դժգոհելուց

առաջ արժե,

կարծում եմ,

նայենք

ինքներս մեզ.

ինչ ենք արել,

որ էս

հող-քար-ծառը

Հայրենիք

դառնա:

 

Չէ՞ որ մենք

էլ ենք ուզում

իմաստավորված

հպարտանալ

մեր հայրենքով:

 

Ոչ թե՝ զզվել...

 

Անիմաստ:

«Կարևորը՝ մենք ենք, ու...». ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

 

Մարդը սոսկ ֆիզիկական գոյություն չէ: Ու ոչ էլ աշխարհիկ կամ հոգևոր կառույցներն են անշունչ ինստիտուտներ միայն: Մարդը, առաջին հերթին, ապրում է և կա հոգու շնորհիվ, կառույցները՝ նպատակի և սկզբունքների:  Ու, ինչպես մարդը, երկիրը ևս, ինտելեկտուալ, հոգևոր ու բարոյական գործառույթներ ունի, առանց որոնց մյուս բոլոր՝ սոցիալ, քաղաքական ու տնտեսականները անարդյունավետ են դառնում: Ու ինչպես մարդու, այնպես էլ երկրի չկայացածությունը ինտելեկտուալ, հոգևոր ու բարոյական չկայացածությունն է, դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը չգիտակցելու արդյունք:


...Մեր գնացքը, որը պարտավոր ենք վարել, այլ ոչ թե վազել հետևից

Պետությունը պետք է հարգանք ներշնչի: Իր հպատակներին: Իր գործընկերներին: Իր թշնամիներին ու հակառակորդներին ևս: Ու նաև վստահություն: Նրան պիտի հավատան: Անգամ աղքատ պետությունն է պարտավոր դա անել: Ու կարող է: Իրական և կեղծ արժեքները միմյանցից զանազանելու դեպքում, իհարկե: Սկզբունքներ որդեգրելու դեպքում: Ինտելեկտի ու գաղափարների առկայության դեպքում: Արժանապատվություն ունենալու դեպքում: Նպատակ ունենալու: Իր մտավոր ներուժը գնահատելու և օգտագործելու դեպքում: Նվիրումի: Միտքն ու գաղափարը արժևորելու դեպքում: Հոգեբանական գործոնները հաշվի առնելու դեպքում:

Պետությունը պետք է սիրի իր հպատակներին: Այլապես չեն կայանա ոչ երկիրը, ոչ մարդիկ: Իսկ Ջոն Քենեդու խոսքերը, որ մի խորհիր այն մասին, թե ինչ է արել պետությունը քեզ համար, այլ մտահոգվիր նրանով, թե դու ինչ ես արել կամ տվել քո պետությանը՝ կայացած երկրների համար են: Եվ խոսքը հնարավոր առավելագույնը տված ու տվող պետության մասին է, որը, բնականաբար, ակնկալիքներ էլ պետք է ունենա: Քանզի միակողմանի սերն ու հոգատարությունը կամ դատապարտված է կարճ կյանքի, կամ էլ հիվանդության ախտանիշ է: Ցանկացած կողմից: Ու սիրո և հոգատարության նախանձախնդիրը պետությունը պետք է լինի, որ հետո ակնկալիքի ու պահանջի իրավունք ունենա: Քանզի առաջին հերթին նրան է անհրաժեշտ բոլորիս սերը: Քանզի այդ սիրով է, որ կայանալու է ինքը: Դրանով է ուժեղ: Դրանով կարող է գտնել իր տեղն այս արևի տակ:

Պետությունը պետք է կարևորի իր քաղաքացիներին: Բոլորը չէ, բնականաբար, որ խելոք են: Ոչ բոլորը գաղափարներ ունեն: Ոչ բոլորն են, որ իրենց ամբողջի մի մասն են զգում: Բայց բոլորն ունեն արժևորման պահանջը: Յուրաքանչյուրը՝ յուրովի: Եվ դրան համարժեք էլ պետք է լինի արժևորումը: Թեկուզև՝ առերևույթ: Բայց ընկալելի: Որպեսզի յուրաքանչյուրը պահպանի իր ինքնատիպությունը:  Դրանով իսկ՝ իր երկիրը: Ամբողջականորեն: Անխաթար: Որովհետև առանց արմատի միայն դաշտագլորն է ապրում: Ու միայն նա: Ու իր նման: Իսկ ամուր արմատներ ունեցող ծառին կամաց-կամաց ինչ ասես կարող ես պատվաստել:

Ու այստեղ խիստ կարևոր է պետության խորհրդանիշ-գործիչների անձնական օրինակը:
Նույն իրը, երևույթը, ընթացքը, ողջ աշխարհը՝ քաղցած մարդը մի ձևով է տեսնում և ընկալում, կիսաքաղցը՝ այլ, կուշտը՝ միանգամայն ուրիշ կերպ: Ու պետք է յուրաքանչյուրի համար գտնել այն արդյունավետ ճանապարհը, որը նրան կտանի դեպի իրականի ու անհրաժեշտի ճիշտ և ամբողջական ընկալում: Միայն այդպես է հնարավոր գտնել յուրաքանչյուրի տեղն այս կյանքում ու որպես դրա արդյունք՝ մեր բոլորի, մեր երկրի տեղն այս արդեն փոխված ու հարափոփոխ աշխարհում:

Ու պիտակներից վախենալ պետք չէ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նման երկրում, որ ժողովրդավարության, ազատության, ազատամտության ու էլի հազար ու մի նմանատիպ բաների միջնաբերդն ու ռահվիրան է համարվում, հստակ գրաքննություն գոյություն ունի: Եթե անգամ ոչ ամենուր, ապա գոնե որոշ նահանգներում: Զորօրինակ` Տեխասի նահանգը: Ըստ այնտեղ գործող շրջաբերականի,  գրադարաններից հավաքվել և դասագրքերից հանվել են «անպարկեշտ և կասկածելի բովանդակություն ունեցող» գրքերը, որոնց ցանկերում Դանտեի, Հոմերոսի, Մոլիերի հետ մեկտեղ նշված են նաև Շարլ Պերոյի ու Գրիմմ եղբայրների անունները:

«Պարզ» մեկնաբանությամբ: «Այնտեղ կան բռնության և վայրագության տեսարաններ», որոնք ոչ ցանկալի ազդեցություն կարող են ունենալ աճող սերնդի հոգեկերտվածքի ձևավորման վրա: Ասել է, թե նրանք հստակ նպատակ ունեն (ճիշտն ու սխալը թողնենք իրենց խղճին), հանուն որի էլ համապատասխան քայլեր են ձեռնարկում: Մինչդեռ մենք փորձում ենք ընդամենը կապկել այլոց գործերի զուտ արտաքին տեսքը, առանց խորանալու այդ տեսքը ձևավորող բաղադրատարրերի էության մեջ, առանց հստակեցնելու մեր իրական շահերը« առանց որոշակիացնելու մեր նպատակն ու խնդիրները:

Ռուսները տեղեկատվության նախարարություն սարքեցին: Շուտով, հենց նրանց օրինակով, մենք էլ նույնը կանենք: Ու դրանով էլ ավարտված կհամարենք մեր գործը: Նրանք խնդիր կդնեն, նպատակ ու կհասնեն դրան: Մենք ոչ խնդիր կդնենք, ոչ նպատակ ու ինչ-որ ժամանակ հետո կամ կլուծարենք, կամ էլ կդժգոհենք դրա ղեկավարներից՝ «Չարեցին...»,  ու ոչ մեկը չի էլ համարձակվի տալ «Ի՞ՆՉԸ ՉԱՐԵՑԻՆ» հարցը: Ու կմոռանանք նաև, որ այդ ամենը մեկ անգամ արդեն եղել է: Իսկ խնդիր ու նպատակ հաստատ չի դրվելու: Գոնե ընթացիկից դենը չի անցնելու: Անելիքը լինելու է սոսկ կատարելը, սկզբունքը՝«Наш царь-самый лучший царь»:

Ավելորդ չեմ համարում երկրորդել, որ 6-7 տարեկան մանչուկը չի այրվում դպրոց գնալու, «գիտության գրանիտը կրծելու» տենդից: Նրան ավելի սրտամոտ են մանկական անհոգ խաղերն ու հաճելի ժամանցը:  Ծնողն է նրան դպրոց տանում՝ գիտակցելով կրթության անգնահատելի դերը նրա ապագայի համար և հաճախ էլ պարզապես ստիպում է սովորել: Ծնողի այդ առաքելությունը ժողովրդի համար, որը գրեթե պատահաբար այսօր բոլորովին այլ երկրում է հայտնվել, պարտավոր է ստանձնել պետությունը՝ նրան օր առ օր, քայլ առ քայլ վաղվա ու նաև այսօրվա համար անհրաժեշտը սովորեցնելով և պաշտպանելով նրան արտաքին անցանկալի ազդեցություններից: Այլապես, թե յուրաքանչյուրս իր մեջ, թե ընդհանրապես կունենանք ուղղակի անհետացող մի աշխարհ: Ու, որ ամենավտանգավորն է, դանդաղ, այսինքն՝ աննկատ, բայցև` անվերադարձ անհետացող:

Ոչ կառուցելը, ոչ էլ, առավելևս, պաշտպանելը ինքնանպատակ չեն կարող լինել: Ասել է, թե պարտավոր ենք կառուցել այն ու այնպես, ինչն իսկապես արժանի է պաշտպանելու ու պաշտպանության:

...Բախել սովորեցնելու առաքելությունը

Եկեղեցու տարանջատվածությունը պետությունից ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում: Առանց ժողովրդի ոչ եկեղեցի կարող է լինել, ոչ պետություն: Ու ազգը, որ այդ երկու՝ հոգևոր ու աշխարհիկ կառույցների հիմքն է, միավորում է նրանց: Ու երկուսի պարտավորությունն էլ ազգի հանդեպ փոխկապակցված են: Ու պետք է լրացնեն միմյանց: Փոխպայմանավորվեն միմյանցով:

«Խնդրեցեք Աստծուց և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով խնդրում է՝ ստանում է, ով փնտրում է՝ գտնում է, ով բախում է՝ դուռը բացվում է նրա առաջ» (Ղուկաս, 11.9-10)  ասել է Տերը: Ու եկեղեցու առաքելությունը հենց այդ խնդրելը , փնտրելը և բախելը սովորեցնելը պետք է լինի: Յուրաքանչյուր մարդու հոգում Աստծո տաճարի հիմնադրումը: Հավատքի արմատավորումը: Որը, ինչպես կասեր Հովհան Ոսկեբերանը. «Հողից կերտվող մարդուն դարձնում է Աստծո զրուցակից» և կշարունակեր.

«Հավատքը բարձրացնելով վեհացնում է մարդու հոգին, թույլ չի տալիս ընկճվել նրան ձախողանքների կամ պատեհված փորձանքների առջև, և թեթև է դարձնում ծանրումեծ գործերը, որովհետև կա հույսը՝ գալիքի մեջ պահված անդաստանները տեսնելու:...Հավատքը պաշտպանում է մեզ ամեն տեսակ թշնամական հարվածներից, իսկ երբ նա չկա, ապա, մենք չափազանց խոցելի ենք դառնում, և պատահած զենքից արձակված ամեն մի հարված տեղնուտեղը կործանում է մեզ»:

Ու հավատքն այդ կարող է սերմանվել ու արմատավորվել միայն հոգևոր խելամիտ քարոզչության շնորհիվ: Մարդուս բնույթն է՝ հավատալ և ընկալել միայն այն, ինչ հասու է իր բանականությանը ու առավելագույնս մատչելի: Հավատքը հնարավոր է, և Արարչի կողմից ստեղծված նյութական աշխարհի օրինակով էլ կարելի է քարոզել: Աստվածաստեղծ բնաշխարհում ոչինչ չի մեռնում և կորչում անհետ՝ ամեն մի վերջ մեկ այլ, նորի սկիզբ է, ընդամենը վերափոխված գոյավիճակ ու հենց դա էլ անմահության ապացույցն է: ...

...Մեր չհասկացված կամ էլ ճիշտ հասկացված բանակը

Բանակը պետություն է պետության համար: Պետության փոքր, հարափոփոխ մի մասը, որը ժամանակային փոքրիկ հատվածներով, բայց անընդհատ, իր մեջ է առնում ողջ երկիրը: Իր բոլոր լավ ու վատով: Իր հիմնախնդիրներով: Իր կայացածությամբ ու չկայացածությամբ: Իր մեծով ու փոքրով: Իր լույս ու ստվերով:

Բանակը էս շրջապատում եղած պետության ողնաշարն է ու ճկվել-ճաք տալու-կոտրվելու իրավունք չունի: Առանց այդ էլ ոտքերի վրա հազիվ կանգնող էս երկիրը պարզապես փուլ կգա:

Բոլորս դա հստակ գիտակցում ենք:

Ու նույն բոլորս էլ՝ չենք սիրում մեր բանակը: Բայց ոչ թե մեր, այլ հենց նույն բանակի մեղքով:

...Բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվում են մեր բանակին: Բայց հանրային գիտակցության մեջ դրոշմված են զինվորական դատախազի և ռազմական ոստիկանության պետի կերպարները: Բոլորը գիտեն նրանց անուն-ազգանունով ու կենսագրությամբ: Ու գիտեն նաև, որ նրանք լավ են աշխատում: Իսկ նրանց լավ աշխատանքը, ցավոք, մի բան է նշանակում միայն՝ որ բուն բանակում վիճակը վատ է, և նրանք փորձում են շտկել այն: Դա նշանակում է, որ բանակում միայն դատախազությանն ու ոստիկանությանն արժանի գործեր են կատարվում:

Իսկ հրամանատարների մասին գիտեն միայն, որ նրանք բոլորն էլ կրթության փոխարեն կոչումներ ու ջիպեր ունեն:

Սա է հանրային գիտակցության միջինացված պատկերացումը բանակի մասին:

Վազգեն Սարգսյանը կվրդովվի: Երևի կասի՝ թուրքը մեր բանակը ավելի լավ գիտի, քան դուք: Կասի՝ նրանք մեր հրամանատարների արյան կարմիր ու սպիտակ գնդիկների հարաբերակցությունը գիտեն, դուք իսկի նրանց անուններն էլ չգիտեք: Կասի՝ որ բոլորն էլ հերոսներ են...Կասի՝ էս խելքին ենք, որ էս խելքին ենք...Ու նաև՝ էս օրին:

Կդժգոհի, կասի ու կարող է նաև ճիշտ լինել: Հնարավոր է, որ իսկապես այդպես է:

Բայց մեղքը մերը չի, որ չգիտենք: Մեղքը բանակինն է: Որ իր գոնե մի, հենց իրեն՝ իր հեղինակությանը, իր վարկին, իր արածի արդյունավետության ապահովմանը անհրաժեշտ մասով չի բացվել հասարակության համար:

Խաղատներում է միայն, որ թափանցիկ պատուհաններ ու ժամացույցներ չպետք է լինեն: Բանակը ոչ միայն թափանցիկ՝ հիմնավոր անհրաժեշտության չափով թափանցիկ պատուհաններ, այլ թափանցիկ դռներ պետք է ունենա: Որ հասկացվի: Ընկալելի ու ընդունելի դառնա: Հարազատորեն սիրելի:

...Ոչ մեկս էլ այսօր չինացիների նման փայտիկներով բրինձ ուտել չենք կարող: Բայց եթե անհրաժեշտ է, պարտավոր ենք սովորել: Ու հետո ստիպված կլինենք խոստովանել, որ դա այնքան էլ դժվար չէր:

«Հայաստանի Հանրապետություն»

1. սեպտեմբեր 1999թ.

Տպագրվում է փոքրիկ կրճատումներով

Այդին Մորիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ