«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Կոտորվեց մի ամբողջ ժողովուրդ՝ փոխարենը ստանալով մի բուռ խոստումներ...». ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

Նամակները՝ հատկապես, եթե նրանք այնպիսի մի հանճարեղ անհատինն են, ինչպիսին Իսահակյանն է, որի կյանքը կռվի, պայքարի, տարագրության, առեղծվածների, սերերի, նվիրումների ու դավաճանությունների մի կծիկ է, մեծ մի կծիկ՝ մարդկության ու պատմության, ժամանակի ու տարածության բավիղներում, չեն կարող բացահայտումներ ու հայտնություններ չանել:

Նամակներն անկեղծության թերթիկներ են, մարդու՝ ինքն իր հետ մնալու բացառիկ ներզգացական դրսևորումներ, մարդու հոգեվիճակի բացառիկ երևակումներ՝ անկախ այն հանգամանքից, թե հանճարեղության ինչպիսի զգացողություն ունես, որովհետև նամակները գրվում են թե անհուսության ու հրճվանքի, թե անկումայնության ու վերելքի, թե նեղվածության ու բավարարվածության, թե անփողության ու գրպանալիքության պահերին, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի է պահի իր եզակիությամբ:  

«...Ժամանակը վատ է, մարդիկ դարձել են անգութ, կեղծավոր, եսամոլ: Ա՜խ, մի գլուխս ձգեի Շիրակ, փռվեի հայրենի հողի վրա և լայի, լայի: Այնպես ջղայնացած եմ, արդար զայրույթով լեցուն:

Գլուխս կտրիր, եթե անարդարություն եմ գործում կամ ասում. եթե մի սրբություն կա, որի համար ապրում եմ, դա հայ որբն է, հայ չարքաշ ժողովուրդը, հայ ինքնագոհ բանակը, թքել եմ բոլոր մյուսների վրա՝ լինի ընկեր, գործիչ, դիպլոմատ: Ձախ ոտքիս այլասերված ճկույթը իր գիտակցությամբ դրանցից բարձր է: Քեզ հաճելի չեն այս հայհոյանքները, ներիր, խնդրում եմ, բայց ընդունիր, որ ճիշտ են»:

Ահա իսահակյանական բացահայտված մի արձանագրում, որն արված է Հայաստանի առաջին հանրապետության հոգևարքի օրերին, բայց կարծես իր մեջ խտացնում է հայ ժողովրդի ամբողջ պատմությունը՝ անփոփոխ թողնելով նաև սրբության, թքելու ու ճկույթի հանգամանքները:

Այս և նմանատիպ բազում այլ բացառիկ հայտնություններ, բացահայտումներ ու արձանագրումներ տպագրված են «Ավետիք Իսահակյանի նամակները» բարձրարժեք հրատարակությունում, որն արդեն հրապարակի վրա է և որը քսանվեց տարի առաջ իրականություն է դարձել գրականագետ Արփիկ Ավետիսյանի նվիրյալ աշխատասիրությամբ, բայց հանրությանն է հասնում այսօր միայն: Ինչո՞ւ:

Անկարելի կլիներ, հավանաբար, որ Իսահակյանի առեղծվածներով լի կյանքից անմասն մնար նաև այս ժողովածուի հրատարակության առեղծվածը:

Գրականագետի թոռնուհին, ժողովածուի կազմող լրագրող Լիլիթ Ավագյանն իր «Երկու խոսքում» մանրամասներով անդրադառնում է ժողովածուի ոդիսականին, նշելով, որ այն դեռևս իննսնական թվականներին պատրաստ է եղել հրատարակության՝ անցած լինելով բոլոր համապատասխան ընթացակարգերը, սակայն 1991-ին գիրքը «Լույս» հրատարակչությունից վերադարձվել է արդեն իր մահկանացուն կնքած գրականագետ Արփիկ Ավետիսյանի հարազատներին՝ պետության տնտեսական իրավիճակի պատճառով այն տպագրելու անհնարինության բացատրությամբ:

Եվ չնայած այդ հանգամանքին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, որի երկարամյա աշխատակիցն է եղել գրականագետը, պահանջել է գրքի ձեռագիրը վերադարձնել թանգարանին, ինչը և արվել է, սակայն գիրքը լույս չի տեսել և ավելին՝ անհայտացել է, որպեսզի, հավանաբար, հետագայում հայտնվի թանգարանի փոխտնօրեններից մեկի մոտ, որն էլ գրականագետի հարազատներին առաջարկել է գիրքը տպագրել իր համահեղինակությամբ, որը, բնականաբար, անընդունելի է համարվել Արփիկ Ավետիսյանի հարազատների համար:

Կարճ ժամանակ անց, սակայն, մահացել է նաև այդ փոխտնօրենը, որի անունը, ցավոք, գրքի կազմողները չեն նշում, և գիրքն անհայտացել է երկրորդ անգամ, արդեն՝ անվերադարձ: Գրքի այդ օրինակը, ըստ Լիլիթ Ավագյանի, գտնված չէ առայսօր:

Եվ միայն Արփիկ Ավետիսյանի արխիվում պահպանված երկրորդ օրինակի հիման վրա է հնարավոր լինում ստեղծել այս ժողովածուն՝ կատարելով մեծածավալ ու մանրակրկիտ հետազոտական աշխատանք:    

«Մայրս` ազգագրագետ Իոննա Ավագյանը (1941-2011) աշխատեց այն ավարտուն տեսքի բերել, սակայն չհասցրեց... Տատիկիս և մայրիկիս անավարտ գործը փորձեցի ավարտին հասցնել ես»,-գրում է Արփիկ Ավետիսյանի թոռնուհին՝ Լիլիթ Ավագյանը:

Եվ ահա ավարտին հասցված այդ լրջագույն աշխատությունից երևակվում են խորքերում մեծ եզրահանգումներ պարունակող 267 բացառիկ բովանդակությամբ նամակ, հիմնականում՝ անտիպ, Իսահակյանի ավելի քան վեց տասնամյակը (1895-1957) ընդգրկող մի էպոխային ժամանակահատվածից՝ ազգային խնդիրներ, հայկական հարց, ցարական իշխանություն, հեղափոխություն, Հայաստանի առաջին հանրապետություն, Խորհրդային Հայաստան...ու նաև՝ սիրային առկայծումներ, սրտային զեղումներ, գաղտնագրված զգացմունքներ, գրական ու գրականամերձ դիտարկումներ, հասարակական, հանրային արձանագրումներ:

Նամակներ՝ լեցուն օրերի ու տարիներ հակասականություններով, հաղթանակների ու պարտությունների զգացողություններով, անկումների ու ոգևորվածությունների ընկալումներով: 

Հենց այս ժողովածուից ենք բացահայտում, որ 1923-ին, երբ հայությունն արդեն անդառնալիորեն բզկտված էր, Իսահակյանը գրում է. «Կոտորվեց մի ամբողջ ժողովուրդ՝ փոխարենը ստանալով մի բուռ խոստումներ, որ այսօր մի սանտիմ չարժեն: Գոնե Ռուսահայաստանը փրկվեր. նա էլ օր օրի վրա ոչնչանում է. անհույս վիճակ»: «Անհուն ողբալի է հայության վիճակը. Զեյթունը ջնջվեց, Կիլիկիայի հայությունը՝ մոտալուտ վտանգի տակ, Մ. Քեմալի իշխած նահանգներում (Թուրքիա) հայությունը՝ տարագիր և ջարդված: Կարսի նահանգի հայությունը՝ կոտորված ու կողոպտված...»:

Ժողովածուն, որ թույլ է տալիս ամենամոտ կերպով զգալ ոչ միայն Իսահակյան գրողին, այլ նաև, ու գուցե՝ առավելապես Իսահակյան ազգային, քաղաքական, հասարակական գործչին, ազգային խնդիրների ու հայրենիքի նվիրյալին, բացահայտում է նաև քաղաքական գնահատականներ:

Այն Իսահակյանը, որ լրջագույն դեր է ունեցել որպես դաշնակցական գործիչ, այն իսահակյանը, ով դեռևս 1905-ին Դաշնակցության հիմնադիրներից Քրիստափորի մահվան առիթով գրում է, թե. «...Ա՛խ, զոհվողներ շատ կան, օրհնյալ մնա հայ ժողովուրդը, բայց Քրիստափորի պես մարդ հարյուր տարին մի հատ կծնի: Նա միլիոնների մեջ մի հատ էր: Նա էր ծնել Դաշնակցությունը, և նրա հոգին մեր բոլորի վրա էր: Այդ էր պատճառը, որ այսօր Դաշնակցությունը ամենաազնիվ, մաքուր ու մեծ և զորեղ կուսակցությունն է», արդեն 1911-ին Ավետիս Ահարոնյանին ուղղված նամակում գրում է. «Բայց հարց է, թե ես ի՞նչ կարծիք ունեմ կուսակցության թիկունքով բարձրացած այդ դեմագոգների վրա: Վերջապես, այդ ամենին մի հակակշիռ էր քու նամակը և այն, որ դու՝ իբրև մեծ բանաստեղծ, բնական է, որ հազար գլխով բարձր պիտի կանգնած լինես զանազան շեֆերի վրայից և ավելի հեռուն ու խորքը տեսնես: Աշխարհն իրո՛ք որ տիրացուարան է, և մարդ պիտի վարդապետի նման քրմի քղանցք ու վեղար հագնի, որ տիրացուների աչքում հարգ վայելե: Սակայն չարժե այս մասին խոսել նույնիսկ: Ես ինձ գիտեմ, ես իմ արժեքը գիտեմ, և դա բավական է»:

Իսկ արդեն 1919-ին Համո Օհանջանյանին ուղղված նամակում Իսահակյանն այսպիսի «բացահայտումներ» է անում.

«Գրում ես, որ շատ վրդովված եմ: Ինչպե՞ս չվրդովվել, երբ տեսնում ես՝ մի կողմից՝ դաշնակցականները ուզում են (կամ ցույց են տալիս, թե ուզում են) հայությունը ազատել թուրքերի ճանկերից, մյուս կողմից 3-400 000 ամենաընտիր հայերի դնում են թուրքի լծի տակ: Իրենց աչքի առջև, իրենց անտարբերությամբ, կոտորեցին Բագուն, ջնջեցին Շուշիի և Արեշի հայությունը: Այդ բավական չէ, նոր կատաստրոֆների դուռ են բանում այդ սրիկա, էգոիստ ավազակները իրենց շահերի համար, որովհետև ուզում են Կովկասը ունենալ, դրա համար իրենց հովանավորած վրացի և թուրք ժողովուրդների սահմանները մեծացնում են՝ գրավելով Լոռիի հանքերով հարուստ գավառը, Ղարաբաղը, հերոսական ղարաբաղը՝ իր հարուստ հանքերով...»:

Այսպես, ժամանակի ու տարածության մեջ Իսահակյանն անում է արձանագրումներ, որոնք գուցե և հակասականության որոշ տարրեր, անկումային որոշ տրամադրություններ պարունակում են իրենց մեջ, բայց քանի որ հեռու չեն իրականությունից ու ճշմարտությունից, նաև՝ պատմականությունից, կրկին գալիս են փաստելու մի ցավալի իրողություն, որն արդեն հարյուրակյակներ չի լքում մեր քաղաքական կյանքը ու քարշ է գալիս մինչև մեր քաղաքական օրերը:

Ժամանակի ու մարդկանց, հատկապես քաղաքական այրերի շատ բնորոշ գնահատականն է ամփոփված Իսահակյանի նաև մի կարճ նամակում՝ ուղղված գրականագետ Սիմոն Հակոբյանին.

«Գրել էի, թե Չիլինկերյան-Սևակի կինը ամսեկան 300 շվեյցարական ֆրանկ է խնդրել որբերի համար Ահարոնյանից: Նրան ուղարկել են, կարծեմ, միայն 22ֆր.»:

Բացառիկ այս աշխատությունում երևակվում են նաև իսահակյանական մոտեցումները բոլշևիկյան ժամանակներին, թեպետ, պետք է ընդգծել, որ ամենահետաքրքրականն, այնուամենայնիվ, առաջին հանրապետության ու դրան նախորդած շրջանի նամակագրությունն է, որ լույս է սփռում բազմաթիվ հայտնի և անհայտ երևույթների վրա:

«Մինչև հիմա չեմ ըմբռնել իրերի իմաստը: երկու կողմն էլ իրար մեղադրում են նացիոնալիզմի և հակահեղափոխականության մեջ: Երևանում, մասնավորապես, պայքարը շատ տգեղ ձև է ստացել: Թվում է ինձ՝ անհատական վրեժխնդրությունը մեծ դեր է խաղում, մանավանդ գրական գործիչների մեջ, ուր անտաղանդ մարդիկ ստոր միջոցներով հարվածում են տաղանդավորներին...»:

Այս արձանագրումն Իսահակյանն անում է չարաղետ 1936-ին՝ գրելով ֆրանսահայ գրող Վահան Մալեզյանին: Ահա իսահակյանական ևս մի ընկալում, որն իր շարունակականությամբ գալիս է մինչև մեր օրերը:

Ի դեպ, Իսահակյանի նամակներում տողեր կան նաև Եղիշե Չարենց հանճարի մասին, որոնք ժամանակին հանվել են նամակներից, բայց որոնք վերականգնված են ժողովածուն կազմողի կողմից: Դարձյալ հակասական ու բարդ տողեր, հիացումի ու դժգոհումի տողեր: Բայց, ցավոք, ժողովածուի մեջ չկան այն նամակները, որոնք Վարպետը գրել է Չարենցին: Չկան հասկանալի պատճառներով. որովհետև չկան նամակները: Վախի ու դավաճանությունների տարիները սպանեցին նաև մեծերի նամականիները:  

Բոլշևիկյան շրջանն ընդգրկող նամակագրությունում Իսահակյանը վկայում է բոլշևիկյան այն սահմռկեցուցիչ ծրագրի մասին, որի շուրջ վերջերս խոսվել է ակնարկներով, ենթադրություններով, բայց, որը, արդեն ստույգ է, որ իրականություն է եղել: Խոսքը Սևանա լիճը ցամաքեցնելու ծրագրի մասին է: Իսահակյանն այդ փաստն արձանագրում է 1934-ին արձակագիր, թարգմանիչ Կարեն Միքայելյանին ուղղված նամակում.

«Սրտի անհուն ցավով կարդում եմ Սևանը դատարկելու խոլական, խենթ ծրագիրը. արժե՞ մի քանի տասնյակ հազար հեկտար հողի համար Հայաստանի ջրամբարը ցամաքեցնել...Շատ մռայլ եմ ու տխուր այս հարցերի առաջ: Մխիթարականն այն է, որ 50 տարի պիտի քաշե Սևանի հոգեվարքը: Արաքսը հոսում է՝ ջրերը առատ, բայց չեն կարող թուրքին համոզել, որ թույլ տա ջուր վերցնելու, և Սևանն են չորացնում: Եկ և դիմացիր»:

Մարդկային պարզ փոխհարաբերությունները նույնպես իրենց ողջ մերկությամբ սփրդնում են Վարպետի գրչի տակից.

«Իմ աւա՛գ ընկեր, իմ սիրելի՛ ընկեր, և Դուք մի հաւատացէք այն ծափերին և ճառերին, որոնք վաղը որոտալու են՝ ի պատիւ Ձեզ, իմ խորին համոզմունքով՝ հայ գրական խօսքը միշտ արհամարհուած է և հայ ստեղծագործ միտքը միշտ ծաղրուած հէնց այն մարդկանց կողմից, որոնք վաղը կուշտ որկորով պիտի շրջապատեն Ձեզ, միւս օրը Ձեզ նորից արհամարհելու և ծաղրելու համար:

Դուք մի՛ հաւատացէք մեր անգրագէտ ինտելիգենցիային, մեր այլասերուած ուսանողութեան և մեր գիշակեր բուրժուազիային. նրանք, որոնք ովսաննա են տալու Ձեզ, հաւատացնում եմ Ձեզ, որ չեն էլ կարդացել Ձեր ստեղծագործութիւնները:»

Այսպես Վարպետն արտահայտվում է 1910-ին, Ալեքսանդր Ծատուրյանին ուղղված նամակում: Բայց, ցավալիորեն, նույն տրամադրություններն Իսահակյանն ունենում է 1920-ին.

«Ժնևում ինձ համար այլևս անկարելի է ապրել, ոչ մի տեղից փող չի գալիս: Ամերիկա գրում եմ, գրում, ո՛չ փող են ուղարկում, ո՛չ պատասխանում: Ընկերներ եկան-գնացին, կերան, լափեցին, ազգային գումարներով իրենց ու իրենց կնիկներին զարդարեցին, և ոչ ոք վրաս չմտածեց, նույնիսկ մի նվեր չտվին երեխայիս:  Վերջապես, այդ մարդկանց ես արհամարհում եմ, հաշվում եմ ավազակներ, խաչագողեր և այլ ածականներով, որոնց արժանի են՝ չունենալով ո՛չ խելք, ո՛չ զարգացում, ո՛չ հեռատեսություն»:

Եվս մի արդիական մի տրամադրություն, որ հետևել է հայ մտածող մարդուն միշտ և արդիական մի իրականություն, որ մշտապես եղել է ընկած ազգային գումարների տնօրենների ու ազգային երևելիների միջև:

Անդիմադրելի է գայթակղությունը՝ վերաշարադրել Վարպետի բոլոր նամակները: Մեծ է նաև ցանկությունը՝ կարդալ Վարպետի նամակների պատասխանները, բայց ավարտենք իսահակյանական մի դիտարկմամբ, որը Մարտիրոս Սարյանին ուղղված նամակում է. «…Ես հայ թերթերը կարդում եմ՝ վրդովվելու, հայհոյելու համար… Տեսնել հայկական աղետն ու առողջ մնալ, անկարելի է… դաշնակցական թերթերը կարդում եմ, դաշնակցականներին եմ հայհոյում, կոմունիստական թերթերը կարդում՝ սրանց հայհոյում, իսկ ռամկավար-հնչակ թերթերը անպատիվ եմ համարում կարդալ…»:

Եվ թևաթափ անող եզրակացությունը, որ անում ես Վարպետի նամակների ընթերցանությունից՝ մեկն է. հայ մարդու համար կարծես հավերժորեն կանգնել է ժամանակը...

Հ.Գ.

«Ավետիք Իսահակյանի նամակները» բացառիկ ու արժեքավոր ժողովածուն, որն, ի դեպ, բացառիկ է նաև իր բարձրաճաշակ ձևավորմամբ, լուսանկարների մատուցմամբ, ոչ միայն խնամքով ու նվիրվածությամբ մեզ է փոխանցում Մանուկ Աբեղյանին, Իսահակ Ալիխանյանին, Ղևոնդ Ալիշանին, Նիկոլ Աղբալյանին, Հովհաննես Թումանյանին, Փանոս Թեռլեմեզյանին, Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին ու բազում-բազում հայ մեծերին ուղղված Վարպետի անտիպ ու տպագիր նամակները՝ ժամանակների բացահայտումներով ու հայտնություններով, այլև անկրկնելի մի անվանացանկով ստեղծում է ժամանակաշրջանի մարդկանց կենսագրական մի փայլուն բառարան, որը ծանոթագրությունների հետ դառնում է ժողովածուի անբաժանելի մասն ու մի առանձին աշխատություն աշխատության մեջ:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ