Նարեկ Մանուկյան
Նարեկ Մանուկյան

 

Ունի

քաղաքա-

գիտության

և միջազգային

հարաբերու-

թյունների

մագիստրոսի

աստիճան

Հայաստանի

Ամերիկյան

Համալսարանից։

 

Զբաղվում է

համեմատական

կրթության,

կրթության

քաղաքա-

կանության

և կրթության

փիլիսոփա-

յության

ուսումնասիրու-

թյուններով:

 

Համակարգել է

Հայաստանում

առաջին

ծավալուն

ուսումնասիրու-

թյունը հանրա-

կրթության

պետական

չափորոշչի,

առարկայական

չափորոշիչների

և ծրագրերի

բարելավման

ուղղությամբ։

 

Հանդիսանում է

«Այբ» կրթական

հիմնադրամի,

Քեմբրիջի

համալսարանի

և UCL-ի

կրթության

ինստիտուտի

հետ համագոր-

ծակցությամբ

իրականացվող

Կրթության

գերազանցության

ազգային

ծրագրի

աշխատակազմի

ղեկավարը։

«Կրթության մեր օրը խժռում է ապագան...». ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Կրթության յուրաքանչյուր նախարարի սովորաբար բաժին է հասնում հանրությանն ուղղված մեկ-երկու քայլ, հետո գալիս է ներկա կարիքների սառը ցնցուղը, քննարկումները (հանրային կամ հանձնաժողովներով) և ներկան իր բոլոր պահանջներով խժռում է ապագան։

Սա ընդգրկուն թեմայով, բայց համառոտ հոդված է, որ պատկերացնենք, թե՝

  • Ի՞նչ հիմքերի վրա ստեղծած ու ի՞նչ տիպի կրթական համակարգ ունենք:
  • Ի՞նչ կարող ենք անել, որ լինի, օրինակ, «ինչպես Ֆինլանդիայում»։

Հանրակրթության մեր համակարգը = է՝ վարկեր  + քաղաքականության փոխառություն (policy borrowing)  +  քաղաքական / տնտեսական շարժառիթներ (political / economic incentives): 

Սա է այն մոդելը, որով կառուցել ենք համակարգը անկախությանը հաջորդող բոլոր 27 տարիների ընթացքում։

Վարկերին մենք պատվիրակել ենք մեր անկարողությունը, միգուցե, նաև՝ չկամությունը, ինքներս ֆինանսավորելու մեր համակարգի կառուցումը, միջազգային փոխառությանը՝ ինքներս դուրս բերելու համակարգի մեր բովանդակությունը և տեսլականը։

Վարկերի բանաձևը պարզ է՝մայր գումար + տոկոսներ + վարկատուի հետ քաղաքականություն համաձայնեցնելու պարտավորություններ:

Կրթական համակարգը մենք կառուցել ենք փաստացի Համաշխարհային Բանկից ստացված վարկերով։ Համակարգի կառուցմանն ուղղված վարկերի նոմինալ ծավալով  նախկին ԽՍՀՄ երկրների ցանկում «լավագույն» ցուցանիշ ունեցողներից ենք՝ շուրջ 90 մլն. ԱՄՆ դոլար (տես՝ հղմամբ) ներառյալ 2019թ.-ին ավարտվող ծրագիրը (ծրագրի ավարտը չի ենթադրում վարկերի մարման ավարտ)։ 

Մեր ստացած կրթական վարկերն այսպես կոչվող «հարմարեցվող ծրագրային վարկավորման» (adaptable program loan) շրջանակում են։ Սա ենթադրում է, որ վարկ վերցնելուց առաջ վարկատուի հետ պայմանավորվում ենք ապագա քայլերի տրամաբանությունը, իսկ վարկի յուրաքանչյուր փուլ ստանում ենք, երբ ապահովում ենք համաձայնեցված ծրագրային արդյունքները։ Որպես օրինակ առաջին փուլում (2004-2007թթ) պետք է ապահովեինք հետևյալը՝

  • Կրթության գնահատման ազգային ծրագիր՝ համաձայնեցված Բանկի հետ և հաստատված Կառավարության կողմից (տես՝ էջ 5, հետևյալ հղմամբ):
  • Ուսուցիչների կրթության և մասնագիտական զարգացման ռազմավարություն՝ համաձայնեցված Բանկի հետ և հաստատված Կառավարության կողմից (տես՝ էջ 5, հետևյալ հղմամբ):
  • Դպրոցների կառավարման և տեսչավորման նոր քաղաքականություն և ծրագիր՝ համաձայնեցված Բանկի հետ և հաստատված Կառավարության կողմից (տես՝ էջ 5, հետևյալ հղմամբ):

Արդյունքում՝ ոչ թե ստեղծել ենք մեր համակարգը, այլ վերցրել ենք այն, ինչ «տրվել է» վարկով։

Վերցրել ենք, այսպես կոչված, նեոլիբերալ կրթական մոտեցումներ՝ համակարգի կառավարման ապակենտրոնացում (մարզային դպրոցի ենթակայությունը մարզպետարանին), մրցակցություն (աշակերտի թվով ֆինանսավորում, դպրոցի ազատ ընտրություն), պետության դերի փոխակերպում՝ որպես կրթության ոչ միակ ֆինանսավորողի (դպրոցներին ձեռնարկատիրության հնարավորության ընձեռումը) և այլն։ 

Միաժամանակ, սակայն, չենք կարողացել վերցրածը լիարժեք ծառայեցնել մեր կարիքներին՝ անկախ նրանից, թե որքանով խնդրահարույց է այն տեսական մակարդակում (համեմատական կրթության ոլորտում մեծ բանավեճ կա նեոլիբերալ համակարգի վերաբերյալ)։

Չենք կարողացել ծառայեցնել, որովհետև հանրակրթական համակարգի բովանդակությունը և մեր ակնկալիքները ուրվագծել ենք միջազգային աղմուկի փոխառության մեջ: 

Չունենալով և չստեղծելով հետազոտական միջավայր, շարունակ փոխառել ենք՝ առանց խորապես գիտակցելու, թե ինչ ենք փոխառում և ինչ արդյունքի համար։

Այսպես օրինակ՝

  • «Կրթության մասին» ՀՀ օրենքը (1999թ.) գրեթե բառ առ բառ փոխառել ենք «Կրթության մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքից:
  • Առարկայական ծրագրերը (ներկայում գործող) փոխառել ենք այնքան տարբեր տեղերից, որ նույնիսկ ֆորմատի տեսանկյունից իրար չեն համապատասխանում (տես՝ հղմամբ):

Այսօր՝ էլ չունենալով հետազոտական միջավայր և այդ միջավայրում քննարկվող բարեփոխումներ, շարունակում ենք փոխառել ոչ թե միջազգային լավագույն փորձը, առաջնորդվում ենք ոչ թե հետազոտություններով, այլ հիմք ենք ընդունում մեր լսած աղմուկը՝ «Ֆինլանդիայում առարկաներ չկան»…

Մեր քաղաքական և տնտեսական շահերն իրենց հերթին տարիների ընթացքում բոլոր մակարդակներում ներսից  փչացրել են առանց այդ էլ չկայացած հանրակրթական կառույցը: 

Սա սկսվել է այն պահին, երբ վարկերի գաղափարախոսությունից ազդված մեր կառավարությունը նշել է, թե «պետությունը կրթության միակ պատասխանատուն չէ», «պետության ուսերին դրված կրթության ֆինանսավորման բեռը պետք է թոթափվի» և «դպրոցներին պետք է տրվեն այլընտրանքային ֆինանսի հնարավորություններ» (տես Կրթության զարգացման ռազմավարություն, 1997թ. տես՝ հետևյալ հղմամբ

Մեզնից յուրաքանչյուրն արդյունքում փորձել է լուծել ԻՐ և ոչ ՀԱՄԱՅՆՔԻ խնդիրը։

Ուսուցիչն իր ապրուստը հոգալու համար դասից դուրս նույն աշակերտի հետ նույն դասն է պարապել, տնօրենն այդ գումարից մաս է վերցրել՝ որպես «ձեռնարկության ղեկավար», ծնողը վճարել է, որովհետև իր երեխայի խնդիրն իր համար ավելի կարևոր է… Չգիտակցված կերպով, մեզնից յուրաքանչյուրը դարձել է իր գլխի տերը և բոլորով զրկվել ենք ավելի լավ համակարգ ունենալու հնարավորությունից։

Կոռուպցիան, կուսակցական շահն այստեղ ընթացքում են կոնսոլիդացվել, երբ պարզ է դարձել, որ գրեթե ամեն ինչ իր գինն ունի և մեր համակարգը դա է խթանում։ 

Ի հավելումն նշվածի, ընտրական գործընթացներին փոխկապացված բնական քաղաքական շահերը, ինչպես և ցանկացած այլ երկրում, զսպել են համակարգը արդյունավետ վերակազմավորման տանելու ցանկացած, նույնիսկ ռեալ մտադրություն։ Արդյունքում՝ մենք ստացել ենք սոցիալական լուրջ դերակատարություն ունեցող, կարելի է ասել զբաղվածություն ապահովող համակարգ՝ իր տարատեսակ կառույցներով, դրանց փոխկակացված աշխատակիցներով, լիարժեք չհասկացվող գործառույթներով։

Ի՞նչ կարող ենք անել:

          1. Պետք է փորձենք ընդունել իրականությունն իր բոլոր կողմերով:

Մեր ստեղծած կրթական համակարգն, ըստ էության, քիչ թե շատ ապահովում է այնքան որակ, որքան կարողանում է, թեև ոչ բոլորին և ոչ հավասարաչափ (մարդկային ռեսուրսի որակը այդքան համաչափ չէ)։ Սակայն, կրթական համակարգը չի լուծում երկու մեծ հարց՝ այն չի ձևավորում որակյալ կրթություն և չի ապահովում դրա համաչափ հասանելիությունը։

Այդ համակարգը՝ նաև իր հիմքում ընկած սկզբունքներից ելնելով, ունի մի շարք արատներ։ Այն փոքրացնում է անհատի դերը, խթանում քաղաքական-տնտեսական շահերը։

Մեր ունեցած կրթական համակարգը պետք է հիմքից փոխվի, այլապես արատները վերացնելու ճանապարհին ստեղծելու ենք շահերի բախման ավելի մեծ մի դաշտ։ Ծնողներին տալու ենք հանրային վերահսկիչների դեր՝ առանց համապատասխան կրթության, ունենալու ենք ուսուցիչներ, որ փորձում են հաճոյանալ իրենց վերահսկիչներին… և «ինչպես Ֆինլանդիայում»-ն արդեն չի ստացվի։

Մեր փորձը, անցումային երկրների փորձը մեզ հուշում է մի բան՝ շարունակ ներդրումներ անելով եղած համակարգը զարգացնելու մեջ, որոշիչ արդյունքի չենք հասնում: Այդ ներդրումները նմանվում են սեյսմիկ ռիսկ ունեցող շենքը ամրացնելուն…դրանք երկարաձգում են անխուսափելի փլուզումը։

          2. Պետք է գիտակցենք եղած համակարգի հնարավորությունները և հասկանանք, որ այս համակարգում չենք կարող ձևավորել որակյալ կրթություն և ապահովել դրա համաչափ հասանելիությունը:

Մրցունակ կրթական համակարգերի կառուցումը թանկ և երկարաժամկետ գործընթաց է։ Այս գործընթացը պահանջում է միջինում 20-30 տարի, ռազմավարության կայունություն՝ անկախ կառավարության փոփոխությունից և ՀՆԱ-ի նկատմամբ կրթության ֆինանսավորման առնվազն 5%-ի պահպանում (տես՝ Ֆինլանդիայի, Սինգապուրի փորձը)։

Առավել արագ հաջողության դեպքերը, բնականաբար, ավելի մեծ ներդրում են պահանջում: Նաև՝ ՀՆԱ-ի աճ։  

Պետք է գիտակցենք նաև, որ եղած համակարգում որևէ ներդրում մրցունակ համակարգային արդյունք մինչ այս չի ապահովել։ Մեզ հետ աշխատել է, օրինակ, հեղինակավոր Պասի Սալբերգը՝ «Ֆիննական դասեր» գրքի հեղինակը և ի՞նչ համակարգային օգուտ ունենք, բացի 2010թ. հայկական կողմի հետ համատեղ հրապարակված մի գիտական հոդվածի (տես՝ հղմամբ

            3. Պետք է կարողանանք սահմանել եղած կրթական որակը լիարժեք հասանելի դարձնելու քայլերը, և ստեղծարար լինենք ռեսուրսների սահմանափակության մեջ, որպեսզի մեր ողջ գումարը ներկային չուղղենք:

ՏՀԶԿ-ի 2015թ. «Համընդհանուր հիմնարար հմտություններ» զեկույցը (տես՝ հղմամբ) այլ հավասար պայմաններում ՀՆԱ-ի նշանակալի աճի մի շարք սցենարներ է մատնանշում, եթե Հայաստանում 2030 թ. դրությամբ կարողանանք ապահովել բոլոր աշակերտների շրջանում տարրական հմտությունների (կարդալ և ըմբռնել, տարրական մաթեմատիկական և գիտական պատկերացումներ ունենալ) զարգացում։ Մենք կարող ենք սա անել եղած համակարգի պայմաններում։

Պետք է ռեսուրսներ ուղղենք նաև անհրաժեշտ նվազագույն պայմանների բավարարմանը, սակայն ստեղծարար լինենք համայնքին ներգրավելու տեսանկյունից։ Մեկ տանիքի վերանորոգումն ավելի մեծ արդյունք ունի, երբ համայնքն իր, թեկուզ աննշան, մարդկային ռեսուրսն է դնում առանց հավելյալ վճարի։ Այդպես մենք կունենանք համայնքներ, որոնք նաև տեր կլինեն և հետագա մսխում թույլ չեն տա։ Պիտի գիտակցենք, որ համայնքի վրա զարգացում կառուցելն ավելի արդյունավետ է, քան անհատական շահերի զսպման մեխանիզմների կառուցումը։  

        4. Պետք է այսօր իսկ ներդրում անենք ապագայի մարդկային ռեսուրսի վրա, որ ապագայում այսօրվա համակարգը չժառանգենք:

Մեր ունեցած մարդկային և ֆինանսական ռեսուրսները հնարավորություն չեն ընձեռում այսօր մրցունակ կրթական համակարգ ստեղծելու, սակայն բավարար են սկսելու համար։

Ի վերջո, եթե մեզ հետ անկեղծ լինենք, կնկատենք, որ մենք չունենք  առարկայի կրթության անհրաժեշտ ծավալով մասնագետներ (պատմության լավ մասնագետ լինելը, դեռ չի նշանակում այդ առարկայի դասավանդման լավ մասնագետ լինել), չունենք  գնահատման համակարգերի կառուցման մասնագետներ, չունենք դասագրքերի մշակման մասնագետներ…

Մեր ունեցած բոլոր առարկայական ծրագրերի մշակման վրա աշխատել են առարկայական լավ մասնագետներ, սակայն նրանց մեծ մասը չի եղել առարկայի դասավանդման մասնագետ։ Մեր համալսարանները ևս այդպիսի մասնագետներ չեն պատրաստում։ Արդյունքում՝ մեր ունեցած առարկայական ծրագրերը, մեծ հաշվով, խնդրահարույց են (տես՝ հղմամբ

Համակարգային տեսանկյունից որակյալ մասնագետների կարիքը որակյալ կրթության համար տասնյակներով են հաշվում։

Պիտի ազատվենք մտայնությունից, որ եթե գիտենք, թե ինչ է 21-րդ դարի հմտությունը, ապա գիտենք նաև, թե ինչպես դրան հասնել համակարգային տեսանկյունից։

          5. Պետք է ընդունենք, որ հանրային - մասնավոր գործընկերության դաշտի ծրագրերը միմյանց փոխլրացնում են և աջակցության կարիք ունեն՝ որպես ներդրում ապագայում:

Անկախ եղած համակարգի, անհատների տարբեր խմբերի կողմից տարբեր նախաձեռնություններ են ստեղծվել, որոնք կարևոր խնդիրներ են լուծում։

«Արարատյան բակալավրիատը» փորձում է համակարգային նոր լուծումներով փոխակերպել և ձևավորել ապագայի ավագ դպրոցներ, «Դասավանդիր Հայաստանը» փորձում է կենդանացնել աշակերտներին և համայնքը, «Արմաթը» փորձում է սիրելի և հասանելի դարձնել տեխնիկական կրթությունը,  ԹՈՒՄՈ-ն փորձում է զարգացնել ստեղծարարությունը։ Սրանցից յուրաքանչյուրն իր դերն ունի։

Հայաստանում գործող կրթական հիմնադրամները՝ «Այբ» կրթական հիմնադրամը, «IDeA»-ն, «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամը», «Սիմոնյան» հիմնադրամը և ուրիշներ, Հայաստանը, արդեն տևական, ժամանակ դնում են կրթության հաջողության պատմությունների համաշխարհային քարտեզում։ Նրանք մեզ կապում են աշխարհի առաջատարների հետ, թույլ տալիս գտնել մեր տեղը և օգտվել առաջատար փորձից։ 

Ի հավելումն որպես օրինակ բերված այս նախաձեռնությունների, համակարգի ներսում կան կրթության կազմակերպման հաջող այլընտրանքային մոդելներ (օրինակ՝ «Քվանտ» վարժարանը, «Այբ» դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, «Արեգնազան» կրթահամալիրը, մարզերի դպրոցները՝ «Էվրիկա» դպրոցը և այլն)։

Մենք ունենք ձեռքբերումներ, որոնք ուսումնասիրության և համակարգային աջակցության կարիք ունեն։

Պետք է գիտակցենք, որ բոլոր խնդիրների համար մեկ դեղահաբ չենք գտնելու և նոր կրթական համակարգը ներսից է ստեղծվելու՝ հենց այս մոդելների հիմքի վրա է ստեղծվելու։ 

          6. Կրթության մեր քաղաքականությունը իրական մասնագիտական հիմքերի վրա պիտի կառուցենք:

Մենք շարունակաբար չենք կարողանալու լիարժեք բացահայտել մեր խնդիրները, և շեղվելու ենք լուծման մեր ճանապարհից, եթե չկարողանանք ձևավորել որակյալ հետազոտությունների և դաշտային աշխատանքում թրծված մասնագետների միջավայր։

Մեր ունեցած գրեթե բոլոր հետազոտությունները նկարագրողական վերլուծության մակարդակում են։ Մեր ունեցած գրեթե բոլոր փորձագետները կտրված են ամենօրյա դասարանական աշխատանքից։

Հետազոտական միջավայրը մեզ կօգնի ձևավորել իրական փորձագիտական համայնք, դուրս բերել մեր սխալները և ըմբռնել միջազգային լավագույն փորձ կոչվածը։ Այս միջավայրն է, որ կօգնի մեզ ոչ թե ուղղակի փոխառությամբ զբաղվել, այլ փորձել պատասխանել համեմատական կրթության հիմնական հարցին՝ «ի՞նչ է տալիս մեզ այլ փորձերի ուսումնասիրությունը»։

Որպես վերջաբան՝  մենք կարող ենք և պետք է լուծենք օրվա հոգսը, սակայն չենք կարող բավարարվել միայն դրանով։ Օրվա վրա կենտրոնանալով՝ կորցնում ենք ապագան, ինչպես, մեծ հաշվով, արել ենք մինչ այժմ։

Պետք է համադրենք հրատապ լուծում պահանջող խնդիրները ապագայի համակարգը կառուցելու ներդրումների հետ։ Մենք ունենք ստեղծված եզակի փորձառություններ, կարող ենք և պետք է շարունակենք մեր ունեցածի վրա կառուցել։ 

* Հոդվածը պետք է դիտարկել որպես մասնավոր կարծիք:

Նարեկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ