Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«ԼԵՆԻՆ ս նամի...»

 

Էն ժամանակներն էին, որ գյուղում հեռախոս չկար, և որպես կապի միջոց՝ գյուղացիներին կոլխոզի ղեկավարության կողմից ինչ-որ բան իրազեկելու համար օգտվում էին գզիրի ծառայություններից։ Գյուղի գզիրը Խաչին էր։ Պատերազմում արկի բեկորից ճակատի հատվածում վիրավորվել էր և մի բավական մեծ փոս ուներ ճակատամասում։ Խեղճ մարդը մի հանձնարարությունը կատարելիս մինչև մեր թաղն էր հասնում, ձայնը արդեն խզված էր լինում, ստիպված մեզ՝ երեխաներից որևէ մեկին կամ մի երկուսին մոտ էր կանչում, ասում, թե ում և ինչ պիտի ասենք, և մենք խոռով, ինչքան ուժ ունեինք, գոռալով ասում էինք գզիրի տված հանձնարարությունը։ Վերջում ինքը ստորագրում էր.

-  Ա՜յ ժողովուրդ, այդ ես ասացի՝ Խաչին,- ու թողնում գնում էր։

Ես զրնգուն ձայն չունեի, բայց երբեմն մասնակցում էի էդ աքլորականչին։ Մի օր էլ մի երկու բուռ խաշած սիսեռ էի կերել, հաջորդ օրը զգացի, որ ձայնիս որակները դրանից լավացել են, և որոշեցի այդ գյուտը հանրայնացնել, թեպետ նկատի ունեի գզիրին։ Եվ որպեսզի մեր գյուղի հանրությանը գաղափարս ավելի լուրջ ներշնչեմ, ու քանի որ մեր պատմության դասն էլ լենինյան թեզիսների վերաբերյալ էր, որոշեցի հենց լենինյան թեզիսների անվան տակ այն ներկայացնել՝ առաջարկությունս ավելի հավաստի դարձնելու համար։ Հաջորդ օրն իսկ մեր անմազ գոմեշի երկու կողերին կավիճով գրեցի՝ «Լենինյան թեզիսներ», իսկ ներքևում լավ ընթեռնելի տպագիր ձեռագրով գրեցի. «գյուղական սովետի հաշվին օրական երկու բուռ խաշած սիսեռ՝ Խաչի դայուն, ձայնային տվյալները բարելավելու համար», ու գոմեշին քշեցի նախիր։

Մեր տնից նախիր տանելու ճանապարհը գյուղսովետի շենքի դիմացով էր անցնում։ Նկատել էին, ինձ բերման ենթարկեցին գյուղսովետի նախագահի մոտ։ Ինչ խոսք, ինձ ավելի լուրջ գաղափարներ ներշնչեցին ու վերջում էլ գյուղսովետի նախագահը թե.

-Խելքդ գլուխդ հավաքի, լենինիզմը ձեր գոմշակովից հեռու պահի, թե չէ՜…, - էլ չշարունակեց, մնացածը ես պիտի հասկանայի։

Գյուղը նախապատրաստվում էր հերթական մայիսմեկյան տոնակատարությանը։ Գյուղամիջի շինությունների պատերին կարմիր պաստառների վրա սպիտակով գրված՝ կեցցեներով սկսվող լոզունգներ էին փակցվել։ Դպրոցն էլ մեզ՝ երեխաներիս էր նախապատրաստում տոնակատարությանը։ Ոտանավորներ էին հանձնարարում անգիր սովորել՝ նվիրված մեծ հայրենիքին, պարտիային և Լենինին։

Թերթերն ու ամսագրերը դրսի աշխարհի հետկապի լավագույն միջոցներն էին համարվում։ Հայրս էն ժամանակներում շատ թերթեր և ամսագրեր էր բաժանորդագրվում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։ Մի անգամ էլ, երբ թերթում էի «Կոլխոզնիկ» ամսագիրը, մի էջի կեսի չափով երկրի՝ ՍՍՀՄ-ի դրոշն էր նկարված, վրան գրված՝ «Լենին ս նամի»։ Մեր պատմության ուսուցչուհին էլ էր նման մի բան ասել հայերենով՝ Լենինը մեզ հետ է։ Որոշեցի մայիսի մեկի աշխատավորների օրվան ստեղծագործաբար մոտենալ։ Կավիճը լավ ներծծեցի կարմիր տուշի մեջ և մեր գոմեշի աջ ու ձախ կողմերի վրա կարմիրով դրոշը մուրճ ու մանգաղով նկարեցի ու սպիտակով վրան մի կողմի վրա հայերենով գրեցի՝ Լենինը մեզ հետ է, իսկ մյուս կողմում ռուսերեն՝ «Լենին ս նամի», ու մայիսի մեկի առավոտյան, ինքս իմ ստեղծագործությամբ հմայված, այդպես մեծ առաջնորդին նվիրված գրությամբ զուգած-զարդարած գոմեշին քշեցի դեպի նախիր։

Գյուղացիների տրամադրությունը սովորաբար պետական տոն օրերին բարձր էր լինում։ Երեխաներին նոր շոր ու կոշիկներ էին հագցնում, ուղարկում դպրոց, իրենց դպրոցական միջոցառումներին։ Մեծահասակներն էլ նույնպես զուգված, տարեցները նոր տրեխներով, նախշազարդ գուլպաները վեր ձգած, ջահելները ճռճռան կոշիկներ էին հագնում նոր շորերի հետ, մի մասը իրենց տներում, իսկ ավելի ստվար մասը հավաքվում էր գյուղամիջում, դհոլ ու զուռնա էին փչում, գինի խմում ու քեֆը տեղը բերածներն էլ պարում էին, ուրախանում, խոսք ու զրույցի բռնվում՝ սպասելով  ակումբում տեղի ունենալիք ընդհանուր տոնակատարությանը նվիված ժողովի սկսվելուն։

Դպրոցի մեր միջոցառումը ուշ վերջացրինք, արդեն իրիկնամուտ էր, և ես շտապեցի նախիրին ընդառաջ։ Երբ հասա գյուղամեջ, գոմեշը արդեն ինքնուրույն եկել հասել էր գյուղամեջ, այստեղ գյուղամիջում հավաքվածները նկատել էին ստեղծագործությունս և կալմեջ արել կենդանուն։ Գյուղսովետի նախագահն էլ էր հավաքվածների մեջ։ Ինձ տեսնելուց, մարդիկ մոտ կանչեցին։ Հավաքվածների տրամադրությունը բարձր էր, մեկը ժպտալով, թիկունքիս թփթփացնելով ինձ մեջտեղ  բերեց, գոմեշի կողքին կանգնեցրեց։

Առաջինը գյուղսովետի նախագահը խոսեց։ Նոր ծխախոտ հարմարացրեց մուշտուկի մեջ, ծուխը ախորժակով ներս քաշեց, դուրս փչեց մի երկու անգամ, խիստ թե՞ ծաղրական հայացքով ուշադիր նայեց ինձ ու ասաց.

-Քեզ չէի ասե՞լ, որ խելքդ գլուխդ հավաքես։ Չասացի՞, որ էս խեղճ կենդանուն լենինիզմի գաղափարներից հեռու պահես։

Ես չգիտեի ինչ ասեմ, լուռ նայում էի իրեն։ Նորից սկսեց, արդեն հանրության առաջ, լուրջ գաղափարներ ներշնչել ինձ։

-Դպրոցի մանկավարժական խորհրդում քո դաստիարակության հարցը կդնեմ, -ասաց ահ տալու պես։ Այսինքն թե՝ ով գիտի կամ ինչ իմանամ, ինչ վատ բան եմ արել, որ բռնել ու գոմեշի վրա նման օյիններ եմ նկարել ու գրել։ Մեկ էլ շուռ եկավ գյուղամիջի աղբյուրից կուժն ուսած ջուր տանող աղջիկներից մեկին ու մոտ կանչեց։

-Թաշկինակդ հանի, - ասաց։

-Չունեմ - ասացի։

-Գալստուկդ հանի՛ վզիցդ։ Ես, լուռ ու մունջ, պիոներական վզկապս արձակեցի։

-Հիմի ջրով կլվանաս նկարածդ, - ասաց ու նոր ծխախոտ վառեց։

Աղջիկը սկսեց կժից ջուր լցնել, իսկ ես պիոներական վզկապով սկսեցի ստեղծագործությունս լվանալով մաքրել կենդանու վրայից։ Երբ վերջացրի, գյուղի սրամիտներից մեկը՝ Անուշավանը, գինու լիքը բաժակը ձեռքին քիչ առաջ եկավ ու թե.

-Ապրե՛ք, ընկեր Մովսիսյան, գոմշակովը լենինիզմից մաքրվեց, մնացինք մունք։

Էդ տեսակ խոսքերից, թե ներկաների քեֆները լավ էր՝ դրանից, թե սրամիտի խոսք համարեցին, թե մեկ ուրիշ բան էլ կար դեռ, որ դեռ ինձ հասկանալի չէր այն տարիքում, ներկաները ծիծաղից փորները բռնեցին։ Էդ տեսակ խոսքերը, ինչպես երևաց, ըստ երևույթին, ընկեր Մովսիսյանի սրտովն էլ չէին, բայց իրեն դեմ արած գինով լիքը բաժակը վերցրեց ու խմեց։

-Անուշ լինի, ընկեր Մովսիսյան, մեզ էլ էդ օրին հասցնես։

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ