«Լուսանկարը՝ ՑՊԱՀԱՆՋ...»

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

Արդյոք որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ է լուսանկարը. ակնթա՞րթ, վայրկյա՞ն, պա՞հ, պատմությո՞ւն, հիշողությո՞ւն, վավերագի՞ր, թե՞...: Անշուշտ, յուրաքանչյուրը մեզնից իր մեկնությունն ունի...

Իսկ ի՞նչ է լուսանկարը մի մարդու համար, որն այդ լուսանկարի ստեղծողն է. այդ ակնթարթի, վայրկյանի, պահի, պատմության, հիշողության վավերագրողը:

Մենք այս հարցը չտվեցինք այն մարդուն, որը սիրով «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տրամադրեց իր կյանքի լավագույն տարիների մաս կազմող գրեթե մի ամբողջ կյանքի գործի «վկայությունները»՝ կենդանացնելով հիշողությունը, որ ապրում է յուրաքանչյուր մարդու հետ՝ նրա ժամանակ, թե՝ նրանից հետո:

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը նախաձեռնում է «Հատուկ նախագիծ» խորագրի մի շարք, որը բառիս բուն իմաստով երևակում է մեր ապրած կյանքի տասնյակ տարիներ և այդ երևակման շղթայում ուրվագծվում են մարդիկ, որոնք ապրել են մեզ հետ, ապրել են մեր կողքին, ապրել են մեր կյանքում, ոմանք նաև մեր ժամանակակիցն են այսօր ու իրենցով կերտել են մի ամբողջ ժամանակաշրջան:  

Հեռուստատեսային գործիչ Էդուարդ Տեր-Սահակյանի մասին մենք դեռ խոսելու ենք:

Մենք դեռ բացահայտելու ենք նրա կյանքի դրվագները, դեռ գնալու ենք այն ճանապարհներով, որոնցով անցել է նա տասնյակ տարիներ՝ թողնելով դրանցում հիշողությունը մարդկանց մասին: Բայց սա այն ժամանակ, երբ ամբողջությամբ ձերը կլինի նրա հավերժացրած ակնթարթների ամբողջությունը՝ սիրելի մարդկանցով, հետաքրքիր ու բացառիկ պատմություններով, անկրկնելի հուշերով... Այսօր միայն ասենք, որ Էդուարդ Տեր-Սահակյանը մի մարդ է, որը կանգնած է հայկական հեռուստատեսության ակունքներում, մի ամբողջ կյանք նվիրել է հայկական հեռուստատեսությանը՝ թողնելով գործեր, ֆիլմեր, ապրած տարիներ, հետք, հետագիծ ու նաև՝ լուսանկարներ, որոնք արել է իր անբաժան ֆոտոխցիկով, իր գործի ամենաթեժ պահերին: Եվ պատահական չէ, որ «Հատուկ նախագծի» այս բացառիկ շարքը՝ «Լուսանկարը՝ ՑՊԱՀԱՆՋ»-ը սկսում ենք ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ, թեև մեզ սպասում են թատրոնը, մեզ շատ սիրելի հանրահայտ մարդիկ ու բազում հետաքրքիր, բացառիկ դրվագներ:

Իսկ այսօր մեզ հետ են մեզ շատ հարազատ մարդիկ հեռուստատեսությունից: Մարդիկ, որոնք եղել են հեռուստատեսային կադրի տարբեր կողմերում. հեռուստահաղորդավարներ Լևոն Պարոնյան և Նառա Շլեպչյան, Լյուդմիլա Օրդոյան և Վարուժան Օլքինյան՝ հեռուստահաղորդավարներ, որոնք կուռքեր էին, որոնք թվում էին անհասանելի, որոնց սիրահարվում էին հասակակիցներ ու ժամանակակիցներ:

Հեռուստաօպերատոր Գալուստ Հալաջյան, որ ներգաղթել էր Հայաստան ու նվիրվել եթերին՝ խենթ, հումորով, անտրտունջ, որի տեսախցիկով են վավերացվել մեր եթերային կենսագրության առաջին տարիները,  հեռուստատեսային գործի գիտակ Սպիրիդոն Համբարձումյան, որ մնաց բոլոր սերունդների կողքին՝ տալով ու փոխանցելով գիտելիք, փորձ, հմտություն, բանաստեղծ Ռոմիկ Սարդարյան, որ նոր շնչով, նոր քայլով, նոր մտքով մտավ հեռուստատեսություն, ռեժիսոր Թամարա Բիտուցկայա-Էլիբեկյան, որի հեռուստաներկայացումներով մարդիկ սիրեցին ու սիրահարվեցին, սիրեցին միմյանց, արվեստը, թատրոնը, եթերը,  հեռուստաօպերատորներ Մելս Ներսիսյան, Լաերտ Պողոսյան, ռեժիսոր Գևորգ Խաչատրյան՝ մարդիկ, որոնք իրենց կենսագրությամբ պատմություն են՝ եթերի պատմություն, և և...Վահրամ Փափազյան, Մհեր Մկրտչյան, Վարդգես Պետրոսյան, Գևորգ Աբաջյան, Մարկ Արյան և այլոք...:

Մենք այսօր հրապարակելով այս լուսանկարները, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ մեր ընթերցողին «գտնել» այս մարդկանց մեջ իրենց սիրելիներին, մտերիմներին, բարեկամներին, ծանոթներին, որոնք մեզ հետ չեն այլևս, նրանց, ովքեր այսօր մեր կողքին են, առաջարկում ենք «գտնել» իրենք իրենց և այս լուսանկարների, այդ օրերի, մարդկանց, իրադարձությունների պատմությունները գրել և ուղարկել «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին:

Մենք դրանք սիրով կհրապարակենք և գուցե յուրաքանչյուր պատմություն մի նոր անակնկալի առիթ դառնա...:

Եվս չորս-հինգ շարք ենք առաջիկայում ներկայացնելու, որոնք երևակելու են նոր ոլորտներ ու նոր մարդկանց...

Սպասեք, իսկ մենք սպասում ենք ձեր պատմություններին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլ հասցեին:  

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ