Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Մարդը սիրելիս զարմանալիորեն բարիանում է...». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

 

Տարիներ առաջ, երբ Բեռլինում կայացավ Մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի համաշխարհային պրեմիերան, վերադարձից անմիջապես հետո Վարպետի բնակարանում webtv.am մշակութային հեռուստաալիքի համար երկար խոսեցինք «Ռեքվիեմ»-ից, ազգային, մշակութային խնդիրներից և այլն, որի տեքստային տարբերակը ամիսներ անց հրապարակվեց մոսկովյան «ԺԱՄ» հանրահայտ ամսագրում:

Այդ զրույցից է առանձնացված այս փոքրիկ հատվածը, ուր Վարպետի խոհերն են կյանքի, սիրո, հոգևորի, մնայունի մասին...

 

- Ի՞նչ է կյանքը Մաեստրո Տիգրան Մանսուրյանի համար:

- Օհ… Այ քեզ հարց… Անկեղծորեն ու առանց երկար մտածելու ասեմ` աշխատանք է: Այո, աշխատանք է: «Հյուծող աշխատանք միայնության մեջ», - ասում էր մեծերից մեկը: Իմ պարագային ինքս ինձնից պահանջածը մի այնպիսի աշխատանք է, որ նախ իմ ընտանիքի անդամների, հարևանների, բակի առջև պարզերես աներ: Եթե քո աշխատանքով կարող ես ավելիին հասնել` ինչու չէ: Երևի մարդու այն տեսակն եմ, որին անվանում են «Homo Faber» - մարդ-աշխատավոր:

- Մաեստրո, ի՞նչ է սերը:

- Օ, սերը… Ամենամեծ ուժն է: Մեր կարողությունների լավագույն մասը՝ մեր մարմնից սկսած մինչև հոգեբանություն, մինչև զգացական աշխարհ կամ սեր է կոչվում, կամ առնչվում է դրա հետ: Ամբողջ արվեստը՝ ինքնին, կյանքը, գեղեցիկը սիրելու կոչ է: Մարդը սիրելիս զարմանալիորեն բարիանում է: Ինչքան որ նրա մեջ սեր կա, այնքան իր մեջ բարություն կա: Որքան քիչ է սերը, այնքան չարությունն է շատ: Այնքան հստակ բաներ են սրանք: Ընդ որում, երբ ասում են սեր, անշուշտ, սեռի հարցն այստեղ ամենաառաջինն է, բայց սեռից դուրս, սեռից զատ, կա նաև սեր գաղափարի նկատմամբ, քո արմատների նկատմամբ, քո հարազատների նկատմամբ, նվիրյալների նկատմամբ, և, անշուշտ, սա՝ այս վերջինը, նույնպես սեր է: Ես, օրինակ, շատ սիրում եմ Կոմիտասի երաժշտությունը: Ես սիրում եմ Արագած լեռը և Արարատ լեռը: Ես սիրում եմ ամառային այն ճանապարհը, որով գնում ենք Ապարանով դեպի ձախ՝ Արթիկ: Այդ ամբողջ ճանապարհը շատ եմ սիրում: Սևանի ճանապարհն էլ, Գառնի-Գեղարդի ճանապարհն էլ:

Գառնի-Գեղարդի ճանապարհը նրանով է սիրելու, որ միակ ճանապարհն է, որ Երևանից դուրս է գալիս և Հայաստանում ավարտվում է: Գեղարդի ճանապարհը այստեղ է վերջանում, և այն, որ այստեղ է վերջանում, ճանապարհի սկզբից արդեն զգացվում է: Ճանապարհի սկզբից դու մտնում ես մի ուղի, որով դուրս չես գալու երկրից: Սա էլ մի ուրիշ ճանապարհ է: Մեր երկիրն, իրապես, սիրո վրա պիտի կառուցվի: Ուզում եմ ասել, երբ որ լավ երաժշտություն ենք ստեղծում, երբ որ լավ մի նկար ենք ստեղծում, լավ բանաստեղծություն, լավ մի գործ ենք անում՝ երկիր սիրելուց է նաև: Ամբողջությամբ:

Տեսեք՝ ինչ է ասում Պողոս Առաքյալը. «Եթէ խօսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կընմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հավատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ…»:

- Ո՞վ է հայը, մաեստրո:

- Տոկունն է, դիմացկունն է, ապրելու մեծ ջիղ ունեցողն է, իրեն ծաղկեցնելու, իր միջավայրը, իր տարածքը, իր կողքիններին ծաղկունք բերելու ուժ ունեցողն է: Երբեք չպիտի մերժենք այն գաղափարը, որ մենք ասելիք ունենք: Մենք պատահական չէ, որ եկել հասել ենք 21-րդ դար՝ մեր կողքին ունենալով այդքան վերացած ազգեր, ժողովուրդներ: Մենք մի առաքելություն ունենք, և մեր լավագույն կողմը, լավագույն արտահայտությունը այդ առաքելության ուղղությամբ մեզ ավելի հաստատուն, ավելի ամբողջական զգալն է: Ես հավատում եմ սրան: Եթե կան այս առաքելության գիտակցությունից փախչողների փոքր արտահայտություններ՝ լավ օրից չէ: Դժվար օրից է, և, ի վերջո, կյանքը չի կարող մեկ գույնից բաղկացած լինել: Սրանք էլ կան, փախուստ տվողներ կան, մանր «ես»-ին կուլ գնացողներ և այլն:

Ես ուզում եմ ասել, որ, ի վերջո, մեր ամբողջության մեջ մենք մեր առաքելությանը հավատացող ժողովուրդ ենք ու երբ ունենում ենք լավ ժամանակ, անպայման ունենում ենք դրա օգտին, դրա ուղղությամբ աշխատելու մեր լավագույն դրսևորումները: Մեր եկեղեցիները, տեսեք, ճարտարապետությունը դրանք այն եկեղեցիներն են, այն շինություններն են, որ կառուցվել են պատերազմներից ազատ պատմական կարճ ժամանակահատվածներում… Որ դարում շատ եկեղեցի ունենք, այդ դարը, ուրեմն, մենք խաղաղ ենք ապրել: Հետևաբար, խաղաղությունը կունենանք՝ մենք կունենանք ոչ միայն եկեղեցի, այլև մեր լավագույն ուժերը մեջտեղ բերելու կարողությունը: Հուսանք, որ այդպես կլինի:

- Կարծո՞ւմ եք, որ մենք Նարեկացու, Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի, Սարյանի, Հրանտ Մաթևոսյանի ժողովուրդն ենք, թե փոխվել ենք:

- Այո, երբևէ կասկած չի եղել, իհարկե, ես կասկած չունեմ: Եթե շատ խոշորացնենք, այն մանրը, որ մեր կողքին է՝ եսապատկան կամ փախչողի, կամ փոքր ճարպիկի հոգեբանությունը, եթե խոշորացնենք ու դա համարենք հիմնականը, լավ չէ, որովհետև մեր արժեքները ոչ միայն այսօրվա հողի վրա քայլողներն են, այլև մեր նախորդ սերունդներն են, որ մեզ հետ են, մենք բոլորով միասին ենք քայլում: Իմ պատկերացումն է սա: Մեր գոյացման ամենօրյա շարժման մեջ մասնակից են, անշուշտ, և՛ Չարենցը, և՛ Սարյանը, և՛ Թորոս Ռոսլինը, և՛ Նարեկացին, գրչի անանուն վարպետները, խաչքար կերտող անվանի և անանուն վարպետները… Մեզ հետ են: Բոլորս միասին ենք մենք, քայլում ենք: Թումանյանն է ասում չէ՞.

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,

Մեր գանձերը ծով,

Ինչ-որ դարերով,

Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին

Հայոց լեռներում,

Բարձըր լեռներում…

Իրականությունը սա է: Մենք նույնն ենք, որևէ բան չի փոխվել և չի փոխվելու: Մենք շատ տոկուն ենք, շա՛տ տոկուն ենք: Մեր հոգեբանության մեջ շատ ամուր նստած է «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» ծրագիրը: Գիտենք գնահատել ինքներս մեզ, մեր արժեքները և դրանցով ապրելը և միաժամանակ գիտենք արժևորել դրսից եկածն էլ, եթե գեղեցիկ է, բարձրարժեք է և կարող է մերվել մեզ հետ: Մեր դուդուկը մեզ բավարարելու է մշտապես, երբեք մենք երես չենք թեքելու մեր դուդուկից: Մեր լավագույն ջութակահարներն էլ պիտի գոյանան. այսօր կան, վաղն էլ կլինեն: Ես հավատացած եմ, որ մեր միջուկը շատ զորավոր է, և այս ուղղությամբ է պետք աշխատել, միջուկի ուղղությամբ, հիմնականի ուղղությամբ: Ինչքան շատ լինենք այդ ուղղությամբ աշխատողներս, այնքան կնշանակի եկեղեցիներ կառուցելու ժամանակն է եկել, խաղաղության ժամանակն է, այնքան մենք զորավոր ենք թե՛ արմատների առումով, թե՛ վաղվա առումով:

- Մաեստրո, ունենալո՞ւ ենք հոգևոր Հայաստան:

- Առաջին քայլը հոգևորի ուղղությամբ՝ հայոց լեզուն սրբությամբ պահպանելն է: Դրա շուրջը կգոյանան բոլոր մնացյալները, բոլոր մնացյալ սրբությունները: Քանի Հայրենիքում ենք, Ֆրանսիայում չենք, Ամերիկայում չենք, Հոլանդիայում չենք, մեր երեխաներին ուղղելու ենք դեպի հայոց լեզուն: Սա է ամենամեծ մեր հավատարմության արտահայտությունը և ամենապարզ, ամենամաքուր, ամենանախնական քայլը: Երեխային խոսեցնել մեծ հոր և մեծ մոր լեզվով, որ նրանք իրար հասկանան, իրար հետ կապի մեջ լինեն: Հայոց լեզուն մեր հոգևոր տան սյունն է…

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ