«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Մեգաաստղերի երևանյան շքերթը ...». ԱՐՈՆՈՖՍԿԻ, ԶԱՅԴԼ, ԲԵՅՔԵՐ, ՌՈԶԻ...

 

Նյու Յորքում, Բրուքլինում ծնված Դարեն Արոնոֆսկի՝ ամերիկյան անկախ կինոյի մեգաաստղ, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, ժամանակակից ռեժիսորական աշխարհի լավագույններից մեկը, որ առաջին ֆիլմը նկարահանեց միայն երեսուն տարեկանում և որ պատանեկության օրերին քոլեջը չլքեց միայն այն պատճառով, որ ծնողները շատ փող էին վճարել դրա համար...

Էրիթրեայում, Կարմիր ծովի ափին, իտալացիների ընտանիքում ծնված Ջանֆրանկո Ռոզի՝ իտալացի և ամերիկացի ռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր, սցենարիստ, որ ապրել է Հռոմում, Ստամբուլում և տեղափոխվել է Նյու Յորք և որ փորձում է իր կինոյում համադրել մահը և էսթետիկան:

Նյու Ջերսիում ծնված ռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր, սցենարիստ և խմբագիր Շոն Բեյքեր, ով չի նախընտրում նկարահանել պրոֆեսիոնալ դերասանների, ով սիրում է իրականությունը պատկերող կինոյում միավորել խաղարկայինն ու փսևդովավերագրականը:

Ավստրիայում, խստապահանջ կաթոլիկների ընտանիքում ծնված Ուլրիխ Զայդլ, ով մանկության օրերին երազում էր հոգևորական դառնալ, բայց նախընտրեց կինոն՝ դառնալով ժամանակակից աշխարհի ամենաակտուալ, ամենաամաչկոտ, փակ և ինքնամփոփ ռեժիսորներից մեկը՝ ալտերնատիվ վավերագրական և խաղարկային կինոյի աստղ նրբակազմ, հավասարակշռված եվրոպացին:

Դժվար է ասել, թե ինչպես է հաջողվել «Ոսկե Ծիրանին»՝ որպես փառատոնի պատվավոր հյուրեր, հուլիսյան տապին Երևան բերել այս մարդկանց, ովքեր պահանջված են աշխարհում, ում այցերը անհասանելի թվացող երազանք են կինոսերների համար, ովքեր մտածող են ու երազող, փիլիսոփա են ու իրատես, ովքեր կոտրել են ու կոտրում են կարծրատիպեր, տեսնում են իրականությունը «այն կողմից», ովքեր խառնել են կինոմտածողության ու կինոլեզվի բոլոր սահմանումները:

Առավել դժվար է հասկանալ, թե ինչպես է հաջողվել «Ոսկե Ծիրանին» Երևան բերել նրանց կինոն, որ անցնում է Կաննից Բեռլին, Վենետիկից Միացյալ Նահանգներ, որ նվաճում է օսկարներ, ոսկե արջեր, առյուծներ, սեզարներ, գլոբուսներ ...

Եվ քանի որ արդեն փաստ է, որ նրանք լինելու են Երևանում, մեզ հետ վայելելու են հայաստանյան արևն ու ծիրանը, «Ոսկե Ծիրան»-յան մթնոլորտը, հայկական հյուրասիրությունն ու երևանյան ազատությունը, շփվելու են մեզ հետ, լինելու են մեր կողքին ու մի քիչ Հայաստան են տանելու իրենց հետ, «ծանոթանանք» նրանց, նրանց խոհերին, զգացողություններին, մտածումներին՝ «պտտվելով» աշխարհի լավագույններին տված նրանց հարցազրույցներում, որպեսզի հասկանանք այն կինոն, որ կոչվում է ... կինո:   

ԴԱՐԵՆ ԱՐՈՆՈՖՍԿԻ. «Ես նռնակ եմ նետում փոփ մշակույթի վրա և նայում եմ, թե ինչ դուրս կգա դրանից»:  

«...Ես չլքեցի քոլեջը միայն այն պատճառով, որ ծնողներս շատ փող էին վճարել դրա համար ... Բայց ես սկսեցի հաճախել արվեստի մասին դասընթացների, հետո սկսեցի նայել կինո և մխրճվել նրա մեջ որքան հնարավոր է խորը ...

... Ֆիլմի համար փող ստանալը բարդ է ամեն տեղ և միշտ: Հատկապես, երբ դու ինչ-որ ոչ ակնհայտ մի բան ես անում...

«Պի»-ն սև սպիտակ ֆիլմ էր, ոչ պրոֆեսիոնալ դերասաններով: Ես վազում էի բոլոր մարդկանց մոտ, ում ճանաչում էի ու ջանում էի հավաքել 20 հազար դոլար: Մենք բոլորին նամակներ գրեցինք, խոստացանք, որ եթե նրանք մեզ նվիրեն 100 դոլար, մենք նրանց կվերադարձնենք 150 դոլար: Ամենալավ զգացողությունս այն էր, երբ ես նստել էի ու բոլորին դուրս էի գրում 150 դոլար: Ոչ ոք չէր հավատում, չէ՞, որ մենք այն կվերադարձնենք...

... Ես ֆիլմ նկարահանեցի, երբ 30 տարեկան էի: Դրան ինձ դրդեց իմ տարիքը: Սկզբից դու 26, 27, 28 տարեկան ես, և դա նորմալ է: Հետո ինչ-որ պահի լրանում է երեսունդ ու դու մտածում ես, որ շուտով կմեռնես: 30 տարեկանն, իսկապես, կարևոր տարիք է:  Պետք է հիշել՝ մենք բոլորս մեռնելու ենք, կյանքի բնական շրջանն է այդպես, և մահվան իրական լինելու զգաղողությունն ամենակարևոր զգացողություններից մեկն է, որովհետև այն, ինչ մենք պատմում ենք, իրականում պատմություն է կյանքի և մահվան մասին...

... Ես կարծում եմ, որ ամենակարևորը ֆիլմերում՝ էմոցիաներն են... Սիրում եմ խոշոր պլաններ: Ես դրանցով սիրում եմ ակցենտավորել դերասանների դեմքերը՝ հետևելու համար նրանց էմոցիաներին: Մարդկանց հետ շփվելիս մենք շատ հաճախ նայում ենք «այֆոնների» մեջ կամ՝ երկինք և շատ քիչ ենք նայում մարդկանց աչքերի մեջ: Իսկ կինո նկարահանելիս կարող ես տեսախցիկն ուղղել մարդու վրա և ամբողջովին տպավորվել նրա էմոցիաներից: Դա ամենամեծ բանն է, որ ես կարող եմ անել որպես ռեժիսոր...

... Ինձ համար ֆիլմերը միջոց են, որոնցով կարող ես շատ ուժեղ ազդել մարդկանց զգացմունքների և մտքերի վրա ... Երբ ես հանդիպում եմ մարդկանց, նրանց մեջ միշտ տեսնում եմ թե լավը, թե՝ վատը: Նրանց մեջ միշտ ներքին կոնֆլիկտ կա, որը նրանց դարձնում է մարդ: Ինձ հետաքրքիր են հակասություններն ու կասկածները, որոնք ես կարող եմ ցույց տալ կինոյում էմոցիաների միջոցով, բայց դրա համար հանդիսատեսի հետ պետք է անկեղծ լինել ...

... Երբ ես գրում էի «Երազանքի ռեքվիեմ»-ի սցենարը, ես մտածում էի, որ դրա համար ինձ հաստատ փող կտան: Բայց մեր զանգերին ոչ-ոք չպատասխանեց: Հիշում եմ, թե ինչպես էի նստած հանդիպմանը և գլուխ էի գովում, որ շուտով նոր ֆիլմ եմ նկարահանելու: Եվ հենց այդ ժամանակ ինձ զանգեցին ու ասացին, որ կտրում են բյուջեն չորս միլիոնից՝ երկուսի: Այդ պահին ես ուղղակի լաց եղա աղջկա դիմաց նստած...

... «Մայր»-ը ֆիլմի սցենարը ես շատ արագ գրեցի: Սևագիր տարբերակը երկու ամսում արդեն ավարտել էի: «Մայր»-ը էմոցիա է, կատաղություն, որն այն ժամանակ իմ մեջ կար: Մենք բոլորս ոչ պարզ ժամանակներ ենք ապրում: Մեր սերունդը և մեր ծնողների սերունդը այնքան կեղտ է պտղաբերել, որ չի արել ամբողջ մարդկությունը մինչ այդ: Անցած տարի Ամերիկայում երեք գերփոթորիկ եղավ մի ամառվա ընթացքում, չնայած, որ այն պետք է լիներ մի սերնդի համար մի հատ: Եղան ամենամեծ հրդեհները պատմության մեջ: Այդ բոլորը Թրամփին բերեց Սպիտակ տուն: Այդպես ենք վերաբերում սեփական մորը՝ մենք, դեռահասներս, էգոիստ սրիկաներս: Եվ դա ինձ շատ է հուսահատեցնում...

ՈւԼՐԻԽ ԶԱՅԴԼ. «Մեր ունայն կյանքում մենք, միևնույն է, համառորեն փնտրում ենք դրախտը»

... Ես փորձում եմ մարդկանց ցույց տալ այնպես, ինչպես նրանք կան: Ու պարզվում է, որ այդ կերպարը հակադրվում է այն արհեստականի, անբնականի հետ, որն արմատացած է փոփ-մշակույթում...

... Յուրաքանչյուր ֆիլմը նվիրված է հավատին, հույսին և սիրուն: Բայց և դրախտին, որը փնտրում են հերոսներս: Մենք բոլորս փնտրում ենք դրախտը, բայց, ամենայն հավանականությամբ, այն երբեք էլ չենք գտնի: Դրախտը հավերժության և անդավաճան երջանկության բիբլիական վիճակն է, բայց մենք մեր ունայն կյանքում, միևնույն է, փորձում ենք այն ունենալ...

... Ես իմ գործերում չեմ օգտագործում տերմիններ: Ես հեռանում եմ թեմայից, վայրից, որտեղ նկարահանում եմ,  կերպարներից: Ես երբեք իմ առջև նպատակ չեմ դնում իմ ֆիլմերից դասագքեր պատրաստել: Իմ ֆիլմերում բացարձակապես չկան նաև բարոյական գնահատականներ: Ես ջանում եմ հնարավորինս չեզոքություն պահպանել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է:

... Հավատն Աստծո նկատմամբ շատ հեշտ ընկնում է ծայրահեղությունների մեջ և դառնում է մարտնչող: Մյուս կողմից՝ մարդկությունը դարեր շարունակ կարիք է ունեցել ինչ-որ մի բարձրագույն էակի և փնտրել է նրան ...

... Ռեժիսորի մասնագիտությունը միշտ կախված է հարցերի դրվածքի հետ ու պարտադիր չէ դրանք ձևակերպել անմիջականորեն վերբալ կերպով, ինչպես տեղի է ունենում հարցազրույցի ժամանակ...

... Կարծում եմ հակադրել վավերագրական կինոն խաղարկային հետ՝ արդեն հնացած մոտեցում է: Այն այսօր վերացած է ... Ես հենվում եմ բավական հստակ սկզբունքների վրա՝ որոնք կազմում են «Զայդլի մեթոդի» էությունը՝ նկարահանել խաղարկային ֆիլմը ինչպես վավերագրականը՝ այնպես, որ իրականության անսպասելի պահերը կարողանան միավորվել մտացածինի հետ...

... Պրոֆեսիոնալներին ստիպում եմ խաղալ որպես ոչ պրոֆեսիոնալների և՝ հակառակը:

... Սցենար, որպես այդպիսին, իր սովորական ընկալման մեջ՝ գոյություն չունի: Սցենարում կան միայն շատ հստակ նկարագրված դրվագներ, բայց ոչ դիալոգներ: Ֆիլմը նկարահանվում է ժամանակագրական կարգով, ֆինալը մնում է բաց ...

... Մինչ նկարահանումները սկսելը, ես երկար ժամանակ եմ անցկացնում այդ մարդկանց հետ, ես նրանց լավ եմ ճանաչում: Եվ նույնիսկ ինչ-որ իմաստով մասնակցում եմ նրանց անձնական կյանքին: Մի օր, սարսափելի շոգին, ես նրանց նստեցրեցի արևի տակ կանգնած մի մեքենայի մեջ, որտեղ հեղձուկ էր, և մի որոշ ժամանակ նրանց թողեցի այդ շոգեբաղնիքում, որպսզի իրականում քրտնեն: Քրտինքը միշտ պետք է իրական լինի...

... Ես հայտնի եմ հենց նրանով, որ խախտել եմ վավերագրականի և հնարածի սահմանները: ... Ոչ բոլոր հարցերին է հնարավոր պատասխանել: Կյանքը և իրականությունը փոխվում են կայծակնային արագությամբ և ես դրանում մասնակցություն ունեմ, տեսնում եմ և զգում:

Ես ներխուժում եմ այդ իրականություն: Իմ ֆիլմերը շատ հաճախ իմ անհանգստություններն են, իմ շփումները մարդկանց հետ, կյանքի իմ դիտարկումները՝ ինչպես եմ ես այն տեսնում: Միշտ գոյություն ունեն հասարակական տաբուներ, միշտ պետք է հավատարիմ մնալ իրականությանը, միշտ հայացքը պետք է տանել այնտեղ, որտեղից ուրիշներն այն փախցնում են:

Չեմ կարող կյանքս առանձնացնել ֆիլմերիցս:

Կապիտալիզմը գթություն չի ճանաչում:

ՋԱՆՖՐԱՆԿՈ ՌՈԶԻ. «Ես չեմ մտածում կոնյուկտուրայի մասին...»:

... Ամենամեծ տպավորությունն ինձ վրա թողնում են մարդիկ, ես չեմ գնում սենսացիաների հետևից, ես «տելեվիզյոնշիկ» չեմ ...  Ինձ համար ամենակարևորը իրականության մեջ խրվելն է:

... Ֆիլմը ստեղծվում է նկարահանումների ընթացքում: Ես երբեք նախապես ոչինչ չեմ գրում թղթի վրա: Ֆիլմն ինքն է իրեն ծնում, ինքն է իրեն ստեղծում: Չկա որևէ տեսարան, որը նախապես մտածված լինի կամ՝ նախապես գրված: Այն ծնվում է տեսախցիկի առաջ և հենց դրանում է վավերագրական կինոյի հրաշքը: Այն ծնվում է իրականությունից: Ֆիլմը հոգեկան վիճակ է: ... Զգացողություններ, էմոցիաներ, որոնք տանում են դեպի «այն կողմ», դեպի «ինչ-որ մի տեղ», որը ճանաչում ես կամաց-կամաց:

... Ես մենակ եմ աշխատում: Ես չունեմ նկարահանող խումբ: Ամեն ինչ ես մենակ եմ նկարահանում, մենակ եմ գրում ձայնը: Ես այնքան էլ չեմ մտածում, թե որտեղ դնեմ տեսախցիկը:

Սովորել եմ նրան, որ իմ ֆիլմերը բաժանում են մարդկանց, հրահրում են վեճեր:

... Ատում եմ այսպես կոչված վավերագրական ժանրը դողացող տեսախցիկով: Ընդհակառակը՝ որքան կինեմատոգրաֆիական է ֆիլմը, այնքան ավելի է ճշմարտացի: Իսկ ինձ մեղադրում են էսթետիզմի մեջ:

Հ.Գ.

Նրանց անընդհատ կարելի է կարդալ: Անընդհատ կարելի է հետևել նրանց մտքի ընթացքին, փիլիսոփայական ընդհանրացումներին: Նրանց մոտեցումներում երևում են ժամանակակից կինոյի ուղղությունները, անհանգստությունները, էսթետիկաները ... Երևում է ինքը՝ ռեժիսոր մարդը, աշխարհի մարդը:

Բայց, սպասենք նրանց ու նրանց ֆիլմերին: Այսպիսի պատեհություն տարին մեկ անգամ է լինում Հայաստանում և լինում է «Ոսկե Ծիրան»-ում...    

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ