«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Մենք հպարտանալու մեծ տեղ ունենք». ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

 

Ռուբեն Միրզախանյանի հետ որոշել էինք զրուցել կրթական համակարգի խնդիրներից, մանկավարժությունից, մանկավարժական կրթության պետքերից, հրատապություններից, բայց, մեզնից անկախ, մեր զրույցն ընթացավ արվեստի շուրջ, առավելապես՝ կերպարվեստի: 

Հավանաբար, առիթ հանդիսացավ այն հանգամանքը, որ մենք ոգևորված էինք այն թանգարանով, որ ստեղծվել է Ռուսաստանի և աշխարհի ամենա-ամենա հարուստ, շա՜տ մեծահարուստ մարդկանցից մեկի՝ Բորիս Մինցի միջոցներով, որը «Ֆորբս» հեղինակավոր հանդեսի կողմից դասակարգվում է աշխարհի մեծահարուստների 45-րդ հորիզոնականում: Շա՜տ մեծահարուստի կողմից Ռուսաստանում բացվում է ոչ թե ռեստորանային ասիական համալիր, առևտրի կենտրոն՝ մոլի կերպարանքով, կամ՝ գեղջկական տոնավաճառ, այլ...«Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան»:

Անկրկնելի մի թանգարան, որտեղ վերջերս մեծ հաջողությամբ ցուցադրվեց նաև Հայաստանը՝«Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից՝ Փարիզ» ներկայանալի ցուցահանդեսով:

Իմպրեսիոնիզմի մասին խոսակցությունը միանգամից ոգևորեց Ռուբեն Միրզախանյանին և մեզ համար անսպասելիորեն, նա ցույց տվեց այն հսկայածավալ պատկերագիրք-աշխատությունը, որ կոչվում էր «Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր» և որի հեղինակը հենց ինքը՝ Ռուբեն Միրզախանյանն էր:

Մանկավարժական համալսարանի ռեկտորը միանգամից մանկավարժորեն նկատեց մեր տարակուսանքը «նկարիչ հայեր» արտահայտության վերաբերյալ և անմիջապես ասաց.

«Այո, նկարիչ հայեր և ոչ թե՝ հայ նկարիչներ: Ինչո՞ւ, որովհետև շատ նկարիչներ, որոնք ծնվել են Հայաստանից դուրս, կրթվել են Հայաստանից դուրս և այլն, այո, անքննելիորեն լինելով ծագումով հայեր, այնուամենայնիվ, հայ գեղանկարչներ չեն: Ամենացայտուն և ամենամատչելի օրինակը Այվազովսկին է: Երբեմն մենք նույնիսկ ասում ենք Հովհաննես Այվազյան: Եղբայր, այդ մարդը երբեք չի ստորագրել Հովհաննես Այվազյան:

Այո, Այվազովսկին՝ մեծ, համաշխարհային հնչեղություն ունեցող ծովանկարիչ է՝ բացարձակ հայկական ծագումով, թաղված հայկական եկեղեցում, Արարատ և Նոյ պատկերած, երբեք չհրաժարված իր հայկական ծագումից, բայց, այնուամենայնիվ, այդքանով հանդերձ, Այվազովսկին եղել և մնում է ռուս մեծ ծովանկարիչ: Դրանից բոլորովին պետք չէ վատ զգալ: Բոլորովին: Դա գավառականության դրսևորում կլինի: Մենք, այո հպարտ ենք, որ շատ մեծեր ծագումով հայ են, բայց նրանցից շատերը համաշխարհային ճանաչում ստացել են որպես ռուսական, եվրոպական, ամերիկյան դպրոցի հետևորդներ:

Արշիլ Գորկին, որը վերապրեց Եղեռնը, որը ժամանակակից ամերիկյան մոդեռնիզմի հիմնադիրն է, մեծ հայ է, բայց՝ ամերիկյան մոդեռնիզմի հիմնադիրն է և առանց նրա դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել: Ասենք, որ Արշիլ Գորկին հայ նկարիչ է՞...»:

Մենք հաճույքով թերթում ենք պատկերագիրքը, որը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգից Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արա Հակոբյանի խմբագրությամբ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մարտիրոսյանի հրատարակչական խմբագրությամբ, Արամ Ուռուտյանի ձևավորմամբ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Միքայելյանի՝ անգլերեն և մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Սամուելյանի՝ ռուսերեն թարգմանություններով:

Ծանոթ ու անծանոթ նկարիչ հայեր, նրանց ստեղծագործությունների անհամրելի թվացող հրաշալի արտատպություններ, որոնք արձանագրում են, որ նկարիչ հայերի ստեղծագործությունները ոչ միայն չեն զիջում իմպրեսիոնիզմի համաշխարհային հսկաների գործերին, այլև իրենց պատկերայնությամբ, կատարողական վարպետությամբ, գույնի ու տպավորության համադրությամբ ուրույն տեղ ունեն կերպարվեստի համաշխարհային գանձարանում:    

Ֆելիքս Զիմ՝ 1821-1911 թվականների Բարբիզոնյան դպրոցի ամենաերևելի ներկայացուցիչներից: Կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ «...նրա հայկական արմատների մասին վկայում են նկարչի հոր  օրագրային գրառումները, որտեղ ասվում է, որ «Մայրս՝ Աննա Տուդ օ դը Նյուին, կնության էր գնացել հորս՝ Ժորժ Բարտելենի Զիմին, որը ծագմամբ լեհ էր, արմատներով՝ հայ: Պատերազմի պատճառով նա տեղափոխվեց Ֆրանսիա, այնուհետև հիմնավորվեց Բոննում»:

Հայկական ծագմամբ ռումինացի նկարիչ Թեոդոր Ամանն, Մյունխենի գեղարվեստի կայսերական ակադեմիայի սան, հայկական ծագմամբ հունգարացի նկարիչ Շիմոն (Սիմոն) Հոլոշի, Թեոդոր Աքսենտովիչ, որ ուսանել է Գերմանիայում՝ Մյունխենի գեղարվեստի կայսերական ակադեմիայում, հետո Ֆրանսիայում: Անկրկնելի Վարդգես Սուրենյանց, Արսեն Շաբանյան՝ Պատվո Լեգիոնի ասպետ, Փարիզում Ժյուլիանի ակադեմիայում Ժան Պոլ Լորանի և Բենժամին Կոնստանի սաներից: Ակադեմիա, որտեղ ուսանել է նաև Փանոս Թերլեմեզյանը:

Վարդան Մախոխյան, Եղիշե Թադևոսյան, Հմայակ Հակոբյան՝ դարձյալ ուսանած Մյունխենի գեղարվեստի կայսերական ակադեմիայում, Կարապետ Ադամյան՝ ծնված Կոնստանդնուպոլսում, Մուրադ Ռաֆայելյան վարժարանի նախնական կրթությամբ: Էդգար Շահին, Հովսեփ Փուշման (Փուշմանյան), Գայֆեճյան, Սարյան, Հովհաննես (Ժակ) Ալխազյան, Գեորգի Յակուլով, Գրիգոր (Գիգո) Շարբաբչյան՝ կրկին ուսանած Ժյուլիանի ակադեմիայում, Սեդրակ Առաքելյան, Ռաֆայել Շիշմանյան, Սարգիս Խաչատուրյան՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայի, Փարիզի զարդարվեստների ուսումնարանի սաներից, Հերան Շաբան (Հրանտ Շաբանյան)՝ Փարիզի գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցից, Զարեհ Գալֆայան՝ նույն փարիզյան գեղեցիկ արվեստների դպրոցից, Հովհաննես Թադևոսյան՝ ծնունդով երևանցի մի նկարիչ, որ 50 տարի ապրում և ստեղծագործում է Ուզբեկստանում, Գաբրիել Գյուրջյան, Բարդուղ Վարդանյան, Քոչար, Գորկի, Դմիտրի Նալբանդյան, հայկական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ Գրիգոր Պետիկյան, Խաչատուր Եսայան, Իսաբեկյան, Զարդարյան, Զաքար Խաչատրյան, Փարավոն Միրզոյան, Արամ Իսաբեկյան և այլն:

Պատկերագիրքը ոչ միայն մեզ տանում է այն աշխարհը, որը ստեղծել է կերպարվեստի հայ միտքը, ոգին, ձեռքը, այլև կատարված հսկայածավալ ուսումնասիրության շնորհիվ մեզ հաղորդակից է դարձնում նրանց մտածումներին, փիլիսոփայություններին, աշխարհընկալումներին՝ հաղորդելով նաև հանրագիտարանային հարուստ տեղեկություններ: Այստեղ ոչ միայն նկարիչ հայերն են, այլև հայ նկարչական միտքը ընդհանրապես և իմպրեսիոնիզմում մասնավորապես:

«Բոլոր ուսյալ ազգերը հասկացել են, որ հոգևոր առաջընթացի հիմքերից մեկը գեղեցիկ արվեստներն են, և որ վերջիններս ոչ միայն անհրաժեշտ են, այլև պարտադիր՝ բարոյականության, պատվազգացության, վեհության և հայրենասիրության զարգացման համար...». Թեոդոր Ամանի բնորոշումն է:

Իսկ Վարդան Մախոխյանն արձանագրում է. «Արվեստը չի հպատակվում ոչ սահմանափակ սկզբունքներին, ոչ էլ դպրոցների վարդապետությանը: Այն բոլորովին անկախ է, անհատական, գրեթե անիշխանական»:

Էդգար Շահին մեծ նկարիչն իր դիպուկ բնութագրմամբ կարծես թե հավաստում է պատկերագրքի փիլիսոփայությունը. «...Ինչպես մենք՝ բոլոր ազգակիցներս, զանազան գավառներից եկել-ընկել ենք Եվրոպա՝ թեպետ տարբեր ծագումով, տարբեր վարժարաններից ելած, տարբեր կուլտուրայով, բայց օժտված հայի որոշ համառ և ուժ տվող փառասիրությամբ, աշխատել ենք մեր շրջանակի մեջ փայլել, ջանացել ենք մարդ լինել, մի բան ստեղծել, մի գործ անել և ժրաջան աշխատել ենք՝ մեր իդեալին մոտենալու համար»:

Արշիլ Գորկին լրացնում է Վարպետի աշխարհընկալումը. «Իմ աշխատանքներում միշտ խոսում է հայոց շունչը: Ողջ աշխարհի համար ես իմ վրձնով ձգտում եմ վերածնել Հայաստանը, և երբ մենք, ինչպես և բոլորը, կփոշիանանք, մարդիկ կասեն, որ հայկական սարերի որդին ներդրեց իր համեստ ավանդը համաշխարհային մշակույթի զարգացման գործում»:

Կատարված հետազոտական աշխատանքը թույլ է տալիս ծանոթանալ նաև այն բնորոշումներին, որոնք նկարիչ հայերի ստեղծագործություններին տվել են օտարները՝ մի տեսակ կարծես հավասարակշռելով իրողությունը:

«Ծովն ամբողջովին գրավել է այս արվեստագետին, որը սիրահարված է աղոթալույս  առավոտներին, մելամաղձոտ երեկոներին, խավար անհունություններին: Պարոն Շաբանյանին հաջողվել է լավագույնս արտահայտել նորալուսնի կամ մայրամուտի արևի  ճառագայթների ներքո ջրի երեսին խայտացող բանաստեղծությունը...». այսպես է Արսեն Շաբանյանին՝ Պատվո Լեգիոնի ասպետին, Փարիզում Ժյուլիանի ակադեմիայում Ժան Պոլ Լորանի և Բենժամին Կոնստանի սաներից մեկին բնութագրել Պոլ Լուի Էրվիեն:

Իսկ բրիտանական կերպարվեստի երևույթներից մեկը՝ Ֆրենկ Բրենգվինը, Սարգիս Խաչատուրյան յուրօրինակ արվեստագետի մասին գրում է. «Սարգիս Խաչատուրյանի զգայուն հոգին կարողացել է որսալ հայրենի երկրի փառահեղ տեսարանները, գյուղական կյանքի հովվերգականությունն ու գրավչությունը, ինչպես նաև խեղճ վտարանդիների տխուր վիճակը: Այս արվեստագետին մենք պետք է երախտապարտ լինենք, քանի որ նա մեզ հնարավորություն է տալիս ճանաչելու իր երկիրը այդքան գունագեղ, գեղեցիկ, որի գանձերի շքեղությունը մինչ այդ չեն նկատել Եվրոպայի նկարիչները»:

Ռուբեն Միրզախանյանը ոգևորված է խոսում ժամանակաշրջանի, ստեղծագործությունների, արվեստագետների մասին: «Սա 19-րդ դարի երկրորդ կեսին ի հայտ եկած մի ուղղություն էր, որը ծնվեց ֆրանսիական գեղանկարչության մեջ, բայց դուրս եկավ համաշխարհային նավարկության որպես ինքնուրույն գոյություն: Այն դուրս է բոլոր տեսակի գեղարվեստական կանոններից: Առաջին հայացքից կարող է թվալ, թե տպավորության տակ արված գործը, պահի ազդեցությունը կարող է մակերեսային լինել, բայց խորքի մեջ այն կյանքի շատ լուրջ փիլիսոփայություն է: Եվ պատահական չէ, որ իմպրեսիոնիզմը՝ որպես արվեստի ուղղություն, որպես արվեստ, ինքնին հսկայական ընկալում ունի միլիոնավոր մարդկանց կողմից ամբողջ աշխարհում: Մենք հպարտանալու շատ մեծ տեղ ունենք: Մենք փայլուն նկարիչներ ունենք»,-ասում է Ռուբեն Միրզախանյանը և ավելացնում. «իմպրեսիոնիզմը ազատություն է»:

Եվ որքան ոգևորված ու հպարտությամբ է խոսում արվեստի մասին, այնքան չի ցանկանում խոսել կատարված աշխատանքի մասին: Զրույցի ընթացքում նկատում ենք նրա գրասեղանի շնորհավորական նամակները պատկերագրքի առիթով՝ ստացված աշխարհի համբավավոր համալսարաններից, կրթական կենտրոններից, նրանց նշանավոր ղեկավարներից: Ծանոթանալու ցանկությունն ապարդյուն է՝ ժխտողական:

«Վերջին 6-7 տարիների ընթացքում ես երկու ուսումնասիրություն արեցի. առաջինը՝ «Սոցռեալիզմը և խորհրդահայ կերպարվեստը» ուսումնասիրությունն էր, որը ես իրականացրեցի արվեստաբան, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի հետ: Այն լույս տեսավ 2014 թվականին: 2015-ին Մոսկվայում լույս տեսավ աշխատության ռուսերեն և անգլերեն հրատարակությունը: Դրանք տարիների ընթացքում արված նկատառումներ էին, որոշակի ուսումնասիրություններ՝ բավականին երկար ժամանակի ընթացքին և այնպես չէ, որ եղավ մտահղացում և ծնվեց գործ»,-ասում է Ռուբեն Միրզախանյանն ու իմպրեսիոնիզմից սահուն անցնում սոցռեալիզմին:

Ընդհատելու ցանկություն չունենք, քանի որ զրույցը հետաքրքիր է. «Ես այն կարծիքին եմ, որ սոցռեալիզմ արտահայտությունը մեզանում շատ սխալ է մեկնաբանվել և մեկնաբանվում: Ի սկզբանե այդ մեկնաբանությունն արհեստական է եղել»,-ասում է պրոֆեսորը և ավելացնում.

«Եթե արվեստագետը և ոչ միայն հայ, պատկերել է, ասենք արևոտ օրը և մի քանի պիոներ, այն անվանվում է սոցռեալիզմ, իսկ եթե նույն գեղանկարիչը բնապատկերն արել է որպես, ասենք, անձրևոտ օրվա ընկալում և պիոներներն էլ չկան՝ կամ նույն երեխաներն են՝ առանց վզկապների, այն «անդեգրաունդ» է: Ոչ: Սխալ մոտեցում է:

Կարծիք կար և առայսօր էլ կա, որ սոցռեալիզմ հասկացողությունը սահմանվեց գրողների միության առաջին համագումարում, 30-ական թվականների սկիզբին, Մաքսիմ Գորկի և այլ և այլն: Իրականում՝ ոչ: Սոցռեալիզմը վերաբերվում է 20-ական թվականներին և ծնվել էր կոմկուսի համապատասխան բաժիններում, հեղինակներն էլ շատ դաժան ճակատագիր ունեցան հետագայում: «ժողուրդների առաջնորդը» այն որդեգրեց և արհեստածին այդ մոտեցումը նաև մենք ընդունեցինք:

Իրականության մեջ և մեր հայ իրականության մեջ նույնպես և հայ կերպարվեստի մեջ մասնավորապես, հենց մեր մեծագույն ստեղծագործողները գլուխգործոցներ էին ստեղծում:

Եվ, նախևառաջ, ես կասեի քանդակագործության մեջ, որովհետև այն մոնումենտալ արվեստ էր, որը խրախուսվում էր ավտորիտար ռեժիմի և պետության կողմից:

Վերցնենք Գաբրիել Գյուրջյանին՝ իր ամենախիստ արտահայտություններով հայտնի, որն իր կոլեգաների, իր արվեստակից մյուս ընկերների նկատմամբ ուղղակի խայտառակ արտահայտություններ է անում՝ պահանջելով նրանցից ավելի շատ դասակարգային մոտեցում, ռեժիմին, գաղափարախոսությանը հատուկ մոտեցում և այլն, բայց մյուս կողմից՝ վերցնենք նրա ստեղծագործությունները. դրանք մեծ վարպետությամբ արված գլուխգործոցներ են»:

-Հետաքրքիր է, որ որոշ «արվեստագետներ» Քոչարին, Գայֆեջյանին մեղադրեցին հակասովետիզմի մեջ, որոշներն էլ՝ սոցռեալիզմի նմուշներ բնութագրեցին նրանց շատ գործեր՝ չընկալելով նրանց մեծությունը,- միջամտում ենք:

-Ոչ մի դեպքում միանշանակ մոտեցում հանդես բերել չի կարելի: Այդ թվում և արդյունաբերական պեյզաժի վերաբերյալ: Բացառիկ աշխատություններ ունեն այդ ուղղությամբ և Գայֆեջյանը, որին, իհարկե, շատ դժվար է մեղադրել կոմունիստական հայացքներ ունենալու մեջ և շատ շատերը: Մենք քսանական, երեսնական թվականներին թե քանդակագործների, թե գեղանկարիչների փայլուն համաստեղություն ունեինք:

Այո, Քոչարը: Որևէ մեկն, անշուշտ, նրան չի կարող բնորոշել որպես սոցիալիստ կամ կոմունիստ և այլն: Ծիծաղելի է նույնիսկ: Բայց նշանավոր է Ֆելիքս Ձերժինսկու՝ Քոչարի ստեղծած արձանը, որը երկար տարիներ ազգային անվտանգության կոմիտեի նշանավոր ակումբում էր: Շատ հետաքրքիր էր մեծ արվեստագետի մոտեցումը: Գիտենք, որ նա դատապարտվել էր, ենթարկվել խոշտանգումների: Եվ շատ խորիմաստ էր, որ նրա քանդակում Ձերժինսկու մի ձեռքը «չկար», այն հետևում էր: Եվ Քոչարն ուներ իր բացատրությունը. ձեռքն այնտեղ է, որտեղ զենքն է: Շատ հետաքրքիր գործ էր արձանը:

Կիրառական արվեստի գլուխգործոց էր այսօրվա «Հանրաապետության» հրապարակի տրիբունան: Նույնիսկ ոչ այնքան Լենինի քանդակը, որը Մերկուրովի գործն էր, որքան տրիբունան: Շատերը չէին հասկանում, թե ինչպես կարելի է կարմիր մարմարից կերտել դրոշը, որը երեք կտորից էր բաղկացած, բայց որևէ մեկը՝ ամենամեծ մանրադիտակով անգամ, չէր կարող գտնել «կարերը»: Հայ տաղանդի դրսևորումը կար այդտեղ: Փառք Աստծո, որ այն չոչնչացվեց:

Կամ Ղուկաս Ղուկասյանի արձանը, որը հրաշալի գործ էր և որը պայթեցվեց:

Ես հակաստալինիստ եմ, բայց ուրախ եմ, որ մեր ուսումնասիրության մեջ մենք զետեղել ենք նաև  նշանավոր Մերկուրովի կերտած Մոնումենտի Ստալինի արձանը: Այն հետաքրքիր է թեկուզ հենց այնքանով, որքանով որ ամենամեծն էր իր չափերով՝ եղածների մեջ: Ոչ մեկը ճիշտ է, չգիտե, թե այն ինչ եղավ, որովհետև կոմունիստական ռեժիմի վանդալիզմը նույնպես բացառիկ էր»:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակի զրույցը արվեստի շուրջ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի հետ կարող էր երկար շարունակվել, եթե առօրյա գործերը չնեղացնեին ժամանակի սահմանները: Մենք գերադասեցինք առավել երկար ուսումնասիրել «Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր» հրաշալի պատկերագիրքը: «Սոցռեալիզմը և խորհրդահայ կերպարվեստը» ուսումնասիրությունը տեսնելու և զգալու պատեհությունը չունեցանք: Աշխատությունից այլևս ոչ մի օրինակ չկար:

Իհարկե, հասկանում ենք, որ գայթակղությունը թույլ չտվեց մանկավարժության ու նրա խնդիրների շուրջ բերել մեր զրույցի հունը մանկավարժական համալսարանի ռեկտորի հետ, բայց գուցե այստեղ ավելի շատ մանկավարժություն կա:

Իսկ վերջինիս կիրառական նշանակության մասին՝ առաջիկայում մի օր:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ