Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Մետրոյում...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Ինչե՜ր ասես, որ չի պատահի, այ ժողովուրդ, էս մեր մետրոյի գնացքում։

Դե, բոլորս էլ գիտենք« թե ինչքա՜ն դանդաղ է առաջ գնում մեր մետրոն։ Գնալուց էլ իրեն մի էնպե՜ս է օրորում, իրեն մի էնպե՜ս է աջ ու ձախ պատեպատ տալիս, որ մտածում ես, թե ուր որ է իր գծերից էլ դուրս կթռչի, իսկ էդ չխչխկոցն էլ այնքան վիրավորական է թվում, հատկապես երաժշտական աշխարհի մարդկանց լսողականի համար։ Եվ, ինչ խոսք, դանդաղ ընթացքից, չխչխկոցից՝ վագոնում շատ ձանձրալի է։

Ա՛յ մարդ, չգիտես, թե ինչո՞ւ պետք է այս տրանսպորտով երթևեկենք, որը ոչ էժան է մյուսներից, և ոչ էլ՝ արագ։ Սեփական մտքերովդ զբաղվելն էլ հնարավոր չէ։ Կարդալ, օրինակ, չես կարող չխչխկոցի ձայնից, և հետո, լամպերն էլ շատ պղտոր են լուսավորում։ Հաղորդակցության միջոցներից օգտվելն էլ ավելորդ զբաղմունք է, մնում է էդ միջոցին էկրանի վրա ինչ-որ բան թերթես աջից ձախ, ձախից աջ, կամ՝ վերից վար ու վարից վեր։ Դիմացդ նստած մարդկանց նայես՝ դրանից հետաքրքրություն քիչ կա։ Մեկ էլ տեսար՝ քեզ ոտքից գլուխ կչափեն, դրական, կամ՝ բացասական մտքով, և մի տեսակ շեղ հայացքով քեզ կգցեն երկմտանքի մեջ։ Մի խոսքով՝ ոչ մի ուրախություն։

Չնայած մտածում եմ, որ լամպերի մասին իզուր ասացի, քանի որ որոշ վագոններում վերջերս այն նորերով էին փոխարինել, և մարդկանց դեմքերն էլ կարող ես մեկը մյուսից զանազանել։ Մի խոսքով, առանց կասկածանքի, հասարակության մեծամասնությունը դեմ չէ այս լուսավոր վագոններով երթևեկել։

Ահա, առավոտ շուտ աշխատանքի եմ գնում։

Ուրեմն, մի պառավ կին, գլխաշորը կզակի տակ պինդ կապած, ոտքերի արանքում պինդ հուպ տված մի քանի ծալած կարտոնե արկղներ, իր համար գնում է երևի մի ինչ-որ տեղից էժան առևտուր անելու։

Շուտով հաջորդ կանգառին ներս է մտնում մի նոր ուղևոր, անհայտ զբաղմունքի տեր մի մարդ։ Կամ դրա նման մի բան։ Մի խոսքով, ներքևի մասը զինվորական հագուստով, վերևինը՝ քաղաքացիական։

Սկզբում նա կանգնած մնաց։ Հետո նստեց պառավ կնոջ կողքը, մի տեսակ՝ թեք։ Շուտով պառավը, հենց մետրոն դուրս եկավ թունելից, սկսեց պատուհանից դուրս նայել, երևի շատ շուտ ձանձրացավ, թերևս պատուհանից երևացող տխուր տեսարաններից, ու սկսեց դանթել։ Եվ հորանջե՜ց։ Մի անգամ հորանջեց, լավ, բան չկա, հասկանալի է, որ ծեր կին է։ Երկրորդ անգամ հորանջեց, բերանը բացեց լայնքով-երկայնքով։ Երրորդ անգամ հորանջեց ավելի խորը ու հավեսով։

Երբ մետրոյի գնացքը նորից մտավ թունելի մեջ, շռնդալի չխչխկոցի ձայնից պառավն արթնացավ, բացեց աչքերն ու մի անգամ էլ հորանջեց թեթևակի, շուրջը նայելով, իհարկե, այս անգամ քաղաքավարությունից դրդված ձեռքը բռունցք արած, բերանի մոտ պահած։

Հետո էս պառավը գլուխը շրջեց դեպի իր կողքին թեք նստած անհայտ զբաղմունքի տեր մարդու կողմը և ինչ-որ բան հարցրեց։ Իսկ սա շրջվեց, չգիտես, թե ինչու՝ ցուցամատը տնկած պառավի քթի տակ, աջ ու ձախ անելով, ուրեմն, սկսեց էս պառավի հետ լեզվին տալ՝ հարցին պատասխանել, թե ինչ։ Իսկ պառավը, որ դեռ քունը գլխին էր, երբեմն-երբեմն հորանջում ու գլուխը տմբտմբացնում էր՝ իբր լսածն ու ասածը հասկանալու, հաստատելու նշան։

Երբ էս մարդը իր ցուցամատը պառավի քթի տակ բռնած դես ու դեն տանելով, հոնքերը վեր քաշած, երևի իր վճռական միտքն էր ուզում ավարտած լինել, մեքենավարը վերցրեց ու մի քիչ արագությունն ավելացրեց, իհարկե, ոչ այս պահի կանխամտածված լինելու հանգամանքով, ապա նորից կտրուկ դանդաղեցրեց գնացքի ընթացքը։ Դե, նման բան շատ է պատահում մետրոյով երթևեկելիս։ Ու հենց այդ պահին էլ պառավիս հորաջելը բռնեց սրա ցցված ցուցամատի առաջ ու էս մարդն ակամա իր մատը խոթեց պառավի բերանը։ Իհարկե, պառավը հանկարծակի եկավ, վախեցավ։ Եվ վախից իսկույն շրխկոցով փակեց իր կիսանատամ բերանն ու միաժամանակ, բերանում եղած ատամներով ուղղակի հափռեց անորոշ զբաղմունքի տեր մարդու մատը։ Մարդը գոռաց ու սկսեց կոպիտ խոսել թարս ու շիտակ։

Այսինքն, թե՝ իր մատը մաքուր կտրե՜լ են, թե ի՜նչ։ Չէ, չեն կտրել, մի փոքր կծել են, ուրիշ ոչինչ։ Եվ արյուն էլ համարյա չկար, հազիվ մի կար քցելու։

Էստեղ սկսվեց թեթև լեզվակռիվ։ Մարդն ասում է.

- Ե՛ս, - ասում է, - պարզապես մատս պատահական էի բերանիդ մոտ բերել, այ պառավ, քեզ բան էի բացատրում։ Թե որ, - ասում է, - ես ինքս մատս մտածված խոթեի բերանդ կամ, ասենք, մի ուրիշ բան, էդ դեպքում կծեիր, խնդրե՜մ, բան չունե՜մ ասելու, իսկ էդպես, չնայած որ գործազուրկ մարդ եմ, բայց թույլ չեմ տա պատահական պասաժիրը մատս կծի հենց էնպես տեղը։

Պառավն ասում է.

- Իսկ ես, այ գործազուրկ, անբան ու ձրիակեր, չեմ սիրում, երբ բերանս մատ են մտցնում, հասկացա՞ր։

Այս ասելով պառավը սկսեց այս գործազուրկ, անբան, ձրիակեր մարդու երեսին թքել։ Այսինքն թե, ով է իմանում, վայ թե մատը, ես ի՜նչ իմանամ, ինչքան էր կեղտոտ, և ի՜նչ իմանամ՝ ինչե՜ր կլինի բռնած էդ մատով առավոտ կանուխ, որպես հակաառողջապահական արարք։

Պառավը մի քիչ էլ լեզվին տվեց ու իջավ հերթական կանգառում։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ