Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է

և այն համարում

է ոչ միայն

գործնական

բժշկության

առանձին

բնագավառ,

այլ իմացության

լայնատարած

ասպարեզ՝

մշակութա-

բանության,

պատմության,

արվեստի և

գրականության,

փիլիսոփայու-

թյան, քաղաքա-

գիտության,

ազգային

հոգեբանության

և այլ գիտու-

թյունների

խաչմերուկում:

 

Հեղինակ է

գիտական,

գիտա-

հանրամատչելի,

գեղարվես-

տական և

հրապարա-

կախոսական

բազմաթիվ

գրքերի:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

Գրականության

ինստիտուտում

պաշտպանել է

գիտական

թեզ՝ «Հովհ.

Թումանյանի

ստեղծագործ-

ության հոգե-

բանական

եզրերը»

թեմայով:

 

Եղել է նաև

թերթերի

խմբագիր

(«Նարեկ»,

«Հայք»):

 

Մասնակցել է

հոգեբուժու-

թյան միջ-

ազգային

գիտա-

ժողովների:

 

Կոպենհագենում

հրատարակված

մենագրության

մեջ նրա

հոդվածը՝

«Համատարած

տագնապի

մի ասպեկտի

մասին»

նրան բերել է

միջազգային

ճանաչում:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

Նրա գրքերից են

«Մտավորականը

և նևրոզը»,

«Հայերը

և ալկոհոլը»,

«Ինչու

խելագարվեց

Անուշը»,

«Առասպելի

և իրականի

սահմանագծին»,

«Մտորումներ

թամբի վրա»

և այլն:

 

Իր մասնա-

գիտական

կյանքում

առաջնորդ-

վում է «եթե

հոգեբույժը

փիլիսոփա չէ,

ապա

արհեստավոր է»

նշանաբանով: 

«Մի դիպվածի պատմություն». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

2017-ին «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը հրապարակեց ԱՄՆ-ում բնակվող հայտնի բժիշկ-հոգեբույժ Վարդգես Դավթյանի  հոգեբուժական էսսեների բացառիկ շարքը: Յուրահատուկ այս ժանրի էսսեները հրատարակվեցին «Տոտալիտար մտածողության, հոգեկան ավտոմատիզմի և ազատախոհության արանքում (հոգեբուժական մի էքսպերիմենտի մասին)» ընդհանուր խորագրի ներքո: Այն դեռ կշարունակենք:

Իսկ Վարդգես Դավթյանն այսօր ներկայացնում է իր ճեպադիմանկարների շարքը, որոնք որոշ աղերսներ ունեն նրա էսսեների շարքի հետ: Դրանց մի մասը տպագրվել է նրա՝ ԱՄՆ-ում փոքր տպաքանակով լույս տեսած «Լեգիտիմ կատակներ լրջանալու պահին» գրքում, որը, սակայն, ընթերցողների մեծ հանրությանը ծանոթ չէ, և այսօր «ՀԱՅԵՐ»-ը դրանց ծանոթանալու հնարավորություն է ընձեռում:

Եվ այսպես՝ առաջին դիմանկարը. «ՄԻ ԴԻՊՎԱԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»: 

Իմ ընտրած մասնագիտության առթիվ անկեղծ և ինքնատիպ էր մեր մեծ բանաստեղծուհու, հայ գրականության Փառանձեմ (ինչպես նրան անվանում էր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը) Սիլվա Կապուտիկյանի հակազդեցությունը: Այս մարդիկ լեգենդ էին դարձել դեռ իրենց ողջության օրոք:

Սիլվա Կապուտիկյանի գրական-գեղարվեստական արտադրանքը, հասարակական-հրապարակախոսական գործունեությունը, հայ գրականությունը և մշակույթը աշխարհին ներկայացնելու կարողությունը նրան օժտել էին հայ ժողովրդի անունից խոսելու չգրված, բայց բոլորի համար ինքնին հասկանալի լիազորություններով:

Նա հզոր բնավորություն ունեցող կին էր և մեն-մենակ կարող էր ընդդիմախոսների մի ողջ բանակի դեմ գնալ: Ես երկար ժամանակ մի տեսակ վախենում էի այցելել բանաստեղծուհուն, քանի որ կարծում էի, որ նա իբրև բազմագիտակ և բոլոր հարցերի պատասխաններն ունեցող անձնավորություն, այլևս չի զարմանում և չի հետաքրքրվում նոր դեմքերով: Սակայն ինձ համար միստիկայի չափ հետաքրքիր էր իմանալ, մասնավորապես, այն օժտվածության գաղտնիքը (գուցե հիմա միամիտ թվա), թե Սիլվա Կապուտիկյանն ինչպես էր կարողանում հրապարակային բանավեճերի ժամանակ վայրկյանապես գտնել և արտաբերել ճշգրիտ խոսքը՝ ճիշտ ժամանակին և ճիշտ իրադրության մեջ:

Այսպիսի բացառիկ շնորհով պատմության մեջ օժտված են եղել քչերը: Եվ ահա, մի անգամ (ինչպես լինում է նեոռեալիզմի ոճի կինոնկարներում) բանաստեղծուհուն հանդիպեցի բոլորովին պատահականորեն, գրողների միություն տանող մայթին՝ դեմ հանդիման:

- Բարև Ձեզ, տիկին Սիլվա:

- Բարև Ձեզ, երիտասարդ, - ասաց, դեմքը չբարձրացնելով և շարունակելով իր ճանապարհը:

Ինձ թվաց, թե անհարմար վիճակում հայտնվեցի և արագորեն շրջվելով իմ ճամփից, սկսեցի բանաստեղծուհու հետ քայլել իր ուղղությամբ:

- Իսկ Դուք գրում ե՞ք, գրականության հետ կապ ունե՞ք, - լռությունը խախտելով և շարունակելով քայլել, հարցրեց Կապուտիկյանը:

Ես ուզում էի ասել, որ իր հրապարակախոսական արձակի ջերմ երկրպագուն եմ, որ բաց չեմ թողնում նրա ոչ մի հոդվածը, հարցնել, թե նրան ինչպերս է հաջողվում նման փայլուն տեխնիկայով գրել ու էլի նման բաների մասին ... Սակայն իր հարցից սթափվելով, ասացի.

- Ոչ, ես ուսանող եմ, բժշկականի ուսանող:

- Շատ շնորհակալ ասպարեզ եք ընտրել,- շարունակեց քայլերը,- իսկ մասնագիտություն արդեն ընտրել ե՞ք:

- Այո. հոգեբուժություն:

Իմ պատասխանի վրա Կապուտիկյանը դադարեց քայլել, ապա հայացքը դարձնելով ինձ վրա, անսպասելիորեն ասաց.

- Կարո՞ղ եմ Ձեզ մի խոստովանություն անել:

Ապա նայելով Կենտկոմի ճաղապատ պարսպին, որը ճանապարհին էր, շարունակեց.

- Վերջերս մի ժողովում ես անկեղծորեն կարծիք հայտնեցի մի հարցի վերաբերյալ: Ասացին՝ Սիլվան գժվել է ... Այնպես որ, շուտով մենք լավ բարեկամներ կդառնանք ...

Անցնող-դարձող մարդիկ հայացքները բանաստեղծուհուց չէին կտրում: Սիլվա Կապուտիկյանը թեթևակի ժպտաց և ապա ձեռքս սեղմեց, կարծես ի երաշխիք իր քիչ առաջվա ասածի:

Մինչև գրողների միություն մի քանի րոպեի ճանապարհ էր...

Հետագայում ևս փորձում էի հասկանալ այս կնոջ անձի զորության առեղծվածը. արդյոք կամքն է՞ր, գրավիչ խոսելու ուժը՞, մարդկանց վրա ներգործելու, ամբոխին հիպնոսելու կարողությունը՞: Եկա այն համոզման, որ ամենը կարելի է արտահայտել մեկ հատիկ բառով՝ ինտելեկտ:

Սիլվա Կապուտիկյանը բացառիկ ինտելեկտի տեր անձնավորություն էր, ստեղծված լինելով հավանաբար այն նույն նյութից, որից ձուլված էին և հռչակվեցին յուրաքանչյուրն իր բնագավառում, Իրեն Ժոլիո-Կյուրին բնագիտության մեջ կամ Ֆաինա Ռանևսկայան բեմարվեստում:

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ