«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«ՄԻ ԵՐԿՏՈՂԻ պատմություն»...

 

 

«Տիկին Գրետային՝ էն հի~ն երեկոյի քաղցր հուշով. Հրանտ Մաթևոսյան»:

Այս երկտողը, որ հայտնաբերեցինք Վազգեն Սարգսյանի անձնական, ընտանեկան գրադարանում, Չարենցի «Ընտրանի»-ի տիտղոսաթերթին, «10 փետրվար 1999» ստորագրությունն ունի:

Ի՞նչ «հի~ն երեկոյի» մասին էր Վարպետի «քաղցր հուշը», դժվար է ասել, բայց հետաքրքրական է, որ Հրանտ Մաթևոսյանը «Տիկին Գրետային՝ էն հի~ն երեկոյի քաղցր հուշով» գրությամբ կարծես ավարտել է գրքի մակագրումը, որովհետև դրանից  անմիջապես հետո ստորագրել է, բայց հետո, հավանաբար իր անհատնում մտածումներում ուրվագծել է մի մտապատկեր ու մակագրությանն ավելացրել է հետևյալը.

«Տեսնես Վազգենի՞ մերն է մեծ որդի ծնել,

ի՞մ,

թե՞

Չարենցի...»:

Ի՞նչ է մտածել Վարպետն այս հավելումն անելուց առաջ, անհնար է գիտենալ, բայց մաթևոսյանական մտքի խորություններն իմանալով պետք է ենթադրել, որ իր մեծության գիտակցումն ունենալով հանդերձ, Չարենցի հանճարեղ մեծության գիտակցումն ունենալով հանդերձ, Վարպետն իր հարցադրմամբ՝ ներքին մի համաձայնությամբ մեծ որդի ծնող մոր դափնին վերապահել է Վազգենի մորը, քանզի այդ մոր որդին հայոց բանակի, ասել է թե՝ հայ ժողովրդի հարատևության երաշխավորի, հայոց պետականության հարատևության երաշխավորի ստեղծողն է, առանց որի ծնած պետության հանճարները զոհ են դառնում օտար պետությունների դահիճներին:

Մեծ հանդգնություն է, անշուշտ, Հրանտ Մաթևոսյան Մեծի միտքը «վեծանելը», բայց թույլ տանք մեզ այդ հանդգնությունը:

Հատկանշական է, որ տարիներ հետո, Վազգենի մահից հետո, երբ Վազգենի մայրը՝ Գրետա մայրիկը, գիրք առ գիրք շոշափելով իր մասունքները, նաև իրենց անձնական գրադարանի գրքերը, գտնելով Մաթևոսյանի նվիրած «Չարենցը», Մաթևոսյանի գրության տակ իր ձեռքով ավելացրել է. «Մի՞թե պարզ չէ...»:

Ավելացրել է իր հաստատակամությամբ, իր անվարանությամբ, իր անսասանությամբ:

Մաթևոսյան, Չարենց...Վազգենի ուժի աղբյուրները, խենթության ու խոհեմության աղբյուրները:

Եվ ի՞նչ պիտի նվիրեր Հրանտ Մաթևոսյանը Վազգենի մորը՝ ասել է թե՝ Վազգենին, եթե ոչ՝ Չարենց: Եթե ոչ՝ Չարենցի «Ընտրանին»: Եթե ոչ՝ այն «Ընտրանին», որ Հանճարի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով խնամքով ու դողով կազմել էր ինքը:

Եթե ոչ այն «Ընտրանին, որի նախաբանը ոչ այլ ինչ է, քան հայոց լեզվով նոտագրվեծ լեզվական երաժշտական քերթվածք՝ հայերենի, Չարենցի, ժամանակի, տարածության, պատմության, էպոխայի երևակմամբ.

        «Յուրաքանչյուր էջ ու սևագիր թերթիկ այս գրքի սահմաններից հեռացնելով ցավ ի սիրտ, ուղղակի պոկելով, ուղղակի վտարելով դրանք, որ վավերական դիմադարձությունն են իրենց դաժան ժամանակի, մի կողմ դրվող յուրաքանչյուր թղթի հետ միատեղ մի կողմ թողնելով էպոխայի հրեշորեն վիթխարի զանգվածից ծանր մի հատված և չարենցյան խորագիր խարանը-դրոշմը-խոսքը այդ հատվածքին,

        մեծ մտածողի, աշխարհի մեծ քաղաքացու, հայրենիքի երդվյալ մարտիկի, գրականության հսկայի ծննդյան այս առաջին հարյուրամյակի և մահվան՝ սպանության, ինքնասպանության, ինքնաբացարկի, ինքնահրկիզման վաթսունամյակի առիթով սույն հատորը մենք սահմանեցինք

        ափսոսանքով շատ ավելի այս ընտրանու սահմաններից հեռացվող չարենցյան կռնահար դրոշմի, խարանի, վերաբերմունքի, խոսքի համար, քան պատմական հենքի, 

        որովհետև

        այսօր ապրողներիս առջև կյանքի-մահի մարտահովտում էպոխան հառնել է հրեշաբար անհեթեթ իր նույն զանգվածով, վաթսուն տարին և հարյուր տարին ոչինչ ասես չեն հեռացրել, չեն սուզել ժամանակի օվկիան, պապանձյալ վերապրողներիս առջև էպոխան նույն հրեշի իր ծանր գալարներն է անում, ամբողջ ժողովուրդներ ու հայրենիքներ են խելագարվում,

        իսկ մեծ հայեցողը, այլև հիացողը-  ո՛չ ընկրկողը, ո՛չ սարսափահարը- մեծ՝ հիացողը՝ որպես միայն թշնամի հսկաներ են հիանում միմյանց զենքուզարդով, որպես միայն երկիրն ինքն է հայում իր ծաղկումն ու փլուզումը՝ մեծ հայեցողը, այլև ճակատողը, մաքառողը, մարտնչողը, էպոխայի հետ ժանիք ժանիքի կռվողը, էպոխային վերքերի վիհեր տվողն ու խոր վերքեր առնողը մենք ողջերս չենք- 

        ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տալով գահակալ բարձունքի հասած մարտիկը: 

        Ութսուն տարի առաջ իր հայտնության վեհությունը և վաթսուն տարի առաջ իր կորստյան մեծությունր նա հենց այս ահագնությամբ էլ տեսնում էր,

        որ իր խոսքով տիրական մարդկանց արևային մի աշխարհ է բացվում, անլեզվության ստորագույն կապանքից ժողովուրդ է ճորտաթափվում, ժողովուրդ է կանգնում ժամանակի հետ խոսքի շքեղ տուրևառի, երկիր է դառնում ազատների հայրենիք,

        և իր կոպերի հետ աշխարհ է փակվելու, հայրենիք է երես դարձնելու իր զավակներից որպես օտարներից, իր լռության հետ ժամանակն ինքն է լռելու, այլև խորթանալու, այլև թշնամանալու, այլև խուսափելու սերունդներիս ու սերունդներիս խոսքից որպես անհաղորդ, անծանոթ, այլև թշնամի լեզվից,

        և ինքը նորին անհրաժեշտությունը հարյուրամյա և վաթսունամյա անցյալից պետք է բարձրացնի ժամանակներն ու տարածությունները հպատակեցնողին, և ժամանակներն ու տարածությունները պետք է, ինչպես մեծ տերությունները իրենց նվաճողին, ճանաչեն ու հպատակվեն իրենց եզակի տիրակալին»:

Չարենցի ծննդյան օրն է այսօր և...ՄԻՇՏ:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ