Լիանա Հայրապետյան
Լիանա Հայրապետյան

«Միևնույն է`հայոց ՇՈՒՇԻՆ ՀԻԱՍՔԱՆՉ Է...»

 

1997 թվականի մայիսյան եռատոնի օրերին Վազգեն Սարգսյանն իր հեռուստաելույթում դիմելով Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին ասել է.

«…Փառք ու պատիվ բոլոր ընկածներին, մեր բոլոր վետերաններին: Դուք փրկեցիք ոչ միայն աշխարհը՝ ֆաշիզմի ճիրաններից, այլև, կռվելով Ստալինգրադի ու Բեռլինի ճակատներում, փրկեցիք մեր փոքրիկ հայրենիքը՝ Հայաստանը: Կներեք, որ ըստ արժանվույն չենք կարողանում գնահատել ձեր մեծ վաստակը: Ժամանակներն ու դժվարություններն են մեղավոր, և ոչ երբեք՝ ցանկության պակասը: Համոզված եմ, որ մեր երկիրը շուտով ոտքի կկանգնի, և մենք ավելի մեծ ուշադրության և պատիվների կարժանացնենք ձեզ: Իսկ այսօր սփոփվեք, խնդրում եմ, նրանով, որ մենք՝ ձեր որդիներն ու թոռները, ձեր օրինակով ու ոգով դաստիարակված, նույն մայիսի 9-ին, բայց արդեն 1992 թ., ազատագրեցինք հայոց պանծալի Շուշի քաղաքը: …Հավատացեք՝ ևս 50 տարի, ևս 500, 5000 տարի, Շուշին հավերժ հայկական է լինելու…»:

Այսօր, 20 տարի անց Վազգեն Սարգսյանի այս դիմումից և 25 տարի անց Շուշիի ազատագրության անմոռանալի օրվանից, Շուշիում՝ արդեն 25 տարի ազատ Շուշիում, բազմաթիվ դժվարություններ հաղթահարած Շուշիում տեղի ունեցավ յուրօրինակ մի տոն՝ Շուշիի ազատագրության 25-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացումը և «Իմ Շուշին» եզակի պատկերագրքի շնորհանդեսը:

Այս տոնը կարծես թե հավաստումն էր Վազգեն Սարգսյանի պնդման, որ երկիրը շուտով ոտքի կկանգնի և պատիվների կարժանացնի իր հերոսներին: Մարդկանց, որոնք ոչ միայն կռվեցին ու Շուշի հրաշալի քաղաքին վերադարձրին իր ազատությունը, այլև ապրում են այդ քաղաքում, այդ քաղաքի սիրով ու կարոտով:   

Ցուցահանդեսում և մասնավորապես պատկերագրքում ընդգրկված են հանրաճանաչ լուսանկարիչներ Ռուբեն Մանգասարյանի, Հակոբ Բերբերյանի, Մաքս Սիվասլյանի, Հակոբ Պողոսյանի, Մուշեղ Գասպարյանի և Վահագն Գրիգորյանի վավերագրական և գեղարվեստական լուսանկարները, որոնց մեծ մասը հրապարակվում են առաջին անգամ:

Լուսանկարներում կյանքի ու մահվան կռիվ կա, ապրելու և հարատևելու մեծ, համառ ձգտում:

«...Խաղաղության անչափելիությունն ու պատերազմի գինը ամենից շատ զգում ես Շուշիում: Այն կարծես դաջված է Շուշիի ճակատին` հզոր ու վիրավոր: Եթե կա մեկը, որ  դեռ չի եղել այս սպիտակ ու լուսավոր քաղաքում, դեռ չի լսել Ղազանչեցոցի կիրակնօրյա պատարագի խորհրդավոր ձայնը, չի քայլել աշխարհի ամենասիրուն, նեղլիկ ու սալարկ փողոցներով, ուրեմն շատ բան է կորցրել: Գողտրիկ մի քաղաք, որին առաջին հայացքից չսիրահարվելն ուղղակի անհնար է: Որքան էլ դեռ վիրավոր, պատերազմի վերքերից լիովին չապաքինված, որքան էլ կիսադատարկ ու մի տեսակ…մենավոր, միևնույն է` հայոց Շուշին հիասքանչ է...»,-պատկերագրքի նախաբանում գրում է նախագծի հեղինակ, «ԱՐՏ PR» ընկերության հիմնադիր-տնօրեն, լրագրող Գայանե Դավթյանը, նշելով, որ «Իմ Շուշի» պատկերագրքի ստեղծման գաղափարը պատահական չի ծնվել. սա մի արար է, որով մեր խոնհարումն ենք բերում քաղաքի ազատագրման համար  մարտնչած հերոսներին, վերստին թարմացնում այն հաղթական էջը, որով դեռ սերունդներ են կրթվելու ու դաստիարակվելու: Հուսով ենք, որ այս լուսանկարները ևս հայրենիքից դուրս իրենց բախտը որոնող շատ ու շատ արցախցիների  տուն դառնալու շարժառիթ կդառնան ու  շուշեցիների ժառանգները կվերադառնան այն հող ու ջրին, որտեղ ամեն բան կա`իրենց պապերի երազած Շուշին կառուցելու համար...»:

Այո, լուսանկարչական ցուցահանդեսն ու պատկերագիրքը պատմում են Շուշիի հերոսական պատմությունը`1992 թվականից մինչև մեր օրերը: Մարդկային այս պատմություններում չկան քաղաքական ու կուսակցական դիրքեր, այստեղ բոլորը զինվորներ են` անկախ պաշտոններից ու կարգավիճակներից, այստեղ միայն պատմություն է ու լուսանկարչական  արվեստի միջոցով կերտած վավերագրություն:

Տարիներ առաջ, գարնանային մի օր, երբ Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր Արցախում ընդունել զորհանդեսը, լրագրողի հետ զրույցում ասում է. «Շատ գեղեցիկ գարուն է Ղարաբաղում ու շատ պայծառ օր: «Վերածննդի» հրապարակում, տեսա Ղարաբաղի ժողովրդին: Ժողովրդի ոգեւորությունը, ուրախությունը ամեն ինչ արժեն: Այս օրը ապրելու համար արժեր, որ հինգ, վեց տարի ամեն տեսակի դժվարությունների միջով անցնեինք»:

Այս օրերին Շուշիուն նույնպես շատ գեղեցիկ գարուն էր ու դեպի Շուշիի Արվեստի կենտրոն շտապող մարդկային հոսքը առիթ ուներ լուսանկարների մի հիասքանչ շարքի միջոցով տեսնել իր երկրի, իր հողի անցյալը, ներկան, երեկն ու այսօրը և ապրել ու վերապրել ազատությունն ու անկախությունը:  Տանելով իրենց հետ լուսանկարներից ստացված տպավորությունները, հուզիչ ապրումները, մանավանդ՝ «Իմ Շուշին» պատկերագիրքը,  այցելուներից յուրաքանչյուրն իր հետ տանում էր իր Շուշին՝ իր պատմությամբ, իր ապարծով ու զգացածով, իր տեսածով:

«Իմ Շուշին» պատկերագիրքը ոչ միայն լուսանկարների պարզ ժողովածու է, այլ պատմական ակնարկով և Շուշին ու նրա պատմությունը, նրա կռիվն արժևորած մարդկանց գնահատականներով ամբողջական, ավարտուն մի տպագիր կտավ, որ սերունդներին է փոխանցելու հողի անցյալը, ներկան, մարդկանց ու նրանց ապրած օրերը:

Տպագրական ու դիզայներական լուծումների գրեթե կատարյալ մի համաձուլվածք է «Իմ Շուշին»՝ շապիկին նկարիչ Նաիրա Ահարոնյանի հրաշալի գծանկարով, որ ծնունդ է առել Հայաստանի առաջին տիկնոջ, այլ բարերարների հոգածությամբ:

Մինչ Շուշիի Արվեստի կենտրոնում ներկայացվելը և արցախցիների, շուշեցիների, Արցախի հյուրերի ու եռատոնի ներկաների ուշադրությանն արժանանալը, պատկերագրքի մեծ շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում՝ ավանդական գինեձոնով, արցախյան երգով, արցախյան տարազով ու... ոգով: Այն ոգով, որ ունեին այն մարդիկ, որոնք ազատագրում էին Արցախի հինավուրց քաղաքներից Շուշին ու որոնք վավերագրում էին այդ ազատագրումը՝ ի պահ սերունդների, որի հավաքական մի ամբողջությունն է «Իմ Շուշին»:

«... Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել...»,-ասում էր Վազգեն Սարգսյանը։

Այդ մարդկանց էր նվիրված ձեռնարկը, որի իրականացումը երկարատև աշխատանքի, նվիրումի արդյունք էր, որի հատուցումն էլ այն սքանչելի պահերն էին, որ նվիրվեցին տոնի մասնակիցներին:

 

Լիանա Հայրապետյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ