Նաիրա Եղիազարյան
Նաիրա Եղիազարյան

 

Թատերագետ եմ:

 

Զբաղվել եմ

մշակութային

լրագրությամբ:

 

Մի շարք

հաղորդումների

հեղինակ եմ,

բազմաթիվ

գրքերի

խմբագիր,

մի քանի

ֆիլմերի

սցենարի

հեղինակ:

 

Նաև՝

դասավանդել եմ:

 

Հոդվածներ

վաղուց

չեմ գրել:

 

Այստեղ

գրելու

առաջարկը

հեշտությամբ

չեմ ընդունել:

 

Կայքի

հիմնադիր

խմբագիրը

վստահեցրեց,

որ բառն ու

միտքը չեն

արժեզրկվել:

 

Հավատալով

նրան,

կփորձեմ

գրել, թեև դա

համարում

եմ ծանր

աշխատանք:

 

Գոնե ինձ

համար

այդպես է,

քանի որ

ամեն տող

գրելիս միշտ

հիշում եմ

Մայակովսկուն.

 

«Մի հատիկ

բառի համար

հազարավոր

տոննա

բառահանք

ես շուռումուռ

տալիս... մի

փութ աղ ես

ուտում ու

հարյուրավոր

գլանակների

ծուխ ես կուլ

տալիս

մարդկային

լեզվի

արտեզյան

խորքերից

մի թանկագին

խոսք

դուրս

բերելու

համար»:

«Միքայելը՝ Միքելանջելոյի քաղաքից...». ՆԱԻՐԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Թերթերից մեկում կարդացի. «Ֆլորենցիայի Օպերա Դել Դուոմո թանգարանում ժամանակակից արվեստի ինքնատիպ ստեղծագործություն տեղադրելու նպատակով կազմակերպված միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող, Իտալիայում բնակվող քանդակագործ Միքայել Օհանջանյանը»:

Վերջին շրջանում հաճախ չենք հանդիպում բարի, լավատեսական, դրական, առավել ևս ոգևորող լուրերի: Այս մեկն առանձնապես ուրախություն է պատճառում ինձ, քանի որ, ամեն ինչից բացի, անձնապես ճանաչում եմ Միքայելին:

2009 թ. Իտալիայի Պերուջա քաղաքից ընկերուհուս հետ գնացքով մեկնում եմ Վենետիկի Բիենալեի բացմանը։

Ֆլորենցիայի կայարանում վագոն է մտնում համակրելի արտաքինով մի երիտասարդ և նստում է մեզ դեմ առ դեմ: Քիչ անց լսելով մեր խոսակցությունը, հարցնում է. «Հայ ե՞ք»։ Ու վերջ։ Ավելի ճիշտ սա վերջն է սկզբի։ Մեր ծանոթությունից մեկ շաբաթ անց գնում ենք Ֆլորենցիա` Միքայելին հյուր։

Եվրոպայից ազդված ու... չազդված

Ֆլորենցիան միշտ ասոցացրել եմ մեծն Միքելանջելոյի հետ։ Այսօր նաև Միքայել Օհանջանյանի հետ (միգուցե տարօրինակ է, բայց այդպես է): Միքայելի կենսագրությունը նման է հաջողության բանաձևեր ներկայացնող գեղեցիկ պատմություններին։

Երևանում ծնված, Ռոդենից ազդված ու դեռևս տասը տարեկանում քանդակագործ դառնալու որոշում կայացրած Միքայել Օհանջանյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Երևանի Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո հայտնվում է Ռավենայի Դանթեի անվան քանդակի միջազգային բիենալեում, որտեղ նրա աշխատանքը գնահատվում է բարձր, այսինքն` հայկական ազգանունը հարմար տեղավորվում է մրցանակային երրորդ հորզոնականում:

Սա փոխում է Միքայելի կյանքի ընթացքը: Իտալական առաջին հաղթանակից երկու տարի անց նրա առջև դռներն է բացում Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիան, որտեղ ուսանելուց հետո ստանում է ստեղծագործական լուրջ պատվերներ, ասենք օրինակ, Վատիկանից:

Պարզվում է Հռոմի Պապի նստավայրում, որտեղ կան Վերածննդի ու դրան հաջորդող մյուս դարաշրջանների աշխարհահռչակ արվեստագետների գործեր, հետաքրքրված են նաև ժամանակակից արվեստով:

Բարձրաճաշակ արվեստի մեջ ապրող մարդիկ գնահատում են հայ երիտասարդի տաղանդը և նրան պատվիրում քանդակել Վատիկանի Սան Ռոբերտո Բելարմինոյի մատուռի բառելիեֆն ու մոմակալները:

Սրան հետևում է խստապահանջ Վատիկանի երկրորդ պատվերը` Միքայելին վստահվում է Վատիկանի հոգևոր դպրոցների ներքին հարդարանքը: Զուգահեռ բազմաթիվ ցուցահանդեսներ, մրցանակներ, մեծ ու փոքր հաղթանակներ:

Եվ այսպես տասը բովանդակալից տարիներ, որի ընթացքում ձևավորվում է մարդու և արվեստագետի այն տեսակը, ում հանդիպելիս  հպարտանում ես, որ հայրենակիցդ է:

Միքայելի տունը, ուր հյուընկալվեցինք, Ֆլորենցիայից քիչ  հեռու Կյանտի ավանում էր, որը դրախտավայր էր հիշեցնում: 

Հարմարավետ առանձնատունը գեղեցիկ էր ոչ միայն Միքայելի ու իր քանդակների առկայությամբ, այլ նաև իրեն շրջապատող չքնաղ բնությամբ: Թռչունների դայլայլը ու Առնո գետի աղմուկը ներդաշնակ էին այն բնապատկերներին, որոնք երևում էին ընդարձակ պատշգամբից: Բացիկի պատկերներ դառնալու արժանի այս տեսարաններն ու բնությունը, ինչպես Միքայելն էր խոստովանում հանգստացնում են իրեն, սական «ոգեշնչում ե՞ն արդյոք» հարցին ի պատասխան լռում է, երկար նայելով հենց նույն այդ տեսարաններին:

Չի պատասխանում և ես ուրախ եմ, քանի որ ուզում եմ հավատալ, որ իր քանդակներից ստացած իմ զգացողությունները միանգամայն ճիշտ են:

«Քո ոգեշնչման աղբյուրը հայկական լեռներն են», - ինքս պատասխանում եմ իմ հարցին և  դա ասում եմ առանց ավելորդ պաթետիզմի ու լիրիկայի: Իմ պատասխանից անակնկալի եկած Միքայելը հաստատում է. «Իմ քանդակները ինչքան էլ Եվրոպայում ծնված ժամանակակից արվեստի գործեր են, այնուամենայնիվ այնտեղ անպայման հայկական տարր կա, առանց քո ազգային մտածողության դու հետաքրքիր չես»:

Միքայելը գնահատում է եվրոպական արվեստը, ապրելակերպը, ավանդույթները, սակայն պահպանելով սեփական ինքնությունը, մնում է հայ:

«Ինձ միշտ ասում են տասը տարի Եվրոպայում ես ապրում ու ընդհանրապես չես փոխվում: Ես կարծում եմ, որ Եվրոպան մարդուն չի փոխում, եթե դու ի սկզբանե ազնիվ ես ինքդ քեզ հետ և շրջապատիդ հանդեպ, ապա չես փոխվում: Միգուցե նոր բացահայտումներ են լինում, մտահորիզոնդ, աշխարհայացքդ է մեծանում, բայց մարդկային տեսակդ մնում է նույնը»: 

«Դուռք» կամ լույս փնտրող տղան

Գրապահարանից վերցնում եմ դիպլոմային թեզը, որը պաշտպանել է Ֆլորենցիայի ակադեմիան ավարտելիս:

Բարձրաճաշակ ձևավորմամբ դիպլոմային աշխատանքի թեման տաճարների ու եկեղեցիների դռներն ու դարպասներն են: Ինձ զարմացնում է ոչ թե թեմայի բովանդակությունը, այլ վերնագիրը: Իտալերեն տառերով գրված է հայերեն բառ` «Դուռք»:

Սա մտածողություն է, հայի մտածողություն, որը տասը տարի Ֆլորենցիայում ապրում ու ստեղծագործում է իտալական միջավայրում, իտալերեն խոսում է իտալացիներից գեղեցիկ, տիրապետում է իտալական ապրելակերպին ու ավանդույթներին, սակայն շարունակում է մնալ հայ: Զրույցի ընթացքում հաճախ հիշում է հայաստանյան պատմություններ, գյուղում` տատի ու պապի մոտ անցկացրած ամառային արձակուրդները, երևանյան պատանեկությունն ու երիտասարդությունը, արցախյան պատերազմը, որի մասնակիցներն իր հարազատներն էին և իրեն հատուկ հմայքով, բայց մի քիչ տխուր ժպտում.

«Հիշում եմ ցուրտ ու մութ տարիները: Դժվար էր բոլորիս համար: Ես ու եղբայրս չգիտեինք, թե որտեղից փայտ ճարեինք, որտեղից ճյուղ ու թուփ կտրեինք, որ մեկ տարեկան քույրս չմրսեր: Դժվար տարիներ էին, բայց չարությամբ չեմ հիշում: Դրա մեջ մի լավ բան կար` մենք բոլորս լույս էինք փնտրում»:

Երկար լռելուց ու տխուր ժպտալուց հետո գեղեցիկ հայերենով նա շարունակում է. «սա իմ կենսագրությունն է, կենսագրությանս յուրաքանչյուր էջն իր հետքն է թողել իմ ու իմ աշխատանքների վրա: Դրանք բաց, պատկերային արտահայտված չեն, սակայն իմ մեջ կուտակվելով դարձել են միտք, զգացմունք, էներգիա, լիցք ու փոխանցվել քանդակներիս: Կարծում եմ դիտողին դրանք նույնպես հասնում են»:

Անշուշտ հասնում են։ Նրանք, ովքեր ընդունակ են զգալ, անհնար է անտարբեր անցնեն Միքայելի աշխատանքների կողքով։ Դրանց մեջ խտացված զգացմունքներ են, հույզեր, կրքեր։ Սա պոեզիա է, որն արտահայտվում է ոչ թե պարզունակ հանգերով, այլ խորը ենթատեքստով։

Վենետիկը, Քարահունջն ու «Ոսկե առյուծը»

Միքայելին կրկին հանդիպում եմ վեց տարի անց ու կրկին Վենետիկի բիենալեում։

2015-ին Հայաստանի տաղավարի  թեման և խորագիրը «Հայություն» է։

Մեր տաղավարը ներկայացնող տասնութ արվեստագետներից մեկը Միքայել Օհանջանյանն է։ Նրա քանդակային ինստալիացիան կոչվում է «Տասներկու»։ Այն ստեղծելիս Միքայելը երկար է մտածել սեփական ինքնության, տեսակի, մտածելակերպի մասին։ Ցուցահանդեսի թեման, հայը կամ հայկական ինքնությունը, նրան սկզբում պարզ ու դյուրին է թվացել, սակայն որքան խորացել, այնքան խրթին է դարձել իր առջև դրված խնդիրը։

Միքայելը փորձել է մտովի վերադառնալ մանկություն` հիշելով իր պապիկներին, հայկական բնաշխարհը, պատմությունը, մշակույթը։ Նա փորձել է որսալ տարածական այն ռիթմը, որը հետք է թողել իր հոգում և այն ենթագիտակցաբար արտահայտվել է աշխատանքը ստեղծելու պահին։ Դա այն ռիթմն է, որը կա մեր երաժշտության, ճարտարապետության, գրականության մեջ։ Դա այն ռիթմն է, որը դրսում ապրող ու աշխարհում ինտեգրված հային օգնում է պահպանել իր տեսակը։

Վերջին երկու տարիների ընթացքում դատարկ տարածություն քանդակելու փորձեր անող Միքայել Օհանջանյանին ոգեշնչել է Քարահունջը։ Հենց Քարահունջի մոդելն է դրված Միքայելի ինստալիացիայի հիմքում։ Շրջանաձև շարված քարերի թիվը տասներկուս է, որը պատահական չէ ընտրված։ Դա խորհրդանշում է տասներկու առաքյալներին, աստղակերպի նշանները, տարվա ամիսները, Մեծ Հայքի գավառները։ Պատվանդանին գրված «Առավոտ լուսո»-ի տողերի հեղինակ Ներսես Շնորհալին էլ տասներկուերորդ դարի ծնունդ է։

Միքայելն իր ինստալիացիայի համար հատուկ է ընտրել բազալտը։ Դա նույն Քարահունջի նյութն է, որը խորհրդանշում է մեր երկիրը, հայկական պատկանելությունը, տեսողական արմատները, որոնք իրենց մեջ կրում են Հայկական լեռնաշխարհի այն տարածական ռիթմը, որն ամփոփված է նաև մեր հայրենակցի ստեղծած քարերի այս պարտեզում։

Ի դեպ, 2015 թ. Հայաստանի տաղավարն ու հայկական թեման արժանանում են Վենետիկի բիենալեի գլխավոր` «Ոսկե առյուծն» մրցանակին։

«Շեմը ակունք է»

Վենետիկյան հաղթանակից երեք տարի անց, Միքայել Օհանջանյանի արվեստը կրկին բարձունքում է։

Ֆլորենցիայի Օպերա Դել Դուոմո թանգարանում ժամանակակից արվեստի ինքնատիպ ստեղծագործություն տեղադրելու նպատակով կազմակերպված միջազգային հեղինակավոր մրցույթին ներկայացված 45 առաջարկներից եզրափակիչ փուլ անցել է 5 արվեստագետ։ Նրանցից էլ լավագույնն է ընտրվել Միքայել Օհանջանյանի նախագիծը, որը վերնագրված է հայերեն։

«Շեմը ակունք է» խորագրով նրա ինստալիացիան 2018 թվականի հոկտեմբերից` 6 ամիս շարունակ կցուցադրվի Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո թանգարանի նախասրահում։

Կարդալով այս լուրը, անասելի ուրախանում եմ ու միևնույն ժամանակ տխրում։ Փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ աշխարհի գեղեցիկ քաղաքների եկեղեցիներում, հրապարակներում, թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում պահանջված են Միքայելի քանդակները, իսկ մեզ մոտ` Հայաստանում, նրան չեն փնտրում, քանդակներ, արձաններ տեղադրելու առաջարկներ չեն անում: Բայց չէ՞ որ դրա կարիքն այնքան ունի մեր քաղաքը:

Նոր շունչն ու թարմությունը, նոր մտածողությունն ու ասելիքն այնքան է պակասում մեր քարե կերպարներում: Քանդում ենք հինը, բայց նորը չենք կարողանում կառուցել: Չենք կարողանում գտնել այն նորը, որը պետք է գա փոխարինելու հնին  և որ հենց այդ հերթափոխում էլ հնարավոր կլինի զգալ մտքի, երևակայության, բովանդակության ու ձևի առաջընթացը:

 

Նաիրա Եղիազարյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ