«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«ՄՈՍԿՎԱՆ,Դեմիրճյանը, Ալիևը, Ղարաբաղը, Մեղրին...».

 

Ամիսներ առաջ, երբ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակում ներկայացրեցինք «Ի՞նչ են ասում Կարեն Սերոբիչի օրագրերը» հրապարակումը, նշել էինք, որ «Կարեն Դեմիրճյանը շատ հետաքրքիր սովորություն է ունեցել: Իր օրագրերում բացառիկ արժեքավոր մանրամասներով վավերագրել է իր աշխատանքային օրերը: Դրանք հիմնականում իրեն հատուկ ոճով արված հակիրճ գրություններ են՝ անհավատալիորեն անկեղծ, որոշակի համառոտագրումներով, տողատակերով, հուշումներով, ակնարկներով, վերաբերմունքի հստակ ընդգծմամբ»:

Այսօր դեմիրճյանական աշխատանքային օրագրերից, որոնք վերնագրված են «Օրեր տողերի միջով», ներկայացնելու ենք այն բացառիկ արժեքավոր օրագրային մանրամասները, որոնք վերաբերվում են մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններին, Մեղրիի խնդիրներին, Ղարաբաղյան հարցին և այլն:

Նրա գրառումների ցանկացած մանրամասն ուսումնասիրող հստակորեն կնկատի, որ խորհրդային ինտերնացիոնալիզմն ու ժողովուրդների եղբայրական բարեկամությունը՝ հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններում, գոնե «վերևների» մակարդակով առավել քան կեղծ կատեգորիաներ են եղել միշտ: Այդ մասին ակնհայտորեն հուշում են դեմիրճյանական օրագրային ակնարկներն ու տողատակերը:

Հայ-ադրբեջանական «բարեկամությունում» մշտապես եղելէ ընդգծված լարվածություն, կոշտ դիրքավորում, և սովետական գրկախառնությունները, ողջագուրումները, ձեռքսեղմումներն ու ժպիտներն իրենց խորքում թաքցրել են այն հզոր ականները, որոնք Մոսկվան հետևողականորեն տեղադրել էր տարիներ շարունակ և որոնք պայթեցին խորհրդային երկրի անկանխատեսելի փլուզումից հետո:

«Բարեկամ» Ադրբեջանը մշտապես փորձել է թուլացնել «եղբայրական» Հայաստանը, մշտապես փորձել է վերցնել, կորզել Հայաստանից, «եղբայր» ժողովրդին կանգնեցնել ռազմավարական լուրջ խնդիրների, փակուղիների առջև՝ թիկունքում ունենալով երկդիմի սովետական «կենտրոնի» «հայրական» հոգատարությունը:

Ադրբեջանական նկրտումներն առավել սրվել են Ալիևի քաղբյուրոյի անդամ դառնալուց՝ 1982 թվականից, հետո:

Իհարկե, դեմիրճյանական օրագրերն ամբողջությամբ հնարավոր չէ մեջբերել, և բնականաբար, բոլոր նրբերանգներն հասկանալու համար դրանք անհրաժեշտ է շատ ուշադիր կարդալ, բայց փորձենք հիմնական շերտերով ներկայացնել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Մեղրիի, Ղարաբաղի խնդիրներին վերաբերվող մասերը:

Եվ այսպես.

1983 խորը լճացում ապրող թվականին, երբ արտաքուստ հայ-ադրբեջանական անկեղծ բարեկամությանն այլևս ոչինչ կարծես թե սպառնալ չէր կարող, երբ եղբայրությունը կարծես շռայլորեն տարածվում էր Երևանից-Բաքու, Բաքվից՝ Երևան, Ադրբեջանը՝ Մոսկվայի միջոցով նախաձեռնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, հողօգտագործման սահմանների վերանայման խնդիրների քննարկում՝ ակնհայտորեն հետապնդելով տարածքային զավթումներ, սահմանների «ստրատեգիական ճշգրտումներ»:

Իր օրագրում 1983 թ. հունիսի 15 թվակիր մի գրության մեջ Կարեն Դեմիրճյանը նշում է.

«ԿԿ պլենում (ՍՄԿԿ Կենտկոմ)

Խորհրդակցություն ԿԿ բաժնում - Նիկիֆորով, Դեմիրճյան, Բաղիրով, Կոնդրատև:

1) Հանրապետությունների միջև սահմանների մասին: Որոշեցինք քարտեզների հիման վրա, որոնք ընկած են Հրամանագրերի հիմքում, իրականացնել բնական գծանշում:

Հիմքը- միայն հանրապետության ԿԸՀ-ի (Կենտրոնական ընտրական հանձնաժողով. ընդգծումը մերն է: Այսուհետ բոլոր ընդգծումներն ու ծանոթագրությունները մերն են:) քարտեզը և կուսակցական հանձնաժողովի քարտեզը:

2) Մեղրիի շրջանով անցնող ճանապարհի մասին (հարցը դնում է Թ. Բաղիրովը): Ես առաջարկած տարբերակը չընդունեցի: Ստրատեգիական առումով դա անընդունելի է:

Մի քանի օր անց Դեմիրճյանը կրկին հիշատակում է սահմանային խնդիրը:

21.06.83

Վ. Մովսիսյան-զրույց

Նրան զանգահարել է Ռասի Զադեն և առաջարկել 2 ամսում ուսումնասիրել քարտեզները (գույքագրել): Ես ասացի, որ մենք Բաղիրովի հետ ՍՄԿԿ Կենտկոմում պայմանավորվել ենք որպես հիմք ընդունել Հրամանագրերի հիմքում ընկած հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտեզների հիման վրա կուսակցական հանձնաժողովի առաջարկած քարտեզները:

Սահմանյին խնդիրների շուրջ հերթական նշումը Դեմիրճյանն անում է 83-ի օգոստոսին:

31.08.83

Մոսկվայում.

Ե. Կ. Լիգաչով- սահմանների քարտեզը- բոլոր հարցերը համաձայնեցված են:

Ընդամենը 3 ամիս անց Դեմիրճյանը կրկին սահմանային խնդիրներին վերաբերվող գրառում է անում:

22.11.83.

Ալիև Հ. Ա. (+ ՖՏՍ) (ՖՏՍ-ն Ֆադեյ Տաճատի Սարգսյանն է, ՀՍՍՀ Մինիստրների սովետի նախագահը: Դեմիրճյանն հաճախ է օգտագործել այդտեսակ հապավումների ընդունված պրակտիկան):

Հրավիրեց Վ. Ե. Բիրյուկովին (ՍՍՀՄ Պետպլան) և խնդրեց լուծել Մեղրիի շրջանով անցնող ավտոճանապարհի հարցը սահմանով: Ես պնդեցի այլ տարբերակի վրա (ոչ թե սահմանով, այլ թիկունքային կողմով) : Բիրյուկովին ուղարկեց տեղում լուծելու խնդիրը: Դա ինձ դուր չի գալիս: Ես Բիրյուկովին ասացի, որ մենք ոչ մի կերպ չենք համաձայնվի սահմանով տարբերակին: Դա ստրատեգիական առումով սխալ որոշում է:

Վերադառնալով Հայաստան, Դեմիրճյանը որոշում է խնդրի շուրջ խոսել ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Անդրեևի հետ: (Երկրորդ քարտուղարները  սովորաբար ռուսներ էին և, բնականաբար, կենտրոնի վերահսկիչ աչք-ականջի դերն էին ստանձնում): 1984-ի Դեմիրճյանի հունվարյան գրությունը իր և Անդրեևի դիվանագիտական զրույցի մասին՝ անգամ իր հռետորաբանության մեջ, շատ հետաքրքիր նրբերանգներ է պարունակում: 

18.01.84

Զրույց Գ.Ն. Անդրեևի հետ: Ասացի, որ ինձ շատ է անհանգստացնում այն, որ իմ (մեր) կոլեգաներն Ադրբեջանից (ճանապարհի օրինակով) ճիշտ չեն պահում իրենց: Դա վնաս է հասցնում փոխհարաբերություններին, որն ինձ մոտ մեծ անհանգստությոուն է առաջացնում: Չէ՞ որ գլխավորը բարեկամության և եղբայրության ամրապնդումն է մեր ժողովուրդների միջև, մնացածը պետք է դնել երկրորդ պլան: Իսկ նրանք այդպես չեն վարվում: Դա շատ է անհանգստացնում ինձ: Մենք պետք է ակտիվորեն զբաղվենք եղբայրական կապերի առավել ամրապնդմամբ, չնայելով ոչ մի բանի:

Հետաքրքիր է նաև Դեմիրճյանի 84-ի օգոստոսին արված գրառումը, որից ակնհայտորեն երևում է, որ Մոսկվան յուրաքանչյուր առիթ նրբորեն օգտագործում է՝ իրականացնելու Ալիևի ցանկությունը:  

29.08.84

Ընկ. Ե. Կ. Լիգաչովի մոտ-1 ժամ (հետաքրքիր է, որ Դեմիրճյանը որոշ ազգանուններից առաջ՝ անկախ սուբորդինացիայից, գրում է ընկեր բառը, նշում է անուն-հայրանվան առաջին տառերը, իսկ որոշների դեպքում՝ ոչ: Այս մոտեցումը փոխվում է նաև ժամանակաշրջանի հետ և ցայտունորեն արտահայտում է Դեմիրճյանի տրամադրությունը):

5) Մեղրիով ճանապարհի մասին (ադրբեջանցի ընկերների ոչ ճիշտ պահվածքի մասին). Ընդհանրապես ասացի ես, որ անբնական է և անհանգստացնում է այն, որ ինչ-որ մի գյուղում կամ տեղանքում ինչ-որ պատահում է, ադրբեջանցիներով բնակեցված բոլոր կետերից ՍՄԿԿ Կենտկոմ նամակներ են ստացվում:

Առավել հետաքրքրական է 85-ի հունվարին Դեմիրճյանի արած գրառումը: Այն արդեն իր դիրքերը Մոսկվայում լրջորեն ամրապնդած Ալիևի հետ հանդիպման մասին է: Դարձյալ քննարկվել է Մեղրիով անցնող ճանապարհի հարցը: Դեմիրճյանի գրառումից պարզ է դառնում, թե Ալիևն իրեն հատուկ ինչ «աղվեսային» դիվանագիտությամբ է փորձել մոտենալ խնդրին:

10.01.85

Հ. Ա. Ալիևի մոտ- զրույց շուրջ 45 րոպե: Ընդհանուր հարցեր: Անցյալում համատեղ աշխատանքի մասին: (Ալիևի անվան դիմաց Դեմիրճյանը երբեք չի գրում ընկեր բառը):

Նրա նախաձեռնությամբ - Մեղրիով անցնող ճանապարհի մասին: Նա ինձ խնդրեց հանել առարկությունները: Ես պատասխանեցի, որ գործը չափից ավելի է առաջ գնացել, որ առանց փորձագիտական հանձնաժողովի անհնար է կողմնորոշվել: Նա՝ «Դե, դու թքիր որոշման վրա: Ամեն ինչ քեզնից է կախված, ինչպես ասես, այնպես էլ կլինի»:

Նա ասաց, որ որպես եղբոր է ինձ խնդրում: Ես ասացի, որ մենք մեր որոշումը փոխելու հիմքեր չունենք: Նա՝ «Եթե դու ինձ այդպես խնդրեիր, ես քեզ կտայի կես Ադրբեջանը»: Ներկա էր Ֆադեյ Սարգսյանը: Պատմեցի այդ մասին նաև Գ. Անդրևևին: Նա պաշտպանեց դիրքորոշումը:

Ակնհայտ է, որ Դեմիրճյանը կրկին Անդրևին «զեկուցում է» իրավիճակի մասին՝ ավելորդ թյուրիմացություններից զերծ պահելու համար թե խնդիրը, թե՝ իրեն:

Հետաքրքրական է, որ այս խնդիրը Ադրբեջանի ղեկավարները փորձել են լուծել մշտապես՝ նույնիսկ պարբերաբար հայ-ադրբեջանական սահմանային միջադեպեր հրահրելով: Ալիևն այդ մասին առաջին անգամ Դեմիրճյանի հետ խոսել է դեռևս 1975-ին, որից հետո ավելի քան քսան անգամ հարցը փորձել է շրջանառել մոսկովյան կուլիսներում, ՊԱԿ-ի միջանցքներում, իսկ թղթաբանորեն արդեն սկսել է զբաղվել քաղբյուրոյի անդամի կարգավիճակում ամրապնդվելուց հետո:

Այս ամենից հստակորեն երևում է, թե Մոսկվան ինչ հուժկու ճնշում է գործադրել Հայաստանի վրա, ինչպես է փորձել ամենավերին ճնշման ազդեցությամբ գտնել Ադրբեջանի և Ալիևի համար հարմար, շահեկան լուծումներ, սակայն Դեմիրճյանի կոշտ հակազդեցությունը լրջորեն խանգարել է: Եվ այդ ճնշման ակունքներում մարդիկ են, որոնց հետագայում, երբ ղարաբաղյան հարցը կանգնեց իր ամբողջ հասակով,  «անձամբ»  ճանաչեցինք:

1986-ին Դեմիրճյանն իր օրագրում ի վերջո արձանագրում է, որ «Բազմամյա պայքարի արդյունքը եղավ այն, որ 1986թ. ճշգրտվեցին Ադրբեջանի հետ սահմանները, և Հայաստանին վերադարձվեց 14500 հա հող»:

Եթե այս ամենից (և այլ գրառումներից, իհարկե) հստակորեն երևում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մշտապես եղել է ընդգծված լարվածություն և Մոսկվան մշտապես հստակ փորձել է գտնել ադրբեջանահաճո լուծումներ, ապա 86-ին Դեմիրճյանի արած գրառումներից հստակ կարելի է եզրակացնել, որ Ալիևը և Մոսկվան չեն բավարարվել միայն հայ-ադրբեջանական սահմանային, հողային խնդիրներով և հենց այդ տարիներից «ղարաբաղյան գործոնը» եղել է նրանց օրակարգում:

Եթե Արցախի ու Հայաստանի (հատկապես՝ Հայաստանի) հանրությունն իր բացարձակ մեծամասնությամբ միայն 88-ին տեղեկացավ ղարաբաղյան խնդրի մասին, ակնհայտ է, 88-ից դեռ տարիներ առաջ Մոսկվան լրջորեն «զբաղվել» է Արցախի խնդրով՝ որոնելով Հայաստանը թուլացնելու, Ադրբեջանին հաճո որոշումներ կայացնելու բազմաթիվ ուղիներ: Մանավանդ Գորբաչովի լիարժեք իշխանության անցնելուց հետո, (Գորբաչովը ՍՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1985 թվականի մարտից), երբ Գորբաչով-Լիգաչով-Յակովլև տանդեմն, ըստ էության, ստացել է անսահմանափակ իշխանություն:

86-ի հունիսին, երբ դեռ Հայաստանում հասարակությունը ոչինչ չէր կանխազգում Ղարաբաղի խնդրի հետ կապված, Դեմիրճյանը Մոսկվայում քննարկում է խնդիրը:

20.06.86

Ե. Լիգաչովի մոտ- երկար զրույց Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների շուրջ, Ղարաբաղի, Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի պատմության և ընդհանրապես այդ խնդիրների շուրջ:

Հինգ ամիս անց Դեմիրճյանը կրկին Մոսկվայում հանդիպում է Լիգաչովի հետ:

Հավանաբար կանխազգալով որոշ զարգացումներ, Դեմիրճյանը փորձում է ամբողջապես հասկանալ իրավիճակը: Մի աննշան թվացող կա 86-ի օգոստոսով թվակիր, որը սակայն հետաքրքրական նրբերանգ ունի:

05.08.86

Կոսակյան Գ.- Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղար: Ես նրան ասացի, որ ավելի շատ պետք է աշխատել մարդկանց հետ: Հատկապես- ինտերնացիոնալ կապերը: Նա ասաց, որ հարաբերությունները հարևան շրջանների /Ադբ. ՍՍՀ/ քարտուղարների հետ լավ են:

Հաջորդ գրառումը, որտեղ հիշատակվում է ղարաբաղյան խնդիրը, արված է 86-ի նոյեմբերին: Սա ենթադրում է, որ «վերակառուցվող» Մոսկվան ղարաբաղյան խնդրով զբաղվել է բավական տենդորեն:

22.11.86

Զրույց Լիգաչովի հետ: 2 ժամ 30 րոպե:

Պատմեցի Ղարաբաղի խնդրի մասին: Ասացի, որ այնտեղ իրավիճակը ծանր է: Շատ նամակներ ենք ստանում անարդար վերաբերմունքի հետ կապված: Դա բերում է նրան, որ հանրապետությունում ինտելիգենցիան իրեն նյարդային է պահում, շրջանառության մեջ են դրվում 20-ական թվականների փաստաթղթեր և սկսվում են խոսակցություններ խնդրի անարդար լուծման մասին:

Պետք է Ղարաբաղում ընդունել համապատասխան միջոցներ: Ցույց տվեցի փաստաթղթեր: Նա հարցրեց՝ իսկ ինչպիսին է՞ քո անձնական կարծիքը: Ես ասացի, որ դա շատ բարդ խնդիր է: Նրանով պետք է զբաղվել շատ խորը և նուրբ: Գլխավորն այն է, որ այնտեղ ապրող մարդիկ հանգիստ լինեն և գիտենան, որ կլուծվեն իրենց կողմից բարձրացված հարցերը:

Քանի տարի մենք խոսում ենք TV-ի մասին: Չի լուծվում: Կան շատ այլ հարցեր, որոնք պետք է լուծված լինեին:

Զրույցից հետո ես Ղարաբաղի պրոբլեմների մասին խոսեցի սեկտորում (ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ): Նախազգուշացրեցի, որ այնտեղ կան պրոբլեմներ, որոնք պետք է լուծված լինեն:

Այդ տարիներին տարբեր հանգամանքներ ևս սկսում են երևակվել ղարաբաղյան խնդրի «լույսի ներքո»: Օրինակ, Սերո Խանզադյանի «Անդրանիկ» վեպի, Զորի Բալայանի «Օջախի», Սիլվա Կապուտիկյանի գրքի տպագրության հարցերը: Տարածվում են խոսակցություններ, որ թեև ամբողջ երկիրը վերակառուցվում է, բայց Հայաստանի կենտկոմը հրաժարվում է իրականացնել այդ ազգային արժեքների տպագրությունը և այլն: Պարզվում է սակայն, որ դրանց արգելքը՝ չնայած դրանք տպագրելու Դեմիրճյանի համառ ջանքերին, դրվում է Մոսկվայի կողմից և հենց վերակառուցման ճարտարապետների կողմից, և այդտեղ նույնպես խաղարկվում է ղարաբաղյան գործոնը:

Շատ հետաքրքիր, խորքային ակնարկներով գրառումներ ունի Դեմիրճյանը կապված Զորի Բալայանի հետ: Խորքային՝ իրենց տողատակերով, ակնարկներով և այլն: Գրություններից ակնհայտ է դառնում, որ Դեմիրճյանը Զորի Բալայանին դիտարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների, Մոսկվայի ու Հայաստանի կապի տեսանկյունից և բավականաչափ զգուշավոր ու դիվանագիտորեն է վերաբերվում նրան: Համենայնդեպս՝ մինչև ինչ-որ մի պահի:

10.07.85

Բալայան Զ.- ընդհանուր զրույց:

Խոսեց «Օջախ» գրքի մասին: Ես մեկ անգամ ևս նրան նկատողություն արեցի: Չի կարելի ոչ մի բանում ելնել ժողովրդայնության դիրքերից: Մենք պետք է ամրապնդենք բարեկամությունը ադրբեջանցի ժողովրդի հետ: Միասին ապրելու ենք, դարերով հարևան ենք: Նա հասկացավ և ամբողջովին կիսում է այդ կարծիքը: Խոստացավ այդ հարցում լինել եռանդուն պաշտպան:

21.03.86

Մ. Յուզբաշյան- Զորի Բալայնի մասին: (Մ. Յուզբաշյանը ՊԱԿ-ի նախագահն էր):

Առաջին անգամ հնչեցին հիասթափության և դժգոհության նոտաներ: Ես ասացի Մ. Յուզբաշյանին, որ վաղուց եմ նրան նախազգուշացրել, որ իլյուզիաներ Զորի Բալայանի հանդեպ տածել պետք չէ: Պետք է լինել զգոն, ուշադիր: Պետք է աշխատել նրա հետ:

30.05.86

Զ. Բալայան-տեղեկացրեց հանրապետությունից քաղաքացիների նամակների մասին «Լիտերատուրնայա գազետա» խմբագրության հանձնարարականի կատարման ընթացքին: Ասաց, որ այն ամենը, ինչ, ինչ որ նրանք գրել են, չի համապատասխանում իրականությանը և անհիմն խայտառակում է որոշ աշխատողների:   

25.04.86

Զ. Բալայն: Պատմեց ԱՄՆ կատարած ուղևորության մասին: (2 ժամ 30 րոպե):  Նկատողություն արեցի. պետք է միշտ ղեկավարվել կուսակցական սկզբունքներով ամեն ինչում: Երկակիություն չպետք է լինի:

87-ին «հրատարակչական խնդիրները» դառնում են ազատականություն և բացախոսություն պահանջող Մոսկվայի գլխավոր խաղաքարտերից մեկը:  

21.03.87

Մոսկվայում

Եղա Ա. Ն. Յակովլևի մոտ, ավելի քան մեկ ժամ զրուցեցինք:

Անդրանիկի մասին. Նա ասաց, որ հարևանները չեն ընկալում նրան, գտնում են որ նա դահիճ է: Ես կտրականապես առարկեցի, ասացի, որ պետք չէ ինտերնացիոնալիզացնել ազգային հերոսներին: Նա ժողովրդական հերոս է, նրան ստեղծել և ընդունել է ժողովուրդը և ոչմեկի թույլ չի տրված «վետո» կիրառել այդ անվան վրա: Մի խոսքով, նա ասաց, որ այդ հարցը պետք է համաձայնեցնել Գորբաչովի հետ:  Ասացի, որ դա իր կոմպետեցիայի մեջ է և նա կարող է լուծել:  Այդպես էլ ավարտեցինք այդ թեման:

Երկու օր անց, նույն խնդիրներն արծարծում է նաև Լիգաչովը:

23.03.87

Ե. Կ. Լիգաչովի մոտ-մեկ ժամի չափ զրույց: Հարցեր դրեց (գործերի մասին պատմելուց հետո)

Անդրանիկի մասին: Նա ասաց, որ հարևանների հետ կապված խնդիր կա: Ես կատեգորիկ առարկեցի: Պետք չէ խնդիրն ինտերնացիոնալիզացնել: Ընդհանուր առմամբ, մենք համաձայնեցինք մի քիչ սպասել «ամեն հարց իր ժամանակն ունի»,- ասաց նա:  Ես ասացի, որ 70-ամյակից հետո(Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 70-ամյակի) մենք կտպագրենք Ս. Խանզադյանի վեպը: Չկա համոզիչ փաստարկ, թե ինչու մենք ձգձգեցինք գրքի տպագրումը: Ես վերջում ասացի, որ թողարկումը կձգձգենք որքան հնարավոր է (նկատի ունենալով 70-ամյակը), իսկ եթե անհնար լինի՝ կտպագրենք:

Մեկ օր անց «Անդրանիկ թեման» Դեմիրճյանը քննարկում է նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Չեբրիկովի մոտ:

87-ի նոյեմբերին Դեմիրճյանն ընդունում է Սերո Խանզադյանին:

13.11.87

Սերո Խանզադյան

Իր գրքի՝ «Անդրանիկի» մասին: Ես նրան նախազգուշացրիՂարաբաղի մասին և ասացի, որ նա ամենա ակտիվ կերպով պետք է աշխատի, որպեսզի ոչ ոք Ղարաբաղից չգա Հայաստան և որպեսզի չկազմակերպվեն հանրահավաքներ: Հաստատորեն խոստացավ դա անել: Ընդհանրապես խոսեցի մեր հանրապետությունների միջև բարեկամությունն ամրապնդելու մասին: Նա ասաց, որ ամեն ինչ կանի այդ ուղղությամբ: Խոստացավ, որ աշխատանք կտանի բոլոր հետ, բացառելով դեպքերը Ղարաբաղում:

Մոսկվան ակնհայտորեն գնում էր կառավարվող ընդվզումների, Դեմիրճյանին թուլացնելու, Հայաստանում խառնակչություններ հրահրելու ճանապարհով՝ իր լուծումներում ընկերակցելով հայաստանյան ֆունկցիոներների, երիտասարդ կուսակցական գործիչների հետ: Նրանք թեպետ օբյեկտիվորեն բարձրացնում էին Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրներ՝ կաշառակերություն, հովանավորչություն և այլն, (որոնք, սակայն համակարգային խնդիրներ էին և ավելի ընդգծված չէին, քան Մոսկվայի հովանավորչությունը վայելող Ադրբեջանում) և «օգտվելով» գորբաչովյան վերակառուցման հնարավորություններից պայքարում էին առանց Դեմիրճյան Հայաստանի համար, կամա թե ակամա դառնում էին Մոսկվայի գործիք:

Խոսքը հատկապես Դեմիրճյանի դեմ «ընդվզած» Հայկ Քոթանջյանի և նրա գործընկերների մասին է, որի քննադատությունը Դեմիրճյանի նկատմամբ դարձավ ոչ միայն սկանդալային, այլև հայաստանյան իրադարձություններում դեմիրճյանական վերջի սկիզբը: Թեպետ 86-ի հուլիսին Քոթանջյանը Դեմիրճյանին խնդրում է իրեն ուղարկել Մոսկվա (30. 07. 86. Հ. Քոթանջյան - իր ապագայի մասին: Խնդրեց հնրավորության դեպքում աշխատանքի ուղարկել ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄ), այնուամենայնիվ կազմակերպում է նաև «ընդվզումը»:

Հետաքրքրական է Դեմիրճյանի զրույցը «Պրավդա» թերթի մոսկովյան թղթակցի հետ:

25.08.87

Դեմիդով Նիկոլայ Ալեսեյի («Պրավդա»-ի թղթ.). Յու. Առաքելյան

1) Հետաքրքրվում էին Քոթանջյանի հարցով՝ ինչպիսնն է նա, վարքը: «Ասում են Ձեզ գրքեր է նվիրել ընծայագրերով» (ցույց տվեց): Նրա վարքի տարօրինակությունների մասին և այլն: Ես ասացի, որ ես միշտ հստակ ցանկություն եմ ունեցել նրան պատրաստել ամենապատասխանատու աշխատանքի, չնայած նրա անըմբռնելի լինելը (ի միջիայլոց՝ ճիշտ) ուրիշ ընկերների կողմից:

Մոսկվայի «հաշիվներին» խառն էին նաև (գուցե և ազնվորեն) մտավորականության մի շարք ներկայացուցիչներ (Բալայան, Կապուտիկյան, Խանզադյան և այլն), որոնք լինելով ժողովրդի տրամադրությունների կրողները, ակամայից հայտնվում էին թիրախում, բայց սա այլ խոսակցության նյութ է:

Դեմիրճյանն էլ՝ լինելով այլ էպոխայի մարդ, չէր մտնում «վերակառուցման» ուղեգիծ:

Շատ հետաքրքրական է մի կրկին աննշան թվացող գրառում Դեմիրճյանի և արդեն ԽՍՀՄ ղեկավարությունում հանգրվանած Շևարդնաձեի զրույցից:

27.03.87

Է.Ա. Շևարդնաձեի մոտ:

...Պետք չէ նրբանկատություն դրսևորել, պետք է միշտ գնալ Մ. Գորբաչովի մոտ և տեղեկացնել վերակառուցման ընթացքի մասին...

Դեմիրճյանի վերջին էական գրառումը 1987-ին թվագրված է 16.11.87

...Յուզբաշյան Մ. (ՊԱԿ-ի նախագահ).

Ղարաբաղի և այլ հարցերի մասին:

Գրեթե երեք ամսից Ղարաբաղում և Հայաստանում թևածեց 88-ը: Մենք, որպես հավաքականություն, այդ ժամանակ տեղեկացանք Ղարաբաղյան խնդրի մասին

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ