Էդուարդ Տեր-Սահակյան
Էդուարդ Տեր-Սահակյան

«Մոտ էգուր, մանչս. ասաց Փափազն ու հարցրեց…». ԷԴՈՒԱՐԴ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ

 

Ճիշտ մեկ ամիս առաջ ռեժիսոր, հեռուստատեսային գործիչ Էդուարդ Տեր-Սահակյանը սիրով «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տրամադրեց իր կյանքի լավագույն տարիների մաս կազմող «վկայությունների» մի ստվարածավալ փաթեթ՝ իր կողմից արված լուսանկարների մի շքեղ պահոց՝ մի կողմից կենդանացնելով հիշողությունը տասնյակ տարիներ մեր կյանքի մաս կազմած և մեր հիշողություններում մնացած մարդկանց մասին, մյուս կողմից՝ նորովի «հայտնագործելով» մեր արվեստի, մշակույթի մշակներին, մեր մեծերին:

Էդուարդ Տեր-Սահակյանը չզլացավ նաև «ՀԱՅԵՐ» - ին պատմել այն մարդկային, գողտրիկ պատմությունները, որոնք նա արձանագրել է իր «հերոսների» հետ շփումներում՝ սքանչելի շտրիխներ ավելացնելով նրանց կենսագրությանը, նրանց կերպարին:

Ռեժիսորի պահոցի մի փոքրիկ մասը մենք հրապարակեցինք՝ ստեղծելով «Լուսանկարը՝ ՑՊԱՀԱՆՋ» հատուկ նախագիծը, մի մասը ներկայացնելու ենք շարունակաբար՝ հաճույքի, զգացողությունների, հուշերի, հիշողությունների անմոռանալի պահեր պարգևելով մեր ընթերցողներին:

Եվ ահա, այսօր Էդուարդ Տեր-Սահակյանի պահոցից հրապարակում ենք Մեծն Վահրամ Փափազյանի՝ հանճարեղ Փափազի, նորահայտ լուսանկարների մի բացառիկ շարք, և մի քանի գողտրիկ պատմություն, որը շա՜տ բան է ասում մեծ մարդու մասին:  

«Վահրամ Փափազյանի հետ երկու անմոռանալի հանդիպման պահ եմ ունեցել: Առաջին անգամ այն օրն էր, երբ ես՝ թատերական ինստիտուտի ուսանողս, դուրս գալով ինստիտուտից ու քայլելով դեպի Կարապի լիճ, հանդիպեցի իմ ընկերներին՝ հետագայում հանրաճանաչ դերասաններ Յուրի Ամիրյանին ու Ժենյա Ավետիսյանին:

Յուրան ասաց. երեկոյան արի Ստանիսլավսկու թատրոն, դասավորեմ Փափազի ու Բաբկեն Ներսիսյանի հետ նկարվենք:

1965-ին հրդեհվել էր Սունդուկյանի անվան թատրոնի շենքը և այդ պատճառով սունդուկյանցիները ներկայացումները խաղում էին ռուսական թատրոնի շենքում։

Երեկոյան թատրոնի մուտքի մոտ  Յուրան ինձ էր սպասում:

Ասաց. արի, արդեն պայմանավորվել եմ։

Մտանք Փափազյանի դիմահարդարանոցը, ուր նաև Բաբկեն Ներսիսյանն էր։

Վահրամ Փափազյանն արդեն սկսել էր դիմահարդարումը:

Այդ օրը նա խաղում էր «Իմ սիրտը լեռներում է» լեգենդար ներկայացումը:

Յուրան թե. «Մոշնի ջան, (ինձ այդպես էին ասում ինստիտուտում) հլա նաղդ մեզ երեքով նկարի…»:

Մինչ ապարատս ֆոկուսի կբերեի, Յուրան բացականչեց. Актеры погорелого театра…

Յուրայի այդ խոսքից երեքն էլ սկսեցին ծիծաղել ու այդ պատճառով էլ լուսանկարը մի փոքր աղավաղված ստացվեց: Հետո Յուրան մեզ լուսանկարեց, իսկ մյուս լուսանկարներն արեցի արդեն ներկայացման ժամանակ։ Չէի կարող առիթից չօգտվել ու չլուսանկարել նաև դրվագներ այդ փառահեղ ներկայացումից:

Մյուս հանդիպումս Մեծ արտիստի հետ կամ 1967-ի վերջերին էր, կամ՝ 1968-ի սկզբին: Լավ չեմ հիշում: Ես արդեն աշխատում էի հեռուստատեսությունում, որպես լուսավորող: Այդ ժամանակ Վահրամ Փափազյանի մասին վավերագրական ֆիլմ էր նկարահանվում և մենք գնացինք նրանց տուն նկարահանումների: Նա ապրում էր Կիևյան փողոցի իր հայտնի բնակարանում։

Երբ ներս մտանք, Մեծն Փափազը Օթելլոյի հանրահայտ թիկնոցով փառահեղորեն թիկնել էր մի շքեղ բազմոցի վրա։ Նրան սպասարկում էր օտար մի կին։

Պետք էր տեսնել, թե ինչպես է Փափազը սուրճ խմում, ինչպես է ծխում, ինչպես է գրում: Դրանք ժեստեր չէին, դրանք մշակութային դրսևորումներ էին:

Տրամադրությունն այնքան էլ լավը չէր, սակայն ցույց չէր տալիս, բայց մենք գիտեինք, որ հիվանդ է...

Նկարահանման պատասխանատուներն էին թատերագետ Գևորգ Աբաջյանը, ռեժիսորներ Մարիամ Սաղաթելյանը, Թամարա Բիտուցկայա-Էլիբեկյանը և օպերատոր Էդվարդ Վարդանյանը։

Նկարահանման բոլոր մանրամասներն այսօր առանձնապես չեմ հիշում, սակայն մեկը մտքիցս դուրս չի գալիս։

Մինչ մենք լուսարձակներն էինք տեղադրում, Վարպետն ինձ ասաց. «Մոտ էգուր, մանչս»:

Մոտեցա: Հարցրեց. «Այս գործի համար քեզ որքա՞ն են վճարում»:

Ասացի. վաթսուներկու ռուբլի…

Է՜, ասաց. «Այդ գումարով կարելի կլինի միայն ճուռճուռի կուտ առնել…»:

Մենք բոլորս ծիծաղեցինք, իսկ ճուռճուռը հնդուհավն էր, պարզվեց:

 

Էդուարդ Տեր-Սահակյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ