«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Նախ և առաջ գիտեմ, որ ես կամ։ Բայց ո՞վ եմ ես». ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ

 

Նրա անունը՝ որպես Աբսուրդի թատրոնի հիմնադիրներից, արդեն երկա՛ր տարիներ համաշխարհային թատրոնի պատմությունում է, նաև՝ խաղացանկում:

Տարօրինակ զուգադիպությամբ, նրանք՝ Աբսուրդի թատրոնի «Ավազակախմբի» անդամները, Փարիզում ստեղծագործող երեք խենթերը, ֆրանսիացիներ չէին: Նրանք իռլանդացի էին, ռումինացի, հայ:

Եվ տարօրինակ զուգադիպությամբ, հայ թատրոնը բացառապես ծանոթ է իռլանդացուն, ռումինացուն և ծանոթ չէ, գրեթե ծանոթ չէ հային:

Իսկ նրան բեմադրել են աշխարհի բազում հեղինակավոր թատրոններում, դեռևս հիսունականներին նրան լուսանկարել է «Gettyimages» հանրահայտ գործակալությունը, նրա մասին գրում է «Encyclopedia Britanika»-ն, թեև գրում է որպես ֆրանսիացի հեղինակի, որն ազգությամբ հայ է, գրում է Larousse-ը, նրան հիշատակում են գրեթե բոլոր ակադեմիական շտեմարանները՝ Oxfordreference-ից մինչև IMDb, նրա գրքերը վաճառվում են աշխարհի հռչակավոր գրախանութներում, առցանց գիգանտներում...

Եվ նա միայն մասնակիորեն է ներկայացված Հայաստանում...

Գուցե թարգմանված չլինե՞լն է պատճառը: Գուցե՝ հայկական հոգեկերտվածքը՝ օտարին սիրել առավելապես: Գուցե մեր թատրոնի սովետական «վախը՞» որևէ «շեղումից»... Այդ դեպքում ինչո՞ւ թարգմանված էին (որքան, որ թարգմանված էին) իռլանդացին, ռումինացին: Բեմադրված էին՝ որքան բեմադրված էին: Ինչո՞ւ էինք անընդհատ սպասում Գոդոյին, գնում «Ռնգեղջյուրի» ետևից, երբ կար նրա «Պարոդիա»-ն, «Ներխուժում»-ը, «Վերագտնում»-ը...

Նման հարցադրումները մեզանում կարծես գենետիկական բնույթ են կրում, չունեն պատասխաններ, մտածումների տեղիք չեն տալիս և մնում են զուտ հարցադրումներ: Հարցադրումներ՝ գրեթե հինգհազարամյա կենսագրությամբ:

Բայց, փառք Աստծո, որ կան ձեռնարկումներ, նվիրյալներ, անհատներ, որոնք միայնակ պատասխանում են այդ հարցադրումներին...և բերում են «Վերագտնում»-ի ժամանակները:

 Մշակույթի նախարարության պատվերով «Զանգակ» հրատարակչության կողմից հրատարակված՝ «Արթուր Ադամով. Պիեսներ» առանց չափազանցության, կոթողային հրատարակությունը՝ Սաթէ Խաչատրյանի հրաշալի թարգմանությամբ, բանասիրական խորքային ուսումնասիրություններով, գիտական մեկնություններով, մեզ տանում է մի աշխարհ, ուր այնպիսի մի հայի աշխարհ է, մեծ հայի աշխարհ, որն իր ժամանակին որպես հավասարի է քայլել Բեքեթի, Իոնեսկոյի հետ, գուցեև՝ առավել, բայց հայի ճակատագրայնությամբ մնացել է մոռացության խորքերում:

«...1969-ին Սամուել Բեքեթը արժանանում է գրականության Նոբելյան մրցանակի։ 1970 թ-ի հունվարի 22-ին Օժեն Իոնեսկոն դառնում է Ֆրանսիայի Ակադեմիայի անդամ։ Նույն թվականի մարտի 15-ին Ադամովը վախճանվում է մենակության և թշվառության մեջ՝ ամենքից մոռացված...»,- գրում է թարգմանչուհին:

«Գրողի պարտքն է ներթափանցել հուսալքության մեջ, որով ձևավորված է իր դարաշրջանը։ Բավական չէ արձանագրել հրեշավոր անօգտակարությունը բոլոր այն ոճիրների, որ իրականացվում են աշխարհում ամեն օր. անհրաժեշտ է, որքան էլ այն դժվար լինի, ընկալել տվյալ մարդկային դրամային տրվող աջակցությունը, որը թերևս շատ ավելի խավար ունի իր մեջ, քան ինքը՝ դրաման, այն է՝ գիտակցությունների արժեզրկումն ու խորը թմբիրը, սարսափի ահռելի կտավի առաջ մարդկային կատարյալ անտարբերությունը, որն արդեն մարդկային քունն անգամ չի խաթարում»,-գրքի առաջաբանում Արթուր Ադամովին մեջբերում է Սաթէ Խաչատրյանը:  

Երբ ընթերցում էինք այս անկրկնելի գիրքը, հիշեցինք Արթուր Ադամովի հիշատակումը Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի բացառիկ հուշերում. «...«Կուպոլ» սրճարանը գտնվում էր նշանավոր «Ռոտոնդի, դիմաց: Նրա բարը դարձել էր Փարիզի ամենահայտնի մոդեռն գրողների, նկարիչների հավաքատեղին: Այնտեղ ամեն իրիկուն կարելի էր տեսնել սյուրռեալիզմի պարագլուխներին՝ Անդրե Բրետոնին, Լուի Արագոնին, Պոլ Էլյուարին, Պրևեր եղբայրներին, Անթոնի Արտոյին, վիպասան Անդրե Մալրոյին, գրող-օդաչու՝ Սենտ-Էկզյուպերիին, Ֆերդինանդ Սելենին և ուրիշների: Երբ Փարիզում էին ամերիկացի գրողներ Էրնեստ Հեմինգուեյը և Ֆիթցջերալդը, նույնպես գալիս էին «Կուպոլի» բարը, ավելի շատ վիսկի խմելու նպատակով:

Քոչարը մատիտով ուրվանկարներ էր անում:

...Պատահեցի Արթուր Ադամովին, հիշեցինք Ժնևը, մեր դպրոցը: Մենակ էր մնացել. հայրը հուսահատված վերջ էր տվել կյանքին: Արթուրն էլ 30 տարի հետո, հետևելով հոր օրինակին, վերջ պիտի տար կյանքին, երբ արդեն ձեռք էր բերել համաշխարհային փառք, մանավանդ իր թատերական գործերով: Նա եղավ «Աբսուրդի» թատրոնի պարագլուխներից մեկը...»:

Եվ ահա Սաթէ Խաչատրյանն իր թարգմանությամբ, իր բացառիկ մանրակրկիտ ուսումնասիրություններով համաշխարհային փառքի արժանացած այս եզակի կյանքով ապրած հային բերում է դեպի իր արմատները, ծանոթացնում իր ժողովրդի հետ՝ հավանաբար հույսով, որ Արթուր Ադամովի թատրոնը հիմնովին կմտնի նաև հայ թատրոն՝ վերապրեցնելով իր մշակութային ժառանգությունը:

«...Ադամովի դրամատուրգիայի բնորոշ գծերից է անջատման գաղափարը։ Անջատումը, իբրև դրամա, Ադամով մարդու անհատական և անձնական դրաման է, որ նա այդքան վարպետորեն դարձնում է անանձնական, համամարդկային, համընդհանուր։ Բաժանումը կամ անջատումը մարդկային գոյության նախասկիզբն է, հիմքը։ Մարդն աշխարհ է գալիս ֆիզիկական և հոգևոր բաժանման շնորհիվ։ Առաջին բաժանումը մարդու ծնունդն է. նորածինը, որ պորտալարով միացած է մորը, պիտի անջատվի նրանից։ Կնշանակի` մենք անջատման կրողն ենք մեր ծննդյան պահից։ Դա մարդկային գոյության նախապայմանն է, մարդու առաջին քայլը` ապրելու համար։ Եթե դիտարկենք աստվածաբանական փիլիսոփայության տեսակետից, նույնիսկ նախամարդը, որն ըստ Աստվածաշնչի՝ Ադամն է, եղել է երկսեռ։ Մարդկության պատմության առաջին կինը` Եվան, առաջացել է առաջին տղամարդու կողոսկրից...»,- գրում է Սաթէ խաչատրյանը:

Գրողը, թարգմանչուհին եզակի մանրամասներով ու մանրակրկտորեն ծաոթացնում է Արթուր Ադամովի դրամատիկ կյանքի մանրամասներին, որն ինքնին մի դրամա է, կինոսցենար, կինոպատումի նյութ:

«...Ադամովը (իսկական ազգանունը՝ Ադամյան) ծնվել է 1908 թ-ի օգոստոսի 23-ին Կիսլովոդսկում, մահացել է 1970 թ-ի մարտի 15-ին՝ հակադեպրեսանտների չարաշահումից։

Ադամովը սերում է Կովկասում նավթարդյունաբերող հարուստ հայ ընտանիքից։ Իր ինքնակենսագրական վեպերից մեկում գրում է. «Մոռացա նշել, որ իմ ընտանիքը հայկական ծագում ունի։ Ինչ-որ ժամանակ ես նույնիսկ խոսել եմ այդ լեզվով...»։

«...1914 թ-ի հունիսին՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին, 6-ամյա Ադամովն ընտանիքի հետ տեղափոխվում է Գերմանիա՝ «թշվառների դրախտ», ինչպես ինքն է ասում։ Այստեղ սովորում է ֆրանսիական լիցեյում։ Քանի որ նրանց ընտանիքը ռուսական անձնագիր ուներ, ստիպված են լինում լքել Գերմանիան և այս անգամ մեկնել Շվեյցարիա։ «Ժնև, 1914-1922։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ ես այդքան վատ հիշեմ այն ութ տարիները, որ անց եմ կացրել Հելվեթների (սելտերի) երկրում։ (...) Ամենայն հավանականությամբ երեխա լինելս էր ինձ մոտ նողկանք առաջացնում, երեխա, որ երկու տարիքների միջև էր. նախ՝ առասպելական մանկություն և արբունք, այնուհետև աշխարհի բացահայտում»,- գրում է Ադամովը «Մարդը և երեխան» ինքնակենսագրական վեպում:

Այստեղ է հենց, որ Ադամովը առաջին անգամ բախվում է քսենոֆոբիային (մարդատյացությանը)։ Այստեղ օտարները մակակա են և խժռում են Շվեյցարիայի հացը։

1917 թ-ի հոկտեմբերյան հեղափոխությունն իր ճակատագրկան հետքն է թողնում դեռևս հարուստ Ադամյանների ընտանիքի վրա, որը կորցնում է ունեցած գրեթե իր ողջ կարողությունը։ Հայրը, որ հայտնի խաղամոլ էր, թղթախաղում կորցնելով իր կարողության վերջին մնացորդները, ինքնասպան է լինում 1933-ին...»։

Գրքում Սաթէ Խաչատրյանն այնպիսի բացառիկ մանրամաներով է ներկայացնում Արթուր Ադամովի կյանքը, շփումները, մտածումները, ժամանակի իրականությունը, քաղաքական վայրիվերումները, կյանքի գույները, արտացոլանքները, որ ակամայից տեղափոխվում ես ժամանակաշրջաններ այնկողմ, հայտնվում փարիզյան Մոնպառնասում, թատրոններում, ֆրանսիական ու շվեյցարական բոհեմների երեկոներում, համաշխարհային քաղաքական թատերաբեմերում, որն էլ ստիպում է հասկանալ ու ըմբոշխնել գրողին, նրա կյանքը, ապրումները, ճակատագիրը, գրականությունը, արվեստը, լեզուն, հմայքը:

«...Ադամովը 1924 թ-ից հաստատվում է Փարիզում, ուր շփվում է ժամանակի հայտնի սյուրեալիստների հետ։ Իր առաջին բանաստեղծություններն ուղարկում է Պոլ Էլուարին, ... գրում է իր առաջին պիեսը՝ «Տաք մահ» վերտառությամբ։

...Ադամովն ըմբոստ բնավորություն ուներ և, այդ տեսակը բազմիցս է նրան «ուղեկցել» ոստիկանական բաժանմունք։ Տարբեր բնույթի քաղաքա­կան ցույցերի մասնակցելու պատճառով և մարշալ Ֆոշի մահվանից հետո նրան վիրավորող թռուցիկներ տպագրելուց հետո Ադամովը վերջնականապես կանգնում է արտաքսման վտանգի առաջ...»։

«...Ադամովին ձերբակալում են 1941 թ-ի մայիսին և վեց ամիս պահում են Մարսելի «Արժել» համակենտրոնացման ճամբարում։ Պատճառը Վիշիի ռեժիմի դեմ նրա կրքոտ ելույթներն էին։ ...Համակենտրոնացման ճամբարում անցկացրած ամիսները խորը հետք են թողել Ադամով անհատի և Ադամով մտածողի վրա. նրա գոյությունը հետայսու բաժանվում էր երկու մասի` ապրվող բաժանման դրամա և երազ։ Կյանքի այդ շրջանի մասին նա գրում է.

«(...) Ես վերջապես պիտի գիտակցեի, որ ապրում էի բաժանված ամեն ինչից, որտեղ ամեն ինչ ամեն ինչից էր բաժանված։ (...) Ապրում էի մի աշխարհում, ուր անհատակ դատարկության մեջ զրնգում է հոգեկան տագնապը...»։

«...1950-ականներին բռնկված Ալժիրի պատերազմը Ադամովին դարձնում է արմատական, 60-ականներին նա հարում է կոմունիզմին, իսկ 1968  թ-ից հետո դառնում ծայրահեղ ձախակողմյան։ 1964 թ-ին, երբ գրականությանը և թատրոնին նվիրված կոնֆերանսի կապակցությամբ գտնվում էր Միացյալ Նահանգներում, մասնակցում է Վիետնամի պատերազմի դեմ անցկացվող ցույցերին։ Ադամովը շատ ավելի ուշադիր և նույնիսկ զգայուն էր Ֆրանսիայից դուրս տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների, քան այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում հենց Ֆրանսիայի ներսում։

...«Նրա ինքնակենսագրությունը խորին պաթետիզմով ցույց է տալիս մեկ բան. այն, որ իր պարտիզանական հանձնառությունը չբուժեց նրա նևրոզները...»։

«...Ադամովը գրել է 22 թատերգություն, թարգմանել է այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Ռիլկեն, Ստրինդբերգը, Դոստոևսկին, Չեխովը, Գորկին, Գոնչարովը, Գոգոլը, Բյուշները և ուրիշներ։ Նա նաև երեք ինքնակենսագրական վեպերի հեղինակ է` «Խոստովանություն» (1946թ.), «Մարդն ու երեխան» (968թ.) և «Ես … նրանք» (1969թ.)։

Հեղինակել է նաև ռադիոֆոնիկ պիեսներ, գրել է բանաստեղծություններ:

...Ադամովը ճաշակում է աքսորը, քսենոֆոբիան, սնանկացումը և վերջապես՝ ծայրահեղ աղքատությունը։

Կորստի, բաժանման և ընկնելու վախերը հետագայում սնում են նրա երևակայությունը և նյութ դառնում որոշ ստեղծագործությունների համար։

«Գիշեր է։ Գիշերը կախված է ինձ վրա, ինչպես աշխարհի վրա։ Երազում տեսնում եմ, որ ընկնում եմ։ Խավարի ծանրության տակ քնած՝ ես զգում եմ մի ահռելի սև անցք, որտեղ ես ընկղմվում եմ, անհետանում եմ։ Ես ընկնում եմ։ Բայց հանկարծ մի վերջին ճիգ գործադրելով՝ ես վեր եմ թռչում՝ խեղդվելով վախից»։

«Իմ նախապաշարումները, արարողակարգերը, որ պարտադիր պիտի իրականացնեմ հատկապես երեկոյան, մինչև նիրհն իջնի ինձ վրա, գնալով բազմապատկվում են և ավելի բարդանում»։

...Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Նույնիսկ գրում է, թե այլևս չկար մեկը, ումից գումար խնդրած չլիներ։

Աստիճանաբար, իրար հաջորդող անհաջողություններից, հիվանդությունից, իր մարմնի աստիճանական այլափոխումից, մշտապես իրեն ուղեկցող և իր հետ զարգացում ապրող ֆոբիաներից նրա մեջ ավելի ու ավելի են խորանում ինքնասպանության մտքերը, մինչև դրանք վերջնական կյանքի են կոչվում։

«Մարդը և երեխան» ինքնակենսագրականում Ադամովը գրում է.

«Ես ցանկանում էի ինքնասպան լինել քսան տարեկանում, հետո՝ երեսունում, հետո՝ մինչև քառասուն դառնալս...»։

Փոքր-ինչ անց կարդում ենք.

«...Արդյո՞ք սպանելու եմ ինձ։ Մարմինս ճզմված հատակի՞ն, փալա՞ս արնաշաղախ։ Ես դրանից չեմ թաքնվում, ցատկն ինձ վախեցնում է։ Եվ հետո հայրս կա։ Ինքնասպան լինելով՝ ես իր պես եմ վարվում, մտնում եմ շարքի մեջ։

...Տառապանքն ինչ-որ պահի Ադամովի համար դառնում է նպատակ, սևեռուն միտք, որից որքան մեծ է փախուստի ցանկությունը, նույնքան անհաղթահարելի է դեպի տառապանք գնալու նրա ձգտումը։ Տառապանքը, ինչպես վախն ու անջատումը, նրա որոշ պիեսներում դառնում է առանցքային թեմա, գլխավոր հերոս, մթնոլորտ, տրամադրություն։ Այս թեմաների միջոցով հեղինակը, ինքն էլ բեկորների վերածվելով, մասնատվում և վերածնվում է իր գրվածքներում։

Ադամով երևույթը ներկա է իր բոլոր պիեսներում, Ադամով անհատը անհույս պտույտներ է անում սեփական առանցքի շուրջը` ավելի հաճախ ինքն իրենից պոկվելու, քան թե ինքն իրեն գտնելու համար։

...«Ինչ կա՞։ Նախ և առաջ գիտեմ, որ ես կամ։ Բայց ո՞վ եմ ես։ Բայց ի՞նչ է եսը։ Ինչ որ գիտեմ իմ մասին, այն է, որ ես տառապում եմ։ Եվ եթե տառապում եմ, կնշանակի, որ իմ հիմքում խեղում կա, բաժանում կա։

Ես բաժանված եմ։ Չեմ կարող նշել անունը նրա, ինչից բաժանված եմ, բայց բաժանված եմ։ Ինչ-որ ժամանակ դրա անունն Աստված էր։ Հիմա այլևս անուն չկա։

Եթե բաժանված չլինեի, ես ամեն վայրկյան չէի քնի զղջումների ամենամութ խռխռոցներով կտրտված այս ծանր քնով։ Դատարկ աչքերով ու տենչանքից ծանրացած սրտով այսպես չէի առաջանա։

(...) Անդամատված մարդը սիրո մեջ փորձում է վերականգնել իր սկզբնական ամբողջականությունը։ Նա իրենից դուրս մի էակի է փնտրում, որին հենվելով՝ կվերակենդանացներ թերևս սկզբնական անդրոժինին։ Փառաբանման մեջ նա կանչում, տենչում է այդ անսպասելի բաժանումը, (...) նա սպասում է այդ բացառիկ հայացքին, որը ցրում է սովորության կեղտոտ մառախուղի ծվենները և վերադարձնում է իր սկզբնական մաքրությունն այն ամենին, ինչը տեսանելի է։ Աղոթքի մեջ նա դիմում է այդ ուրիշին, որը փռված է իր սրտի սրտում, որն առավել ինքն է, քան ինքը, և սակայն անծանոթ։

...«54 ի ձմեռ։ Վաղուց է, ինչ քննադատները իմ անունը նույնացնում են Իոնեսկոյի և Բեքեթի հետ։ Երեքս էլ օտարազգի ծագում ունեինք, երեքս էլ խախտեցինք ծեր բուրժուական թատրոնի անդորրը։ Ստած կլինեմ, եթե ասեմ, թե մեր «տրոյկան» սկզբնական շրջանում ինձ ինչ-որ տեղ հաճելի չէր։ Որքան էլ հարաբերությունները խզած լինեի Իոնեսկոյի հետ կամ հանդիպումներս Բեքեթի հետ հազվադեպ լինեին, ես այլևս միայնակ չէի, ես «ավազակախմբի» մասն էի կազմում։ Իմ մանկական երազանքները բավարարված էին։ (...) Բայց կամաց-կամաց, «Պինգ Պոնգը» գրելով՝ ես սկսեցի ամենայն խստությամբ դատել իմ առաջին պիեսները և, ամենայն անկեղծությամբ, ես քննադատում էի «Գոդոյին սպասելիս» և «Աթոռները» պիեսները միևնույն պատճառով։ Ես «ավանգարդում» արդեն տեսնում էի իրականությունից խուսափելու հեշտ միջոց, այսպես ասած՝ սողանցք, դիվերսիա՝ իրական պրոբլեմներին դեմ առ դեմ...»։

Ավարտվե՞լ է արդյոք Ադամովի ժամանակաշրջանը, փոխվե՞լ է արդյոք Ադամովի աշխարհը, ազատվե՞լ է արդոք մարդը երկվություններից, անջատումներից, վախերից, նևրոզներից, միայնությունից: Արդյոք ժամանակակից աշխարհը չի խորացրել մարդու խնդիրը, չի դրել մարդուն ավելի լուրջ երկընտրանքների առաջ, արդյոք գիտակցում ե՞նք աբսուրդը, որ տիրում է «քաղաքակրթված» նոր աշխարհում, այն աշխարհում, որ թվում էր, թե մնացել են այն գործերում, որոնք ստեղծել է Ադամով հայը:

Եվ արդյոք Ադամովի գործերը, որ արդեն հրաշալի թարգմանությամբ մեր սեղաններին են, նոր մարտահրավեր չեն հայ թատրոնի, հայ ռեժիսորների, հայ թատերական գործիչների համար:   

Այս գրքում տող առ տող, բառ առ բառ հառնում է համաշխարհային մեծության հերթական հայը: Նախ հառնում է իր կենսագրությամբ ու ինքնակենսագրությամբ՝ դրոշմված հայկական առեղծվածային ճակատագրայնությամբ, հետո հառնում է իր գրականությամբ՝ պիեսներով, և հառնումի այս ամբողջ ընթացքը տարալուծվում է Սաթէ Խաչատրյանի գործում, որ մնայուն գործ է, մանրամասնորեն կարդալու գործ, գնահատելու գործ:

Հ.Գ.

Սաթէ Խաչատրյանը բեմադրիչ է, թարգմանիչ, բանասիրական Գիտությունների թեկնածու, գրող, Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան պետական Մանկավարժական Համալսարանի սան, որը դեռևս 2006-ին իբրև հրավիրյալ բեմադրիչ Հալեպում բեմադրել է Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան», իսկ 2008-ին մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու Փարիզի Դրամատիկ Արվեստների ազգային կոնսերվատորիայում, այնուհետև՝ Սորբոնի համալսարանում, որտեղ պաշտպանել է Մաստեր 2՝ «Անջատման դրաման ժամանակակից եվրոպական դրամատուրգիայում» թեմայով։ Նա Սորբոնի համալսարանում ուսումնասիրել է նաև ժամանակակից պար և խորեոգրաֆիա, իսկ Հայաստանի ԳԱԱ Գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Օտարաման դրաման ժամանակակից հայ դրամատուրգիայում» թեմայով։

2016-ից Ֆրանսիայի Լիոն 2 համալսարանում շարունակում է ուսումը իբրև ասպիրանտ։ Ատենախոսության թեման է՝ «Անհոդաբաշխ խոսքը և կապակցված զառանցանքը (ԼՈԳՈՐԷ) եվրոպական և հայ ժամանակակից դրամատուրգիայում»։

Բեմադրել է․ « Հաղթող ճոճաձին», Հ․ Դ․ Լորենս, 2003 թ., Երևան, «Կայսրը», Լ․ Շանթ, 2004 թ., Երևան, «Շան աղջիկը», Ա. Հերնի, 2005 թ., Երևան, Համազգային թատրոն, «Չամուսնանա՛ք, պարոնայք, եթե կարող եք», Մոլիեր, 2008 թ., Երևան, Հ․ Պարոնյանի անվան երաժշտական թատրոն, «Չգիտեմ», Յ․ Ֆոս, 2008 թ., Երևան, Թատերական գործիչների միություն, «Մադմուազել Ժյուլի», Օ․ Ստրինդբերգ, 2009 թ., Փարիզ, «Օրփեոս և Էվրիդիկե», (օպերա), Գլյուկ, 2011թ., Փարիզ, «Լինում է, չի լինում․ ճամփորդություն դեպի Հայաստան», Հ․ Թումանյան, 2012 թ., Լիոն, «Սասնա ծռեր», 2014 թ., Լիոն, Տոբոգան թատրոն...

Իբրև դերասանուհի աշխատել է հայ և ֆրանսիացի ռեժիսորների հետ՝ կերտելով ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների կերպարներ։

2016-ին Արթուր Ադամովի «Վերագտնում» պիեսը թատերական ընթերցմամբ ներկայացվել է «Գոյ» թատրոնում։

Եվ, այնուամենայնիվ, Սաթէ Խաչատրյանն ընդամենը 33 տարեկան է:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՐՔԻ ՆԱԽՈՐԴ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

«...ԱՆՏԻՊՆԵՐԻ տիրույթ մուտքի և ընթերցման իրավունքը...»

«Քոչարի կյանքի «աղետի» ԻՐԱՊԱՏՈՒՄԸ...»

Երբ «մահվան մասին պատմում է կյանքը». ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆՆ ու...որբերը

«Ինձ առանց լվանալու կթաղեք...». ԳՅՈՒԼՉԻՉԵՔ ԳՅՈՒՆԵԼ ԹԵՔԻՆ

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ