«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«…Նրանք բոլորը Սարոյան են…». ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Ողջերի մեր երթը մեր նախնու օրհնանքի ներքո է կամ, եթե մենք նրանց լքել ենք, նրանց ծանր անեծքի տակ: Ահա.

Եթէ դու յորս հեծցիս
յԱզատն ի վեր ի Մասիս, 
Զքեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս,
Անդ կայցես:

Սա Արտաշես կարծր արքայի անեծքն է նկուն ու գանգատավոր Արտավազդ արքայի վրա. սա հոր անեծքն է ժառանգի վրա. սա հայրենիքի խարան է ուրացող որդիների վրա:

Այս Արտավազդ արքան հորից ուրախ ու շեն երկիր էր ակնկալում՝ ավերակ է ժառանգել. «Մինչ դու գնացիր,- ասում է,- զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ»: Եվ հոր դամբարանից առնում է գանգատավորին արժանի միակ պատասխանը.
Երբ հեծյալդ որսի ելնի
Ազատ Մասիսն ի վեր՝
Քաջքը քեզ կալանի, 
Եվ մնաս կաշկանդված:

Այսինքն՝ Մասիսն ի վեր առ Աստված քո գնացքը թող բեկվի, քո չարությունը թող քեզ կալանի, և չարժանանաս դու քո Աստծո տեսքին, քանի որ ստացվածքիդ վրա քո խոսքը տիրակալ թագավորի չեղավ, այլ՝ գանգատավոր ստրուկի:

Ապա գալիս է.
Զարկեցե՛ք, դարբիննե՛ր, կըռանը սալին, 
Զարկեցե՛ք կըռանը-շղթայքն ամրանան,
Անիծյալ արքային կապանքն ամրանան...
և այլն:

Ողջերի մեր երթը կամ օրհնանքի ներքո է և կամ անեծքի տակ:

Այս գրաբար բաներից Վիլյամ Սարոյանի լեզուն շատ էր հեռու:

Հորաքուրներից ու մորաքուրներից, հորեղբայրներից ու մորեղբայրներից, ծվատված ժողովրդի ծվեններից ժողովված հայերենի սարոյանական չորսհինգ հարյուր բառնոց բառգիրքը շատ էր հեռու այս գրաբար, այս հին, եղած-չեղած իրողությունները ներառելուց. առասպելական արքաների այս դյուցազներգությունից ավելի հեռուն որբանոցային մանչի նրա կյանքն էր, հեռու ավելի, քան խաղաղօվկիանոսյան Կալիֆոռնիան Հայոց լեռնաշխարհի Բիթլիս խեղճ ու անհարմար գյուղաքաղաքից, հեռու՝ որպես ժամանակներն են միայն միմյանցից հեռու, իրարու անծանոթ, մեկմեկու խորթ, այլև թշնամի լինում:

Բայց ստույգ մի բան, որ հեռու ժամանակներն ու հակադիր վիճակները մերձեցնում, հարազատացնում, կրկնության չափ նմանեցնում է միմյանց, ճշմարիտ մի զորություն որբանոցի ու փողոցի այդ տղեկին, որ անգետ խիզախությունից զատ ոչինչ ուներ հոգում, աշխարհի ու ժամանակի չափ անսպառ մի զորություն հանդուգն այդ պատանուն կանգնեցրեց ճիշտ այն տեղը, ուր ճշմարիտ արքաներն ու ճշմարիտ պոետներն են միայն կանգնում՝ խոսքի արքաները և գործի արքաները,- բանը և՛ խոսքն է, և՛ գործը,- մեծագիր Բանի արքաները:

Խոսքը խոսք չէ՝ եթե գործի պատկեր չի առնում, գործը գործ չէ՝ եթե չի տրվում խոսքի, չի պսակվում խոսքով:

Դա երդումով աշխարհ հանձնառնելու տեղն ու պահն է: Դա խորհուրդով ու սարսուռով լեցուն ժամ է: Այդպես երդվում են թագավորություն ժառանգելիս, այդպես սարսռում են անհայտի ճանապարհին քայլ դնելիս: «Գնացի՞ր»,- հարցնում են: «Գնացի»: «Գիտե՞ս, որ ուղեկից չունես»,- ասում են:

«Գիտեմ. եթե ունենայի՝ ճամփա չէի ելնելու. կորչողը միայն ես եմ լինելու, ամբողջ գտածի վրա լինելու է միայն իմ անունը՝ Վիլյամ Սարոյան»:

«Տե՞ր ես»,- լսվում է:

Տեղահան ու բնավեր ժողովուրդ, շփոթված քահանաներ, կոտրված զորավարներ, հայեր, արաբներ, ասորիներ, խունացած ագարակներ, անմարդամոտ հող, խեղճ ծառեր, հարբեցողներ, ձիեր, մկներ, իրենց դերասանուհի տեսնող լրբեր, իրենց կառավարիչ տեսնող զրահավոր կանայք, հուշերի ծվեններից հավաքած մարդիկ, հուշերից անգամ պարպվածներ, ձայնակորույս երգիչներ, լռած շեփորներ, մեղքից անտեղյակ մեղավորներ, իրավունքին անգետ իրավաբաններ, քրիստոնյաներ, ճապոններ, մեքսիկացիներ, մահմեդականներ, մշակներ... և բոլորը՝ վախեցած, վախից բոլորը պատենավորված, պատյանները՝ փխրուն, բոլորը՝ անպաշտպան, բոլորը՝ բանաստեղծ և բոլորի առջև կյանք ասված նույն շքեղ հրեշը...

- Տե՞ր ես:

- Տե՛ր եմ: 

Տերը քիչ է - ես նրանք եմ, նրանք բոլորը Սարոյան են, նրանք ես եմ՝ Վիլյամ Սարոյանս. նրանք բոլորը վկայելու են, որ ես իրենց հետ եմ: Ես անցնելու եմ նրանց միջով, և անապատը ծաղկելու, նռնենին կարմրելու, շեփորները ղողանջելու, պարապները հուշերով են լցվելու, հուշավորները՝ զնգուն, իրական, արդար ու անարդար կյանքով, խաբելու և խաբվելու, ընկնելու և ելնելու, զարմանալու և հիանալու են և շրխկոցով խփելու են իրենց ծնկներին՝ հա՜յ աշխարհ-աշխարհ:

Ոչ ոք ոչ մեկից չպետք է վախենա: Նրանք բոլորը թոթափելու են իրենց պատյանները-անապատը՝ չորությունը, ծառը՝ ամլությունը, ժամանակը՝ իր ձմեռը, մարդիկ՝ իրենց հազարատեսք ու հազարանուն զրահները, բոլորն ու ամեն ինչ հանելու են իրենց իսկությունը իրենց ամրոցներից, և նրանց իսկությունը մանկորեն մաքուր, մանկորեն խիզախ ու հազար անգամ գեղեցիկ է լինելու նրանց փուչ պատյաններից, որ հազար կերպ ու անուն են առել-լեզու, ոսկի, կրոն, գույն, բեղումորուք, կուսակցություն, բանակ. պետություն, պաշտոն... և գաղափար, գաղափար, հավակնոտ, խեղճ՝ որպես մեր կարճ թևերը մեր կյանքի առաջ, կայուն ու ավարտուն՝ որպես ինքը մահը, վերջնական ու կատարյալ՝ որպես ինքը վերջը՝ գաղափարնե՜ր ու բռնակալ հսկիչներ այդ գաղափարների վրա:

Միայն խիզախներին է տրված բանաստեղծ և արքա, արքա և բանաստեղծ լինել:
Սարոյանը իր խոսքի տերը չեղավ-եղավ զինվորաբար խիզախ և արքայորեն կարգադիր: Ո՛չ նախնիների իր անցյալից, ո՛չ իր ժամանակից ոչինչ չանտեսեց, ոչինչ չուրացավ, ոչ ոքի չլքեց: Նա աշխարհ ստեղծեց և այդ աշխարհում ամեն ինչի ու բոլորի մեջ ինքն է՝ իր համապարփակ միտքը, իր մեծ սիրտը, իր կենարար ոգին:

Իր աշխարհը նա ստեղծեց այնքան մաքուր ու զնգուն, գեղջկորեն այնքան միամիտ, մանկորեն այնքան նորոգ գույներից ու ձայներից, զուտ Վիլյամ Սարոյանի իր աշխարհը նա բնակեցրեց մաքուր երկնագույն հոգիների այնպիսի փոքրերով ու մեծերով, որ այդ աշխարհի առաջ անտիաշխարհ ու անտիմարդ են դառնում ոչ միայն բռնակալներն ու ճնշումը, արատն ու արատավորը, այլև մենք բոլորս՝ մեր խեղճ, մեր առտնին գորշությամբ:

Նա այդպե՛ս մասնակցեց մեր կյանքին, և նա կարող էր ասել, թե մինչև արևային իր հայտնությունը մարդիկ ու երևույթները մեր հայացքներում լիովին այլ պատկեր ունեին, քան իր հայտնությունից հետո:

Նա հաղթեց: Կոդակ, շարժուն, համարձակ տղաների ու աղջիկների նրա ցեղը Եղեռնից հետո պետք է որ մարած ու լռած լիներ, բայց ահա նա հաղթեց ու կանգնեց նույնպես հաղթած իր եղբայրների կողքին՝ Սարյանի, Չարենցի, Խաչատրյանի, Թամանյանի...

Նրա կենդանի ներկայությունն ու գործը եթե չզորեցին քարի պես ծանրանալ ու խեղդել իրենց տակ այս աշխարհում ոչինչ ու ոչ մեկին, դա այդուհանդերձ նրա պարտությունը չէր-նրանց պարտությունն էր՝ այդ գաղափարագարների, այդ հավատաքննիչների, այդ բռնակալների, այդ մարդակերների ... որովհետև Վիլյամ Սարոյանի նրա շիտակ ու բարձր ներկայությունն էր դարձնում նրանց վերելքը անկում, նրանց գրոհը նահանջ, նրանց ողբերգությունը ծիծաղելի, նրանց հսկաներին թզուկ և նրանց գոյությունը վրիպանք:

Եվ թեպետ մարդկության երթը այսօր բռնակալների ու խաբեբաների, անճարակների ու հավակնոտների, գծուծների ու ոխակալների, պատենավորների ու անպաշտպանների, հաղթողների ու պարտվողների նույն ծանր թափորն է՝ ինչ էր արևային իր ջերմ ու տևական կենդանությամբ,- բայց մոցարտյան մի սիմֆոնիա, խաղաղ արև-անձրևի մի տարի այդ թափորի վրա, մի Վիլյամ Սարոյան մեկ և նույն այդ թափորի մեջ՝ բավական են, որ մայր բնության խորհուրդը բարի և մարդկության երթը շքերթ կոչվեն:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԱՂԲՅՈՒՐԸ՝  http://hrantmatevossian.org/hy

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ