«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

Ո՞վ է առեղծվածային Վահանը...

 

Ո՞վ է առեղծվածային Վահան Անանյանը:

Ոմանք գուցե հիշեն նրան յոթանասունականների վերջերի բոհեմական Երևանից, բայց ընդամենն այդքանը:

Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում այդ տաղանդավոր հայ նկարչին, չի տեսել նրա կտավները, նրա ցուցահանդեսները Երևանում չեն կազմակերպվում: Ինչո՞ւ նրա կրքոտ, փոթորկոտ, հախուռն աշխարհը «չմնաց» Հայաստանում: Ինչո՞ւ Վահանը թողեց իր երկիրը: Ինչո՞վ նրան գրավեց առեղծվածների քաղաքը՝ խիզախների, չպարտվողների, չհանձնվողների Օդեսան...: Ինչո՞ւ նա մսխեց կյանքը թափառումների մեջ ու հեռացավ երկնային կյանքից՝ ապրողներին թողնելով իր աշխարհի վրձնապատումները միայն...:

Օդեսայում բացվել է Վահան Անանյանի կտավների մեծ ցուցադրությունը:  

Ցուցադրվում է մոտ հիսուն կտավ, որոնք շատ թանգարանների ու մասնավոր հավաքածուների հպարտությունն են: Ներկայացված են նաև գործեր, որոնք ցուցադրվում են առաջին անգամ:

Ճանաչված ջազային կատարող Նելլի Մանուկյանի երաժշտությունն է: Ցուցադրվում են Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» և Իգոր Գլազիստովի «Նկարչի կյանքի երկու օրերն ու գիշերները» ֆիլմերը: Սրահները լեփ-լեցուն են, հանդիսատեսը Վահան Անանյանի վառ, կրքոտ ու խորը աշխարհում՝ հիշողությունների ու արվեստի աննկարագելի զգացողությունների հետ:

Եվ սա առաջինը չէ: Ամիսներ առաջ Վահանի գործերի մեծ ցուցադրությունը նաև Կիևում էր՝ նույն ակնածանքով, երախտագիտությամբ ու խոնարհությամբ դեպի տաղանդավոր հայ նկարիչը: Վաղամեռիկ, հպարտ ու հանդուգն:

 Հնչում ե՞ն արդյոք մեր հնչեցրած հարցերը այցելուների ներսում:

Դժվար է ասել, բայց այս հարցերի որոշ պատասխաններ, թերևս, կարելի է գտնել Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» ֆիլմում: Վահանի բոլոր ցուցադրություններն ուկրաինական հողում ուղեկցվում են այս ֆիլմի ցուցադրությամբ: Երիտասարդ Վահանն այնտեղ ինքն է ամեն ինչ ասում: Ասում է իր նման՝ չմտածելով խոսքի, նրբանկատության, տաբուների մասին: Ասում է բաց նյարդով, ուղիղ նշանառությամբ: Ճշմարիտ վավերագրությունը դա թույլ է տալիս:  

«Վահանը Կիև եկավ 1992-ին կամ 93-ին»,- իր սքանչելի էսսէում գրում է ուկրաինացի հայտնի նկարիչ Մատվեյ Վայսբերգը: «Սկզբից նա ապրում էր իմ տանը: Բայց իմ մայրը մի քանի շաբաթ միայն հանդուրժեց կրքերի այդ հրաբուխը: Վահանը սկսեց ապրել Բորշագովկայում՝ Կատյա Դեմչուկի և Անդրեյ Մոկրոուսովի մոտ՝ որոնք սիրահարված էին նրա կերպարվեստին և նրա անսանձ բնավորությանը: ...Մեկ ամիս անց ես նրան ճանապարհեցի կայարան: Նա իրենից հետո թողել էր ավերակներ: Ու կտավներ, իհարկե:...«Եթե ես դադարել եմ մարդկանց լարվածության մեջ պահել, ուրեմն ես, հավանաբար, մահացել եմ». մի օր ինձ ասաց Վահանը և ժպտաց: Բայց դա ասաց արդեն մի ուրիշ Վահան: Իր համար շրջադարձային ու սարսափելի 1995-ն ապրած Վահանը»,- գրում է նկարիչը:

Այնուհետև հրաշալի իր գրչով Վայսբերգը պատմում է Վահանի առեղծվածային ու խորհրդավոր պատմությունը, որը գուցեև նրա մահվան ու կարճ կյանքի պատճառը դարձավ:

«...Ամբողջ գիշեր նա ինչ-որ մեկի հետ խմել էր: Ու՞մ հետ՝ այդպես էլ չասաց...: Սրճարանում, որտեղ բոլորը նրան գիտեին, տվել էին օղի ու նրա սիրած «ձվաձեղը»: Ցուրտ է եղել: Եկել է տուն գնալու ժամանակը: Վահանը նրան տաքսու փող է առաջարկել, բայց նա հրաժարվել է, ասել է, որ ոտքերը չի կարողանում քարշ տալ: Վահանը նրան շալակել է ու տարել այնտեղ, որտեղ նրա շալակի մարդը նրան ասել է: ...Նրանք մտել են ինչ-որ խուլ բակեր: Վահանը հասկացել է, որ վերջն է, որ ինչ-որ բան այստեղ մաքուր չէ: Նրա շալակի մարդը մետաղաձողով հարվածել է նրա գլխին: Վահանն արթնացել է նրանից, որ թափառականները ուզեցել են նրանից խլել կաշվե կիսավերարկուն: Նա մնացել է անփող, առանց էստոնական գրանցման անձնագրի: Նա վեր է կացել ու գնացել է տուն: Տանը շատ վատացել է: Զանգահարել է Կնոպին, նա շտապօգնություն է կանչել, տեղափոխել են հիվանդանոց: Նա գանգի կոտրվածք է ստանում, արյունազեղ ուռուցք: ...Նրան փրկել էր ցուրտը...»:

Ահա այսպես է Վայսբերգը նկարագրում Վահանի առեղծվածային պատմությունը:

«...Նա անխոհեմ էր ու մեծ, նա ծայրահեղ էր՝ ինչպես կյանքը հաստատելու մեջ, այնպես էլ՝ այն կործանելու»,-Վահանի ցուցահանդեսին նվիրված հոդվածում գրում է հայտնի Օլեգ Շեստոպալովը:

«1980-ին Օդեսայի քաղաքային այգում Վահանը նկարում էր դիմանկարներ: Ստորագրում էր «Kilp Vahan»: «Kilp» էստոներեն նշանակում է «վահան»:

Վահանը բավական երկար ապրեց Տալինում, աշխատեց, ցուցադրվեց, ընկերություն արեց, թշնամացավ: Մինչ այդ Երևանում էր: Շատ երիտասարդ էր, սովորում էր, աշխատում, ընկերություն անում, թշնամանում: Երեք երկիր ու երկու կյանք: Մեկը՝ մինչև 1995-ի ծանրագույն գլխուղեղային վնասվածքը, մյուսը՝ դրանից հետո: Շուտ մահացավ, կյանքը չապրեց: Ոչ, ապրեց...:

Տասը տարի է, ինչ նա չկա և ահա ցուցահանդեսը: Նրա արտահայտիչ ցուցահանդեսը աչք է զարնում. այն, ինչ պետք է անի ճշմարիտ գեղանկարչությունը: Այն զարնում է աչքիդ, ու դու տեսնում ես աշխարհը նկարչի աչքով ու թեկուզ մեկ վայրկյան, բայց ստիպված ես ապրել նրա աշխարհում: Այնտեղ միայնակ հեծյալն է լեռներում, այնտեղ մի ուրիշ հեծյալ է, այնտեղ մահվան հրեշտակն է՝ իր վեցսայր աստղով, այնտեղ ճախրում է հոգիդ ու գոռում է միայնակ գայլը, այնտեղ ուշացածները նայում են առանց իրենց հեռացող նավին, այնտեղ հավերժ լողում է համր ձուկը, Արարատի ներքո փթում է Նոյյան տապանը ու հողմաղացների հետ կռվի է պատրաստվում տխուր ասպետը...»,-Վահանի կյանքն ու արվեստը ներկայացնում է Օլեգ Շեստոպալովը:

«Կվերադառնա՞» մի օր Վահան Անանյանը Հայաստան: Կտեսնի՞  արդյոք հայ արվեստասերն այդ վաղամեռիկ, տաղանդավոր, ինքն իր հետ ու աշխարհի հետ կռիվ տվող ասպետի աշխարհը, որ մնացել է հեռվում ու խնամվում է օտարի կողմից: Օտարներ, որոնք Վահանի կյանքն էին, անցյալն ու ապրածը, որոնք պահել ու պահում են Վահանին ամենահարազատի պես՝ չխորշելով անգամ նրանից, որ անփույթ «հարազատներիս» Վահանը չի հետաքրքրում:

Հ.Գ.

Հուսանք, որ Վահանի «վերադարձը» կլինի ռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմով, որը մեր տեղեկությունների համաձայն իր «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երրորդ ֆիլմը նվիրել է Վահանին և որի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Իսկ «Քամին ունայնության» ֆիլմը կարող եք դիտել ստորև:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ