Ադրինե Աճեմյան
Ադրինե Աճեմյան

 

Ադրինեն

լրագրող

դառնալ 

երազել է 

դեռ դպրոցում:

 

Մասնագիտությունը՝

հեռուստալրագրող:

 

Համոզված է,

որ լրագրողը

պետք է լինի

անկողմնակալ:

 

Անարդարությունը,

սուտը, իսկ

լրագրողի

դեպքում՝ 

կողմնակալությունը,

ոչ մի կերպ

չի հանդուրժում:

 

Ռեալիստ է:

Համոզված է,

որ գիտելիքից,

պաշտոններից

և ամեն ինչից

կարևորը 

մշտապես

Մարդ լինելն է:   

«...Քանի որ կարծում եմ՝ մարդու պես եմ ապրել». ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Օլիվեր Կրոմվելի «ռեֆորմներից» մեկը Անգլիո թագավոր Կառլոս առաջինի մահապատիժն էր: Գլխատվելու պահին, էշաֆոտի մոտ կանգնած, նա իր մերձավորին մեկ բառ ասաց. «Remember...»՝ «Հիշի՛ր...»...

Ահա այսպիսի նախամուտքով Ալվարդ Պետրոսյան գրողն իր նոր գրքով՝ «Հիշի՛ր...»-ով, մեր հիշողությունն ու մեր զգացած-չզգացածը, մեր հարցերն ու մեր պատասխանները, մեր ստացածն ու չստացածը վերադարձնում է մեզ՝ ամրորեն հենվելով իր կշռելի կենսափորձի ու իր ապրած անկշռելի տարիների հորձանուտին: Ու գրքի էջերի մեջ չզգացածդ դառնում է ապրած, չստացածդ փոխհատուցվում է, հարցերդ դառնում են պատասխաններ ու հիշողությունդ՝ ընդգրկուն, տիեզերական:

Երևի գիտի գրողը, որ կյանքի «ռեֆորմներից» մեկն էլ յուրաքանչյուրիս «մահապատիժն» է ու էշաֆոտի մոտ կանգնածներիս՝ այս պահին, թե՝ գալիքում, որպես իր մերձավորների հիշեցնում է «հիշելու» անպայմանությունը: Հիշելը մոտեցնում է էշաֆոտին կամ չհիշելը հեռացնում՝ ընտրության հարց է ու «Հիշի՛ր» ասում է Ալվարդ Պետրոսյանը, կարծես ասելու լինի «Ընտրի՛ր»:

Ալվարդ Պետրոսյանը հիշեցնում է՝ քրքելով բոլորիս «քունջուպուճախները», ու իրենը՝ առաջին հերթին՝ «դադարգյուն» անելով այդ «քունջուպուճախները», որովհետև հիշելը մաքրում է, մաքրագործում:

«Բառեր կան, որոնց արտաբերելն իսկ շեղում է կյանքիդ ընթացքը: Յուրաքանչյուրն իր բառն ունի: Իմը «Հավերժությունն» է: Մեծադղորդ, մի քիչ էլ ծիծաղելի բառ է...»: Գրողն է ասում: Ու գրողի բառը «հիշում է» մի ամբողջ հավիտենություն, որ ժամանակ է կոչվում, մի ամբողջ կյանք, որ հավիտենության մաս է՝ կորուստներով, անչափ, անչափելի մեծ կորուստներով, որոնք կամ սպանում են մարդուն կամ ապրեցնում՝ չսպանվելու համար:      

«Սրտի պես երկմաս այս գիրքը, կամ Ալվարդ Պետրոսյանի «ՆԱՐԵԿ»-ը». այսպես է բնութագրել գիրքը Կարինե Աշուղյանը, որ համարձակություն է ունեցել խմբագրել այն:

«...Մայրական-անձնական անհնարինության չափ մերկ ու խռովահույզ ապրումից մինչև ազգային, աշխարհաքաղաքական, համամարդկային-քաղաքակրթական տագնապներ հնչեցնող շեփորականչ՝ այնքան խիտ և բազմաշերտ, որ դժվարանում ես առանձնացնել մեկնումեկը՝ ահա առաջին տպավորությունը, որով համակվում ես գրքի հետ առերեսվելիս: Եվ նաև վերջին զգացողությունը, որով շրջում ես գիրքը եզրափակող էջը…»,- գրում է Կարինե Աշուղյանը:

«Սևագրություն»›, «Ցավի ծիածան» և «Հիշի՛ր...». ահա «սրտի պես երկմաս» այս գրքի արյունատար անոթները, որոնցով անցնում են անձնական ու անանձնական սերերը, տառապանքները, կորուստները, գտածները, որոնք հիշողություն են դառնում ու հիշեցնում: Այստեղ անուններ են՝ ՆԱՐԵԿ, Պետրոսյան Բարդուղ, Առուշանյան Լորենց, Աննա, Մնացականյան Մանուկ, Չիլո, Դավիթ Հովհաննես, Լևոն Ներսիսյան, Քոչար, Կոստան Զարյան, Արտո Չաքմաքչյան, Բյուզանդ Թոփալյան, Անդրանիկ Ծառուկյան, Ղարաբեկյան Արամ, Անդրանիկ Ծառուկյան, իգդիրեցի Իսաբեկյան Էդվարդ, Վանուհի Իսաջանյան, Վանո, Վազգեն՝ սիրելի Վազգեն Սարգսյան, Մաթևոսյան Հրանտ, Պետրոսյան Վարդգես ու ուրիշներ, ու շատ ու շատ ուրիշներ, որ գալիս են անհիշելի ժամանակներից: Այստեղ ստալինյան Հայաստանն է ու աշխարհը, վաթսունականների հոգևոր Հայաստանը, գրողների միության ՓՈՍԸ, Ղարաբաղը, մեր կյանքի կռիվը, տղերքը՝ Բեկոր, Դուշման, Պետո, Մոնթե, Ազգալդյան Լեոնիդ, Թաթուլ, Շահեն, Արեշը՝ «ախպարների» Արեշը, այստեղ դեմքեր են՝ անծանոթ ու սիրելի դեմքեր՝ Մարիամը, Սալբին, քարեհաց բերող Սաքոն, գաթա թխող Նանեն ու ուրիշներ...    

«...Հիշում եմ նաև Մուշեղ Գալշոյանի մի միտքը, որով ահազանգում էր, թե սասունցի լինելը շքանշան չէ, որ գորանի երգելով կպցրել եք ձեր կրծքին, բանակ գնացեք, զենք բռնել սովորեք:...Հիմա կուզենայի ասել նաև, որ տարոնականությունն էլ շքանշան չէ, ոչ էլ ղարաբաղցի լինելը: Բոլորս նախևառաջ հայ ենք և որ բարձր լեռներից էլ ձայն մը հնչի՝ Էրզրում, Մարաթուկ, թե Մռավ, Աբուլ թե Խուստուփ, պիտի ոտքի կանգնենք: Մեր հարատև կռիվը չի ավարտվելու...».այսպես՝ ալվարդպետրոսյանավարի:

«ՀԱՅԵՐԻ» հետ զրույցում Կարինե Աշուղյանն ասում է. «Ալվարդ Պետրոսյանի նոր գիրքը յուրահատուկ է նրանով, որ մի գրքում և արձակ է և պոեզիա: Մինչ այս իր գրական ճանապարհին հաջորդել են արձակն ու պոեզիան, իսկ այս գրքում ինքը գալիս է ջնջելու բոլոր ժանրային պայմանական սահմանափակումները: Ամեն բանաստեղծություն իր պատմությունն ունի այստեղ, և ամեն պատմություն՝ իր բանաստեղծությունը: Առանց պոեզիայի որոշակի չափի գրականություն չի լինում՝ ոչ արձակ, ոչ հրապարակախոսություն: Ուժեղ և բնությունից շռայլորեն տաղանդով օժտված կնոջ գիր է: Ալվարդ Պետրոսյանի ձեռագիրն անշփոթելի է: Ինչպես կյանքում, այնպես էլ իր գրի մեջ ինքն անկեղծ է: Իր գրչի տակից կփախչի մի բառ, որն ինքը չի ապրել: Կեցցե ինքը, որ այդ տիեզերական ցավից զատ ինքը մնում է հայ, մնում է քաղաքացի, որ ապրում է այս երկրի ուրախություններով ու տխրություններով, և որը հավատում է հայ ժողովրդի ներկային ու ապագային: Նա անընդհատ մեզ ներշնչում է, որ մենք փոքր ազգ չենք»:

Ալվարդ Պետրոսյանի հարսը՝ Աննա Մնացականյան-Առուշանյանը, որ գրքի ստեղծման առանցքում է եղել, գրքի համակարգողը՝ «ՀԱՅԵՐԻՆ» ասում է. «Ալվարդ Պետրոսյանն իմ մաեստրոն է: Ես տասնինը տարեկանից նրա կողքին եմ՝ սկզբում աշխատանքային համատեղ գործեունեություն, հետո՝ նույն ընտանիքի անդամ: Այսօրվա խնդիրը սերունդների միջև իրապես խարխլված կապն է, իսկ Ալվարդն այն անձանցից է, որ կամուրջ է: Նա հայտնաբերող է, նա մարդկանց մեջ տեսնում է այն կորիզը, որը հետո ծիլ է տալիս, ծառ է դառնում, պտուղ է տալիս: Ինչ վերաբերվում է գրքին, այն այսօրվա լեզվով ասած «մեսիջ» է նոր սերնդին ու ներկայացնում է մի աշխարհ, որը ծանոթ չէ ոչ ոքի, նույնիսկ իր սերնդակիցներին, որոնք այդ ժամանակի մեջ են ապրել: Ես շատ հարցերի պատասխաններ ստացա գրքում: Ալվարդը մարդ է սիրում: Ինքը հավերժ պատրաստ է հավատալ: Մենք շատ ենք վիճում: Ես ասում եմ, օրինակ ինչպե՞ս կարելի է այդ մարդուն հավատալ, բայց ինքը տվյալ մարդու մեջ գտնում է ինչ-որ մաքուր կետ ու դրա վրա կառուցում է մի ամբողջ աշխարհ: Հետո, երբ փլուզվում է այդ աշխարհը, որն իր ստեղծագործական մտքի արգասիքն էր, ոչ թե իրականություն, անհավատալի նեղանում է: Իր ընկերներից մեկն ասել էր. «այնքան ստեղծագործական միտքդ ակտիվ է, որ փորձում ես ինչ-որ բաներ վերագրել մարդկանց, որ չունեն»›:

Այս գրքում անչափ շատ սեր գտա հայրենիի հանդեպ, ուժ, որը պետք է բոլորիս և որն ամենակարևորն է՝ մոր անսահման սեր: Ալվարդն ասում է «Ցանկանում եմ մարդու պես մեռնել, քանի որ կարծում եմ՝ մարդու պես եմ ապրել»:

Իսկ Ալվարդ Պետրոսյանը «որպես գրողական իր սերնդի վերջին մոհիկաններից մեկը» «ՀԱՅԵՐԻ» հետ փոքրիկ զրույցում ասաց, որ իրենց ապրած դժվար, շատ տարօրինակ, խառը ժամանակները, ինչու չէ՝ հարուստ կյանքը ներդաշնակորեն նոր սերնդին փոխանցելու խնդիր կա՝ արժեքների, պատվիրանների ներդաշնակ փոխանցման խնդիր, և այն պատառիկները, որ մնացել են այդ կյանքից, այդ ժամանակներից չփոխանցելու իրավունք չուներ ինքը: «Կարծես թե մենք մեր ժամանակի մեջ չենք ապրում, մեր զավակների ժամանակի մեջ ենք ապրում, և եթե ավելի ամփոփ ձևակերպեմ միտքս. ես ինձ համար չեմ գրել, ես գրել եմ իմ թոռան համար»,-ասաց Ալվարդ Պետրոսյանը:

Հ.Գ. Վահան Քոչարի ձևավորմամբ գրքում մի առանձին պատմություն նաև լուսանկարներով էր հյուսված՝ Անդրանիկ Քոչարի, Մելիք Բաղդասարյանի, Վազգեն Ղասաբյանի, Ցոլակ Հովսեփյանի, Վան Արյանի, Թիերիների գործերից, նաև՝ ընտանեկան ալբոմից պեղված, իսկ կազմին ու անվանաթերթերին Նարեկ Առուշանյանի գեղանկարներն էին: Այդպես էր Նարեկը միացել Ալվարդ Պետրոսյանի գրքի տոնին:

 

Ադրինե Աճեմյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ