Աննա Խաչատրյան
Աննա Խաչատրյան

 

 

«Քայլող» արվեստի ՀԵԼԵՆԱՆ

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Երբ Հելենային տեսա, մատներն ու ձեռքերն ակրիլային ներկերի հետքերով էին պատված. չէր հասցրել մաքրել: Հելենան նկարչուհի է, սակայն նրա ուշադրության կենտրոնում ամենևին էլ կտավներն ու յուղաներկերը չեն, այլ հարթ, միագույն կոշիկներն ու կեդերը: Բանն այն է, որ Հելենան պատրաստում է «handmade» կոշիկներ՝ դրանց վրա նկարելով ամենատարբեր պատկերներ՝ սկսած էքզյուպերիի հերոս Փոքրիկ Իշխանից մինչև տիեզերական անվերջություն: Հելենան մանկուց է սիրել տիեզերքը, անգամ ցանկացել է տիեզերագնաց դառնալ: Սրա հետ էլ կապված է իր նոր բիզնեսի՝ «Ծիր Կաթին»-ի անվանումը:

Շուրջ ինը ամիս է՝ Հելենա Մելքոնյանն ընդունում է կոշիկային դիզայնի տարբեր պատվերներ և սպառողին ներկայացնում նաև իր մտքի թռիչքով արված կեդերի նմուշները:  Նրա սերն արվեստի նկատմամբ եղել է դեռ մանկուց. սկզբում սովորել է խեցեգործություն և քանդակագործություն, ապա ընտրել է կինոյի ճանապարհը, ինչի մասին դեռ կհասցնենք խոսել:

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐ

Պատահական չէ այն, որ Հելենան նկարում է հիմնականում կոշիկների վրա (թեպետ ունի նաև աշխատանքներ շապիկների, տաբատների և հեռախոսի պատյանների վրա): Ըստ նրա՝ մարդու նկարագիրը միանգամից կարելի է տալ իր կոշիկներից. հագնելու ձևը, կոշիկների տեսքը կարևոր է համարում. «Հիմա շատ է փոխվել մարդկանց հագուկապը. ավելի գունավոր է և ոճային, բայց ինձ համար բոլորը մեկը մյուսի կրկնօրինակն են: Սա ցավոտ թեմա է, որովհետև ուզում եմ մարդկանց անհատականություններ տեսնել»,- ասում է Հելենան:

Նա պատմում է, որ իր կոշիկների 90 տոկոսը ձևափոխված է իր կողմից. թարմացնում է հնացած կամ որոշ չափով մաշված, բայց շատ սիրելի կոշիկները: Երբեմն նաև զավեշտալի դեպքերի է հանդիպում. «Ինձ հաճախ են ասում «վա՜յ, ինչ լավ կոշիկ է», պատասխանում եմ, որ նույն կոշիկն է, պարզապես գույնն է փոխվել (հեղ.- ծիծաղում է): Սա շատ լավ ձև է՝ թերությունները ծածկելու ու կոշիկին նոր տեսք հաղորդելու համար»:

ԿՈՍՄՈ-ՍՏԱՐՏԱՓ

Ինչպես յուրաքանչյուր ստարտափ, Հելենայի համար սկզբում նույնպես հեշտ չէր. գումարը չէր բավականացնում, որ գործն ամբողջ թափով սկսեր: Վաճառքից կուտակված գումարը նա ներդնում էր կրկին «Ծիր Կաթին»-ում՝ նոր նյութեր ու նոր ներկեր գնելու համար։ Սակայն նաև հայտնում է, որ ոչ մի լուրջ  խոչընդոտի դեռ չի հանդիպել և քաջալերում է երիտասարդներին՝ չվախենալ ռիսկի դիմելուց և որևէ ստարտափ սկսելուց: Ֆեյսբուքը Հելենայի համար բավականին կարևոր գործիք է: Նա կարծում է, որ ամեն ասպարեզում էլ այն իր մեծ դերն ունի, սակայն չպետք է թերագնահատվի կամ գերագնահատավի դրա հնարավորությունները. այն պարզապես մարքեթինգի ժամանակակից գործիք է։

Ո՛Չ ԳԱՆԳ-ԿՄԱԽՔՆԵՐԻՆ

Հելենայի համար շատ կարևոր է, որ նկարչությամբ և դիզայնով զբաղվելուց առաջ մթնոլորտը տրամադրող լինի, այլապես չի կարողանա ստեղծագործել: «Ինձ ոգեշնչում են նկարիչները (Ֆրիդա Կալոյի ծննդյան օրն իր պատկերով շապիկ էի նկարել ինձ համար), լավ եղանակը, սիրուն աղջիկը, ինձ շրջապատող աշխարհը, որտեղ դրական բան կա: Եթե ինձ պատվիրում են նկարել բացասական լիցք ունեցող պատկեր՝ կմախքներ, գանգեր, պոզեր, սատանաներ, ես չեմ կարող դա անել և միանգամից հրաժարվում եմ»:  Սա Հելենան բացատրում է նրանով, որ գույներն ու պոզիտիվը առկա բացասականից փախչելու ինչ-որ տեղ են: «Երբ ես սկսեմ այս գործին վերաբերվել «ես սա անում եմ, որովհետև սա են պատվիրել» սկզբունքով, ապա ամեն ինչ կկորչի»,- կարծում է «Ծիր Կաթին»-ի հիմնադիրը:

Հելենան երազում է, որ Հայաստանում արտադրվեն սպորտային կոշիկներ՝ կեդեր, որոնց վրա հնարավոր կլինի նկարել.«Դա կդառնա իսկական հայկական արտադրանք: Իսկ հիմա ստիպված գնում եմ չինական կոշիկ և վրան անում հայկական պատկեր»:

«ՎԻԼԻԻ ԲԱԽՏԸ» ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂԸ

Հելենան հիմնական մասնագիտությունը ստացել է որպես վավերագրական ռեժիսոր: Ժամանակին բավական հաճախ էր ներկայանում կինոպրեմիերաներով: Նրա գրեթե ամեն ծննդյան օրն անցնում էր նոր ֆիլմի շնորհանդեսով. «Չէի ուզում, որ տարիներս անիմաստ կորչեին: Դրա համար ամեն տարի մի բան նկարում էի, որ մնա»,- ասում է Հելենան: Նա սա բացատրում է նրանով, որ երիտասարդ տարիքում սովորաբար մոտեցումներն ավելի մարգինալ և ծայրահեղական են լինում: Այժմ ընդունում է, որ այդչափ հաճախականությամբ ֆիլմեր նկարահանել պետք չէ:

Հելենան կինոյում՝ հատկապես վավերագրական, իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Սիրում է դիմանկարների ժանրը և համարում է, որ կարողանում է գտնել ճիշտ մարդկանց, որոնց մասին խոսելու անհրաժեշտություն կա: Հերոսները հիմնականում լինում են հասարակ մարդիկ, որոնք բավական շատ բան են անում, սակայն նրանց մասին ոչ ոք չգիտի: Ամենասիրելի հերոսն իր «Վիլիի բախտը» ֆիլմի շունն է: Պատմում է, որ մեկ ու կես տարի շարունակ առավոտից երեկո այդ շանն էր նկարում: Հելենան նաև հիշում է, որ ֆիլմը չընդունվեց Հայաստանում․չհասկացվեց մարդու և շան միջև տարվող ուղիղ համեմատականները:

Վավերագրող Հելենան հիշում է նաև մեկ այլ՝ իր համար շատ կարևոր ֆիլմի հերոսի՝ Արայի մասին, ով հաշմանդամություն ունեցող մարդկանց խումբ ուներ և նրանց սովորեցնում էր նկարել՝ ամբողջն իր ծախսերով: Բոլորովին պատահական Հելենան բացահայտում է, որ նա ոստիկան է։ Եվ սա այն ժամանակ, երբ նա շուրջ մի քանի տարի էր, ինչ վարում էր ակտիվ քաղաքացիական կյանք և գրեթե մշտապես բախումների մեջ էր լինում ոստիկանների հետ (այս մասին նույնպես կհասցնենք խոսել)։

ՍԻՐԵ՞Լ, ԹԵ՞ ՉՍԻՐԵԼ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«Դոկումենտալ ֆիլմերը կոնկրետ լսարան ունեն: Օրինակ՝ ես ամբողջ կյանքում սիրել եմ դոկումենտալ ֆիլմերը: Ինձ նման շատ մարդիկ կան, բայց բոլորին չես կարող պարտադրել, որ իրենք հասկանան ու սիրեն: Շատ մարդիկ կան, որ ռեպորտաժն ու վավերագրությունը, կամ լրագրողական ֆիլմն ու դոկումենտալ պորտրետը չեն տարբերում իրարից»,- կարծում է Հելենան: Նա այն կարծիքին է, որ Հայաստանում այն մարդիկ, որ ընտրում են արվեստի ճանապարհը, իրենք իրենց գիտակցաբար կամ անգիտակցաբար դատապարտում են՝ բավարարվելով հոգևոր սնունդով, կամ աշխատելով այլ ոլորտում և անվերջ երազելով ստեղծագործելու մասին:

Արդեն շուրջ երկու տարի է՝ Հելենան ֆիլմ չի նկարահանում. էներգիա է հավաքում վերջին ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար:

ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ

Այժմ Հելենան ամուսնու հետ բնակվում է Երևանի «Երրորդ մաս» թաղամասում: Ասում է՝ սիրում է տան ու իրերի հնությունը, քանի որ դրանց մեջ պատմություն կա, սակայն կարոտում է իր նախկին բնակավայրը՝ Սարի թաղը, որտեղի մարդիկ ու հարևանական մթնոլորտն ուրիշ էր. «Ես հարևանություն սիրող ու հյուրասեր մարդ եմ։ Ուզում եմ, որ իմ տան դռները բաց լինեն, հարևաններս գան, խոսենք իրար հետ»։

Հելենան կողմ է հայկական ապրանքը սպառելուն՝ տուրք չտալով արտասահմանյանին: Պանիրը, կաթնամթերքը, մեղրը, ձիթապտուղը և այն ամենը, ինչ արտադրվում է Հայաստանում, Հելենայի տանը պարտադիր հայկական են:

Ի դեպ, նա կենդանիների մեծ սիրահար է: Ունի շուն, կատու, դեղձանիկներ, կրիա։ Հավանաբար, սրանով էլ պայմանավորված է նրա բուսակեր լինելը:

ՊԱՅՔԱՐԻ ԱՂՋԻԿԸ

Հելենայի քաղաքացիական ակտիվությունը սկսվել է 2006 թվականից, երբ դեռ 16-17 տարեկան էր։ Սկզբում մասնակցում էր քաղաքին վերաբերվող տարբեր թեմաների հետ կապված ցույցերի։ Այն ժամանակ Արամի և Բյուզանդի փողոցներն էին քանդվում։ Այսպես սկսեց բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը դուրը չէր գալիս։ Այնուհետև մտավ Թեղուտի պաշտպանության խումբ։ Իսկ 2008-ի մարտի 1-ին ականատես եղավ բախմանը, որը վավերագրում էր ընկերուհու հետ:

Հելենան երազում է ապրել այն երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա չի կրի պետական բեռը՝ այն, ինչը որ պետությունն ինքը պետք է հոգա ու անի:

Հելենայի ծնողները միշտ նորմալ են վերաբերվել իր՝ քաղաքացիական ակտիվ կյանքով զբաղվելուն. «Նրանք շատ ադեկվատ, իրավագիտակից մարդիկ են, երբևիցէ ինձ չեն խոչընդոտել, ինչով կարողանում են աջակցում են»: Խոսքը հատկապես վերաբերվում է Հելենայի հորը, ում դերն աղջկա՝այսպիսի մարդ տեսակի ստեղծման հարցում մեծ է եղել:

«ԷԼԵԿՏՐԻԿ» ՀԱՄԲՈՒՅՐԸ

2015 թվականի ամռան «Էլեկտրիկ Երևանը» վերհիշելիս բոլորի մտքին գալիս են տարածում ստացած մի քանի լուսանկարներ: Դրանցից մեկը նաև ցույցի ժամանակ համբուրվող զույգի լուսանկարն է, որը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից: Շատերը քննադատում էին, շատերն էլ աջակցում՝ այն դարձնելով իրենց ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարը: «Կինոյի աղջիկը» հենց ինքը Հելենան է՝ ամուսնու հետ համբուրվելիս:

Լուսանկարի մասին խոսելիս Հելենան պատմեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ իրենց լուսանկարում են: «Բաղրամյանում գիշերը 12-ն անց էր, երբ ամուսինս եկավ, ինձ տեսավ այնտեղ ու համբուրվեցինք։ Հետո ժամանակ էլ չկար, որ Ֆեյսբուք մտնեի ես դեռ տեղյակ չէի ոչնչից։ Ու սկսվեց խոսակցությունների շարք՝ մարդկանց մի մասը անշնորհք էր մեզ կոչում, մի այլ խումբ վստահ էր, որ նկարը ֆոտոշոփով սարքած է, շատերն էլ լավ ընդունեցին ու Ֆեյսբուքով իրենց աջակցությունը հայտնեցին»։ Հելենան համոզված է, որ սիրելը ամոթ չէ, գովելի է։ Առողջ քննադատությանն առողջ է վերաբերվում, իսկ երբ սկսում է դեմագոգիան, փորձում է փակել թեման։ Համարում է, որ կարևոր է հասկանալ հարցադրումը՝ քննադատությունն արվում է, որովհետև դատու՞մ են մարդուն, թե՞ որովհետև ուզում են օգնել շտկել իր սխալները։

 

Աննա Խաչատրյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ