«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Քո դառնացած հոգին, քո վիրավորված մարմինը...». ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ

 

1990 թվականի հուլիսին, երբ հայ ժողովուրդը հրաժեշտ էր տալիս մեծն Փարաջանովին, Կոմիտասի անվան Պանթեոնում հանճարեղ ռեժիսորի աճյունի առաջ հակիրճ, բայց շա՜տ հուզական խոսք է ասում նաև կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը:

Հայտնի է Ֆրունզե Դովլաթյանի և Սերգեյ Փարաջանովի ջերմ, զգայուն մտերմությունը, երկու մեծ ռեժիսորների հոգեկան փոխկապվածությունը: Հայտնի է, թե Փարաջանովն ինչպես է վերաբերվել Դովլաթյանի կինոյին, թե ի՜նչ ջանքեր է գործադրել Դովլաթյանը, որ Փարաջանովը կարողանա նկարահանել Հայաստանում, նկարահանել «Խոստովանություն»-ը:

Նրանց անփոխարինելի մտերմության մասին է խոսում նաև այն, որ աշխարհահռչակ Ֆելինիի համար իր կարած խալաթը, որը Փարաջանովն ուզում էր ուղարկել նրան, բայց որն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել, նա Թբիլիսիի իր տանը հագցնում է Ֆրունզե Դովլաթյանին: Ի դեպ, Փարաջանովին թաղել են հենց այդ խալաթով, որի մասին իր խոսքում ակնարկում է Դովլաթյանը:

Հայտնի է նաև, որ Դովլաթյանին գրած իր վերջին նամակում Փարաջանովը դառնացած խոսում է ժամանակի իրականության մասին. «Գիտեմ, որ նամակս կտխրեցնի քեզ, Ֆրունզիկ, թանկագին ընկեր ու եղբայր: Ես քեզ հետ կլինեմ մինչև վերջ անկեղծ և ուղիղ: Ցեղասպանության ժամանակ Սարյանը ծաղիկներ էր նկարում ու սարեր. հենց դա էր Սարյանի մեծությունը: Կեղծ խաղերի ու բարիկադների ժամանակ ես էկրանավորեցի Լերմոնտովին ու ինքս ինձ դափնեպսակ շնորհեցի: Ես հաղթեցի պարզունակ որոշումներին: Ժամանակն ամեն ինչ հետո ցույց կտա: Ֆիլմից հեռացավ Տիգրան Մանսուրյանը, կհեռանա նաև Ալիկը: Ֆրունզ, թանկագինս, ես չեմ կարող ու չեմ ուզում «Խոստովանությունը» նկարել Երևանում: Հայաստանում ես բոլորին ազատեցի իմ ներկայությունից, կթեթևացնեմ ու կուրախացնեմ նրանց:

«Խոստովանությունը» Թբիլիսիում կնկարեմ: Վրացիներն ինձ բնակարան տվեցին ու կոչում շնորհեցին: Այսօր Հայաստանին պետք չես դու, պետք չեմ ես, պետք չեն Փելեշյանը, Բալայանը: Նրանց պետք է գորշ ամեոբա: Ֆրունզ, ես քեզ շատ եմ սիրում ու ես քեզ սպանում եմ: Ժամանակներն են այդպիսին, ներիր»:

Այս դրվագներն անգամ բավական են, հասկանալու համար Պանթեոնում Դովլաթյանի ասած կարճ խոսքի ենթադրյալ շեշտերը, ըմբռնելու նրա հուզականության երանգները: Ի դեպ, Դովլաթյանը խոսում է բանավոր, առանց գրավոր տեքստի:

Ահա մեծ ռեժիսորի սրտի խոսքը հանճարի աճյունի առաջ.

«...Քո դառնացած հոգին, քո վիրավորված մարմինը ամեն ինչ արեց, որ աշխարհին նվիրի գեղեցկություն: Քո առատության եղջերուն, որ դու անմնացորդ տալիս էիր, նվիրում էիր քո ընկերներին, քո բարեկամներին, մարդկությանը, ժողովրդին, ամբողջ աշխարհին, դա երբեք չի մոռացվի:

Դու պառկել ես իմ առաջ այն հանդերձանքով, որ դու ինքդ քո ձեռքով ես կարել, որ դու ինքդ քո ձեռքով ես ստեղծել, որը դու միշտ անում էիր, առանց ընդօրինակելու ոչ մի բանի, թող դա լինի բնություն, թող դա լինի մարդկության ստեղծագործության ինչ-որ գործ:

Դու անձնավորություն էիր, մե՛ծ անձնավորություն էիր: Մարդ էիր, որի հետ մի վայրկյան անգամ զրուցելը մարդ երջանիկ էր դառնում: Տաղանդ էիր անսահման, տաղանդ:

Քո դառնացած հոգին, քո վիրավորված մարմինը վերջին տարիներում թափառեց շատ երկրներ, քաղաքներ, ամեն ինչ արվեց, որ փրկվի քո մարող մարմինը, քո մարող սիրտը, բայց չստացվեց: Դու գնացիր այն աշխարհը, բայց մնացիր որպես հիշատակ մարդկության, որպես գեղեցիկի ստեղծող: Գեղեցիկ գույնի ստեղծող, մարդկության համար գեղեցկություն ստեղծող:

Ես ուզում եմ ասել, որ դու մենակ թողիր մեզ, բայց մենակ չմնացիր: ...լացում ա:

Խաղաղություն քեզ մեծ մարդ: Թող հրեշտակների դասերը միշտ քեզ երգ երգեն...»:

Հ.Գ.

Արխիվային տեսանյութը, որ տրամադրվել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին, որի համար շնորհակալ ենք Միքայել Դովլաթյանին, տեխնիկական որոշ թերություններ ունի, բայց այնքան մեծ է նրա արժեքը, որ որոշեցինք այն հրապարակել: Տեսանյությում  խոշոր պլանով (2:13) առկա է Փարաջանովի դեմքը:

Դիտեք ընդամենը երկու րոպե մի քանի վայրկյան տևող այս նյութը, լսեք Դովլաթյանի կենդանի խոսքը: Այն շատ բան է ասում...:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ