«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

ՔՈՉԱՐԻ դուրսբերումը «բանտից»

 

«Ծնվել եմ իմ կամքից անկախ, քանի որ չէի կարող կամք ունենալ լինելիությունիցս առաջ, իսկ եթե ունեցել եմ, կնշանակե, որ եղել եմ միշտ և կլինեմ միշտ...». այսպես տիրաբար, հաստատուն, հանճարին վայել ասել է Քոչարը, ու Վարպետի միշտ լինելու գիտակցության ընկալման տիրույթում է, որ նրա «Ալեգորիա» արձանը՝ մշակույթի նախարարության նախանձախնդրությամբ, տարիներ անց դուրս է գալիս անհայտությունից, նորովի հայտնվում Քոչարի քաղաքի՝ Երևանի ամենաերևանյան անկյուններից մեկում՝ Դրամատիկական թատրոնին հարող պուրակում:

«Շատ ուրախ եմ, որ Քոչարը շարունակում է ապրել և հիշեցնել իր մասին՝ իր ստեղծած գործերով: Նա հաճախ էր ասում, որ ժամանակից չի վախենում, ժամանակն իր ընկերն է, օգնականը, և իր հույսը ժամանակի վրա է: Այժմ տեսնում ենք, որ Քոչարի խոսքերը մարգարեական էին: Ինձ համար շատ հաճելի է, որ մոռացված արձանը նորից կյանք է ստանում». արձանագրում է Քոչարի որդիներից Ռուբեն Քոչարը: Մշակույթի նախարարն էլ հավելում է. «Մենք վերարժևորում ենք Քոչարի ստեղծագործություններից մեկը, որը քաղաքի կառուցապատման արդյունքում հայտնվել էր փակուղում ու դարձել միանգամայն անտեսանելի մեր հանրության համար: Կարծում ենք, որ այս քայլով արձանն ավելի արժևորվեց և մեր քաղաքին բերեց նոր գույն, նոր շնչառություն»:

Հեռավոր հիսունականներին Քոչարի «Ալեգորիան», որի ուղերձները Վարպետը ստիպված էր ալեգորիկ խնամքով թաքցնել բանվորի ու գեղջկուհու պարտադրանքի տակ, քանի որ կապանքների ու կաղապարների ժամանակ էր, դրվել էր Պետհրատի բակում, կլոր ջրավազանի կենտրոնում: Գուցե ժամանակին մարդիկ զբոսնել են Քոչարի այս գործի շուրջը, վայելել այն, որովհետև քաղաքն իր զարգացումներում այլ տրամաբանություն է ունեցել:

Բայց Քոչարի համար հետապնդումը կարծես ճակատագրական է եղել միշտ: Պետհրատի բակի ժամանակի միջավայրը տարիների ընթացքում գիշատչորեն աղճատվել է, ինչպես երևանյան շատ միջավայրեր, ու մեր վաշխառուական օրերում Քոչարի քանդակը մնացել էր ակցանված մեր ժամանակի դեմքով, բզկտված մի միջավայրում՝ անտեսված, լքված, ավելորդի, անպետքի, անկարևորի իր միանձնության մեջ, ու ոչնչանալու, վերանալու վտանգի առջև էր, ինչպես ցանկացած անկարևոր, անպետք ու ավելորդ իր: Ամիսներ առաջ, երբ «Ով կփրկի Քոչարի քանդակը» հրապարակմամբ անդրադարձանք Վարպետի ստեղծագործությանը, քանդակն իր ամենավատ օրերն էր ապրում:

Քոչարի տուն-թանգարանի տնօրենուհին՝ Քոչարի թոռնուհին՝ Կարինե Քոչարը, որ արձանի վերաբացումն իրականացնում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հետ, ասում է, որ «1952-ին, երբ Քոչարը բոլոր առումներով դժվարին տարիներ էր ապրում՝ ստեղծագործական մեկուսացում, նյութական անապահովություն և այլն, ինչ-որ մեկը՝ բարեգութ մի հոգածությամբ Քոչարին պատվիրում է այս քանդակի իրականացումը: Սա կլոր քանդակի օրինակ է՝ ժամանակի ոգով, բայց՝ քոչարյան կատարմամբ: Այսօր ամենայն հստակությամբ դժվար է խոսել ստեղծագործության արժանիքների մասին, քանի որ ժամանակի ընթացքում խաթարվել է արձանի կոմպոզիցիոն ամբողջականությունը, բաղկացուցիչ մաս համարվող որոշակի տարրեր իսպառ վերացել են և ցավոք, չի պահպանվել նույնիսկ արձանի նախնական վիճակն արտացոլող մի լուսանկար, որով հնարավոր կլիներ այն ամբողջովին վերականգնելը»:

Վարպետի տուն-թանգարանի երկար տարիների տնօրեն, այսօր՝ փոխտնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարն էլ, ով ամենայն մանրուքներով տիրապետում է քոչարյան ժառանգությանը, և նրա պահպանությանը վերաբերվում է ինչպես մասունքի, հիշում է, որ տարիներ առաջ, իննսնականների սկզբին Պետհրատի բակի քոչարյան քանդակը թեպետ շատ երկար տարիներ արդեն շենքերի ակցանի մեջ էր, բայց խնամված միջավայրում էր: «Այն ժամանակ Պետհրատի բակը հրաշալիորեն խնամված էր»,- ասում է տիկին Լալան,- «Մի տարեց մարդ կար, ով ժամանակին պատասխանատու պաշտոն էր զբաղեցրել Պետհրատում և այդ ժամանակ ինչ-որ աշխատանքի էր այդ շենքում ու մեծ խնամքով էր վերաբերվում այգուն, ջրավազանին: Այդ մարդու շնորհիվ նաև շուրջ բոլորը ծաղիկներ էին, ջրավազանը մաքուր էր: Նա շատ լավ տեղյակ էր արձանի հետ կապված մանրամասներին: Նրա աչքերն ուղղակի փայլում էին, երբ պատմում էր, թե ինչ հրաշալի էր քանդակը տարիներ առաջ, երբ ամբողջական էր:  Քանդակի դեպի վեր բարձրացված ձեռքերին անմիջապես հենված է եղել մի մեծ սկուտեղ, որտեղից ջուր է թափվել ջրավազանի մեջ: Այնուհետև, երբ խաթարվեց այդ միջավայրը, Քոչարի գործը կարծես կորցրեց իր գրավչությունը»,-շարունակում է Լալա Մարտիրոսյան-Քոչարը:

Լալա Մարտիրոսյան-Քոչարը, ով նաև Վարպետի որդիներից Հայկազ Քոչարի կինն է, ժամանակին մեծ ցանկություն է ունեցել, որ Քոչարի այդ քանդակը տեղափոխվի Վարպետի տուն-թանգարանին հարող բակ, որը երևանյան հայտնի բակերից է՝ բարեկարգ ու խնամված: «Ես անձամբ կուզեի, իհարկե, որ իմ այդ երազանքն իրականանար, տեսնեի քանդակն այնպիսի մի միջավայրում, որում պատկերացրել է Քոչարը, տեսնեի ամբողջական, նախնական տեսքով, գուցե նաև նորովի լուծումներով, բայց այսօր ես շատ ուրախ եմ, որ Քոչարի այս քանդակը փրկվել է, որովհետև մենք այն կարող էինք կորցնել»,-շնորհակալությամբ ասում է տիկին Լալա Մարտիրոսյան Քոչարը՝ ավելացնելով «Սա Քոչարի քանդակի նոր հանգրվանն է, բայց հուսամ, որ տարիներ անց ավելի նոր հանգրվաններ կլինեն և ոչ միայն այս քանդակի համար»:

Ավետիք Իսահակյանի որդին, որ Քոչարի ընկերն էր դեռևս Վարպետի փարիզյան տարիներից, իր հուշերում գրել էր, որ Քոչարն այս քանդակում խորհրդանշորեն պատկերել է Եղիշե Չարենցին ու իր առաջին տիկնոջը՝ Մելինեին: Մենք այն հիշատակել էինք մեր «Ով կփրկի Քոչարի քանդակը» հրապարակման մեջ: Իրականություն է՞ այն, թե՝ ոչ, մենք չգիտեինք: Չկա Քոչարը, չկա՝ Վիգեն Իսահակյանը, չկա Քոչարի կողմից արված որևէ հիշատակում իրականության ու պատրանքի հարցում կողմնորոշվելու համար, բայց կա գողտրիկ մի պատմություն, գուցե՝ լեգենդ, որ գեղեցկացնում է պատմությունը, ժամանակը, Վարպետին: Վարպետն էր ասում, որ «Թատրոնը, նկարը, արձանը պետք է հավատացնեն և ոչ թե ապացուցեն»:

«Հավատացնում է»՞, թե՝ ոչ Քոչարի քանդակը: Ահա այսօր, երբ քանդակն արդեն դուրս է բերված ի տես, Քոչարի տուն-թանգարանում ծանոթանում ենք քոչարյան զգացողությունների բացառիկ ընկալմամբ մի զարմանահրաշ մարդու՝ ֆիզիկոս Ալեքսան Շահխաթունու մի կարծիքի, որ հնչում է հայտնության պես: Ի՞նչ է ասում Շահխաթունին. «Առաջին հայացքից թվում է, թե այս քանդակն էլ է պատկերում աշխատավոր ժողովրդի մեջք-մեջքի տված հերթական զավակներին՝ ձեռքերում բռնած կամ գլխավերևում պարզած իրենց աշխատանքի պարագաները և արգասիքները: Սովետական երկրի քաղաքացու աչքն արդեն սովորել էր այդ արվեստին և չէր կասկածի հերթական նմուշում որևէ արգելված կամ արտասովոր բան:

Այդ տարածված կաղապարը Քոչարը որոշեց լցնել այլ բովանդակությամբ: նա պատկերեց սովետական իրականության զոհ դարձած երկու բանաստեղծի՝ Եղիշե Չարենցին և Զապել Եսայանին, ովքեր 30-ականների կեսերին անհիմն ձերբակալվեցին գրեթե միաժամանակ և սպանվեցին: Երկու մտավորական՝ էապես տարբեր հայացքների, ինչը Քոչարը ընդգծում է տարբեր կողմ ուղղված իրենց հայացքներով և դիրքով, բայց չափազանց աշխատող և բեղմնավոր: Վերև պարզած իրենց աջերը երկու կողմից էլ ընկալվում են հեռվից ինչպես կատարած «Ձեռքերը վեր» հրահանգը: Դեմքերին չկա կոմունիզմ կառուցողի հրճվանքը, հպարտորեն են դիմավորում սպառնացող մահը: Շրջվել է «կոլտնտեսուհու» բերքով լիքը զամբյուղը, անզոր սեղմել է ձախ բռունցքը «բանվորը»: Երկու մերժված ընծայատու, երկու ընդհատված թռիչք...»:

Իրականություն է՞ սա, թե՝ լեգենդ, զգացողություն, ընկալում. էական չէ:

Քոչարն ասում էր. «Նկարի արժեքն ու գեղեցկությունը ոչ թե այն է, ինչ-որ նկարած է, այլ այն՝ ինչ-որ չէ նկարված և գտնվում է նկարի հետևը: Ինչ տեսանելի է նկարի վրա, դա արհեստ է, իսկ արվեստագետի կոչումն անտեսանելին ցույց տալն է, դա է արվեստի մոգությունը...Քանդակել կարելի է ամեն ինչ և ամեն ձևով: Պետք է գտնել մեծության ճանապարհը»:

Այդ ճանապարհի որոնումները՝ առեղծվածներով ու գաղտնագրված, դեռ երկար ենք որոնելու: Որոնելու է անգամ Քոչարի երեքամյա թոռնուհին՝ Լիլի Մանո Քոչարը, որ ներկա էր արձանի վերաբացմանը, որոնելու են նրա ու բոլորիս ժառանգները, որովհետև Քոչարի համար այլևս ոչինչ անել հնարավոր չէ, Քոչարն է շարունակում մեզ բացերես անել: Ինչ որ Քոչար է, այլևս Քոչարինը չէ ու Քոչարի համար չէ: Հայինն է, Հայաստանինն է ու աշխարհինն է՝ եթե հասկանանք:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ