Ադրինե Աճեմյան
Ադրինե Աճեմյան

 

Ադրինեն

լրագրող

դառնալ 

երազել է 

դեռ դպրոցում:

 

Մասնագիտությունը՝

հեռուստալրագրող:

 

Համոզված է,

որ լրագրողը

պետք է լինի

անկողմնակալ:

 

Անարդարությունը,

սուտը, իսկ

լրագրողի

դեպքում՝ 

կողմնակալությունը,

ոչ մի կերպ

չի հանդուրժում:

 

Ռեալիստ է:

Համոզված է,

որ գիտելիքից,

պաշտոններից

և ամեն ինչից

կարևորը 

մշտապես

Մարդ լինելն է:   

ՔՍԱՆ ՏԱՐՎԱ ակնթարթը

 

Չնայած, որ դրսում ցուրտ էր, ձմեռ, սառնամանիք, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կրակոտ, շոգ ամառ էր, իսկ ջերմությունը ճառագում էր ‹‹Շողակն›› համույթից:

Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգ ու մեղեդի՝ ‹‹Գյումրվա տրնգի››, Հորովելներ, ‹‹Քելե, քելե››, ‹‹Անձրև եկավ››, ‹‹Շողեր ջան››, ‹‹Շալախո››, «Գուլո» և այսպես շարունակ, ու պարում է հոգիդ, պարում է մարմինդ, պարում է միտքդ: Ու այսպես՝ մեր իմաստությունը, մեր խիղճը, մեր մայրականը դարերից գալիս ու լցվում է ներսդ:

Կորուսյալ ու իրական հայրենիք, հայ մարդ, հայ գեղջուկ՝ հողի, աշխատանքի հետ, սեփական քրտինքով, երգը՝ հացի հետ, արտի հետ, մեղեդին՝ օջախի ներսում, մանկան օրօրոցի մոտ ու պատկերները գալիս են ու գալիս:

Արմատներով Մշեցի Ալեքսան Հարությունյանը՝ երգիչ, համույթի ծրագրերի պատասխանատու, իր գործիքի՝ ղավալի, մասին ասում է. ‹‹Իմ գործիքը երաժշտության զարկերակն է: Այնպես, ինչպես սիրտը մարմնում››: Ու գործիքի նվագի հետ սիրտը մարմնում դառնում է առավել զգայուն:

Քանոնահարուհի Կարինե Հովհհանիսյանն ասում է, որ ինքն ու իր գործիքը  բնավորության գծերի նմանություն ունեն. ‹‹Եթե ընդհանուր գծեր չունենանք, ստեղծագործել այնպես, ինչպես ուզում ենք՝ չի լինի: Երբ տխուր եմ լինում, տխրությունս փոխանցվում է գործիքիս, չնայած աշխատում եմ, որ քիչ լինեն այդպիսի օրերը: Իմ գործիքն իմ կեսն է: Գործիքս չի սիրում, որ համերգից առաջ ուրիշ մեկն իրեն մոտենա»:

Պարզ, ջինջ, մաքուր մեղեդիները մեզ կտրում են իրականությունից և տեղափոխում մեկ այլ իրականություն, ուր կոմիտասյան շունչն է, ուր գութանը հերկում է արտը, մշակը կռիվ է տալիս: «Պարում» ենք ‹‹Գյումրվա տրնգի››, մեր հոգիները քանոնի մենանվագի ներքո ‹‹Շալախո›› են պարում:

«Շողակն»-ն իր առաքելությունն է համարում ժողովրդական արվեստում կոմիտասյան ավանդույթների պահպանումը:  Մինչ ‹‹Շողակն››-ի ծնունդը, շողակցիները միասին լինելիության ու կայացումի մեծ ճանապարհ են անցել մեր ազգային արվեստի խորհրդանիշ դարձած ‹‹Ակունք››-ում, ուր եղել է մեր ժողովրդի մեծ երախտավորի՝ Հայրիկ Մուրադյանի ոգին, նվիրումը, գուրգուրանքը, Մարո Մուրադյանի սերը, տառապանքը ու բազմաթիվ նվիրյալների ավանդը:

Շողակցիներն էլ նվիրյալների իրենց անուններն են տվել՝ տարիների մեջ թողնելով հարգանքի ու պատկառանքի արժանի մի ճանապարհ, որ քսան տարիների հեռվից գալիս է նոր ճանապարհներ գծելու:

Այդ նվիրյալներից է այս հրաշալի ընտանիքի Հասմիկը՝ Հասմիկ Հարությունյանը:
«‹‹Շողակն››-ը շատ բեղմնավոր ճանապարհ է անցել: Մենք այն բացառիկներից ենք, որ այս վերջին քսան և ավելի տարիներին թե Հայաստանի, թե արտերկրի ամենահեղինակավոր դահլիճներում կարողացել ենք ներկայացնել մեր երկիրը, մեր մշակույթը: Այն, ինչ սովորել ենք տարիների ընթացքում, փորձում ենք տանել ապագա: Փորձում ենք համադրել նորը, ավանդականը, աշուղականը և ժողովրդական երաժշտությունը: Այս իմաստով մենք նոր ուղղություն ենք բերել բեմ: Մթնոլորտը համույթում շատ ստեղծագործական է: Հավաքվում ենք մեզնից մեկի տանը զրուցում, սուրճ խմում, երգում, մեղեդի ընտրում, ստեղծագործում: Մենք նաև իմպրովիզացիաների ժանր ենք բերել համերգային բեմ»,-ասում է երգչուհին:

‹‹Շողակն››-ի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը «ՀԱՅԵՐ»-ի հետ զրույցում ասում է. «‹‹Շողակն››-ն այն հրաբխային, մշակութային պոռթկումն էր, որը տարիների ընթացքում կուտակվել էր և պետք է ‹‹պայթեր››: Եվ 1995 թվականը ծնունդ տվեց ‹‹Շողակն›› անսամբլին և, ինչպես ասում են շողակնցիները, ստեղծվեց երաժշտական և երաժշտասեր մեծ ընտանիք, ուր բոլորին միավորում է մեկ ընդհանուր գաղափար՝ ծառայել ազգային արվեստին և սերունդներին փոխանցել ազգային մաքրամաքուր շունչը»:

Համույթը երաժշտական ասպարեզ մուտք գործեց ամերիկյան՝ Celestial Harmonies ընկերության թողարկած Music of Armenia ձայներիզով:  2001 թվականից ‹‹Շողակն››-ը համագործակցում է ամերիկյան Traditional Crossroads ընկերության հետ, որն անսամբլին ստեղծագործական նոր վերելքի հնարավորություն ընձեռեց՝ համերգային գործունեության հնարավորություն տալով աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում: Հայ ազգային երաժշտությունը և երգարվեստը նրանք հնչեցրել են աշխարհի բազմաթիվ երկրների բեմերում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Արաբական երկրներում, Ռուսաստանում և այլուր:

«Արդյոք օտար հանդիսատեսը՝ չանցնելով այն ճանապարհը, որի միջով դարեր շարունակ արարել ու պայքարել է հայ ոգին, ընկալում և ընդունում է այս արվեստը»,- հարցնում եմ Գևորգ Դաբաղյանին: 
‹‹Մենք շատ համերգներով ենք հանդես եկել աշխարհի տարբեր ծայրերում, և եթե երաժշտությունը արմատ ունի, անկեղծ է, այն բոլորի համար նույնն է, հոգու թելերը կապված են մեկմեկու»,-ասում է աշխարհին ծանոթ դուդուկահարը:

Ու նորից ‹‹Ունաբի››, ‹‹Մարալի››, Օրորոցայիններ, ‹‹Քելե, քելե››, ‹‹Անձրև եկավ››, ‹‹Նուբար, Նուբար››, Քամանչայի մենանվագ, ‹‹Այգեպան››,Պարերգերի շարք ու...ու թվում է վերջ չկա: Վարդան Բաղդասարյանի քամանչան, Գրիգոր Թագուշյանի դուդուկը, Լևոն Թևանյանի շվին, բլուլը, Կամո Խաչատրյանի դհոլը, շողակնցիների երգը ու... ակունքներից գալիս է մի մաքրամաքուր աղբյուր, որի ակունքը հայն է: Գարեգին Նժդեհն էր ասում. «Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով»:

Ահա այն, ինչ արել ու անում են «Շողակն»-ն ու շողակնցիներն արդեն քսան տարի, որ ակնթարթի է նման:

 

Ադրինե Աճեմյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ