Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Ֆիզիկոս եմ:

 

Սովորել եմ

Երևանի

պետական

համալսարանում:

 

Քանի որ

ֆիզիկներից

ամեն ինչ

սպասելի է, 

մասնագիտացա

նաև

զբոսաշրջության

ոլորտում:

 

«Լևոն Թրավըլ»

ընկերության

զբոսաշրջային

բաժնի

ղեկավարն եմ՝

ինչպես

ընկերներս են

ասում, 

«անհիշելի»

ժամանակներից:

 

Նաև գրում եմ:

Արձակ:

 

Մի օր, երբ

սկսում ես

ստեղծագործել,

ժամանակի 

ընթացքում

դրանք

դառնում են

տպագրված

ու չտպագրված

գրքեր:

 

Տպագրված

գրքեր ունեմ:

Նաև՝

չտպագրվածներ:

 

Ես հավատում եմ

այն մեծ

մտածողին,

որն ասում էր, 

երբ քամի է

փչում, ոչ թե

պատ, այլ

հողմաղաց

կառուցիր:

 

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ (ֆանտասմագորիկ պատմվածք). ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

2057 թվական: Մայիս: Կիրակի: Ամերիկյան գերզարգացած խոշոր մի քաղաքի հայկական  փոքրիկ վարժարաններից մեկում սկսում է Հայ ժողովրդի պատմության կիրակնօրյա դասը: Աշակերտները՝ տասներկու տարեկանին մոտ, գույնզգույն տատուներով, անհասկանալի կտրվածքի ու գույնի մազերով, քթածակերին ու ականջաբլթակներին փայլփլուն քարեր, աղմուկով գրավում են դասասենյակը: Նրանց անգլերեն շաղակրատանքը մասամբ ընդհատվում է ուսուցչի ներս մտնելով:

- Բարև, - ողջունում է ուսուցիչը:

- Բարև, պարոն, -այս ու այն կողմից պատասխանում են աշակերտները՝ ոմանք հանելով ականջակալները, ոմանք մնալով իրենց հեռախոսների, ժամացույցների ու գրիչների էկրաններին գամված:

- Խնդրեմ ամենըդ ոտքի ելնաք «Հայր մերին» համար:

Աշակերտները ոտքի են ելնում, ու անտարբեր հայացքները հառելով ուսուցչին սկսում են հեգել.

- Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո…

«Հայր մեր»-ից  հետո բոլորը կրկին նստում են, և ուսուցիչը սկսում է դասը.

- Կեցցե՛ք: Նախ` մեկ լավ լուր ունիմ հայտնելու: Քանի որ մեր վարժարանին աշակերտներու մեծ մասը հայաստանցիներ են, դպրոցի հոգաբարձուների խորհուրդը որոշում  կայացրած է, որ այսուհետ դասերը պետք է անցնին արեվելահայերեն:

- Wow! Cool! Great! - ձայնում են աշակերտները:

- Օքեյ, գայս, այժմ անցնինք մեր բուն դասին: Այսօր պիտի ուսումնասիրենք հայ ժողովուրդի մայիսյան հերոսամարտերը և Սարդարապատին  ճակատամարտը: Վստահ եմ, որ առիթ ունեցած եք լսելու հայ ժողովուրդի և բանակի այս մեծ հերոսություններու մասին: Ո՞վ մեզի կասե` ե՞րբ  տեղի ունեցած է Սարդարապատին հերոսական ճակատամարտը:

- 1918 թ. մայիսին, պարոն, - տեղից ասում է մի տղա:

- Կեցցե՛ս, - ուրախանում է ուսուցիրը: - Մեզի համար շատ կարևոր է, որ լավ գիտնանք մեր պատմությունը: Այդ դաժան օրերուն ողջ հայ ժողովուրդը կարողացավ համախմբիլ իր ուժերը և արժանի հարված մը տալ թուրք հրոսակներուն, որ ցանկանում էին երկրորդ ցեղասպանությունը գործել և իսպառ վերացնել Հայաստանն ու ողջ մնացած հայությունը: Իսկ ո՞վ կարող է ասել, ի՞նչ պատմական երևույթ հաջորդեց Սարդարապատիը հերոսամարտին:

- Հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը պարոն, - ասում է նույն տղան:

- Այո, կեցցե՛ս, - կրկին ուրախանում է ուսուցիչը:

- Պարոն, ես մեկ հարց ունեմ, - կրկին նույն տղան է,- իսկ ինչու՞ մենք կորցրեցինք մեր հայրենիքը:

Դասասենյակում հանկարծ ծանր լռություն է տիրում: Ուսուցիչը հավաքում է իրեն ու ժամանակ շահելու համար ասում է.

- Լա՜վ հարց է… Եկեք միասին խորհինք:  Ձեր ընտանիքն ինչու՞ է արտագաղթել Ամերիկա:

- Ծնողներս ասացին, որ Հայաստանի մեջ լավ աշխատանք չկար:  Շատ չէին կարողանում դրամ վաստակել: Ասում էին, որ  մեր ապագայի համար են եկել:

-Իսկ ձե՞ր ընտանիքն ինչու արտագաղթեց Հայաստանից Արամ,-հարցնում է ուսուցիչը մեկ այլ տղայի:

Արամ անունով աշակերտը դադարում է զրույցը կողքի աղջկա հետ և պատասխանում է.

-Հայրս չուզեց, որ մենք հետագայում հայկական բանակում ծառայենք: Ասաց` թող ուրիշները գնան իրենց կյանքը տան ավազակային իշխանությունների համար:

-Դո՞ւ ինչ կասես, Սիլվա:

Սիլվա անունով աղջիկը մի պահ կարկամում է և ասում.

- Ծնողներս ասում էին, որ Հայաստանում ապագա չկա: Ասում էին գնանք Ամերիկա, մեր ապագան ապահովենք, իսկ երբ Հայաստանը լավ երկիր դառնա` բոլորս կվերադառնանք:

- Իմ զարմիկս էլ Ավստրիա գնաց, որ երաժշտական ուսում ստանա, - նկատում է աշակերտներից մեկը:

- Իսկ իմ հորեղբայրը Ֆրանսիայում է: Գործարանում բանվոր է աշխատում: Ասում է, որ հպարտ է իր ազնիվ աշխատանքով:

- Օ քեյ, - ընդհատում է բոլորին ուսուցիչը, - իսկ ձեզմե ո՞վ է պատրաստ վերադառնալ Հայաստան:

Մեկ - երկուսը վախվորած  բարձրացնում են ձեռքերը, բայց նայելով անհաղորդ կողքիններին` իրենք էլ իջեցնում են:

- Փաստորեն` ոչ ոք, - նկատում է ուսուցիչը: Ոչ ոք… Իսկ կուզե՞իք ծովից-ծով հզոր հայրենիք և Տիգրան Մեծին պես արքա:

- Այո,- միաձայն, բայց անտարբեր  պատասխանում են բոլորը:

- Պարոն, իսկ դո՞ւք ինչու եք հեռացել հայրենիքից, - հանկարծ հարցնում է մի կապուտաչյա աղջնակ:

Ուսուցիչը միանգամից չի պատասխանում: Նայում է պատուհանից հեռու ու դանդաղ ասում է.

- Ես ընդդիմադիր էի իշխանություններուն:  Կը գիտնա՞ք, թե որքան էր ուսուցչի աշխատավարձը Հայաստանում: Սենթեր… Ես ալ ընտանիք ունիմ, ես ալ ցանկացա որ զավակներս բարեկեցիկ ապրեն և  օրվա հացի կարոտ չըլլան: Եվ ոչմեկը չի կարող ինձ մեղադրել: Ես այստեղ էլ մեծ գործ եմ անում իմ հայրենիքին համար: Մենք ամիսը երկու անգամ հանդիպում ենք և կարևոր հարցեր քննարկում:

Ուսուցչի ձայնը թուլացած ու նվաղած էր: Զգացվում էր, որ նա այդ բառերն առաջին անգամ չէ, որ արտաբերում է:

- Պարոն, ասում են, որ 1918-ին հայ ժողովուրդը ոտքի է կանգնել ու պայքարել է հզոր պետությունների դեմ: Եթե այդպես է, ինչո՞ւ է կորցրել հայրենիքը,-կրկին Արամն է:

- Դժվար հարց է, Արամ… Երևի հայրենիքը կորցրել է 18-ից առաջ: Մենք գուցե չցանկացանք պայքարիլ: Գուցե՝ չկարեցանք: Հետո էլ գուցե թողնելն ու հեռանալը նախընտրեցինք: Գուցե չենք կարենում շենացնել մեր հայրենիքը: Գուցե ուրիշի շինած երկիրը կսիրենք: Դժվար հարց է:

- Իսկ հույս կա՞, որ մի օր մենք կրկին հայրենիք կունենանք:

- Մենք հայրենիք ունինք, Արամ: Կորցրածն էլ գուցե մեկ օր կվերադարձնենք: Մենք ամենքս պիտի լավ սովրենք և օր-օրի պիտի պայքար տանինք այդ վեհ նպատակուն համար: Մի օր մենք անպայման  միասին պիտի վերադառնանք Երևան, Արցախ, Սևան, Վան:  Կը համաձայնի՞ ք:

- Այո, այո, պարոն- լսվում են աշակերտների կիսատ-պռատ ձայները:

- Սարդարապատի ու մայիսյան հերոսամարտերու մասին չխոսեցանք: Կուզե՞ք երգենք միասին: Գոնե Սարդարապատին երգը,-ասում է ուսուցիչը շփոթված ու սկսում է երգել.

Զանգե՜ր, ղողանջե՛ք,

սրբազան քաջերին կանչեք այս արդար պատից:

Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից…

Աշակերտներից ոմանք շատ ցածր ձայնակցում են ուսուցչին:

-Զանգի ժամն է, ուսուցիչ,-ասում է աշակերտներից մեկը ու թողնելով երգելը նրանք դուրս են գալիս վարժարանից:

-Hi, babe! OK, school is over today. See you in an hour at Armenia pub. Will you have a cheeseburger? Great! By,-ասում է Արամը կապուտաչյա ընկերուհուն ու խառնվում Ամերիկյան գերզարգացած բարեկեցիկ քաղաքի օրվա անցուդարձին:

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ