Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

ՇՈՒՇԻԻ առաջնագծի «զինվորները»...

 

Առաջին անգամ Արցախ մեկնեցի 89-ի փետրվարին: Երևանում արևոտ, բայց սառը փետրվար էր, Ստեփանակերտում՝ արևոտ ու տաք: Գրեթե անձյուն ձմեռ: Մեկնեցի «Էրեբունի» օդանավակայանից, «Յակ- 40» փոքրիկ, անհարմար ինքնաթիռով: Մեկնելու այլ տարբերակ չկար: Միակ տարբերակն էր: Արցախն «օղակված» էր Լաչինով, Քելբաջարով...:

89-ի Շուշիում արդեն հայեր չկային: Ստեփանակերտը ծվարած էր Շուշիից իջնող ահռելի վտանգի տակ: Շուշեցիները Ստեփանակերտի միակ, կարծեմ «Ղարաբաղ» անհրապույր ու ավերակ հյուրանոցում էին՝ փախստական սեփական երկրում: Հայաստանը հեռվում էր, դեռ՝անհասանելի: Միակ բանը, որ ունեին արցախցիները՝ ոգին էր, անկոտրում ոգին, պայքարի մղումը, հույսը, հավատը, հեռանկարը, դեպի Հայաստան ճանապարհները...:

Լաչինն ու Քելբաջարն այսօր ոչ միայն չեն «օղակում» Արցախը, այլև դարձ ի շրջանս յուր են՝ իրենցով արած Արցախ տանող ճանապարհները: Ու թեև կա Երևան-Գորիս-Ստեփանակերտ միջպետական ծանոթ, հարազատ ճանապարհը, որով հազար ու մի անցուդարձ ենք արել անցած տարիներին, բայց ես Արցախ եմ մեկնում Երևան-Վարդենիս-Մարտակերտ-Ստեփանակերտ նոր միջպետական ճանապարհով:

Այս ճանապարհը նման է դրախտի ճանապարհի: Դժվար, վտանգավոր ոլորանների երկայնքով սաղարթառատ, գեղատերև անտառներ են, աշնանային անտառներ, որոնք անվերջանալի են թվում, բայց փոխվում են ոլորաններն ու գունապնակված անտառները փոխվում են մոխրագույն ժայռերի: Վահաշուք ժայռեր են, անտառոտ ժայռեր, որոնք ձգվում են մինչև երկինք, փակում երկնքի կապույտն ու ամպի ծվեններն անգամ դժվարությամբ են երևում: Թարթառի երբեմն հանդարտ, երբեմն խելառ ընթացքը հուշում է, որ անձեռակերտ թվացող հրաշքը՝ Դադիվանքը սարերի հետևում չէ, ուրեմն առջևում են նաև Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին:

Մեքենան սլանում է հարթ ասֆալտով, որի վրա աշնանային թաց կա նստած: Կփակվի՞ ձմեռվա օրերին այս օձանման պորտալարը, կդիմանա՞ ճանապարհը խստաշունչ փորձություններին, հայկական ձնամաքրումին, ծանր մեքենաների հևոցին՝ դժվար է ասել: Խնամքի ու գուրգուրանքի բացառիկ ջանք է հարկավոր: Բայց Արցախ տանող ճանապարհներին այնքան պատմություն կա ու հերոսականություն, այնքան հուշ ու կարոտ կա, այնքան թանկ անուններ, որ այլ մտորումների պատեհություն չի լինում:

Երեկոյանում է: Մթնում: Շուշին դիմավորում է ամբողջովին մշուշի մեջ: Կարծես հսկայական մի ամպ գիշերելու ցանկությամբ փարվել է հնամենի քաղաքին: Սովորական պատկեր Շուշվա համար:

«Շուշի Ավան Պլազա» բարձրահարկ հյուրանոցի լույսերը ցրում են խավարը, իսկ ներսի ջերմությունը՝ քաղաք ներթափանցած ցուրտը:

Նախասրահում Արցախի լեգենդար տիկինը՝ Ժաննա Գալստյանը օտարերկրացի հյուրերի հետ է: Արցախյան թեյ են խմում: Լսում եմ տիկին Ժաննայի ծանոթ ձայնը. «Այն օրերին կուսակցություններ չկային, բոլորս մի մարդ էինք»: Հյուրը, հավանաբար Ազատ Արցախի փետրվարյան պատմական օրերից էր հարցնում:

89-ի փետրվարին կարևոր մի օր անցկացրել էի Ժաննա Գալստյանի հարկի տակ, 88-ին կամ կամ 87-ին՝ երկար զրույցներ ունեցել Ստեփանակերտի թատրոնի երևանյան հյուրախաղերի օրերին, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի կուլիսներում, բայց պատահական հանդիպմամբ զրույցին չեմ խանգարում: Բարևում ենք քաղաքավարի, անծանոթների նման, բայց՝ ջերմ: Գրեթե երեսուն տարի է անցել:  

Հյուրանոցի աղջիկն առաջարկում է ճաշել: «Շուշի Ավան Պլազա»-ն տուն է, խոհանոցում մի բան միշտ կգտնեն ուշ ժամի հյուրի համար:

Պատմաբան ԱՇՈՏԸ

Առավոտյան Շուշին դեռ մշուշի մեջ է, բայց հեռվից ծիկրակող արևը խոստանում է հասնել քաղաքին: «Շուշի Ավան Պլազա»-ում զինվորական ձմեռային դաշտային հագուստով մարդիկ են՝ ակնհայտորեն ոչ զինվորականներ: Նկարիչներ են, Շուշի են ժամանել Ղրիմից: Նկարելու են Շուշիի անտառներում, ձորերում, լեռներում: Եկել են թեթև հագուստով, ցրտի մասին չեն մտածել, իսկ Շուշիի լեռներում ցուրտ է ու զինվորականներն օգնության են հասել, դաշտային տաք հագուստ են տվել: Շուշիում դժվար է անօգնական լինել:

Պատմաբան Աշոտ Հարությունյանը սպասում է հյուրանոցի նախասրահում, որ շրջենք Շուշիում: «Ժուռնալիստներից վախենում եմ, գործ չունեմ, վտանգավոր մարդիկ են»,-կատակում է Աշոտը: Աշոտ Հարությունյանը Շուշիի պատմության թանգարանի վարիչն է, անկրկնելի իր տեսակով, բոլորին հասնելու, օգնելու, Շուշին ցույց տալու անսպառ պատրաստակամությամբ: Աշոտն արդեն հասցրել է նկարիչներին պատմել Շուշիի պատմությունը: Աշոտը շուշեցի է, բնիկ շուշեցի, նախնիներով շուշեցի: Շուշիում է ապրել, սովորել ու Շուշիի ամեն անկյան մասին իր պատմությունն ունի: Իջնում ենք դեպի Շուշիի հնադարյան բերդ-ամրոցը: Նկարիչները նույնպես միանում են մեզ: Աշոտը ոչ միայն մանրամասնորեն պատմում է ամրոցի դարավոր պատմությունը, այլև վերականգնման ու պահպանման իր առաջարկներն անում, ցույց տալիս:

Իջնում ենք դեպի հին գերեզմանաքարերը, որոնք ճանապարհի եզրին են: Իջնում ենք այն ճանապարհով, որը Շուշին ազատագրող մարտիկների ուղղություններից մեկն էր: Աշոտը բոլոր քարերի պատմությունը գիտի: Հետո անտառամիջի ճանապարհով կրկին բարձրանում ենք քաղաք: Զբոսավարի ջանադրությամբ Աշոտը պատմում է քաղաքի պատմությունը՝ Նելսոն Ստեփանյանի արձանից, հարևանությամբ հպարտորեն կանգնած դարավոր կաղնուց, կերպարվեստի թանգարանից, պարսկական մզկիթից, գետաքարով կառուցված հին ու կանգուն տներից մինչև Ղազանչեցոց սքանչելի տաճար, մինչև ահասարսուռ Ջդրդուզ:

«Ես շուշեցի եմ, Է՜, մերոնք էլ են շուշեցի: Բոլորին լավ ճանաչում եմ: Թուրքերի հետ էլ եմ ապրել է Շուշիում: Դրանց հետ միասին դպրոց ենք գնացել: Ախր թվային դար ա, կարելի ա չէ՞ էնպես անել, որ ասենք հեռախոսդ պահես էս ծառի կամ էս արձանի վրա ու դրա պատմությունը կարդաս: Հիմա էդպես անում են չէ՞: Մեր Շուշիի պատմությունը շատ հարուստ ա: Գիտե՞ք, սովետի ժամանակ դրանք ինչքան գերեզմանաքարեր են թողել ճանապարհի տակ, վրան ասֆալտ են արել, որ կորցնեն, ինչքան պատմական շերտեր են վերացրել: Բոլորը պետք ա վեր հանել: Շուշիի բերդի պատը, որ անտառի միջով անցնում էր, տեսաք չէ՞: Մի օր էդ պատը կորելու ա ծառերի մեջ, վնասվելու ա: Նելսոն Ստեփանյանի քանդակը տեսա՞ք: Առաջվանն ավելի լավն էր: Էս քանդակը լավը չի: Մի օր առաջվա քանդակը երևի կգտնվի: Մենք Նելսոն Ստեփանյանով շատ ենք հպարտանում...»:

Ու այսպես քայլում ենք դեպի Ղազանչեցոց, դեպի Շուշիի ռեալական ուսումնարանի շենքը: Աշոտն առաջարկում է անտառով քայլել դեպի Ջդրդուզ, Հոնուտի կիրճ:

«Մենք ասում ենք Կատարոտ»,- ասում է Աշոտը՝ ակնհայտորեն օտար անունը չընդունելով: Արգելոցի մուտքից մինչև կիրճի բերանը քայլում ենք չորացած խոտածածկի վրայով: «Էս տարի եղանակը չորային էր, խոտը դեղնել ա»,- ասում է Աշոտը: «Ես էս դաշտերը կհերկեի, կգնայի Գորիսի կողմերից լեռնային ու դաշտային ծաղիկներ կբերեի, շաղ կտայի, մի տարի հետո ծաղկային հրաշք դաշտ կլիներ, շատ սիրուն կլիներ, տուրիստներն էլ մինչև կիրճին հասնելն էդ գեղեցկության միջով կգնային...»:

Աշոտը երևի ճիշտ էր անում, որ զգուշանում էր ժուռնալիստներից: Ինքը չգիտեր, որ ես իր մասին ու իր պատմությունների մասին նույնպես գրելու եմ:

Թանգարանների ԱՂՋԻԿԸ

Լուսինեին Արցախում ճանաչում են, առանց չափազանցության, գրեթե բոլորը: Լուսինե Գասպարյանը թանգարանների աղջիկն է՝ «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության տնօրենը: Շուշիի թանգարանների մասին Լուսինեն գիտի ամեն ինչ, գիտի մասնագիտորեն, պրոֆեսիոնալ կրթությամբ, կառավարման մոդելներով, արվածով, չարվածով, ծրագրերով, անելիքներով: Շուշիի թանգարանները Լուսինեի երեխաներն են ու նրանց հետ կապված իր երազանքներն ու սպասումներն ունի, ինչպես յուրաքանչյուր ծնող:

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը՝ բացառիկ ճարտարապետությամբ, քաղաքի բազում դիմագծերից է: Շուշիի Պանթեոնն է՝ մեծ վարպետությամբ վերականգնված: Այն ստեղծվել է նախկին կենցաղի տան՝ «բիտավոյի» տեղում: Ստեղծվել է պատասխանատվության եզակի զգացումով: Մի թևով Արցախի պանծալի հերոսի՝ Գուրգեն Գաբրիելյան սիրելի դերասանի անվան փողոցում է: «Մեր Նաջարյանն է, գիտեք չէ՞, «Ոսկե ցլիկից»,-ասում են ամեն անգամ ու սիրով: Մյուս թևով Ղազանչեցոց փողոցում, Վազգեն Սարգսյանի հուշարձանի դիմաց:

Վազգեն Սարգսյանի հուշարձանը...միակ անարվեստ բանը Շուշիում:

Թանգարանի ֆոնդը ստեղծվել է Արցախի բարեկամների նվիրատվությունների հիման վրա, պրոֆեսոր Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Լեգենդար Գրիգորի Գաբրիելյանցի մասին Արցախում խոսում են ամեն քայլափոխի: Նրա հետքերով մենք դեռ գնալու ենք Արցախի երկրաբանության թանգարան:

Կերպարվեստի պետական թանգարանում Գառզու կա և Ժանսեմ՝ Շահեն Խաչատրյանի նվիրատվություններն են, նաև՝ Մուշեղ Չալոյանի, Հակոբ Հակոբյան կա, Նիկոլայ Նիկողոսյան, Ռոբերտ Էլիբեկյան, Էդգար Շահին, Հակոբ Կոջոյան, Արմինե Կալենց, Հենրիխ Էլիբեկյան, Սեդա Բեքարյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Հենրիկ Սիրավյան, Հակոբ Գյուրջյան և այլն: Կտավներից ու քանդակներից որոշները հեղինակների նվիրատվություններն են, որոշները՝ բարերարների, որոշները ֆոնդերից են՝ Հայաստանի նկարիչների միության, ազգային պատկերասրահի, Ստեփանակերտի պատկերասրահի: Ամեն զարմանքիս Լուսինեն արձագանքում է. «գիտեիք լավ գործեր չունե՞նք, ունե՜նք, մենք է՜լ լավ գործեր ունենք, մեր պատկերասրահն էլ է է՜ լավը, մենակ Երևանինը չի»,-ու Լուսինեն երազանք ունի, որ իր պատկերասրահը դեռ շատ մեծերի գործերով պիտի համալրվի:

Շրջում ենք բոլոր սրահներով: Լուսինեն հատիկ առ հատիկ բոլոր կտավների մասին պատմում է: Անգիր գիտի բոլոր նվիրատուներին, նվիրատվությունների օրը, ամիսը, տարին, պատմությունը: Թանգարանն ուղղակի հոգատարության ճիրաններում է: Այն արվեստի մի կենտրոն է, որը պատիվ կբերեր Եվրոպական շատ մեծ քաղաքների: Եվ այս թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշը նվիրումն է: Մի քանի մարդու նվիրումը քաղաքին, արվեստին, գործին:

Երեկոյան թանգարան են գալիս Արցախի ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած հարյուրից ավելի հյուրեր Հայաստանից, տարբեր երկրներից: Լուսինեի փոքրիկ թիմը՝ Զարինեն, Ծովինարը, Տաթևը, Դիանան, առանց տարբերություն դնելու իրենց պաշտոնների մեջ, հյուրերին ռուսերենով, անգլերենով պատմում են Արցախի, Շուշիի, թանգարանի, կտավների, արվեստի մասին, հյուրասիրում ժինգյալով հացով, արցախի գինով, Արցախի բերք ու բարիքով: «Մենք ենք, մեր սարերը» հրաշալի համույթը հյուրերին արցախյան երգ ու պար է մատուցում ու... մի քանի հարյուր լուսանկար ու տեսանյութ գնում են Արցախով փակելու աշխարհի ֆեյսբուքների բազմալեզու պատերը:                       

Արցախցու փեսա ՎԱՍՊՈՒՐԸ

Լուսինեի հետ քայլում ենք Շուշիի սալաշար փողոցներով: Այնտեղ, ուր հանդիպում են ասֆալտն ու սալահատակը, հանդիպում են պատմությունն ու ներկան: Շուշիի փայտե դռները, պատուհանները, ճաղավանդակները, մետաղե դարպասները, գետաքարե տները, հսկայական ընկուզենիներն ու կաղնիները, ժամանակակից տեխնոլոգիական համալսարանն ու «հանճարեղ» որոշմամբ այրված տները, նորակառույցներն ու անմարդաբնակ, լքված օջախները, հին շուկա՝ բազար-մեյդանն ու պարսկական մզկիթները, նոր մարկետներն ու տիկին Ստելլայի «Ժենգյալավ հացի» տաք անկյունը, Ղազանչեցոցի տիեզերական բարձրունքն ու գորգերի տունը, «լվա ինքդ»-ի կետն ու Շուշիի ստեղծագործական կենտրոնը, ամեն տարի աշխարհի անկյուններից հայերին հավաքող Ռեալականն ու սովետական բնակելիների այլանդակ ճակատները պատմության ու ներկայի ներդաշնակ գոյությունն են Շուշիում:

Եվ այս գոյության մեջ է նաև «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը»՝ փառահեղ մի հաստատություն, որ շատ քաղաքների նախանձը կշարժեր, այդ թվում և Երևանի:

Վասպուրը՝ Վասպուրակ Կարապետյանն է, այս հաստատության տնօրենը: Եթե չհանդիպեի Վասպուրին, չզրուցեի նրա հետ, չճանաչեի այդ պայծառ մարդուն, մի բան կիսատ կլիներ, անկասկած: Ու թեև օրը կիրակի էր, Վասպուրն աշխատանքով էր վայելում արդեն արևոտ ու տաք Շուշիի կիրակնօրյա կեսօրը և եթե Լուսինեն չծանոթացներ, որևէ կերպ դժվար էր հասկանալ, որ նա տնօրեն է, որովհետև աշխատանքային հագուստով մի երիտասարդ էր, որ թևերը քշտած աշխատում էր ուսումնարանի բակում:

«2009-ի մարտին եկա Արցախ, օգոստոսին ամուսնացա արցախցու հետ ու մնացի»,-հպարտությամբ ասում է Վասպուրը:

«Դե, գիտես ինչ ես արել»,- կատակում եմ ու Վասպուրը վարակիչ ծիծաղում է:

«2013-ին գնացի ֆրանսիա, Սենտ Էտիեն քաղաքի այս տիպի ուսումնարաններից մեկը, որպես տնօրեն վերապատրաստվեցի այնտեղ, որ կարողանամ կազմավորել մերը, հետո արդեն 2015 թվականին մեր փոխտնօրենի ու չորս վարպետների հետ նորից գնացինք: Ու այդպես կարողացանք հիմնական կորիզն ապահովել: 2015 թվականի սեպտեմբերին արդեն ուսումնարանի պաշտոնական բացումն էր: Այս տարին երրորդ ուսումնական տարին է»:

Վսպուրին դժվար է ընդհատել: Դպրոցի մասին խոսելիս նա ուղղակի կերպարանափոխվում է: Հերթով ցույց է տալիս այս բացառիկ հաստատության բոլոր արհեստանոցները՝ սանտեխնիկական և ջերմատեխնիկական աշխատանքներինը, մետաղամշակմանը, հարդարման շինարարական աշխատանքներինը, շինմոնտաժային և վերանորոգման աշխատանքներինը և այլն:

«Սա շինմոնտաժային և վերանորոգման աշխատանքների արհեստանոցն է: Այստեղ սովորում են հողային աշխատանքներից սկսած մինչև ամբողջ շենքը կանգնեցնելը, մինչև դուռ-լուսամուտի տեղադրումը: Սկսում ենք հողային աշխատանքներից, հետո շենքի տեղակապումն ենք անում տարածքի հետ, հետո սկսում ենք հիմքերի համար փորել հողը, հիմքերը տեղադրել և այլն»,-ասում է Վասպուրը:

Ցույց է տալիս մի տեղ, որտեղ աշակերտները մայթերի համար սալիկներ են պատրաստում: Առաջին նմուշներն են դեռ:

«Սա կարմիր ավազով է արված: Հիմա փորձարկումներ ենք անում: Մեր վարչապետն ասել է, որ եթե նորմալ արտադրանք տանք, քաղաքաշինության նախարարությունը մեզ պատվերներ կտա: Մենք անընդհատ աշխատում ենք, պարապ չենք մնում: Սրանք էլ Շուշիի ոգուն հարազատ ճաղավանդակներ են: Կրկին մեր աշակերտներն են սարքում: Նկարում են, գծում, հաշվարկում: Շատ գործ ենք արել մի տարվա մեջ: Դարպասներ ենք սարքել և այլն»,-շարունակում է պատմել Վասպուրը, մի արհեստանոցից անցնելով մյուսը:

Այստեղ արհեստանոցներ կան, որոնց կահավորանքից չունեն շինարարական շատ հայտնի ընկերություններ՝ ամենատարբեր գերժամանակակից հաստոցներ, բետոնաշաղախ մեքենաներ, գործիքներ, նոր ստանդարտների արտահագուստ, սաղավարտներ և այլն:

«11 վարպետ ունենք, բոլորն էլ բարձրագույն տեխնիկական կրթությամբ, մի մասն արդեն երկրորդ անգամ Ֆրանսիայում վերապատրաստում անցած: Այնտեղ մերոնք վերապատրաստվում են նմանատիպ դպրոցներում, հետո՝ շինարարական ընկերություններում: Կոնկրետ շինարարական ընկերություններում գնում են աշխատանքի: Ֆինանսավորումն իրականացնում է Ֆրանսիայի հայկական հիմնադրամը: Աշխատակազմի առումով առաջինը շեշտը դնում ենք Շուշիի վրա: Մեզ մոտ միայն մի արհեստ չեն սովորում: Ժամանակակից շուկայի պահանջն է: Նրանք դառնում են ունիվերսալ վարպետներ: Համապիտանի: Գեղեցիկ բառ եմ չէ՞ գտել՝ համապիտանի»,- անսպառ էներգիայով ներկայացնում է Վասպուրը:

Սենյակներից մեկի դռանը գրված էր «ժողովասենյակ»: Նայեցի՝ նիստերի դահլիճ էր: Վասպուրակ Կարապետյանի նվիրումը ոչ միայն դպրոցին է, այլև՝ հայերենին: Վասպուրը շատ գեղեցիկ հայերենով է խոսում: Այսօր ուսումնարանում 120 աշակերտ կա՝ 2-ը Հայաստանից՝ Գեղարքունիքի մարզից և Կապանից, 118-ը՝ Արցախից: Հիմնականում 15 տարեկան երեխաներ են: Ավագ դպրոցի անցման փուլն է: Կրթությունը, ուսումնարանում ապրելը, երեք անգամյա սնունդը, համազգեստն ու հատուկ կոշիկները անվճար են: Լուսավոր ու ժամանակակից դասասենյակներ, մոդելավորված աշխատավայր-արհեստանոցներ, ճաշարան, գեղեցիկ բակ և այլն:

«Սա, իրոք, շատ բացառիկ հաստատություն է»,- ասում է Վասպուրը,- «վերջերս ամերիկացի կոնգրեսականներից մեկն ասաց, որ ինքն ուղղակի կերազեի, որ Ամերիկայում նման բան լիներ ու անկեղծ էր ասում, որովհետև բացառապես անվճա՞ր, ասում էր, այդպես չի լինում: Աշակերտների կոշիկներն էլ հատուկ պատվեր են, շատ թանկ արժեն, քթամասը եռակի պաշտպանություն ունի, կա շերտ, որը 250 կգ բեռին դիմանում է: Հիմնադրամն է ապահովել:

Մենք բազմաթիվ երկրների փորձ ենք ուսումնասիրել այս ոլորտում: Օրինակ՝ Կանադայինը, որոնք մինչև 2025 թվականի իրենց ռազմավարական ծրագրերում նշում են, որ պետք է գնան դեպի համապիտանի մասնագետների պատրաստման և դա հիմնավորում են այսպես. այսօր, եթե գյուղական բնակավայրից եկած մի երեխայի սովորեցնես, ասենք, միայն սանտեխնիկի մասնագիտությունը, նա կգնա գյուղ և անաշխատանք կմնա, որովհետև գյուղում սանտեխնիկի այդքան գործ չի լինելու: Բայց, եթե նրան սովորեցնում ես նաև ջերմատեխնիկի մասնագիտությունը, նաև՝ օդափոխության համակարգերը, դրան գումարում ես կլիմատիզացիան, հովացման համակարգերը, որոնք ամբողջովին միմյանց կապված են, եթե այդ ամեն ինչի հետ իմանա նաև եռակցում անել, խողովակների հետ աշխատել, կդառնա հինգ մասնագիտացման կրող և այդ դեպքում հաստատ գյուղում աշխատանք կունենա և չի արտագաղթի:

Մենք կարողացանք մեզ համար մշակել նաև ֆրանսիական համակարգը, համադրել մերի հետ, ստեղծել պիլոտային նախագիծ և իրականացնել: Եղել եմ Ֆրանսիայի կրթության ազգային ինստիտուտում և այլն: Ֆրանսահայերը շատ ոգևորված են: Իրենք շատ են ուզում գալ և այստեղ մի բան անել: Ասում են, որ մենք շատ անելիք ունենք այստեղ ու պետք է անենք»:

Վասպուրակ Կարապետյանի ոգևորության սահմաններն անսահման են:

- Չես վերադառնալո՞ւ Երևան,- հարցնում եմ Վասպուրին՝ իմանալով, որ անիմաստ հարց եմ տալիս:

- Երբե՜ք, ասում է Վասպուրը, բացառված է: Ավելին ասեմ, կինս արդեն գրանցումը փոխել է և Շուշիի քաղաքացի է, ես էլ այստեղ վերականգնում եմ Շուշիի թեմական դպրոցի երկրորդ մասնաշենքը, պատմա-ճարտարապետական հուշարձան է, ֆանտաստիկ կառույց է: Ես, ընդհանրապես, սիրում եմ իմ երկիրը, ազգը, պետությունը,- ասում է Վասպուրակ Կարապետյանը:

«Հայերենն էլ տեղով մեկ ոսկի է: Անընդհատ բոլորին ստիպում եմ, որ գեղեցիկ հայերեն խոսեն». ահա այսպես ենք ավարտում մեր հանդիպումը Վասպուրակ Կարապետյանի հետ:

«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը» ռազմավարական կառույց է: Գուցե ոչ պակաս, քան՝ բանակը և երանություն է, որ Վասպուրի նման նվիրյալ անձն է այն տնօրինում:

Քարերի երկրի ՔԱՐԵՐԸ

Շուշիի երկրաբանության պետական թանգարանն ուղղակիորեն կապված է լեգենդար Գրիգորի Գաբրիելյանցի անվան հետ և այստեղ նրա մասին խոսում են բացառիկ ակնածանքով: Ականավոր երկրաբանը, գիտնականը, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարարը, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը ... 83 ամյա նվիրյալ մի անհատ, որ Շուշիին է նվիրել բացառիկ քարերի իր հավաքածուն և հիմնել Շուշիի երկրաբանության թանգարանը, որն արժանիորեն կրում է նրա անունը:

Հինավուրց այս շենքում մոգական մի ուժ կա, որ ստիպում է զգալ մարդու աննշմար լինելը բնության ու տիեզերքի մեջ:

Թանգարանի վարիչը Սարո Սարյանն է: Սարոն Գանձասարում է: Երիտասարդ աշխատակցուհիները փոխարինում են իրենց ղեկավարին, ջանում ամեն ինչ անել բարձր մակարդակով: Զբոսաշրջիկներին պատմում են քարերի հրաշքի մասին:

Ես նույնպես ուզում եմ քարերի հրաշքի մասին լսել:

«Այ, այս աստղիկները ջրաշուշաններ են, ջրային կենդանիներ, տաք ջրերում այսօր էլ ապրում են, բայց սրանք Արցախից են գտնվել: Աստղաշեն գյուղից: Աստղաշեն անվանումն այս աստղիկների հետ է կապված: Սա ջրային ոզնի է: Կրկին Արցախից են գտել: Մեր տարածքն ի սկզբանե ջրային էր, ձևավորվել է մոտ 200 միլիոն տարի առաջ, ծովով, օվկիանոսով էր պատված: 100 միլիոն տարվա ընթացքում ցամաքի է վերածվել: Մինչ օրս մեր տարածաշրջանից ջրային կենդանիների մնացորդներ են գտնում:

Այստեղ 6000 քար կա: Այս Ամոնիտը նույնպես ջրային կենդանի է: Ապրել է 140 միլիոն տարի առաջ և վերացել դինոզավրերի հետ: Տեսեք այս խեցիները: Դրանք անցքեր են, որոնց մեջ օդ կա: Դրանց շնորհիվ են իջնում ջրի հատակն ու վեր բարձրանում: Խոշոր նմուշներ Սզնեկ գյուղից են գտել: Սա շնաձկան ատամ է՝ 30 միլիոն տարեկան: Սրանք երկնաքարեր են՝ մետեորիտներ, սրանք նռնաքարերեր են: Արցախում նռնաքարերի պաշարներ ունենք: Սա Ագաթի տարատեսակ է, մեր տարածաշրջանում կա: Պեգմատիտը՝ շատ հետաքրքիր քար է: Հրեական քար է անունը, որովհետև հրեական տառեր կան: Մեր տառերն էլ կան, եթե նայեք, կգտնեք: Սա մեր ամենահին քարն է. 1 միլիարդ 200 միլիոն տարեկան է: Սրան էլ միջազգային տերմիններով հայկական քար են անվանում, բայց Հայաստանում չունենք: Հայերն են գտել 16- րդ դարում ու տարածել: Բոլոր քարերն ուսումնասիրված են: Քարերից շատերը Գաբրիելյանցն անձամբ ինքն է հայտնաբերել: Ինքն այսքանը հավաքել է մոտ 63 տարում: Այսօր էլ նա Արցախում հետազոտություններ է անում»:

Այս պատմությունները պատմում է շատ երիտասարդ մի գեղեցկուհի՝ Լենա Յաղուբյանը:

- Որտե՞ղ ես սովորել այսքանը, երկրաբան ե՞ս,-հարցնում եմ Լենային:

- Ոչ, երկրաբան չեմ, Արցախի համալսարանն եմ ավարտել, անգլերենի բաժինը: Թանգարանում եմ սովորել, երբ սկսեցի աշխատել, սկսեցի ուսումնասիրել:

- Այսինքն այս ամենը նաև անգլերենո՞վ գիտես,-կատակում եմ:

- Այո, իհարկե,- ժպտում է Լենան և անցնում մյուս հյուրերին:

Թանգարանից զբոսաշրջիկները չեն հեռանում, նորերն են գալիս: Նրանց մի մասն էլ արդեն ծանոթացել է քարերի հրաշքին ու թանգարանի բակում է՝ սալաքարերին նստած, հսկա ծառի շվաքում թաքնված ու թանգարանի մուտքն ազդարարող քարե ցուցանակի մոտ: Նորից լուսանկարներ բազմալեզու ֆեյսբուքյան պատերի համար ու Արցախի գովազդ:

Լուսինե Գասպարյանն, որ այս ամբողջ ընթացքում ինձ հետ էր, առաջարկում է շարունակել թանգարանների «գրավումը»: Բազում թանգարաններ ունի դեռ ցույց տալու «Շուշի քաղաքի թանգարաններ» հրաշալի անվամբ կազմակերպության տիրուհին, Շուշին էլ բաց չի թողնում իր տաք, աշնանային արևով, Ղազանչեցոցի ամենուր հետապնդող գմբեթով, իր մուգ կանաչով, զարմանալի մեծ ծառերով, տների սպիտակով, նեղլիկ, սալարկված փողոցներով ու դրանցում թաքնված բազում պատմություններով, բայց ստիպված եմ Երևան վերադառնալ:

Շուշիից ամեն անգամ բաժանվում ես ինչպես առաջին անգամ:

- Սուրճ, թեյ խմել ե՞ք, նախաճաշել ե՞ք,- հարցնում է «Շուշի Ավան Պլազա» հյուրանոցի տնօրեն Սարգիս Գալստյանը, որ կիրակի օրով աշխատավայրում է, պատմում է հյուրանոցի խնդիրներից, զբոսաշրջության զարգացումից, Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արածից, անելիքներից, իսկ մուգ սև աչքերով ու երկար, սև մազերով Արուսյակը, որ շատ սիրում է կարդալ ու գրքով կարդալ, ոչ թե ինտերնետով, որ վարժ խոսում է անգլերեն, վերջին ձևակերպումներն է անում: Նրանք գիտեն ինչպես ընդունել հյուրերին ու ինչպես ճանապարհել: Երևանցի իրենց հյուրերից շատերին էլ հիշում են մի այլ ջերմությամբ ու բարևներ ուղարկում, բացառիկներին՝ առավել ևս:

Նաև՝ Արցախի բարիքներ տալիս, որ պիտի վերցնես քեզ հետ Երևան տանելու: Այսպիսին է հայկական աշխարհը:

Ես վերադառնում եմ Երևան: Շուշիի առաջնագծի «զինվորները» մնում են դիրքերում: Նրանք շատ են, շատ-շատ: Մյուսներին կտեսակցեմ հաջորդ այցելությանը: Նրանք միշտ այնտեղ են ու այնտեղ են լինելու:

89-ի փետրվարին, երբ մեկնում էի Արցախ, Սերո Խանզադյանը խորհուրդներ էր տալիս, հուշումներ էր անում, ու հիմա հիշեցի Խանզադյանի «Շուշի»-ն, որը շատ «պատերազմների» տեղիք տվեց հենց 88-89-ին ու շատ դժվար ծնունդ ունեցավ. «Ի՜նչ աստվածային պարգև: Ո՜վ աստված, վերջապես, ահա Շուշին շնչում է ապաքինության թարմությամբ: Երկինքը խաղաղ էր, թոնիրներից հացաբույր ծխեր էին բարձրանում: ... Շուշին ազատագրված էր, նորից իր տիրոջը՝ հայինն էր: Շուշվա Ղազանչեցոց եկեղեցու բարձր գմբեթին, որ նոր էին շինել, փողփողում էր Հայոց արքայական դրոշակը...»:

Հ.Գ. Շուշիից Ստեփանակերտ տանող տաքսու վարորդը, որ տարիքով, գրագետ մարդ էր, ասաց. «Մի պատմություն պատմեմ տղա ջան: Հայրս գերմանացիների հետ պատերազմի մասնակից էր: Կռիվը պրծել էր, տուն էր եկել: Մի օր ընկերների հետ նստած հոնի արաղ էին խմում ու խոսում էին: Մեկն ասում էր՝ պատերազմը Ստալինը հաղթեց, մեկն ասում էր՝ Ժուկովը հաղթեց, մեկն ասում էր՝ զինվորը հաղթեց: Հայրս էլ շուռ եկավ, թե՝ պատերազմը թուղթը հաղթեց, թուղթը: Էն թուղթը, որի վրա խաղաղության համար ստորագրեցին, էդ թուղթը հաղթեց: Դե հիմա դու Երևանից ես եկել, ասա, էդ թուղթը ե՞րբ ենք ստորագրելու: Մեզ ամենից շատը խաղաղություն ա պետք, որ մեր ջահելները չզոհվեն: Թե չէ մենք հեչ: Մենք թուրքի դեմ կռվել ենք, էլի կկռվենք, բայց խաղաղություն ա պետք ջահելներին»:

- Բայց Ձեր ասած էդ թուղթը գերմանացու հետ էր է, հայրիկ ջան, պարտված, բայց գերմանացու հետ էր, աշխարհն էլ գլխին կանգնած էր: Մերը թուրքի հետ ա: Թուրքի հետ ո՞նց անենք:

- Էդ ա է՜...

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ