Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

Թափառող «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ուրվականները կամ ԸՆԴՄԻՇՏ ԴԵԺԱՎՅՈՒ

Վերջին քսանհինգ տարիներին Հայաստանում, ըստ էության, ոչ իշանությունն է փոխվել, ոչ՝ ընդդիմությունը: Ուղղակի քաղաքականությունում հայտնված մարդիկ՝ ըստ նպատակահարմարության, երբեմն եղել են իշխանությունում, երբեմն՝ ընդդիմությունում: Այս պատճառով իշխանությունում եղած «ընդդիմադիրները» մի քիչ «ընդդիմական» իշխանություն են եղել են, ընդդիմությունում եղած իշխանականները՝ մի քիչ  իշխանական «ընդդիմադիր»: Սումբուրային ստացվեց, բայց այնպես է, ինչպես քաղաքականությունը Հայաստանում:

Ի՞նչ են խոստացել Հայաստանի ընդդիմադիր և իշխանական քաղաքական գործիչները տարբեր ժամանակներում: «ՀԱՅԵՐ»-ը մի քիչ «թափառել է» Հայաստանի քաղաքական մամուլում: Ահա պատկերի մի չնչին մասը:

1994 ԹՎԱԿԱՆ, ԱՄԱՌ

Հանրահավաքային շարժման «հրամանատարն» ԱԺՄ-ն է: Գլխավոր գործող անձը՝  «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ վարչության նախկին անդամ, նախկին վարչապետ եւ նախկին պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ԳԽ պատգամավոր Վազգեն Մանուկյանը։ (Այսօր՝ Հանրային խորհրդի նախագահ):

Գործող անձիք են Դավիթ Վարդանյանը (հետագայում՝ սեփականաշնորհման նախարար), Արշակ Սադոյանը, Տիգրան Սարգսյանը (հետագայում ԿԲ նախագահ, վարչապետ),  Շավարշ Քոչարյանը (այսօր՝ ԱԳ փոխնախարար), Սեյրան Ավագյանը և այլոք:

Ամենաակտիվը կրկին Աշոտ Մանուչարյանն է, որ ԱԺՄ-ական չէ, այլ ազատ ստեղծագործող՝ անկուսակցական միայնակ գործչի կարգավիճակով։

Հայտարարություններ են արվում, որ ընդդիմությունը երկփեղկված է…

Իշխանությունները՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան և թիմ, հայտարարում են, որ չկա կառուցողական ընդդիմություն…

Այդ պահին ընդդիմադիր ԱԺՄ-ական, հետագայում սեփականաշնորհման նախարար Դավիթ Վարդանյանը հերթական հանրահավաքում ասում է, որ նախորդ հանրահավաքներում ԱԺՄ-ն կատարել է ծրագրի առաջին մասը՝ բարձրացել է ժողովրդի քաղաքական ակտիվությունը, իսկ այժմ սկսվում է ծրագրի երկրորդ փուլը՝ շարժումը ղեկավարող մարմնի ստեղծումը: «Մենք իշխանություն փոխելու փորձ ունենք, այդ գործի մասնագետ ենք…»,-ասում է Դավիթ Վարդանյանը:

Սեյրան Ավագյանը հանրահավաքում հայտարարում է, որ շարժման հիմնախնդիրը պետականության կայացումն է։ Նրա պնդմամբ, իշխանությունները դիմում են անօրինական միջոցների՝ հենվելով իրավապահ ուժերի կամ հանցագործ տարրերի վրա։ Նա նաև հայտարարում է, որ իրենց շարժումը ազգային-ժողովրդավարական է եւ նպատակ ունի պաշտպանելու ժողովրդի սոցիալական շահերը:

ԱԺՄ-ականներն իրենց ծրագրով առաջ են քաշում ազգային համաձայնության կառավարության ձեւավորման, ԳԽ վաղաժամկետ ընտրությունների, Սահմանադրության ընդունման խնդիրներ։

Այդ պահին ԱԺՄ-ական, հետագայում՝ սեփականաշնորհման փոխնախարար, այսօր՝ ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշում է, որ «հարկավոր է ձեռներեցության համար ստեղծել գոնե նվազագույն պայմաններ, բարելավել հարկային համակարգը, ինչից շնչահեղձ է լինում գործարարությունը, վերացնել մաքսային սահմանափակումները (վերապահումներով), սեփականաշնորհել գյուղատնտեսական հումք մշակող ձեռնարկությունները, ետ կանչել Հայաստանից հեռացած ձեռներեցներին»։

Դեռևս ընդդիմադիր Դավիթ Վարդանյանը հայտարարում է, որ առաջնային խնդիրը «նախագահի եւ իր «թայֆայի» հեռացումն է եւ ազգի ապագա ուղու ճիշտ ընտրությունը»:

Արշակ Սադոյանն իր «խորին զզվանքն» է արտահայտում  իշխանությունների նկատմամբ: Ըստ նրա՝«Եթե մարդը գրավում է բարձր պաշտոն, պետք է նրան քրքրել, հաշվել ոսկորները, իմանալ, թե ե՞րբ է եղել անվտանգության ուժերի գործակալ»:

Շավարշ Քոչարյանը բացառում է հանրահավաքների հետեւանքով քաղաքացիական պատերազմի բռնկումը, իսկ Դավիթ Վարդանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում է, որ եթե իշխանությունները գնան առճակատման, ապա իրենք պատրաստ են դրան»։

Սեյրան Ավագյանը հայտարարում է, որ շարժումը կայացել է։ Մնում է ենթադրել, որ երկրորդ փուլի ավարտից հետո անցում կկատարվի երրորդ՝ իշխանության անցնելու փուլին։

2013 ԹՎԱԿԱՆ, ՁՄԵՌ

«Մեր հաղթանակը Հայաստանինն է, ոչ թե որևէ մեկինը: Եվ միասին ենք այդ հաղթանակը բերելու»,- հանրահավաքի ժամանակ հայտարարում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ընդդիմադիր, հետագայում՝ ԱԺ պատգամավոր:

«Պետք է դե յուրե  ճանաչել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ է: Դուք ինքներդ արդեն ապացուցել եք դա»,- նշում է նա` դիմելով ժողովրդին,- «քվեաթերթիկը փաստաթուղթ է, այդ փաստաթուղթը ամենամեծ ուժն ունի ամբողջ աշխարհում»:

Արմեն Մարտիրոսյանն ավելացնում է, որ «այս պայքարը որևէ մեկի դեմ չէ, անուններ չտանք, որովհետև ամեն մեկս ունենք մեր կողմից չընդունված անուններ: Միակ անունը, որի համար պետք է պայքարել, կոչվում է Հայաստան»:

«Որպես շարքային պահանջում եմ մեր բոլոր ուժային կառույցներից. որքան էլ հրամաններ լինեն,  դրանք բխում են մեկ սկզբունքից: Եվ այդ սկզբունքը ժողովրդին ծառայելն է»,- ասում է Ա. Մարտիրոսյանը` ավելացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «հետ կանգնող չէ», և նա ունի իր աջակիցները: 

2004 ԹՎԱԿԱՆ, գարուն

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքում ասում է. «ուրեմն հենց այս պահին ամեն մի քաղաքացի պետք է կողմնորոշվի՝ ինքը ժողովրդի հե՞տ է, թե՞ ժողովրդի հետ չէ։ Պետք է կողմնորոշվի, թե ինչպիսի Հայաստանում է ուզում ապրել, որովհետեւ խոսքը մեր երկրի ապագայի մասին է»։ 

«Ժողովուրդ՝ գնացե՛ք խաղաղությամբ, հենց մեկին կբռնեն՝ ձայն կհանեք». հետագայում ԱԺ նախագահ, Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի այս խոսքերով է ավարտվում ընդդիմության հանրահավաքից հետո տեղի ունեցած երթը, որը սկսվում և ավարտվում է «Ազատության» հրապարակում՝ շրջանցելով Բաղրամյան պողոտան։ 

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը (ՀՀ նախագահի խորհրդական, ներկայացուցիչ այսօր հրաժարական տված ընդդիմադիր) կոչ է անում ուսանողությանը, մտավորականությանը, բանվորներին եւ բոլորին. «համախմբվել, եւ միավորվել՝ Քոչարյանի հակաժողովրդավարական ռեժիմը ժողովրդավարական ճանապարհով տապալելու համար։ Մեզանից յուրաքանչյուրի կամքից, վճռականությունից եւ հետեւողականությունից է կախված, թե որքան արագ կտապալենք հակաժողովրդավարական այս համակարգը»։

Ալբերտ Բազեյանը յոթ օր ժամանակ է տալիս կոալիցիային եւ իշխանություններին։ Գլխավոր նպատակը հետեւյալն է՝ «Քոչարյանը կամ պետք է հրաժարական տա, կամ՝ վստահության հանրաքվե պետք է լինի մեր երկրում»։ 

Հարցին, թե երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը որքանով կարող է ներազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, ասուլիսում այդ պահին ՀՀ արտաքին գործերի նախարար, հետագայում՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, այս պահին՝ «Համախմբում»-ի ղեկավար Վարդան Օսկանյանը պատասխանում է, թե բացառում է Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության կողմից որեւիցե ճնշում՝ մասնավորաբար, Լեռնային Ղարաբաղի հարցում:

Նա միաժամանակ նշում է, թե իրեն մտահոգում է Ադրբեջանի դիրքորոշումը. «Ադրբեջանցիները կուզենան հարցերն ընկալել ըստ իրենց ցանկությունների, եւ դա կարող է բերել նրանց դիրքորոշումների կարծրացմանը, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա»:

Օսկանյանը քննադատում է Հայաստանի ընդդիմությանը: Ըստ նրա, ընդդիմությունն իրավունք ունի հանրահավաքներ կազմակերպել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Մինչդեռ, Վարդան Օսկանյանի համոզմամբ, ընդդիմության խնդիրը՝ փոխել իշխանություններին անհրաժեշտության դեպքում նաեւ ուժի գործադրմամբ, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: «Ես հուսով եմ, որ ընդդիմությունը կձեւակերպի իր խնդիրներն այլ կերպ եւ կկարողանա մնալ օրենքների շրջանակում»:

2016 ԹՎԱԿԱՆ,ԱՄԱՌ

Հայտնվելով Խորենացի փողոցում ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանրահավաքին, Վարդան Օսկանյանը, որպես ընդդիմադիր ասում է. «Ինքս այս հարցի լուծումը տեսնում եմ եւ դրա համար իր թիմակիցների հետ եկել եմ ոստիկանության ղեկավարության հետ խոսելու եւ ասելու, որ ժամանակ է՝ հարցը բերել քաղաքական հարթություն: Ես միանշանակ մերժում եմ այն միտքը, որ սա փակուղային իրավիճակ է: Ամեն հարց իր լուծումն ունի: Փակուղային կարող է լինել միայն ու միայն, երբ հարցը դիտարկենք իշխանական շահերից»,-ասում է նախկին նախարարը:

Նրա խոսքով «Եթե իշխանությունները դրսեւորեն այդ կամքն ու գնան խնդրի կարգավորման, ապա բոլորը հաղթախծ դուրս կգան: Իսկ եթե հայտարարեն, որ չեն բանակցելու, ապա սա ծանր հետեւանքներ կունենա»:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ